ՀԱՅԵՐԸ. ՄՌԱՒԻՑ` ԱՐԱՔՍ

ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՊԷՏՔ Է ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ ԵՒ ԻՒՐԱՑՆԵԼ
 

Փետրուարի վերջին հինգ օրերին տողերիս հեղինակը «Երկիր Մետիա» հեռուստաընկերութեան գլխաւոր բեմադրիչ Ջիւան Աւետիսեանի ու նկարահանող Հրաչ Յարութիւնեանի հետ եղաւ ազատագրուած տարածքներում` Շահումեանի եւ Քաշաթաղի շրջաններում: Լիբանանի «Արցախ» հիմնադրամը, որն ազատագրուած տարածքներում հետեւողական կերպով բարեսիրական ծրագրեր իրականացնող սփիւռքեան ամենալուրջ կառոյցն է, մեզ պատուիրել է մի ժապաւէն նկարել այդ երկու շրջաններում բնակուող մարդկանց եւ նրանց կենցաղի մասին: Ահա այդ նպատակով էինք այս անգամ մեկնել ազատագրուած տարածքներ` Մռաւից Արաքս:

Նկարահանող մեր խումբը հիւսիսից հարաւ այցելեց Քարվաճառ (նախկինում` Քելբաջար) քաղաք, որը Շահումեանի շրջանի վարչական կենտրոնն է, ինչպէս նաեւ մի քանի ժամանոց կանգառներ ունեցաւ Զուար եւ Նոր Գետաշէն գիւղերում, հարցազրոյցներ ունեցաւ շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Պեոտր Յակոբեանի, Նոր Գետաշէնի գիւղապետ Ալեքսանդր Նազարեանի ու բազմաթիւ վերաբնակիչների հետ, ովքեր հիմնականում տունուտեղը, կահ-կարասին կորցրած փախստականներ են:

Քաշաթաղի շրջանում, որը հիւսիսից հարաւ ձգւում է գրեթէ երկու հարիւր քիլոմեթր, մենք այցելեցինք վարչական կենտրոն Բերձոր (նախկինում` Լաչին) քաղաք, ինչպէս նաեւ շրջանի միւս երկու քաղաքները` Կովսական (նախկինում` Զանգելան) եւ Միջնաւան (նախկինում` Մինջեւան): Եղանք նաեւ բազմաթիւ գիւղերում, մի քանի ժամանոց կանգառներ ունեցանք Հակ, Ծիծեռնավանք, Քարեգահ, Վան համայնքներում, սլացանք Արաքսի ափով, հարցազրոյցներ վարեցինք Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանի, Հակի գիւղապետ Վլադիմ Սահակեանի, Քարեգահի գիւղապետ Մարինէ Պետոյեանի եւ տասնեակ վերաբնակիչների հետ:

Մեր ժապաւէնը, որը կ՛ունենայ «Հայերը. Մռաւից Արաքս» խորագիրը, պատրաստ կը լինի առաջիկայում: Հեռուստադիտողը, ով երբեք չի եղել ազատագրուած տարածքներում,  հնարաւորութիւն կ՛ունենայ անաչառ կերպով տեղեկատուութիւն ստանալ եւ պատկերացում կազմել Շահումեանի եւ Քաշաթաղի շրջանների ու նրանց բնակիչների կենցաղի մասին: Որոշ մանրամասներ, որոնք հնարաւոր չէ տեղաւորել ժապաւէնում թեքնիք կամ այլ պատճառներով, կը ներկայացնեմ այս յօդուածում: Ըստ էութեան, այս յօդուածը գրում եմ հէնց այդ պատճառով:

Այդ տարածքներում եղել եմ բազմաթիւ անգամներ, ոտքով անցել տասնեակ բնակավայրեր, զրուցել յուսահատ կամ լաւատես վերաբնակիչների հետ: Այս անգամ տուն` մէկուկէս միլիոնանոց Երեւան վերադարձայ որոշ լաւատեսական զգացումներով: Առաջինը եւ ամենագլխաւորը, որը դրական ազդեց իմ վրայ, վերաբնակիչների համեմատաբար աւելի լաւ հագուկապն էր: Ես չեմ ուզում չափազանցնել կամ միայն դրականը ներկայացնել, բայց այս անգամ ինձ հանդիպած մարդիկ աւելի լաւ ու աւելի տաք էին հագնուած: Անկասկած, այս մարդիկ արժանի են աւելիին: Արժանի են աւելի լուրջ ուշադրութեան, օգնութեան ու խնամքի` Արցախի, Հայաստանի եւ սփիւռքի կողմից:

Այս անգամ իմ տեսած երեխաները աւելի լաւ շորերով էին, նրանցից մի մասն ունէր խաղալիքներ, նրանք դպրոց էին գնում հիմնականում նոր եւ իրե՛նց հագուստներով: Մի քանի դպրոցներ, ինչպէս` Կովսականի, Վանի, Քարեգահի, բաւական լաւ վիճակում էին, բոլոր դասարաններում վառարան էր դրուած, երեխաներն ու ուսուցիչները չէին մրսում: Ուսուցիչները մաքուր եւ կոկիկ էին հագնուած: Մի քանի բնակավայրերում մենք տեսանք նորակառոյց մանկապարտէզներ, մարզադպրոցներ կամ երիտասարդութեան համար կենտրոններ:

Բնակչութեան քանակը, ակնյայտօրէն, չի աւելացել: Գուցէ նաեւ պակասել է: Կարող եմ պնդել, որ պակասել է: Այսպէս, եթէ մինչեւ 2000 թուականը Մռաւից Արաքս տարածքում բնակչութեան թիւը հասնում էր 15 հազարի (այս թիւը կարելի է հանդիպել նաեւ հրապարակուած միջազգային տարբեր զեկոյցներում), ապա այսօր շուրջ 12 հազար է: Անշուշտ, ցաւալի է, որ ազատագրուած տարածքներից եւս նկատուել կամ նկատւում է արտագաղթ, բայց շատ կարեւոր է արժանապատիւ կեանքի ու ապրուստի պայմաններ ստեղծել առաջին հերթին հէնց այդ 12 հազարի համար, որպէսզի նրանք այլեւս չմտածեն հեռանալու մասին: Այս իմաստով, ակնյայտ է, որ այսօր Շահումեանում ու Քաշաթաղում կեանքի պայմաններն աւելի տանելի են, քան էր նախկինում:

Երկրորդ նկատելի փոփոխութիւնը վերաբերում է ենթակառուցուածքներին ու ներդրումներին: Անշուշտ այդ տարածքներում ճանապարհների մի մասը շարունակում է մնալ քարուքանդ, բայց աւելի անցանելի է, քան նախկինում էր: Պաշտօնական հաղորդագրութիւններից յայտնի է, որ Հակարի գետի վտակներից Աղաւնոյ գետի վրայ վերջերս կառուցուել է ջրելեկտրակայան, որն արդէն միացուել է ընդհանուր ցանցին: Նոյն գետի վրայ կառուցման փուլում է երկրորդ կայանը, իսկ երրորդը նախատեսւում է: Այս ներդրումները միանգամայն փոխել են տեղի տնտեսական իրավիճակը, ստեղծել` ժամանակաւոր կամ մշտական աշխատատեղեր:

Սա է ազատագրուած տարածքները վերաբնակեցնելու, իւրացնելու եւ հայրենիքի անօտարելի մաս դարձնելու քրտնաջան, դժուարին, բայց միակ ճանապարհը: Մնացեալը` ժապաւէնում:

 ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս»ի փորձագէտ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES
TAGS