Գուսան Հայկազունը` «Գետաշէն» Երգի Մասին. «Թող Չիմանան Հեղինակին, Կարեւորը` Լինի Դասագրքերում»

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

«Արցախեան ազատամարտի հերոսներին յիշելու հարցում ցաւալի վիճակ է տիրում, որովհետեւ մեր սերունդը չի ճանաչում հերոսներին: Ժամանակին Երեւանի փողոցները լցուած էին «Իմ զէնքը իմ երգն է», «Իմ զէնքը իմ… քամանչան է» եւ այլ գրութեամբ պաստառներով, որոնցում ով ասես` երեւում էր, փոխարէնը` չկար մեր հերոսներից ոչ մէկը: Դուդուկը, քամանչան կամ երգը զէնք չեն, զէնքը այն էր, որը զինուորը բռնել էր իր ձեռքին: Մեր երեխաները պէտք է ճանաչեն մեր հերոսներին“ Պետոյին, Կոմանդոսին, Բեկորին, Դուշման Վարդանին, Մոնթէին եւ այլոց, ու փորձեն օրինակ վերցնել: Դպրոցները եւ փողոցները պէտք է «ողողուեն» նրանցով», Aravot.am-ի հետ զրոյցում կարծիք յայտնեց «Հայկազունք» համոյթի գեղարուեստական ղեկավար գուսան Հայկազունը:

Նրա համոզմամբ, խնդրի լուծման համար պետական աջակցութիւն է հարկաւոր. «Առաջնահերթ, մատաղ սերնդին դաստիարակելու գործը կրում են դպրոցները: Այն դպրոցը, որն ունի ազգային մտածելակերպի տէր տնօրէն եւ ուսուցիչ, արտակարգ սերունդ է մեծացնում: Հակառակ դէպքում` սերունդն ազգայինից հեռու է մնում: Եթէ անգամ ընտանիքում չի տրւում ազգային դաստիարակութիւն, դա պէտք է արուի գոնէ դպրոցում` պետական մակարդակով: Մինչդեռ դասագրքերում հայրենասիրութեան դաստիարակութիւնը վատ աստիճանի վրայ է դրուած, իսկ արցախեան պատերազմի մասին բաւարար գիտելիքներ չկան: Ցաւալի է այդ վիճակը: 1995-1996 թթ. համերգներով գտնւում էի Իրանում: Տեղի հայկական դպրոցների դասագրքերում կար «Գետաշէն» երգը` ի տարբերութիւն մեր այսօրուայ դասագրքերի: Ինչքան լաւ է դա: Ճիշդ է, հեղինակին չգիտէին, անունը գրած չէր, բայց, կարեւորը, կար» (Յաւելենք, որ «Գետաշէն»-ի հեղինակը մեր զրուցակիցն է):

Ինչ վերաբերում է արցախեան ազատամարտի հերոսների յիշատակին նուիրուած յուշ-երեկոների կազմակերպմանը, գուսան Հայկազունն ասաց. «Յուշ-երեկոներին մասնակցում է 100-200 մարդ, որոնք հերոսի ընկերներն են եւ առանց յուշ-երեկոյի էլ ճանաչում են նրան: Երեխանե՛րը պէտք է ճանաչեն»:

«Առաւօտ»

Share this Article
CATEGORIES