Խօսք` Յարգանքի Եւ Յիշատակի

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Բուհական կամ համալսարանական բարձր կոչումներ չունէր: Իրեն չէին դիմում դոկտոր կամ ակադեմիկոս տիտղոսներով: Պարզապէս կրում էր իր անպաճոյճ անունն ու ազգանունը: Այդպէս էլ դիմում էին իրեն` Լեւոն Մինասեան: Իր հրատարակութիւններն ու գիտական աշխատութիւնները երբեմն կրում էին Լ. Գ. Մինասեան ստորագրութիւնը, ուր Գ. տառով ցանկանում էր յիշել նաեւ իր հօրը` Գալուստին, որի մասին ընտանեկան, մտերմիկ շրջանակներում արտայայտւում էր խորին ակնածանքով: Այնուամենայնիւ, իր իմացական ու գիտական արժանիքներին ու մակարդակին քաջածանօթ անձինք շատ լաւ գիտէին, որ նա արժանաւորապէս դասւում էր բանասիրութեան այնպիսի մասնագէտների շարքին, որոնք հանրածանօթ են դոկտորական կամ ակադեմական բարձր կոչումներով: Փաստօրէն նրա բուհական ու համալսարանական միակ կենտրոնը հանդիսացաւ իր սեփական բնակարանի վերնատունը, ուր ընդարձակ, բայց համեստ սրահում հիմնել էր իր սեփական գրադարանը, համալրուած` բազմահարիւր գիտական ու մասնագիտական գրքերով: Ժամերով, օրերով, շաբաթներով մեկուսանում էր գրադարանում, խորանալով գրքերում քննարկուած ու քննարկելի, լուծուած ու լուծելի, հաստատուած ու թէական հազար ու մի հարցերի ու նիւթերի անդաստանում: Իսկ իր իւրովի աւարտաճառը հանդիսացան աւելի քան 60 գրքեր ու բանասիրական, բանահիւսական, բանահաւաքական ու ազգագրական աշխատութիւններ, որոնք հրատարակեց կեանքի ընթացքում: Դեռ աւելին, այդ աշխատութիւնների հետ մէկտեղ հեղինակեց բազմաթիւ գրութիւններ ու ուսումնասիրական յօդուածներ, որոնք լոյս տեսան մամուլում:

Յիրաւի շնչող, կենդանի հանրագիտարան էր Լեւոն Մինասեանը: Իր մասնագիտութեան  բնագաւառը չէր սահմանւում միմիայն բանասիրութեամբ: Գիտելիքների անսահման շտեմարան էր: Եւ այդ ամէնը զարմանալիօրէն ձեռք էր բերել ինքնաշխատութեամբ: Շապիկի, բաճկոնի, վերարկուի գրպաններում մշտապէս անպակաս էին թուղթն ու գրիչը, իսկ ուր որ հետաքրքիր նիւթ, հնատիպ արձանագրութիւն կամ տեղեկութիւն էր գտնում, անմիջապէս դուրս էր բերում ծալծլուած թերթիկներն ու գրանցումներ կատարում դրանց մասին: Ընտանիքի անդամները պատմում են, որ մահճակալի մօտ ունէր փայտէ սրճագոյն հին սեղանիկ` գրքերով, թերթերով, թերթիկներով ու գրիչներով ծածկուած, որոնք համարւում էին իր ննջասենեակի անբաժան մասնիկները:

Լեւոն Մինասեանը Նոր Ջուղայի անցնող աւելի քան կէսդարեայ պատմութեան անբաժանելի մասն էր: Անսահմանօրէն սիրում էր Նոր Ջուղան եւ անշուշտ իր ծննդավայրը` երբեմնի հայաբնակ Փերիա գաւառի Խոյգան գիւղը, ուր անցկացնում էր ամրան արձակուրդները հայրական ընդարձակ ամարանոցում եւ գիւղի գեղատեսիլ բնութեան հովանու ներքոյ զբաղւում էր իր ուսումնասիրական աշխատութիւնների կատարելագործմամբ:  Նոր Ջուղան իր աւելի քան 400-ամեայ պատմութեամբ, ձեռագիր մատեաններով, քանդակագործ շիրմաքարերով, կոնաձեւ գմբէթակիր եկեղեցիներով, ծեփածածկ տանիքներով, քարաշէն փողոցներով, խանութներով, ԳԱՄԱՌ ՔԱԹԻՊԱ ընկերութիւնից յիշատակ մնացած Գէորգ Քանանեանի անուան դպրոցով, ուր տարիներ շարունակ որպէս հայոց լեզուի աւագ ուսուցիչ աշխատել էր ինքը, հայաբնակ հին ու նոր թաղամասերով եւ  ամենակարեւորը` Սբ. Ամենափրկիչ վանքով, որի թանգարանի, մատենադարանի եւ տպարանի տնօրէնի պաշտօնը տարիներ շարունակ վստահուել էր իրեն, ապրումի ու ոգեւորութեան կենսատու աղբիւրներ հանդիսացան Լեւոն Մինասեանի համար, որոնցից երբեք չկարողացաւ բաժանուել եւ մինչեւ խոր ծերութիւն, գրամեքենայի առջեւ նստած դողդոջ ձեռքերով գրեց հնակերտ Նոր Ջուղայի մասին:

Հաւատաւոր դաշնակցական էր Լեւոն Մինասեանը: Նա ՀՅ Դաշնակցութեան շարքերն էր անցել 1940-ական թուականներին եւ ինչպէս իր դուստրը` Արմինէն է պատմում, այդ տարիներին Փերիայի հայաբնակ գիւղերում դաշնակցական գործունէութիւն ծաւալելու պատճառով ենթարկուել էր հայ համայնավարների հալածանքին: Անտարակոյս իր գաղափարական նկարագրի կերտման մէջ նշանակալի դեր է ունեցել նաեւ Դաշնակցութեան նուիրեալ գործիչներից Թադէոս Թադէոսեանը, որին տարիներ շարունակ հիւրընկալել է Լեւոն Մինասեանը իր բնակարանի վերնատանը: Իբրեւ անձնուրաց, գաղափարական դաշնակցական` նա ցմահ մնաց ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի կերտման տեսլականով:

2012 թուականի դեկտեմբերի 31-ի կէսօրից յետոյ ժամը 3:30-ին 92-ամեայ ծերունազարդ մտաւորականը հրաժեշտ տալով առյաւէտ հեռացաւ մեզանից: Հաստատելով հանդերձ, որ մահը կեանքի անզուգական ուղեկիցն է, դժուարանում եմ հաշտուել այնպիսի անձանց հեռացմամբ, ինչպիսին Լեւոն Մինասեանն էր: Այնուամենայնիւ, համոզուած եմ, որ իր թողած մտաւոր հարուստ ժառանգութեամբ, նա մշտապէս ներկայ է լինելու ո՛չ միայն Նոր Ջուղայի, այլ համայն իրանահայութեան պատմամշակութային կեանքի հոլովոյթում:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի՛:

Յարգա՛նք իր յիշատակին:

Կլենտէյլ, 4 Յունուար, 2013

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )