Հարցազրոյց Տոքթ. Լուսինէ Սահակեանի Հետ. «Իմ Ուսումնասիրութիւնների Նպատակը Այս Զեղծարարութեաան Հարուած Հասցնելն Է». Լուսինէ Սահակեան
Տոքթ. Լուսինէ Սահակեանը Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) արեւելագիտութեան բաժանմունքի թրքագիտութեան ամպիոնի դոցենտ (ընտելական) է: 2008-ից սկսած` ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների հիմնարկի հայ-օսմանական առնչութիւնների բաժնի ղեկավարն է:
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Մեծ է ձեր ներդրումը Համշէնի պատմութեան եւ յատկապէս` այդ շրջանի տեղանունների եւ ժողովրդագրութեան լուսաբանման ուղղութեամբ կատարուած աշխատանքներում: Ձեր ուսումնասիրութիւններում դուք արծարծել էք նիւթեր` մոռացութիւնից փրկելով համշէնցիների պատմութիւնը: Ի՞նչը ձեզ մղեց զբաղուելու պատմա-քաղաքական նշանակութիւն ունեցող այս կարեւոր հարցով:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Նախքան սոյն գործով զբաղուելը` ես զբաղուել եմ Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր եւ Դերջան գաւառների պատմական, ժողովրդագրական եւ տեղանունների ուսումնասիրութեամբ եւ հէնց այդ տարիներին արդէն հետաքրքրութիւն դրսեւորուեց յարակից Համշէն գաւառի վերաբերեալ, մանաւանդ որ ներկայիս թուրք պատմագրութիւնը հրատարակում է բազմաթիւ գրքեր, որոնցում խեղաթիւրուած են նշեալ գաւառների եւ յատկապէս Համշէնի պատմութիւնը, կեղծարարական միջոցներով փորձ է արւում իւրացնել հայկական տեղանունները, խճճել Համշէնի պատմութեան եւ համշէնցիների ծագման հարցերը:
Իմ ուսումնասիրութիւնների նպատակը այս զեղծարարութեան հարուած հասցնելն է: Մասնաւորապէս ես անդրադառնում եմ Համշէնում իրականացուած բռնի իսլամացման քաղաքականութեան միջոցներին եւ փուլերին` ցոյց տալով այդ քաղաքականութեան հետեւանքները, որ ոչ այլ ինչ էր, քան` ցեղասպանութեան դրսեւորման մի տարատեսակ` իրականացուած հայ ժողովրդի հանդէպ: Ցեղասպանութեան տարատեսակներից է նաեւ հայկական անձնանունների թուրքացումը:
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Վերջերս լոյս տեսած ձեր` «Համշէնի մանրատեղանունները» գրքում ստուգաբանում էք մի շարք աղճատուած տեղանուններ, որոնցում առկայ են հայերէն բառարմատներ: Ինչպիսի՞ն է լեզուաբանութեան դերը պատմական հարցերի լուսաբանման առնչութեամբ:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- 2010-2012թթ. ներկայիս Թուրքիայի Ռիզէի նահանգում գտնուող համշէնցիների բնակավայրերում իմ իրականացրած դաշտային աշխատանքների ընթացքում ես հաւաքել եմ բազմաթիւ հայերէն մանրատեղանուններ` արդէն իսկ թուրքացած եւ իրենց մայրենի հայերէնը մոռացած համշէնցիների շրջանում: Առհասարակ, տեղանունները լեզուական փաստ լինելուց բացի, ունեն նաեւ ռազմավարական նշանակութիւն, քանի որ լինելով ամրակուռ լեզուական փաստեր` միաժամանակ իւրայատուկ լեզուական ծածկագրեր (քոտեր) են, որոնք կարող են օգնել բացայայտելու տարաբնոյթ հարցեր: Տեղանունների ուսումնասիրութեամբ կարող ենք վեր հանել տուեալ տարածքի ազգային պատմական պատկանելիութիւնը, սովորոյթները, զբաղմունքը, հաւատալիքները, եւ այլն: Տուեալ պարագայում, Համշէնի մանրատեղանունները, որոնք հիմնականում` անտառների, հանդերի, արօտավայրերի անուններ են եւ կազմուած են տուեալ տարածքի խօսուածքային բառապաշարից: Այս տեղանունների ուսումնասիրմամբ հնարաւոր է վերականգնել Համշէնի խօսուածքների հնչիւնական, բառային իւրայատկութիւնները: Տուեալ դէպքում լեզուական փաստը մեզ օգնում է պատմական մի շարք խնդիրների լուսաբանման համար, ինչը շատ լաւ են հասկանում թուրք պատմաբաններն ու լեզուաբանները: Եւ այսօր էլ հրատարակում են հէնց Համշէնի տեղանունների վերաբերեալ գրքեր, որտեղ բացայայտօրէն կեղծուած են մաքուր հայկական տեղանունները:
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Ինչպէս նշել էիք ձեր աշխատութեան մէջ, բարեկամական վերաբերմունք ցուցաբերող համշէնցիների կողքին կան նաեւ այնպիսիք, ովքեր թշնամաբար են տրամադրուած: Հայկական արմատներին վերադառնալու տեսանկիւնից ի՞նչ դիտարկումներ ունէք:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Արդուինի նահանգի Խոփա գաւառում այսօր համշէնցիների մի խումբ, թուրքական այդ մեծ ովկիանոսում, թէեւ կորցրել է հայկական ինքնութեան կարեւոր շերտեր, բայց զարմանալիօրէն պահպանել է իր` Համշէնի բարբառի տեղական խօսուածքը: Եւ հաւանաբար այս խօսուածքի շնորհիւ է, որ նրանց մի մասը ընդունում է հայկական ծագումը: Սակայն, բարբառախօսների մէջ անգամ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք մերժում են իրենց հայկական ծագումը, լաւագոյն դէպքում իրենց համարելով ո՛չ թուրք, ո՛չ հայ, այլ` համշէնցի:
Իսկ, ի տարբերութիւն Արդուինի նահանգի, Ռիզէի նահանգի համշէնցիները կորցրել են նաեւ բարբառը, նրանք թուրքախօս են. նրանց մէջ կան մոլեռանդ մահմետականներ, թուրք ազգայնական գաղափարախօսութեան կրողներ: Այդուհանդերձ, սրանց մէջ էլ կան այնպիսիք, ովքեր յիշում են, որ իրենց նախնիները հայեր են եղել:
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Թուրքիայի համշէնցիների թուաքանակի շուրջ բաւականին լուրջ տարակարծութիւններ կան: Ձեր կարծիքով, ի՞նչ է Թուրքիայի համշէնցիների թիւը:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Այսօրուայ Թուրքիայում ապրող համշէնցիների թուաքանակի մասին իմ բերած տուեալները հիմնուած են տեղում կատարած իմ ուսումնասիրութիւնների, տեղացիների վկայութիւնների վրայ: Համշէնցի մտաւորականների հաւաստմամբ, ներկայիս համշէնցիների թիւը Արդուինի Խոփա եւ Բորչկա գաւառներում, ինչպէս եւ Թուրքիայի մեծ քաղաքներում հաստատուածներով հանդերձ, մօտաւորապէս հասնում է 45 հազարի: Իսկ Ռիզէի համշէնցիների թիւը, նոյնպէս Թուրքիայի այլ քաղաքներում ապրողներով հանդերձ, մօտաւորապէս 60 հազար է:
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Ի՞նչ ուղղութեամբ է ընթանում ԵՊՀ-ի հայագիտական հետազօտութիւնների, հայ-օսմանական առնչութիւնների բաժինը:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Հիմնականում մեր ուսումնասիրութեան առարկաները առնչւում են հայոց պատմութեան եւ Օսմանեան կայսրութեանը, մասնաւորապէս քննութեան առարկայ են դարձել եւ շարունակւում են ուսումնասիրուել Օսմանեան կայսրութեան` Արեւմտեան Հայաստանի գաւառներում իրականացուած հարկային, իսլամացման քաղաքականութիւնը, տեղանունների թուրքացման ձեւերն ու նպատակները:
Ունենք նաեւ երիտասարդ ձեռագրագէտ մասնագէտներ, որոնք հմտանում են օսմանեան վաւերագրերի փաստաթղթերի ուսումնասիրութեան բնագաւառում: Ուսումնասիրութեան նիւթ է դարձել եւ շուտով կը հրապարակուի հայատառ ղպչաղերէն մի ձեռագիր, որ կարեւոր է ոչ միայն հայագիտութեան, այլեւ չափազանց կարեւոր մի աղբիւր է թրքագիտութեան եւ մասնաւորապէս` ղպչաղագիտութեան համար:
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Ձեր յօդուածներից մէկում վկայաբերում էք թուրք պատմագիր Միւնեճիմ Պաշիի այն հաստատումը, ըստ որի, Տրապիզոնը Արմէնիայի սեւծովեան նաւահանգիստ էր: Զարմանալի է, որ մինչեւ այժմ այդ կարեւոր հաստատումը չի արժանացել որեւէ մեկնաբանութեան:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ինչպէս գիտէք, օսմանեան իշխանութիւնները եւ յատկապէս հանրապետական Թուրքիան արգելեց Հայաստան, Արեւմտեան Հայաստան անունները եւ դրա փոխարէն շրջանառութեան մէջ դրուեց Արեւելեան Անատոլիա մտացածին եզրը եւ, ցաւօք, այդ սխալ ձեւը գործածութեան մէջ մտաւ նաեւ սփիւռքի հայ պատմաբանների երկերում, ինչպէս նաեւ` հայաստանեան որոշ դիւանագէտների եւ լրագրողների խօսքերում: Եւ քանի որ սխալ եւ մեզ համար անընդունելի եզր է, իմ մենագրութիւններից մէկում, հիմնուելով հէնց թուրք պատմիչների երկերի վրայ, ես ցոյց եմ տուել, որ նրանք շատ լաւ գիտէին Հայաստան երկրի տեղը, եւ անգամ օսմանեան քարտէսներում յստակ տարբերակւում էր Հայաստանը Անատոլիայից: Մինչեւ 1913 թ. օսմանեան քարտէսներում Հայաստանը Էրմէնիստան ձեւով, երբեմն սխալ սահմանազատմամբ, այնուամենայնիւ նշւում էր: Մեզ համար միանգամայն անընդունելի է Արեւելեան Անատոլիա եզրի կիրառումը, քանի որ այն նշանակում է հրաժարուել մեր պատմական հայրենիքից: Հետաքրքրական է, որ անգամ 17-րդ դարի թուրք պատմիչ Միւնեճիմ Պաշին ոչ միայն ընդունում է Արմէնիա երկրի գոյութեան փաստը, այլեւ Տրապիզոնը համարում է Արմէնիայի նաւահանգիստ:
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ.- Շնորհաւորում ենք ձեզ` Արմին Թ. Վեկներ մարդասիրական մրցանակի համար, որ դուք ստանձնելու էք այն «ԱՐՓԱ» միջազգային շարժապատկերի փառատօնի ընթացքին (արդէն տեղի ունեցած-Խմբ.): Խնդրեմ, մի քանի խօսք այդ մասին:
ԼՈՒՍԻՆԷ ՍԱՀԱԿԵԱՆ.- Շնորհակալութիւն: 2010-2012 թթ. Արդուինի եւ Ռիզէի նահանգների համշէնցիների բնակավայրերում գիտահետազօտական աշխատանքներ կատարելիս, նաեւ իրականացրել եմ որոշ նկարահանումներ: Այդ տարիների իմ հաւաքած նիւթը հիմք հանդիսացաւ պատրաստելու վաւերագրական մի ժապաւէն, որի բեմագրութիւնը բացառապէս իմ գիտական հետազօտութիւնների արդիւնքն է: Ժապաւէնում տեղ են գտել ուշագրաւ եւ բացառիկ տեսարաններ, ուր ներկայացուած են` Համշէնի բնաշխարհը, բնակիչների կենցաղը, նմուշներ Համշէնի երգարուեստից ու պարերից, ինչպէս նաեւ իրենց ինքնութեան եւ ծագման վերաբերեալ հարցազրոյցներ` գիւղացիների եւ մտաւորականների հետ: Բեմագրութեան խմբագիրը եւ բարբառային բնագրերի թարգմանիչն է Սերգէյ Վարդանեանը: Ինձ համար մեծ պատիւ է, որ իմ ժապաւէնը արժանանում է այս բարձրագոյն պարգեւին, որն ինձ աւելի է պարտաւորեցնում, որպէսզի ես շարունակեմ եւ խորացնեմ իմ ուսումնասիրութիւնները այս ուղղութեամբ:


