Եղբայրներ. Լուսաւորութեան Առաքեալներ. Յովհաննէս Այվազովսկու Ծննդեան 195-ամեակի Եւ Եղբօր` Գաբրիէլի 200-ամեակի Առթիւ

ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Գաբրիէլ Այվազեան

Յովհաննէս Այվազովսկի, լուսանկար` Ապտուլայեան եղբայրների, 1857, Պոլիս

Հայ եկեղեցու նուիրեալ արքեպիսկոպոս Գաբրիէլ Այվազեանը կրթութիւն է ստացել Վենետիկի Մխիթարեան միաբանութիւնում: Տիրապետել է տասը լեզուի, եղել է պատմաբան, գրող, թարգմանիչ, հրատարակիչ: Փարիզում եւ Թէոդոսիայում հիմնել է կրթօճախներ, լոյս ընծայել դասագրքեր, ընտրուել է Էջմիածնի Գէորգեան ճեմարանի տեսուչ: Նրա կեանքը եղել է նուիրում ազգային ոգու դաստիարակման եւ անուանուել է Լուսաւորութեան առաքեալ:

Ահա երկու մէջբերում իր գրութիւններից.

«Մեր ազգին ներկայ եւ ապագայ երջանկութեան համար փափաքելի բաներ շատ կան, բայց ամէնուն ալ գլուխ պէտք է սեպել միաբանութեան հոգին, գիտնալով, որ իր անցեալ եւ այժմու թշուառութեանցն ալ գլխաւոր պատճառը անմիաբանութիւն եղած է»:

«Եթէ մէկ բան մը կայ աշխարհիս վրայ, որ մարդու մէջ ինչ ազգէ ըլլալը յայտնի կը դարձնէ ամէն տեղ եւ ամէն ատեն, իր ազգային լեզուն է, եթէ ազգ մը իր լեզուն կը պահէ, ազգութիւն չի կորցներ»:

***

Որպէս արուեստաբան` տարիներ շարունակ կապուած եմ եղել Գաբրիէլի կրտսեր եղբօր` Յովհաննէս Այվազովսկու արուեստին եւ, աշխատելով Ազգային պատկերասրահում` կարողացել եմ գտնել ու թանգարան տեղափոխել «Նոյը իջնում է Արարատից», «Պայրոնի այցը Սուրբ Ղազար», «Մխիթարեան հայրերը Սուրբ Ղազար կղզում» սքանչելի նկարները, որոնք հնարաւորութիւն ընձեռեցին Այվազովսկուն ներկայացնել հայկական արուեստի բաժնում: Իսկ 1979-ին Թէոդոսիայից ու այլ քաղաքներից բերուած Այվազովսկու հայկական նկարների ցուցահանդէսը բացուեց Սարեանի թանգարանում, ուր, ի թիւս տասնեակ գործերի, առինքնող էին յատկապէս կնոջ` Աննա Բուռնազեանի, եղբօր` Գաբրիէլի, Խրիմեան Հայրիկի դիմանկարները:

Փոքր տարիքում իրարից բաժանուած ու միմեանց կարօտած եղբայրներն առաջին անգամ տեսնուեցին 1840-ին, Վենետիկում: Շնորհիւ Գաբրիէլի, ասես իբրեւ Փեթերսպուրկի ուսումնառութեան շարունակութիւն, Յովհաննէսը ծանօթացաւ միջնադարեան հայ մշակոյթին, նրա հոգեկանչ էութեանը, ինչպէս եւ մանրանկարչութեան գոյների երգող գեղեցկութեանը: Ի դէպ, այստեղ էր, որ նրանք որոշեցին իրենց ազգանուան «Գ» սկզբնատառը ռուսերէնից կրճատել ու ներկայանալ ե՛ւ Այվազեան, ե՛ւ Այվազովսկի:

Մխիթար Սեբաստացու երազանքի` մայր ժողովրդի հոգեւոր վերելքի հաւատարմատար Գաբրիէլի ապրումներով ներշնչուեց նաեւ Յովհաննէսը: Եւ ընդամէնը մէկ տարի անց, քսանչորս տարեկանում ստեղծեց Եւրոպայում արդէն տարածուած վիպապաշտութեան  արձագանգող եւ ոսկէ մետալի արժանացած «Քաոս. աշխարհի արարումը» նկարը, որտեղ Աստուած կերպաւորուել է իբրեւ լոյս` նմանուող խաչի…

«Քաոս. Աշխարհի արարումը», 1841, Ս. Ղազարի թանգարան

Ծովի երգչի արուեստում գաղափարական հիմնուղի դարձած լուսոյ հաւատի կապակցութեամբ յիշենք մինչ օրս անյայտ, խօսուն մի դրուագ: Երեւան այցելած յայտնի գրող Ի. Էրենպուրկի հետ զրուցելիս Սարեան-Վարպետը, որն իր նախիջեւանեան դպրոցում, դեռ պատանի` ծանօթացել ու սիրել էր ծովանկարչին, լսելով հիւրին, պատասխանեց այսպէս. «Այվազովսկու արուեստում հայկականութեան բնորոշ գիծը նրա ամենափոթորկոտ ծովանկարներում մթագնած ամպերի խորքից ճառագող եւ փրկութիւն յուսադրող լոյսն է…»:

Գաբրիէլ եղբօր հետ հանդիպման առաջին արձագանգներից է նաեւ վերջալոյսի մէջ պատկերուած Ս. Ղազար կղզու գաղափարապէս խոր, 1843-ին Լուվրում ցուցադրուած նկարը: Կտաւի կ՛առուցուածքային կենտրոն մտայղացուած է քարափին դրուած կարմրակազմ գիրքը` նշանաւոր «Հայկազեան բառարանը». կողքին նստած է հեղինակներից մէկը` նաեւ Պայրոնին հայերէն ուսուցանած հ. Աւգերեանը, իսկ ձախ կողմում կանգնած է բառարանի աւարտմանն օգնած նկարչի եղբայրը: Առաջին հայեացքից կղզին իր ուրուագծով լոյսի մէջ լողացող նաւ է յիշեցնում, իսկ մարդիկ` յոյսի ու երազի ճամբորդներ:

Յովհաննէսն ու Գաբրիէլը մշտատեւ հաւատարիմ մնացին իրենց ժողովրդի կեանքին աջակցող լոյսի հաւատին:

Անդրադառնանք այժմ երկար ժամանակ անպատասխան մնացած մի հարցի: Հայոց երկրի բարեկամ ճանաչուած քրիստոնեայ Ռուսաստանին ծառայութեան են նուիրուել բազում հայեր, որոնց թւում նաեւ Փեթերսպուրկի գեղարուեստի ակադեմիա իբրեւ հայի զաւակ ընդունուած Այվազովսկին: Սակայն նա միակն է, որի մահուանից անմիջապէս յետոյ, 1901-ին, Ս. Փեթերսպուրկում լոյս տեսած շքեղ գրքի առաջին էջում գրուել է, թէ իբր նրա հայրը եղել է մահմետականի զաւակ եւ Պենտեր բերդի գրաւման ժամանակ փրկուել է հայ մարդու` Գրիգոր Այվազի կողմից: Ապա աւելացուել է. «Մահմետական արեւելքը` Ռուսաստանի հանդէպ իր ողջ ատելութեամբ հանդերձ, նրան պարգեւել է երկու պոետ` Ժուկովսկի ու Պուշկին եւ մէկ նկարիչ` Այվազովսկի»: Այս տարօրինակ յօրինումի ամենացաւալի կողմն այն է, որ հիմք դարձաւ Այվազովսկու կենսագրականի հետագայ մեկնողներին: Այդ ապատեղեկատուութեան թաքուն նպատակն էր ռուսական արուեստի ներկայացուցիչ, աշխարհահռչակ նկարչին կտրել իր ազգութիւնից: Բուն պատճառն անշուշտ 20-րդ դարասկզբին յետադիմական ուժերի կողմից սկսուած հակահայկական քաղաքականութիւնն էր` դպրոցների փակում, տաճարների ունեցուածքի բռնագրաւում եւ այլն, մի ծանր վիճակ, որը կանխուեց ցարին ուղղուած Խրիմեան Հայրիկի խորամիտ գրութեան շնորհիւ:

«Տիեզերք. աշխարհի նախարարումը». 1864 թ.

Այվազովսկուն հայութիւնից զրկելու փաստարկի ժխտման առաջին ապացոյցը բխում է Գաբրիէլ Այվազեանից: Դեռ 1875-ին լեհ պատմաբան Ս. Պարոնչուն յղած իր նամակում նա գրել է, որ իրենց հայրը ծնուել է Սթանիսլաւ քաղաքում, 1765-ին, կամ 1766-ին (Պուքովինայի տարածքում գտնուող Սթանիսլաւը այժմ Արեւմտեան Ուքրանիայում է եւ կոչւում է Իվանո-Ֆրանքովսք): Այստեղ յիշենք նաեւ, որ ռուսական բանակի կողմից Քիշինեւի մօտ գտնուող Պենտերի գրաւման մասին Գաբրիէլն անդրադարձել է իր «Պատմութիւն օսմանեան պետութեան» գրքում (Վենետիկ, 1841, հատոր 2-րդ, էջ 344): Եթէ ճշմարիտ լինէր 1770-ին այդ ահեղ կռւում իրենց «մանուկ հօր փրկութիւնը», ի հարկէ նոյն էջում նա այդ մասին կը նշէր… իսկ եթէ 20-րդ դարասկզբին արքեպիսկոպոսը ողջ լինէր, դժուար չէ պատկերացնել թէ ինչպէս կ՛արձագանգէր այդ պատմական զեղծարարութեանը:

Մեզ շատ ուշ յայտնի դարձաւ այդ նամակն ու Թէոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցու մատեանում նկարչի ծննդեան` «Գէորգ Այվազեանի որդի Յովհաննէսն» գրառումը տէր Մկրտիչի կողմից: Վերջերս ռուս արուեստաբաններից ոմանք, արդէն ծանօթ լինելով ծովանկարչի հայկական տասնեակ նկարներին, համոզուած գրում են նրա հայկական բուն ծագման մասին: Նշենք միայն 2010-ին Մոսկուայում կազմակերպուած «Ծիածանի երկու երանգ. զոյգ ազգերի ճակատագիր» ցուցահանդէսի պատկերագրքի առաջաբանում Պուշկինի անուան թանգարանի տնօրէն, ակադեմիկոս Ի. Անթոնովայի եզրակացութիւնը. «Այվազովսկուն համազօր յաջողութեամբ կարելի է համարել ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական նկարիչ»:

Վատիկանի կողմից Մխիթարեան միաբանութեան գործունէութեան ճնշման ու այլակերպումի պատճ

Share this Article
CATEGORIES