Նախագահ Սարգսեանի Ուղերձը` Նոր Տարուան Առիթով. «Նոր Տարի Ենք Մտնում Նոր Յոյսերով Եւ Զարգացման Մեծ Ակնկալիքներով

Ստորեւ կու տանք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի կողմէ հայութեան ուղղուած ուղերձը` Նոր տարուան եւ Ս. Ծննդեան առիթով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աւարտւում է 2012 թուականը, որը մեզ համար ամէնից առաջ աշխատանքի տարի էր: Արարելու ու կեանքի տարի էր:

2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին. պսակի օրհնութեամբ ու սիրով լցրեցին մեր հայրենիքը: Թող 2013 թուականը հայաստանցու օճախին երջանկութիւն ու ապահովութիւն պարգեւի:

Անցնող տարում հայոց երկիրը լսեց շուրջ 40 հազար նորածնի ճիչ: 40 հազար փոքրիկների հայեացքներ զարմանքով ու ժպիտով առաջին անգամ նայեցին հայոց արեւին ու ջերմացրեցին արեւն իրենց խինդով: Հայաստանի Հանրապետութեան աւելի քան 40 հազար քաղաքացի: Մե՛ր սերունդը: Մեր բոլորի՛ ուրախութիւնը: Թող 2013-ն անամպ երկինք բերի մեր բոլոր զաւակներին: Թող հայաստանցու տունը բերկրանք ապրի մանկան ճիչով: Ու թող խաղաղուի մայրերի երջանկութեամբ:

2012 թուականին մեր մեծ ընտանիքի 36 հազար մանուկ առաջին անգամ մտաւ դպրութեան տաճար: Դասագիրք բացեց ու նստեց դպրոցականի նստարանին: Թող 2013-ը նոր հարցեր տալու ու պատասխաններ փնտռելու համար անհրաժեշտ գիտելիքներ պարգեւի: Մեր երկրի ապագան, մեր ապագան ամէնից առաւել կախուած է հէնց երեխաների կրթութիւնից: Մեր վաղուայ քաղաքացուց: Արարելու նրա կամքից եւ ունակութիւնից:

2012-ը զինուորագրեց մեր տասնեակ հազարաւոր զաւակներին: Բանակ զօրակոչեց, որ դարձնի տղամարդ, հայրենիքի պաշտպան ու ընտանիքի յենարան: 2012 թուականը մեր զաւակների բազկի ուժին ու կարգապահութեանը, մտքի զօրութեանն ու աչալրջութեանը յենուած` անխախտ պահեց մեր սահմաններն ու անվտանգ` մեր հայրենիքը: Թող 2013-ն ու 2014-ը ապահով ծառայութիւն պարգեւեն նրանց, պահպանեն վտանգներից: Թո՛ղ անվնաս ու ամրացած տուն բերեն մեր տղաներին: Խաղաղութիւն պարգեւեն մեր հողին:

2012 թուականին հազարաւոր հայաստանցիներ աշխատանք գտան կամ նոր գործ սկսեցին: Մեր երկիրը մի քիչ էլ առաջ գնաց իր զաւակների ջանքերով: Գիւղացու չարչարանքով ու արուեստագէտի ստեղծագործ պոռթկումով, գիտնականի մտքի թռիչքով ու ձեռնարկատիրոջ քաջութեամբ: Թող 2013-ը նոր աշխատանք, նոր եռանդ ու նոր երազանք պարգեւի բոլորին: Նոր ձեռքբերումներով պսակի իւրաքանչիւրիս ջանքերը:

Թող Ամանորի թարմ շունչը մտնի մեր մեծ ընտանիք, որտեղ տքնել գիտեն յանուն զաւակների: Որտեղ յարգել գիտեն ու մեծարել: Որտեղ գիտեն նուիրուել ու պահանջել: Որտեղ կարողանում են սահման ու հայրենիք պաշտպանել: Որտեղ գիտեն ու կարողանում են սիրել:

Յարգելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին նաեւ փորձութեան տարի էր յատկապէս սիրիահայ մեր եղբայրների եւ քոյրերի համար: Ես ոգու կորով եւ արիութիւն եմ մաղթում նրանց, ովքեր ապաստանել են հայրենիքում եւ նրանց, ովքեր Սիրիայում են: Տայ Աստուած, որ շատ շուտով դադարեցուի արիւնահեղութիւնը, խաղաղութիւն հաստատուի մեր բարեկամ երկրում, եւ Սիրիայի ժողովրդի, այդ թւում` մեր հայրենակիցների կեանքը մտնի բնականոն հուն:

Սիրելի՛ բարեկամներ,

Մենք Նոր տարի ենք մտնում նոր յոյսերով եւ զարգացման մեծ ակնկալիքներով: Մենք համոզուած ենք, որ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ուղեգիծը ճիշդ է եւ բխում է մեր ժողովրդի շահերից: Ի հարկէ, սրբագրելու շատ բան կայ: Միասի՛ն ենք անելու:

Ու թող գայ 2013-ը: Մտնի մեր հարիւր հազարաւոր դռներից ներս: Ուրախ ու վստահ: Թող բերի խինդ ու երջանկութիւն: Ապահովութիւն ու խաղաղութիւն: Եռանդ ու հոգու ջերմութիւն: Նաեւ աշխատանք, արդար վաստակ: Ու անսպառ սէր: Մեր մեծ ընտանիքին: Իւրաքանչիւրիս:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )