Լիբանանի Տղոց Պասքեթպոլի Ազգային Խումբը Մեկնեցաւ Ճափոն

Profoto

Երէկ` չորեքշաբթի, 12 սեպտեմբերին Թոքիօ մեկնեցաւ Լիբանանի տղոց պասքեթպոլի ազգային խումբը` իր մասնակցութիւնը բերելու համար 14-22 սեպտեմբերին տեղի ունենալիք Ասիոյ 4-րդ բաժակի մրցաշարքին:

Ստորեւ կը ներկայացնենք Լիբանանեան պատուիրակութիւնը, որ մեկնեցաւ Ճափոն. Ժորժ Քոլզի (պատուիրակութեան պատասխանատու), Ղասան Սարգիս (մարզիչ), Գրիգոր Գրիգորեան (օգնական մարզիչ), Մարուան Էկօ, Ռապպահ Նըժէյմ (միջազգային իրաւարարներ), Խալիլ Նասսար (բժիշկ), Ֆուատ Ժըրժես (ֆիզիքականի մարզիչ), Ֆետի Խաթիպ, Ժան Ապտել Նուր, Շարլ Թապեթ, Նետիմ Հաուի, Միկել Մարթինեզ, Հիւսէյն Խաթիպ, Էլի Ռըսթոմ, Էլի Սթեֆան, Ռոտրիք Աքըլ, Կառնեթ Թոմսըն, Քարլ Սարգիս եւ Նետիմ Սայիտ (մարզիկներ):

Լիբանանեան պատուիրակութիւնը ճամբելու համար Պէյրութի միջազգային օդակայան մեկնած էր Լիբանանի պասքեթպոլի ազգային խումբերու տնօրէն եւ Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի անդամ Ֆատի Թապեթ:

Ինչ կը վերաբերի տեղի ունենալիք այս մրցաշարքին, անոր իրենց մասնակցութիւնը կը բերեն տասը խումբեր, բաժնուած` երկու խմբակի:

Լիբանան, որ մաս կը կազմէ Ա. խմբակին, իրեն մրցակից պիտի ունենայ Չինաստանը, Ուզպեքիստանը, Ֆիլիփեան կղզիները եւ Մաքաոն:

Ղասսան Սարգիսի կազմը յաջորդաբար պիտի մրցի Մաքաոյի (14 սեպտեմբեր), Ֆիլիփեան կղզիներուն (15 սեպտեմբեր), Չինաստանի (16 սեպտեմբեր) եւ Ուզպեքիստան (18 սեպտեմբեր) դէմ: 17 սեպտեմբերը Լիբանանի համար պիտի ըլլայ հանգիստի օր:

Հակիրճ ակնարկ մը նետելով մրցաշարքի առաջնակարգ խումբերուն վրայ` կը նկատենք, որ Ասիոյ դասաւորման մէջ Չինաստան կը գրաւէ առաջին դիրքը (միջազգային` 10-րդ), Իրան` երկրորդ (միջազգային` 20-րդ), իսկ Լիբանան` երրորդ (միջազգային 23-րդ):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )