Ճատրակ. Միջազգային 40-րդ Ողիմպիական. Հայաստանի Տղոց Հաւաքականը Երրորդ Անգամ Ըլլալով Հանդիսացաւ Ախոյեան

Երէկ` կիրակի, 9 սեպտեմբեր 2012-ին, Պոլսոյ մէջ աւարտեցաւ ճատրակի միջազգային 40-րդ ողիմպիականը, երբ տեղի ունեցան 11-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

2006-ին Թորինոյի մէջ (Իտալիա), իսկ 2008-ին Տրեստընի մէջ (Գերմանիա) աշխարհի ախոյեան հանդիսացած Հայաստան երրորդ անգամ ըլլալով տիտղոսին տիրացաւ, այս անգամ Թուրքիոյ մայրաքաղաք Պոլսոյ մէջ:

Հայրենի կազմը իր կատարած վերջին մրցումին լաւ դաս մը տուաւ Հունգարիոյ` արձանագրելով 2,5-1,5 արդիւնքով յաղթանակ մը:

Լեւոն Արոնեան հաւասարութիւն մը արձանագրեց Փիթըր Լեքոյի հետ, Սերկէյ Մովսիսեան յաղթեց Զոլթան Ալմասիի, Վլատիմիր Յակոբեան հաւասարեցաւ Ժուտիթ Փոլկարի հետ եւ վերջապէս Գաբրիէլ Սարգսեան հաւասարեցաւ Ֆերենք Պերքեսի հետ:

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք (9 յաղթանակ, 1 հաւասարութիւն եւ 1 պարտութիւն), Հայաստան ապահովեց 19 կէտ: Ռուսիա եւս նոյն արդիւնքը արձանագրելով գրաւեց երկրորդ դիրքը` նկատի ունենալով, որ անիկա լրացուցիչ ցուցանիշներով (թայ պրէյք) զիջեցաւ Հայաստանէն եւ տիրացաւ արծաթ մետալին: Ռուսիա իր կատարած վերջին մրցումին յաղթեց Գերմանիոյ (3-1):

Ուքրանիա, որ յաղթեց Չինաստանի (3-1), 18 կէտ ապահովելով տիրացաւ պրոնզ մետալին:

Ազրպէյճան 15 կէտով հանդիսացաւ 10-րդ, իսկ Լիբանան 10 կէտով` 91-րդ:

Նշենք, որ առաջին քարատախտակին վրայ ամէնէն տպաւորիչ արդիւնքը արձանագրելով` Լեւոն Արոնեան տիրացաւ ոսկի մետալին, իսկ 3-րդ քարատախտակին վրայ իր կարգին լաւ արդիւնք արձանագրելով` Վլատիմիր Յակոբեան տիրացաւ արծաթ մետալին: 2-րդ, 4-րդ եւ 5-րդ քարատախտակներուն վրայ Հայաստան չունեցաւ մետալակիր:

Ինչ կը վերաբերի աղջկանց մրցումներուն, Հայաստանի աղջկանց խումբը յաղթանակով աւարտեց մրցաշարքը, երբ 2,5-1,5 արդիւնքով յաղթեց Լեհաստանի: Էլինա Դանիէլեան եւ Լիլիթ Մկրտչեան յաղթեցին, Մարիա Քուրսովա հաւասարութիւն մը արձանագրեց, մինչ Լիլիթ Կալոյեան պարտուեցաւ:

Ապահովելով մրցաշարքի իր 16-րդ կէտը (8 յաղթանակ եւ 3 պարտութիւն), Հայաստան հանդիսացաւ 6-րդ:

Ռուսիա, Չինաստան եւ Ուքրանիա, որոնք մրցաշարքը աւարտեցին առանց պարտութեան, յաջորդաբար գրաւեցին առաջին, երկրորդ եւ երրորդ դիրքերը: Առաջին երկուքը ապահովեցին 19-ական կէտ, իսկ երկրորդը` 18 կէտ:

Ինչ կը վերաբերի Լիբանանի աղջկանց խումբին, անիկա 8 կէտ ապահովելով (3 յաղթանակ, 2 հաւասարութիւն եւ 6 պարտութիւն) հանդիսացաւ 103-րդ:

Նշենք, որ տղոց մրցումներուն մասնակցեցան 150 խումբեր, իսկ աղջկանց մրցումներուն` 127:

Ստորեւ կու տանք խումբերուն վերջնական դասաւորումը.

ՏՂԱՔ

ՅԱՂԹ. ՀԱՒ. ՊԱՐՏ. ԿԷՏ

1. ՀԱՅԱՍՏԱՆ 9 1 1 19

2. Ռուսիա 9 1 1 19

3. Ուքրանիա 9 0 2 18

4. Չինաստան 8 1 2 17

5. Միացեալ Նահանգներ 7 3 1 17

6. Հոլանտա 8 0 3 16

7. Վիեթնամ 6 4 1 16

8. Ռումանիա 8 0 3 16

9.  Հունգարիա 7 1 3 15

10. Ազրպէյճան 6 3 2 15

———————————

17. Անգլիա 6 3 2 15

———————————

23. Ֆրանսա 6 2 3 14

24. Ուզպեքիստան 6 2 3 14

——————————–

42. Թուրքիա 6 1 4 13

———————————

91. Լիբանան 4 2 5 10

———————————

115. Սուրիա 4 1 6 9

 

ԱՂՋԻԿՆԵՐ

1. Ռուսիա 8 3 0 19

2. Չինաստան 8 3 0 19

3. Ուքրանիա 7 4 0 18

4. Հնդկաստան 8 1 2 17

5. Ռումանիա 8 0 3 16

6. ՀԱՅԱՍՏԱՆ 8 0 3 16

7. Ֆրանսա 7 1 3 16

8. Վրաստան 6 3 2 15

9. Իրան 7 1 3 15

10. Միացեալ Նահանգներ 6 3 2 15

——————————————-

28. Ազրպէյճան 6 1 4 13

—————————————–

45. Թուրքիա 5 2 4 12

—————————————

76. Սուրիա 3 4  4 10

—————————————

103. Լիբանան 3 2 6 8

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )