Մենք. Օրերն Հոսում Են Քանց Պղտոր Գետեր

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Տրտնջացինք, քննարկեցինք, ընդվզեցինք ու, միեւնոյնն է, Նոր տարին դիմաւորեցինք ինչպէս միշտ. պլինչիկից, պասուցից ու խոզի բդից խուսափել չեղաւ, գրեթէ բոլորի սեղաններին ամանորեայ ճաշացանկի նոյն, պարտադիր եւ անխուսափելի հաւաքածուն էր: Քաղաքի փողոցները լիքն էին մանկահասակ երեխաների ձեռներից բռնած երիտասարդ ընտանիքներով, հայ դեռահասների նորաբոյծ`    բարձրաձայն ու անզուսպ կչկչացող տեսակով, սառոյցի վրայ բարձրակրունկներով սղաքայլ ճեմող, երկարամազ ու կարճափէշ աղջիկներով, զուսպ տօնական հագուկապով, դեռ շատ չծերացած տատիկ-պապիկներով: Ու նրանք բոլորն էլ, աւանդոյթի ուժով, տնետուն էին անցնում ու միմեանց Նոր տարի շնորհաւորում: Էս բոլորը մենք ենք. ծանօթ, սիրելի, հարազատ:

Գրեթէ, ինչպէս միշտ, հայկական հեռուստաընկերութիւնները հնչեցնում էին ողջ տարուայ ընթացքում ձանձրացրած հայ «աստղերի» cut, copy, paste երգերն ու մատուցում անվերջութեամբ սպառնացող սերիալների դերասանների էլ աւելի տափակ ու տաղտկալի թեքսթերը:

Հանրապետութեան հրապարակի տօնական եղեւնին ու մայրաքաղաքի տարբեր անկիւնները զարդարող էժանագին ու թեթեւ սպիտակ եղնիկ-բադիկները լրացնում էին մայրաքաղաքի տօնական հանդերձանքը: Ճիշդ է, երեք-չորս օր յետոյ դրանք անհրապոյր մոխրագոյն էին դարձել, բայց գիշերային լուսաւորութիւնը, մանտարինի ու եղեւինի հոտը, փողոցներում երբեմն-երբեմն հանդիպող, կենդանի Ձմեռ պապն ու Ձիւնանուշը ամբողջական էին դարձնում Նոր տարուայ զգացողութիւնը:

Եւ, որքան էլ ճանապարհային ոստիկանութիւնը խոստացաւ անողոք լինել ու զգուշացրեց չչարաշահել ալքոլն ու ղեկին հարբած չնստել, միեւնոյն է լրահոսը առատօրէն խցանել էին ջարդուած ինքնաշարժներով ու խեղուած վարորդ-ուղեւորներով Շամշեանի լուսանկարները: Սա էլ ենք մենք` անուղղելիօրէն յամառ ու դատարկօրէն ինքնավստահ:

Դէ, հարուստներն էլ, ինչպէս միշտ, Ամանորը գերադասում են տուպայներում անցկացնել, նուազագոյնը` հայրենի Ծաղկաձորում: Ու Էս բոլորը մենք ենք. ծանօթ, հասկանալի ու հարազատ:

«Աղչի, բա՞ էս սեղան գցելն էլ որ վերանայ ու իրար բաժակ չխփեն, ի՛նչ Նոր տարի, բա դա հայերէն կը լինի՞», արդարացիօրէն ընդվզում է իմ շատ սիրելի Սօս Սարգսեանը, ու ես, որ նրա հետ համաձայն եմ, բաժակ եմ խփում ու մտքիս մէջ աղօթում` երկար կեանք խնդրելով Նահապետի համար, իսկ բարձրաձայն` խաղաղ գիշերներ հայոց բանակին ու անփորձանքութիւն հայրենիքիս:

Ու որքան առատ են մեր սեղանները, նոյնքան էլ շռայլ ու պերճախօս` տօնական մաղթանքները: Մաղթանքների ու կենացների առատութիւն, առատութիւն… Քրիստոնէական նախանձելի բարեպաշտութիւն է յորդում ամէնուր, նաեւ` հեռուստաեթերից. ընդդիմադիր ու չընդդիմադիր ապահով կեանք են մաղթում, բարեկեցութիւն, արդարութիւն, աշխատանք, արժանապատուութիւն, օրէնքի ու բարգաւաճ երկիր, հաւասարութիւն, առաջընթաց: Քիչ է մնում հաւատաս:

Երանի այս խօսքերի գէթ մի փոքր մասն իրականութիւն դառնար, մտածում եմ ես ու, վստահաբար, ինձ պէս շատերը: Մեր մի բուռ երկրում, ուր բոլորը բոլորին յոգնեցնելու չափ լաւ գիտեն, նաեւ գիտեն, որ հէնց այդ մաղթանքներ հնչեցնողների ու նրանց անուղեղ բարեփոխումների, կեղծ բարեպաշտութեան, ծախել-ծախուելու, նիւթապաշտութեան ու ապաշնորհ կառավարման շնորհիւ է երկրում խորացել աղքատութիւնը, տնտեսական ու բարոյական ճգնաժամը դարձել վաւերական ներկայութիւն, ու ժողովրդի մեծ մասը մաղթանքները եւ նոյնիսկ ելոյթները ընկալում է որպէս ամանորեայ տօնածառի խաղալիք, պլպլան անհեթեթութիւն, որ յունուարի տասից յետոյ նորից կը հաւաքի չորացած ծառից` տեղաւորելով տուփի մէջ` յաջորդ տարուայ ծառն ու սեփական հաւատի շիւը զարդարելու համար:

Խօսքերն ու օրերն հոսում են քանց պղտոր գետեր, իսկ գետի հունն ու ափերը մաքրելու ցանկութիւն ու ջիղ գրեթէ ոչ ոք չունի:

Օրացուցային նոր տարուայ տասն է, իսկ քաղաքական նոր տարին աւելի շուտ է սկսուել` անցեալ տարուայ դեկտեմբերին, երբ միմեանց յետեւից Հայաստանի դերակատար, կամ մեզ այդպէս ներկայացող ու այդպիսին թուացող քաղաքական ուժերը լքեցին հարթակը: Քաղաքական նոր փուլ սկսուեց թէ աւարտուեց մեր բոլորի համար անդրոշմ չանցած մի փուլ` նոյնն է: Այդ բոլորը մենք ենք` դառնացած, անհաւատ, մասնակից ու դերակատար, յաղթած ու պարտուած` կողք կողքի, բայց` սիրելի, ցաւեցնող ու անխուսափելիօրէն հարազատ:

Մինչ ազգի մի մասը կենացներ էր ասում, ոմանք իրականութեան հետ անհամաձայնութիւնը հեռանալու մէջ տեսնում, որոշները վայելում ծաղկաձորեան ձմեռը կամ տաքանում էմիրութիւններում, քաղաքական պարապութիւնը լցուեց նախագահի ութ էքզոթիք թեկնածուներով: Սա էլ ենք մենք` բացատրելի, գրեթէ դատապարտուած ու անտարբեր:

Առջեւում մի քիչ ծոյլ, մի քիչ արկածային ու կանխատեսելի քարոզարշաւն է, որքան էին անկեղծ, իրատեսական ու իրագործելի մեր կենաց-մաղթանք-ելոյթները, ցոյց կը տայ ժամանակը:

Ու օրերն հոսում են քանց պղտոր գետեր…

 

 

 

Share this Article
CATEGORIES