Նոր Տարին Մուսա Լերան Եողունոլուգ Գիւղում

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Է հէ՜յ, արմէննե՜ր, վե՛ր կացէք, ելէ՛ք, ում սրտի ծովակները կարմիր են հագել մուսաների պաշտամունքի լերան  կարմիր գագաթի Միհր աստծոյ արեւալոյսով, ում հոգիների տաճարներում վառւում են իրենց աշխարհի ոգու ջահերը, ում սրտում կաթել է արմենացած-հայացած լերան կռւում ընկած քաջի մի կաթիլ արիւն, ում հոգում իր սրբազան լեռնաշխարհի սիրոյ, կարօտի աստուածն է զարթնել, ում հոգում հայոց հին աստուածները շեփոր են հնչում, լսեցէ՛ք իմ թմբուկի զարկերի հրաւէրը: Եկէ՛ք, լերան գագաթին պարզած` Նազովրեցի Յիսուսի արեամբ կարմրած սպիտակ դրօշը գրկած, Զեւսի ինն մուսա դուստրերի պաշտամունքով հեթանոսացած, արմէն-հայերի պատերազմի կախարդ` արեւելեան կողմն աշխարհի արքաների-արքայ Տիգրանի շառաւիղների լերան լանջեր գնանք: Նաւասարդ-Նոր տարի տօնախմբենք նրա լանջերին փառած Եողունոլուգ շէնի շուկայի հրապարակում, այնտեղից պայթած գետակի ափին խոյացած սօսի ծառի բացատում թմբուկ զարկենք, Նաւասարդի խրախճանքով, արեւ աստուած Միհրի կարմիր կրակ լոյսով արբենանք:

Եողունոլուգի գիւղամիջեան ճանապարհին բազմած` լուսնի անուշ դէմքով աղբիւրից մինչեւ խոր ձորի բարձունքը շէնի շուկան է, նրա աջ ու ահեակ կողմերին` խանութներ: Լերան լանջերից իջնող ճամբաները խաչաձեւում են նրան, որոնց հատման տեղամասերում փոքրիկ հրապարակներ են: Շէնի հաւաքատեղիներն են անոնք`տարբեր խաղերի, տօնախմբութիւնների, հանգստեան օրերի, իրիկնային հանգստի ժամադրավայրեր: Նաւասարդ-Նոր տարուան նախատօնակ, շուկայի տարբեր մասերում, տների բակերում դափնու երկար ոստեր են` գագաթներին հոծ կանաչ, տերեւների արանքներից սեւ սաթի նման փայլատակող դափնեպտուղներ:

Խմբերով գնում էին Մուսա Լերան թիկունքի Օմարէն Գիտէյն դաշտի լանջերին փռուած անտառներից դափնու երկար ոստեր բերելու: Մայր բնութիւնը կանաչ ծով էր երկնել լեռների լանջին, հանդիպակաց հայոց ծովածոցի փրփրած ջրերի բախումից յառնած զեփիւռը անուշ գգուանք էր շաղ տալիս նրա երեսին, դէմքն էր քնքշանքից ժպտում, ալիքւում: Ծովակի կանաչ ալեակները հոսում էին դէպի երկնի կապոյտը, մայր բնութեան այդքան խայտանք ո՞վ է հոսել նրա սրտին:

Այդ դաշտի անտառից էին դափնու ոստեր բերում:Այդտեղ էին, որ իրենց պապերը, հայրերը բազմախումբ դուշմանի դէմ յաղթական ճակատամարտ մղել: Կռւում ընկած արեւորդիների սրտերի ծովակներից պայթած արիւնն էր հոսել դափնիների ոստերին, այն պիտի լցնէին խարոյկի կրակին` նուիրաբերելու արմէնների լոյսի-կրակի-արեւի Արա-Միհր աստուածներին: Յաղթանակ, Արմինա-Հայաստանի Տիգրան արքայի դիւցազունների կռուի ոգու պոռթկում էր այն: Նրանց հազար-հազար տարիների շառաւիղները աւանդաբար իրար փոխանցել էին, որ իրենք հայրենապաշտ հայկազուն արքայի զարմից էին, որ նրա բանակների հետ հասել այդ լեռներ, որ իրենց եւ իրենց քաջ նախնիների աշխարհների սահմանները իրենց զէնքերն էին: Ուրիշ երկրի կռուում զինուորը իր իրանով հրանօթ է լռեցրել, իսկ այդ կռւում արծուի խոյանքի սրտով մի դիւցազուն Արմէն տղայ, բնութեան հանդերձով ծպտեալ, տարբեր թաքստոցներից մօտեցել այդ կռուի թատերաբեմ ելած դուշմանի թնդանօթին, տարբեր դիրքերից, որսորդական հրացանի չորս կրակոցներով սպաննել չորս թնդանօթաձիգներին, ողջ մնացած սպան կռուից շտապ հեռացրել է թնդանօթը: Զէնք, նրա փողից ժայթքած վառօդի բուրմունքը,իրենց լեռներում կռուի ելած ռանչպարների սրտերին հայրենի հողի ոգու արբեցում էր հոսել:

Գիւղի մայր ճանապարհի շուկայի կեդրոնական հրապարակում վեր է խոյացել վառելափայտի ու ցախի դէզը` խարոյկը: Նոր տարուան նախատօնակի իրիկնադէմ, դափնու ոստերը որպէս ջահեր վեր պարզած, եողունոլուգցիները գալիս խմբւում էին խարոյկի բոլորտիքը: Զուարթ բացագանչութիւնների հռնդիւնի ուղեկցութեամբ, ընդունուած կարգի համաձայն գիւղի աւագն էր վառում խարոյկը: Կարմիր բոցերն էին ժայթքում դէպի վերեւ, արեւ աստուած Միհրի դէմքն էր շառագունում, կարմիր ժպտում էր: Հազար-հազար տարիներ Արմէն-Հայ արեւորդիների սրտերում չմարեց իրենց լոյսի, արեւի, կրակի աստուածներ`Արայի-Միհրի բնութեան խորհուրդի կրակի պաշտամունքը: Խելառւում էր խարոյկը, պայթում էր խարոյկը, կրակի կարմիր բոցերը բարձրանում էին վերեւ, նրա լոյսը տանում արեւորդիների հին աստուածների տաճարներ, աւետելու նրանց` իրենց հրաշափառ գոյատեւման առեղծուածը: Խարոյկի բոցերն էին շիկնել պարմանուհիների անուշ դէմքերը, պարմանների սրտերին քաջութեան սխրանք, իրենց լեռներին պաշտամունք, իրենց արտերին ու հանդերին սիրոյ հուր կաթում: Կրակի բոցերի կարմիր խոյանքով արբեցած, բարձր բացագանչութիւններով դափնու ոստերը զարկում խարոյկի բոցերին, կանաչն էր վառւում, պայթում էին սեւ սաթէ պտուղները, հազար-հազար կարմիր աստղիկներ դուրս թռնում խարոյկի բոցերից, պարմանները նրանց իրենց ափերի վրայ պահած` տանում որպէս սիրոյ ծաղիկ նուիրաբերելու պարմանուհիներին: Ցնծութիւն էր հրապարակում, արեւորդիները ցատկում էին խարոյկի վրայից, նրա բոլորտիքը շուրջպար բռնում, նախնիների կրակի փառաբանումն էր: Աշխարհի դաւադիր «մեծեր», մարեցին Մուսա Լերան շէների Նաւասարդեան խարոյկները, չէ՛, նման դափնու ոստերով, նման խարոյկ ուրիշ տեղ չիք, ինչո՞ւ այսքան արհաւիրք, մարեցին իրենց հին աստուածների լոյսը, նոր լոյսը մթնեց հայոց սրբազան լեռնաշխարհը, ափոս եղեւ:

Նոր տարիի գիշեր, բոլորը ժամացոյց չունէին, որ նրա գալստեան ժամը իմանային: Ցերեկներին երկնքում արեւի, իսկ գիշերներին աստղերի դիրքով էին որոշում ժամանակը: Իրեն կայսր հռչակած Հռոմի զօրավարի աստղագէտներն են սահմանել Նոր տարուան առաջին օրուան սկիզբը եւ նրա առաջին օրը` իրենց աստծոյ անունով Յունուար ամսուան մէկ: Արմէն-Հայ արեւորդիների համար Նաւասարդ-Նոր տարի առաջին օրը իրենց նահապետ Հայկի թշնամու դէմ տարած յաղթանակի օրն էր` Նաւասարդ ամիս, օգոստոս 11,  թուականը` 2492:

Իրիկուն, Միհր աստուածը հանդիպակաց ծովի ջրերում խարոյկ էր վառել: Գիւղի տների ապակեպատ եւ կիսագլանաձեւ քարիւղի լապտերներն էին վառւում, գիւղն էր լուսավառ ժպտում: Ուրախ էին մասնաւորապէս տան փոքրերը,այդ գիշեր նուէրներ պիտի ստանային: Տան մեծ սենեակի կեդրոնում կլոր, ցածրիկ սեղանն էր, բոլորտիքը` նստելու բարձիկեր: Սեղանի վրայ ցորեանի հասկերի ցօղուններից հիւսած տափակ մատուցարան էին, նրա չորսբոլորը` նման փոքրիկ մատուցարաններ: Նոր տարուան նախորդ օրերին պատրաստուած աւանդական ուտեստներն էին բլրացնում սեղանի մատուցարանին` թոնիրում եփած հուրագեղ «Պանրի հաց», այծերի կաթով, չիր ու չամիչով, քաղցրաւենիքով հունձուած` հարսերի վարդ այտերին ծաղկած անուշ ժպիտների հանգոյն բազմաձեւ բոկեղներ, նրանց չորս բոլորտիքը` իրենց պարտէզների թարմ, չորացրած մրգեր, աւանդական կերակուրներ:

Տօնածառ չէին զարդարում, անտառներում եղեւին չէր աճում, այն հեռու գերմանների սովորութիւնն էր: Սեղանի շուրջ էին խմբւում բոլորը, աւագը Տէրունական աղօթքով օրհնում սեղանը, ընտանիքին մաղթում բարեկեցութիւն, առողջութիւն, իրենց հանդերին առատ բերք, արտերում ծլած ցորեանի հասկերին բազում ոսկեգոյն հատիկներ: Փոքրերն էին անհամբեր, ընդունուած սովորութեան համաձայն աւագը նուէրներ պիտի բաժանէր: Տղաներին եմենի (տափակ կօշիկ), աղջիկներին կերմեր ֆստան (կարմիր շրջազգեստ), բոլորը միասին երգում իրենց խնճոյքների ուրախ երգը`

Կերմեր ֆստան հեգուծ ի (կարմիր հագուստ հագել է)
Հէլէ, հէլէ նինէու ի,
Չուց էլ էղուիր վիլլուծ  ի (ինչպէս էլ լաւ վայելել է):

Բոլորը նստում սեղանի շուրջ, Նոր տարուան բարեմաղթանքներ փոխանցում: Թաղի տղաները կիսաբաց դռնից չուանով կապուած տոպրակ էին ներս նետում: Տանտիկինը մրգեր, խմորեղէն էր լցնում նրա մէջ: Նախնիներից աւանդուած սովորութիւն էր` իրենց բարիքից բաժին հանել թաղի փոքրերին:

Իրենց նախնիների Միհր արեւ աստուածն էր առիւծի բաշերով բազմում Եողունոլուգի բարձր բլուրի գագաթին, Նոր տարուան առաջին առաւօտի կարմիր ողջոյն յղում շինականներին, առաջին լոյսի շողերը փռում գիւղի երեսին: Շէնի բոլոր ճամբաներով ռանչպարները շտապում էին եկեղեցի: Մինչեւ եկեղեցի մտնելը, նրա բակում իրար հանդիպած խռով մարդիկ գրկախառնւում էին, հաշտւում, ներում իրար, այդպէս էր աւանդուած: Սուրբ Աստուածածին եկեղեցի` գիւղը հատող հորիզոնական ու ուղղահայեաց խաչման կէտում խոյացած: Քարաշէն եկեղեցի, ճակատի որմերին` Վանայ ծովի Աղթամար Սուրբ Խաչ տաճարի որմերին ծաղկած քանդակների նման, հիասքանչ զարդաքանդակներ, մուտքի դրան ճակատի միաձոյլ քարին նրա վաւերագրութիւնը աւետող Մեսրոպի գրերով արձանագրութիւն: Նոր տարուան առաջին օրուան պատարագ` իրենց Վարդապետի տառապանքին նուիրուած ժամերգութիւն: Ընդարձակ էր սալայատակ սրահը, հաւատոյ հանգանակի երեք խորհուրդների խորանները: Սրահ էին հոսում լացող ուռենիների նման կամարներ: Իրենց խաչուած Վարդապետին ձօնուած վշտահար կամարները կարծես հնչում էին նրա վերջին խօսքերը` «Տէ՜ր, տար հոգիս»: Սուրբ Աստուածածին եկեղեցին կանգուն է, նրա տանիքին` մզկիթ: Ասում են, որ կառավարութիւնը այն վերանորոգելու եւ վերածելու է գործող եկեղեցիի, լինելու աշխարհում միակը` որպէս երկու պաշտամունքների միատեղ աղօթատեղի:

Նաւասարդ, Նոր տարիի առաջին օրուան ու թշնամու թագաւորի դէմ իրենց Նահապետի յաղթանակի տօնախմբութիւն էրշէնում:Շէնի շուկայի տարածքում էին գիւղի այրերը:Քարով պատած նստարաններին նստած տարեցները պատմում էին լերան կռուի դրուագներից, իրենց կամաւոր-լեգէոնականների Արարայի գրոհի սխրանքներից: Հերկելինց Վենիսի խանութի առաջ առանձին զոյգերով «տամա» խաղի մրցումներ էին, երբ մրցակցի զինուորը տապալում էր հակառակորդի ամրոցի դռները եւ հասնում նրա թիկունքի առաջին շարքին, բարձր կանչերով «թագաւոր» էին հռչակում յաղթական զինուորին: Վենիսի խանութի կողքին, «Բարձիմ»-ն էր աշխատատեղում «թամպուրա» նուագում, նրա լարերի դողից հնչում էին իրենց պարեղանակները, ներսը, դուրսը ջահելները, ահելները պար էին բռնում, պայթում էին վեր պարզած ատրճանակները, նրանց կրակալոյս շանթերը բարձրանում` իրենց Միհր աստծոյն` Մուսա Լերան յաղթանակի ողջոյնը տանելու:

Եողունոլուգը հատող ձորն էր արձագանգում թմբուկի հնչիւնները, Մուսա Լերան համանուագն էր այն: Լսե՞լ  ես ձորերում հնչած համանուագները` բնութեան տիեզերածին խոյանքն է այն: Նոր տարուան առաջին օրը, տղամարդիկ իջնում էին իրենց շէնին յարած Խըտրպեկ գիւղ, խրախճանալու նրա գետակի ափերին խոյացած հաստաբուն, հազար-հազար տարիների արեւամերձ սօսիի հովանու տակի սրճարաններ:

Սօսի` նախնիների պաշտամունքային ծառ, հայոց հին աստուածների սրբավայր` Աշտիշատի սօսիի անտառակից էին բերել նրա տնկին: Մուսա Լերան թմբկահար Կիրակոսը զարկում էր թմբուկը, թեւանցուկ այրեր, կանայք իրենց նախնիների շուրջպարերն էին բռնում: Ես` եողունոլուգցի կամաւոր Արմենակի տղեկ, դիտել եմ սօսիի ստուերում նրա մենապարը, նրա ատրճանակի պայթիւնների հետ ծափ տուել, նայել վերեւ, ինչպէ՜ս էր նրա փողից ժայթքած շանթերի լոյսը կարմիր կրակով վառում սօսին: Կիրակոսը ուժգին զարկում է թմբուկը, մերկացած դաշոյնները վերեւ պահած` երկու պարմաններ պարի դուրս գալիս, խելայեղ խոյանում իրար վրայ, զարկում դաշոյնները, կայծեր թռչում, աստղիկներ դարձած` իջնում ներքեւ: Կիրակոսն էր ծանր նուագ զարկում, կանայք, այրեր նազանքով պար գալիս, ուժգնանում էին թմբուկի զարկերը, պարողների տոփիւնից սօսին էր երերում, դողում էր Մուսա Լեռը, աւետում աշխարհին մուսաների պաշտամունքի լերան խրախճանքը:

Զարմանալի է, Նոր տարուան գիշերը, Ձմեռ պապը (Սանթա քլոզը) Մուսա Լեռ չէր գալիս: Մութ էին նրա լեռները, ձորերը, ճամբաները նեղլիկ, նրա կառքը ինչպէ՜ս պիտի ճամբորդէր: Իմ ապու պապ Սարգիս տղեկը, գիւղի  լաճերը չէին հաւատացել չարքերին, սատանաներին, նրանց հետ մենամարտելու համար ի զո՜ւր էին գիշերները ձորերում փնտռել  նրանց, յուսախաբ` տուն էին վերադարձել եւ  ինչպէ՜ս պիտի հաւատային ծպտեալ մէկին, որը իբր նուէրներ պիտի բերէր իրենց. չէ՛, այդ լինելու բան չէր: Իսկ շատ հեռու ամերիկաներում, Վիրճինիա անունով մի աղջնակ,հարիւր տարիներ առաջ իրենց քաղաքի «Նիւ Եորք Սան» լրագրին հարցում է արել Սանթա քլոզի գոյութեան մասին.

«Ես ութ տարեկան եմ: Իմ փոքրիկ ընկերներից ոմանք ասում են` Սանթա քլոզ չկայ: Հայրիկս ասում է, որ եթէ դու այն տեսնում ես լրագրում, ապա այն այդպէս է: Խնդրում եմ` ասէք ինձ` կա՞յ Սանթա քլոզ :Լրագրի  երկարամեայ խմբագիրը հետեւեալ պատասխանն է հրապարակել.

«Վիրճինիա, քու փոքրիկ ընկերները սխալ են: Նրանք,  իրենց տարիքի թերահաւատութեամբ  են տառպում, նրանք  հաւատում են միայն նրան, ինչ որ տեսնում են: Մտածում են` ոչինչ կարող է լինել, որը հասկանալի չէ իրենց փոքրիկ ուղեղներով: Վիրճինիա, բոլոր մտքերը, թէկուզ լինեն մարդկանց կամ երեխաների, փոքր են: Մեր այս անհուն տիեզերքում մարդը, համեմատուած անեզր աշխարհի հետ, իր զարգացումով պարզապէս մի միջատ, մրջիւն է, ինչպէ՞ս կարող էր իր մտածողութեամբ ըմբռնել ամբողջ ճշմարտութիւնը եւ բոլոր գիտելիքները:

«Այո,՛ Վիրճինիա, կա՛յ Սանթա քլոզ»:

«Նա անտարակոյս գոյութիւն ունի, այնպէս` ինչպէս որ սէրը, ազնուութիւնը, բարեպաշտութիւնը գոյութիւն ունեն: Դու գիտե՞ս արդեօք , որ նրանք քու կեանքում կան որպէս վսեմագոյն գեղեցկութիւն եւ հրճուանք: Աւաղ, ինչպէ՜ս տրտում պիտի լինէր աշխարհը, եթէ չլինէր Սանթա քլոզը: Աշխարհը նաեւ, նոյնքան տխուր պիտի լինէր, եթէ չլինէին Վիրճինիաներ: Այն ատեն պիտի չլինէին ո՛չ մանկական հաւատք, ո՛չ բանաստեղծութիւն, ո՛չ սիրերգ, եւ ինչպէ՞ս հանդուրժելի պիտի լինէր այս կեանքը: Իմացականութիւնից ու տեսանելիութիւնից բացի, մենք ուրիշ վայելք պիտի չունենայինք:

«Չհաւատալ Սանթա քլոզին… Դու նոյնպէս կարող էիր չհաւատալ պարիկներին: Դու կարող էիր նոյնպէս խնդրել քու հայրիկին, որ Ծնունդի նախօրեակին մարդիկ վարձէր, որպէսզի հսկէին բոլոր ծխնելոյզները` հանդիպելու համար Սանթա քլոզին:Սակայն եթէ դու նոյնիսկ չէիր տեսնի Սանթա քլոզին վայր ինջնելիս, ի՞նչ պիտի ապացուցէր այն: Ոչ ոք չի տեսնում Սանթա քլոզին, բայց այն  իրականութիւն չէ, որ չկայ Սանթա քլոզը: Աշխարհում ամենաշատ իրական բաներն այն են, որ ո՛չ երեխաները եւ ո՛չ էլ մարդիկ կարող են տեսնել: Դու երբեւիցէ տեսե՞լ ես պարիկներին մարգագետիններում պարելիս: Անշո՛ւշտ ոչ, սակայն այդ ապացոյց չէ, որ նրանք այնտեղ չեն: Ոչ ոք կարող է ըմբռնել կամ երեւակայել չտեսնուած ու չնշմարուելիք բոլոր այն հրաշքները, որոնք կան աշխարհում:

«Դու մաս-մաս պատռիր պուպրիկները, տես` ներսում ինչն է աղմուկի շառաչի պատճառը: Սակայն կայ մի վարագոյր, որը ծածկում է անտեսանելի աշխարհը, ո՛չ ամենահզօր մարդը եւ ո՛չ էլ որեւէ ժամանակ ապրած ամենահզօր մարդկանց միացեալ ուժը կարող էին այն պատռել: Միայն հաւատքը, բանաստեղծութիւնը, սէրը, երեւակայութեան սիրերգութիւնը կարող են մի կողմ հրել այդ վարագոյրը եւ տեսնել ու նկարահանել այդ երկնային գեղեցկութիւնը եւ նրա այն կողմի երկնային փառքը: Այդ բոլորը ճի՞շդ են: Ա՜հ, Վիրճինիա՛, այս ամբողջ աշխարհում չկայ ուրիշ ոչինչ իսկական ու հաստատուն:

«Ո՞չ Սանտա քլոզ: Փառք Աստծոյն, նա ապրում է եւ ապրելու է յաւիտեան: Վիրճինիա՛, հիմիկուանից հազար տարիներ առաջ, դրանից բացի տասը անգամ տասը հազար տարիներ յետոյ էլ նա պիտի շարունակի մանկութեան սրտերը զուարթ պահել»:

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Քալիֆորնիոյ Հայ գրողների միութեան անդամ

Share this Article
CATEGORIES