Նաւթ Եւ Պատերազմ. Ազրպէյճանը Սկսել Է Քիչ Նաւթ Եւ Կազ Արտահանել

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Սեպտեմբերի առաջին օրերին, երբ արդէն մարդասպան Ռամիլ Սաֆարովը վերադարձել էր տուն, Պաքուի փողոցներում «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանի ազրպէյճանական ծառայութիւնը արագ հարցումներ էր անց կացնում` անցորդների կարծիքը իմանալու Սաֆարովի արարքի հարցում: Տարբեր տարիքի հինգ-վեց մարդ խօսեց եւ բոլորն էլ արդարացրին Սաֆարովին` ասելով, որ նա խիզախ է, հայրենասէր ու հերոս: Ապշեցուցիչ էր մի երիտասարդ ազրպէյճանցու պատասխանը, որը մէջբերում եմ բառացի. «Այս մարդը հայրենասէր է: Մարդ սպաննելը հերոսութիւն չէ, բայց Ռամիլը հայ է սպաննել»:

Սա արդէն նշանակում է, որ Ազրպէյճանում հայատեացութիւնը ոչ միայն պետական քաղաքականութեան մակարդակի վրայ է, այլ արդէն ներթափանցել է հասարակութեան խորքերը: Անշուշտ, եղան նաեւ քննադատութիւններ, սակայն դրանք շատ քիչ էին եւ Պաքուի հայատեացութեան աղմուկի մէջ ուղղակի խլացուեցին: Այսպէս, ազրպէյճանցի մտաւորական Ռահման Պատալովը «Իմ տեսակէտը» յօդուածում ազնիւ մտաւորականին վայել կերպով հարցեր էր ուղղում Ազրպէյճանի ղեկավարութեանը` խիզախօրէն նշելով, որ մարդասպան Սաֆարովի արարքը ստորութիւն էր եւ դա ոչ մի դէպքում չէր կարելի արդարացնել: Աւելի՛ն. Պատալովը Ազրպէյճանի ռազմատենչ ղեկավարութեանը հարցնում էր` սպայ, այս Ռամիլ Սաֆարո՞վն է ձեր հերոսը:

Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում, ովքեր զբաղւում են ղարաբաղեան հակամարտութեան հարցով, գրեթէ չեն կասկածում, որ Ազրպէյճանը պատրաստւում է նոր պատերազմի: Ամէն տարի ռազմական ծախսերի աւելացումն ու ժամանակակից սպառազինութիւնների ձեռք բերումը, պետական մակարդակով հայութեան հանդէպ թշնամանք քարոզելը, Ռամիլ Սաֆարովի նողկալի արարքը փառաբանելը արդէն իսկ բաւարար ցուցիչներ են այն մտադրութեան, որ Պաքւում սպասում են պատերազմ սկսելու յարմար պահի:

Միջազգային փորձագէտները նոր պատերազմի սկիզբը կապում են այն բանի հետ, թէ՛ երբ կը սկսի սպառուել Ազրպէյճանի նաւթն ու կազը: Այսպէս, որոշ փորձագէտներ նկատում են, որ քանի դեռ Ազրպէյճանը մեծ քանակութեամբ նաւթ եւ կազ է արտահանում, պատերազմի չի սկսի, քանի որ Ազրպէյճանում հաստատուած խոշոր ընկերութիւնները, այդ թւում «Պրիթիշ փեթրոլիում»-ը, պատերազմի դէպքում կը հեռանան երկրից: Բացի այդ, քանի որ Ազրպէյճանից Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով միջազգային շուկաներ դուրս եկող նաւթի եւ կազի խողովակները անցնում են Ղարաբաղ-ազրպէյճանական սահմանից ոչ հեռու, ապա Պաքուն կը խուսափի նոր պատերազմից, քանի որ ոչ ոք չի կարող կանխատեսել դրա արդիւնքներն ու հետեւանքները: Հաշուի առնելով հէնց այս վտանգը` որոշ միջազգային փորձագէտներ էլ կարծում են, որ Ազրպէյճանը չի սկսի նոր պատերազմ, քանի դեռ չեն սպառուել նրա նաւթն ու կազը:

Անշուշտ, այս կարծիքները կարող են հետաքրքրական թուալ, բայց երբ մենք ուսումնասիրում ենք հայ-ազրպէյճանական պատերազմների անցեալը, նկատում ենք, որ նաւթի արտահանումը չի խանգարել ո՛չ պատերազմ սկսելուն եւ ո՛չ էլ հրադադար հաստատելուն:

Հայ-ազրպէյճանական առաջին պատերազմը տեղի է ունեցել 1905-1906 թուականներին: Այն ժամանակ Հարաւային Կովկասում բնակուող այսօրուայ ազրպէյճանցիներին անուանում էին թաթարներ, թուրքեր կամ մուսուլմաններ: Աւելի քան հարիւր տարի առաջ տեղի ունեցած հայ-թաթարական պատերազմի հիմնական կէտերն էին` Պաքուն, Գանձակը (այն ժամանակ` Ելիզաւետպոլ), Շուշին, Նախիջեւանը եւ Երեւանը: 1905-1906 թուականներին հայերն ու թաթարները մաս էին կազմում Ռուսական կայսրութեան: Ճիշդ է, այդ պատերազմի ժամանակ կողմերը տուեցին հազարաւոր զոհեր ու վիրաւորներ, սակայն զինադադարից ու հաշտութիւնից յետոյ, որը եղաւ ռուսների միջնորդութեամբ ու պարտադրանքով, հայերն ու թաթարները շարունակեցին բնակուել նաեւ կողք կողքի ինչպէս Պաքւում, այնպէս էլ` Գանձակում, Նախիջեւանում, Երեւանում ու Շուշիում:

Հայ-ազրպէյճանական երկրորդ պատերազմը տեղի ունեցաւ 1918-1920 թուականներին, երբ ստեղծուեցին Հայաստանի եւ Ազրպէյճանի հանրապետութիւնները: Այս անգամ կողմերը տուեցին տասնեակ հազարաւոր զոհեր ու վիրաւորներ, տասնեակ հազարները դուրս քշուեցին իրենց տներից, սակայն երբ Հայաստանն ու Ազրպէյճանը մաս կազմեցին Խորհրդային Միութեանը, հայերի ու ազրպէյճանցիների միջեւ տարիների ընթացքում կրկին հաստատուեցին բնականոն յարաբերութիւններ, որոնք շարունակուեցին մինչեւ 1988-ի Սումկայիթը:

Հայ-ազրպէյճանական երրորդ պատերազմը եւ դրան ուղեկցուող տեղահանումները տեղի ունեցան 1988-1994 թուականներին: Առ այսօր, հրադադարի հաստատումից գրեթէ երկու տասնամեակ անց կողմերի միջեւ չեն վերականգնուել շփումները, բանակցութիւնները տեղի են ունենում նախագահների մակարդակով: Ազրպէյճանը զինւում եւ սպառնում է նոր պատերազմով, Հայաստանն ու Արցախը պատասխանում են, որ շշմեցուցիչ հարուած են հասցնելու, եթէ Պաքուն դիմի նոր արկածախնդրութեան:

Հայաստանում եւ Արցախում գերիշխող է այն տեսակէտը, որ Ազրպէյճանը հէնց այսօր կը սկսի նոր պատերազմ, եթէ վստահ լինի, որ յաղթելու է այդ պատերազմում: Ու քանի որ ազրպէյճանցիների մօտ այդ հաւատը չկայ կամ բաւարար չէ, իսկ նրանց հերոսը Ռամիլ Սաֆարովի նման մարդասպանն է, ապա Պաքուն բաւարարուելու է պատերազմական սպառնալիքներով ու հակահայ քարոզչութեամբ: Հայաստանում եւ Արցախում գերիշխող է այն տեսակէտը, որ նոր պատերազմը կանխելու գործում առաջին հերթին կարեւոր է պահպանել ուժերի հաւասարակշռութիւնը հայ-ազրպէյճանական ողջ սահմանի երկարութեամբ:

Ազրպէյճանը բացայայտ եւ հետեւողականօրէն յայտարարում է, որ պատրաստւում է նոր պատերազմի, որը, սակայն, չի հանդիպում միջազգային հանրութեան կոշտ հակազդեցութեանը: 2012 թուականին Ազրպէյճանի ռազմական պիւտճէն կազմել է 4.4 միլիառ տոլար` տասն անգամ աւելի, քան Հայաստանի եւ Արցախի ռազմական պիւտճէն է: Հայկական կողմը մի քանի առիթներով ասել է, որ անցնող տարիներին Ազրպէյճանը մի քանի անգամ փորձել է նոր պատերազմի առիթներ ստեղծել` շփման գծում դիմելով սադրանքների, սակայն իւրաքանչիւր դէպքում հանդիպել է կոշտ հարուածի:

Մի քանի օր առաջ բրիտանական «Ճէյնզ ինթելիճընս» հանդէսի փորձագէտները իրենց նոր զեկոյցում գրել էին, որ առաջիկայ տարիներին «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձութիւնների ամենահաւանական տարբերակը կը լինի սթաթիւս-քուոյի պահպանումը», թէեւ հաւանական զարգացումների շարքում առաջիններից մէկը նշել էին նաեւ նոր պատերազմը:

Ղարաբաղեան հակամարտութեամբ զբաղուող ամենալուրջ կազմակերպութիւններից մէկը` «Միջազգային ճգնաժամային խումբը» (International Crisis Group), տարիներ առաջ իր զեկոյցներից մէկում նշել էր, որ նոր պատերազմի ամենահաւանական ժամանակաշրջանը կը լինի 2013-2015 թուականները, երբ ազրպէյճանական նաւթի ու կազի արտահանումները կտրուկ կը նուազեն, եւ Ազրպէյճանը այլեւս մտավախութիւն չի ունենայ, որ ներդրողները պատերազմի պատճառով կը լքեն երկիրը:

Անշուշտ, վերոնշեալ բոլոր կարծիքներն ու կանխատեսումները իրաւունք ունեն գոյութիւն ունենալ: Բայց սրա հետ մէկտեղ պէտք է կրկին ընդգծել, որ պատերազմի բացառման ու զսպման  ամենալուրջ գործօնը հայկական բանակի մարտունակութեան պահպանումն է:

Վերադառնալով Ազրպէյճանի նաւթի ու կազի պաշարներին եւ արտահանումներին, պէտք է նկատել, որ կանխատեսումները տարբեր են: Այս տարուայ յունիսին Թուրքիան եւ Ազրպէյճանը Թրանս-անատոլիական խողովակաշար կառուցելու համաձայնագիր կնքեցին, որով ազրպէյճանական «երկնագոյն վառելիքը» Եւրոպա է տեղափոխուելու Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով` շրջանցելով Ռուսաստանը: Նախագծի արժէքը 7 միլիառ տոլար է: Այս նախագիծը արդէն իսկ խօսում է այն մասին, որ Ազրպէյճանում դեռ կայ բաւարար քանակութեամբ կազ, այլապէս ոեւէ մէկը հէնց այնպէս 7 միլիառ տոլար չի ծախսի: Միւս կողմից, այլ վերլուծութիւններ ցոյց են տալիս, որ Ազրպէյճանի նաւթն ու կազը կը սպառուի աւելի շուտ, քան կանխատեսում էին տարիներ առաջ:

Ուժանիւթերի պաշարների եւ խնդիրների հետազօտութեամբ զբաղուող ֆրանսական «Փեթրոսթրաթժի»  ընկերութիւնը հոկտեմբերի 1-ին զեկոյց է հրապարակել «Ուըրըլտ Էներժի Ուիքլի» հանդէսում, որտեղ նշւում է, որ Ազրպէյճանը նուազեցրել է մինչեւ 2025թ. կազի արդիւնահանման իր կանխատեսումները:

Ազրպէյճանի պետական «Սոքար» նաւթային ընկերութեան նախագահ Ռովնակ Ապտուլլայեւն ասել է, որ նախկինում յայտարարուած 50-55 միլիառ խորանարդ մեթր կազի փոխարէն` Ազրպէյճանն ակնկալում է տարեկան արդիւնահանել 40 միլիառ խորանարդ մեթր: Աւելի՛ն. այս թիւը կարող է նուազել մինչեւ 20-30 միլիառ, եթէ Ազրպէյճանի ներքին սպառումը, կապուած բնակչութեան աճի հետ, աւելանայ: Ըստ պաշտօնական վիճակագրութեան, ժամանակից շուտ սկսել է նաեւ նուազել նաւթի արդիւնահանումը:

Հոկտեմբերի 10-ին Ազրպէյճանի հեռուստատեսութեան ուղիղ եթերում Իլհամ Ալիեւը մօտ մէկ ժամ ելոյթ ունեցաւ եւ նաւթի արդիւնահանման կրճատման մէջ խիստ քննադատեց «Պրրիթիշ փեթրոլիում»-ին: Ալիեւի խօսքերով, բրիտանական ընկերութեան թոյլ տուած կոպիտ սխալների պատճառով նաւթարդիւնահանման ծաւալները կտրուկ նուազել են, 2009-2012 թուականներին խոստացած ծաւալներով նաւթարդիւնահանում չի կատարուել, ինչի պատճառով Ազրպէյճանը աւելի քան 8 միլիառ տոլարի վնաս է կրել:

2009-ին նախատեսուած 47 միլիոն թոնի փոխարէն` Ազրպէյճանում արդիւնահանուել է 40 միլիոն թոն, 2010-ին` նախատեսուած 42 միլիոնի փոխարէն` 40 միլիոն: 2011-ին արդիւնահանուել է 36 միլիոն թոն, իսկ այս տարուայ համար ծրագրուած 35 միլիոն թոնը չի ստացուի:

Յատուկ «Ազդակ»-ի համար
Երեւան

 

Share this Article
CATEGORIES