ՀՅԴ-ն Սեփական Թեկնածուն Կ՛ունենայ

ՆԱՐԻՆԷ ՄԵՔՈՒՄԵԱՆ

Ստորեւ կու տանք Hayeli.am կայքէջին կատարած հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ, որ կ՛անդրադառնայ Հայաստանի յառաջիկայ նախագահական ընտրութեան վերաբերեալ ՀՅԴ-ի կեցուածքին:

ՀԱՐՑՈՒՄ.- Մամուլում լուր է տարածուել, որ Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը (ԲՀԿ) եւ ՀՅԴ-ն համաձայնութեան չեն եկել նախագահի թեկնածուի հարցում, ՀՅԴ-ն հրաժարուել է պաշտպանել Գագիկ Ծառուկեանին եւ առաջարկել իր թեկնածուին, որին էլ դէմ է եղել ԲՀԿ-ն: Սրանից յետոյ ՀՅԴ-ն հանդիպել է Սերժ Սարգսեանի հետ եւ նրան ասել, որ չեն պաշտպանի Գագիկ Ծառուկեանին եւ չեն առաջադրի թեկնածու: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս տեղեկութիւնը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Նստում են տունը, երեւակայական բաներ են ասում: Վերջապէս կայ Բարգաւաճ Հայաստանի ղեկավարութիւն, նա կարող է խօսել: Այդ մարդիկ ովքե՞ր են, որ նրանց անունով են խօսում: Յետոյ վերջապէս ինչո՞ւ մենք պարտաւոր էինք անպայման պաշտպանէինք իրենց թեկնածուին, չեմ հասկանում, ուղղակի: Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ չենք պաշտպանելու, ոչ մի անգամ չենք ասել, որ կը պաշտպանենք: Երրորդ հերթին` այդ հարցով պէտք է խօսէն ոչ թէ էդ մարդիկ, այլ պէտք է խօսեն պատասխանատուները, ես էլ պատասխան կը տամ: Բայց ես սուտ բաներին, երեւակայական բաներին ժամանակ չունեմ պատասխանելու:

Հ.- Իսկ ի՞նչ էք կարծում, Բհկ-ն ինչու՞ նման որոշում կայացրեց, քանի որ ամէն ինչ տանում էր նրան, որ Գագիկ Ծառուկեանը կ՛առաջադրուի:

Պ.- Չեմ ուզում էդ տեսակ բաներով զբաղուեմ: Աւելի լաւ է իրենք խօսեն, իրենք բացատրեն, ես ինչու բացատրեմ: Դա անշնորհակալ գործ է: Թող իրենք խօսեն` լաւ որոշում են արել, վատ որոշում են արել: Դա իրենց գործն է, մեզ չի վերաբերւում: Ամէն կուսակցութիւն ինքն է որոշում: Մենք միշտ բաց ենք աշխատել, ոչ ոք այդքան յստակ եւ բաց չի արտայայտուել եւ ոչ մի տեղ չենք հակասել: Մենք ասել ենք` նախ ծրագրի շուրջ պէտք է ստեղծուի համախոհութիւն, միասնականութիւն: Երկրորդ` այդ համախոհութիւնը ստեղծուելուց յետոյ կարեւոր չի այլեւս ով կը լինի միասնական թեկնածուն, բայց այդ համախոհութիւնը ստեղծուելուց յետոյ պէտք է ճշդուի միասնական թեկնածուն, ոչ թէ նախ ճշդուի միասնական թեկնածուն, յետոյ համախոհութիւն ստեղծուի: Մենք անձի խնդիր չեն ունեցել, մենք ունենք ծրագրի խնդիր, ծրագրից յետոյ մենք անշուշտ ունենք անձերի շուրջ մեր նախասիրութիւնները, հակակրանքներն ու համակրանքները: Բայց դա համարել ենք երկրորդական հարց:

Հ.- ՀՅԴ-ն ասել է, որ անձի հարց չի դնում, այլ մօտեցումների հարց է դնում: Արդէն յստակեցուե՞լ են մօտեցումները, եւ արդեօք քննարկւու՞մ է անձի հարցը:

Պ.- Խորհրդարանական ընտրութիւններից յետոյ մենք նոյն բանն ենք ասել, որ մենք անձի հարց չենք դնում, նախ ծրագրի շուրջ պէտք է գոյանայ համաձայնութիւն, որից յետոյ մենք գանք եզրակացութեան: Եզրակացութեան գալուց յետոյ ոչ ոք նման որոշում ընդունելու իրաւասութիւն չունի, մեր Գերագոյն ժողովը պէտք է որոշում ընդունի: Հիմա մարդիկ կարող են հաւատալ, որ մենք կեղծ ենք, սուտ ենք, դա իրենց գործն է, բայց մեր կուսակցութեան մէջ ժողովն է որոշում: Ուզում են` հաւատան, չեն ուզում` չհաւատան:

Հ.- Քանի որ ԲՀԿ-ն այլեւս դուրս եկաւ քաղաքական աշխուժ գործունէութեան դաշտից` նկատի ունենալով, որ խորհրդարանում պատգամաւորների թուով երկրորդ տեղում գտնուող ուժը չի մասնակցում երկրի համար կարեւոր ընտրութիւներին, արդեօք սպասւու՞մ է, որ ՀՅԴ-ն կարող է դաշինք կազմել ընդդիմադիր դաշտում գործող այլ ուժերի հետ` Հայ ազգային քոնկրեսի, Ժառանգութեան, Ազատ դեմոկրատների եւ միւսների: Կա՞յ նման քննարկում օրակարգում:

Պ.- Մենք մեր ծրագիրը դեռ աւարտուած չենք համարում: Կը շարունակենք աշխատանքը, նոյնիսկ ԲՀԿ-ի հետ կը շարունակենք էդ աշխատանքը: Մենք չենք կարծում, որ ամէն ինչ վերջացաւ, ամէն ինչ ջուրն ընկաւ, այլեւս ոչ մի բան հնարաւոր չի: Մենք մեր գործը շարունակելու ենք, մեր արածները, մեր կատարելիք աշխատանքը պայմանաւորուած չեն սրա կամ նրա պահուածքով, մենք շատ աւելի սկզբունքային եւ հիմնաւոր ուղղութիւն ունենք:

Հ.- Սերժ Սարգսեանի հետ հանդիպումից յետոյ յայտարարեցիք, որ չէք պաշտպանելու իր թեկնածութիւնը, բայց եւ չէք պոյքոթելու ընտրութիւնները: Դա ի՞նչ է նշանակում, կարող է ՀՅԴ-ն իր սեփական թեկնածուն ունենայ: Այդ հարցը քննարկւու՞մ է:

Պ.- Կարող է, ինչու չէ:

«ՀԱՅԵԼԻ»

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )