Սիրիայի Խնդիրը Լուրջ Ներքաղաքական Ճգնաժամի Պատճառ Է Դառնում Թուրքիայում
«ԹԵՐԹ»
Սիրիայում 17 ամսից աւելի շարունակուող ներքաղաքական ճգնաժամն արդէն քաղաքական կրքերի բորբոքման պատճառ է դարձել նաեւ հարեւան Թուրքիայում: Երկրի գլխաւոր ընդդիմադիր ուժը` Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը, խիստ քննադատութիւնների է ենթարկում կառավարութեանը` սուրիացի փախստականների եւ նախագահ Պաշշար Ասատի հակառակորդների զանգուածային ներհոսքի պատճառով, յայտնում է ռուսական «Քոմերսանթ» լրատուական կայքէջը:
Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի վարած քաղաքականութիւնը Սուրիայի հարցում գնալով աւելի ու աւելի շատ դժգոհութիւն է առաջացնում մայրաքաղաք Անգարայում:
Թուրքիայի ընդդիմադիր ուժերը մեղադրում են կառավարութեանը սիրիական հակամարտութեան մէջ ներքաշուած լինելու համար, ինչը, ըստ նրանց, ապակայունացնում է իրավիճակը սահմանամերձ տարածքներում:
Սահմանամերձ շրջանների բնակիչները բողոքում են 83 հազար սիրիացի փախստականների ներկայութեան դէմ, քանի որ, նրանց խօսքերով, նման միջավայրում շատ դժուար եւ վտանգաւոր է ապրել:
Քաղաքական վերլուծաբանները չեն բացառում, որ ընդդիմութեան ճնշման արդիւնքում` Թուրքիայի կառավարութիւնը կը վերանայի Սիրիայի վերաբերեալ իր քաղաքականութիւնը:
Բացի այդ, ինչպէս յայտնում է «Քոմերսանթ»-ը, վերջին շրջանում Թուրքիայում կտրուկ աշխուժացել են քիւրտ գրոհայինները, ովքեր գրեթէ ամէն օր յարձակւում են թուրքական սահմանամերձ տարածքների հսկիչ-անցագրային կէտերի վրայ:
Ըստ փորձագէտների նման աշխուժութիւնը պայմանաւորուած է նրանով, որ իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնն իր ուժերն ուղղել է Դամասկոսում կառավարական զօրքերի թուլացմանն ու աչքաթող արել ազգային փոքրամասնութիւններին:
Բացի այդ, թուրք ընդդիմադիրները մեղադրել են Էրտողանին սահմանադրութիւնը խախտելու եւ սիրիացիների ճամբարներում «փակ ռազմական խարիսխ» ստեղծելու մէջ, քանի որ, ըստ տարբեր տեղեկութիւնների, դրանցում 3-5 հազար զինուած սիրիացի ընդդիմադիր կայ:
Սա բաւական լուրջ հարց է, քանի որ սահմանամերձ շրջաններում քիչ չեն Ասատի վարչակարգի կողմնակից շիայ մուսուլմանները, ովքեր կարող են բախումների մէջ մտնել զինեալների հետ: Դրա արդիւնքում Թուրքիայում կարող է միջկրօնական զինուած հակամարտութիւն սկսուել:
Ուստի, ընդդիմութիւնը չի դադարում Էրտողանին ուղղուած կոչեր հնչեցնել` երկրի ներքին անվտանգութեանը սպառնացող սիրիացի փախստականներին Թուրքիայից վտարելու վերաբերեալ:

