Ցեղասպանութիւնների Մայրաքաղաքը

«ԱՊԱՌԱԺ»

23 տարի առաջ այս օրերին Պաքւում սկիզբ առաւ 20-րդ դարում Պաքւում հայերի հանդէպ տեղի ունեցած երրորդ ցեղասպանութիւնը:

1990թ. յունուարի 13-19 Պաքւում տեղի ունեցաւ հայ բնակչութեան երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելութեան համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկուեց բռնութիւնների, կոտորածի ու վտարուեց քաղաքից:

Դեռ 1988-1989թթ. ընթացքում ազրպէյճանական բոլոր լրատուամիջոցները` յատկապէս հեռուստատեսութիւնը, հեղեղուած էին հակահայկական քարոզչութեամբ, ինչը լուրջ հող նախապատրաստեց Ազրպէյճանի մայրաքաղաքում հայ բնակչութեան ջարդերի համար: Ազրպէյճանի «Ժողովրդական ճակատը» (ԱԺՃ), որտեղ տիրապետող էր դարձել արմատական թեւը, բացէիբաց կոչ էր անում վտարել քաղաքի հայերին եւ զբաղեցնել նրանց բնակարանները: Ամբողջ 1989 թ. ընթացքում Պաքուի հայ բնակիչները վախենում էին քաղաք դուրս գալ, քանի որ ազգութեամբ հայ քաղաքացիները յարձակումների ծեծի եւ թալանի էին ենթարկւում ինչպէս քաղաքային տրանսպորտում, այնպէս էլ փողոցներում: 1989 թ. ընթացքում Պաքւում գրանցուեցին բազմաթիւ հայերի սպանութիւններ: Յաճախակի էին դարձել նաեւ բնակարանների թալանի, եւ բնակիչների վտարումների դէպքերը: Ազգային պատկանելութեան համար Պաքուի հայերից շատերին անհիմն կերպով ազատում էին աշխատանքից:

1990 թ. յունուարեան ջարդերն ու բռնութիւնները Պաքւում աւելի վաղ էին նախապատրաստուել: Աշխատանքները տարուել էին մի քանի ուղղութիւններով: Մասնաւորապէս լայնամասշտաբ հակահայկական քարոզչութիւն էր ծաւալուել լրատուամիջոցներում, որի նախաձեռնողն ու ուղղորդողը ազրպէյճանական մտաւորականութիւնն էր: Ելոյթ ունենալով հեռուստատեսութեամբ, ռատիոյով մտաւորականներից շատերը շեշտում էին, որ հայերը զբաղեցնում են ամենակարեւոր պաշտօնները եւ քաղաքի լաւագոյն բնակարանները: Ջարդերի իրականացման մեքանիզմի յաջորդ կարեւոր փուլը բնակշահագործման աշխատակիցների, միլիցիայի եւ շտապօգնութեան ծառայութիւնների համակարգումն էր: Բնակշահագործման աշխատակիցները ճշդում եւ յստակացնում էին քաղաքում գրանցում ունեցող հայերի առկայութիւնը պարէնային կտրօնների ցուցակներով: Կազմուել էր քաղաքի քարտէսը իր բոլոր մանրամասներով` բաժանուած շրջանների եւ թաղամասերի, որոնց վրայ նշուած էին հայերով խիտ բնակեցուած հատուածները: Նախօրօք կազմուել էին նաեւ հայ բնակիչներին պատկանող տների ցուցակները եւ բնակարանների հասցէները: Ջարդարարներին աջակցում էին նաեւ իրաւապահ մարմինները` ապահովելով նրանց անպատժելիութիւնը: Իրենց հերթին շտապօգնութեան բժիշկները, կեղծ բժշկական վկայականներ էին տալիս, որոնց համաձայն հայերի մահը սրտանօթային խանգարումների հետեւանք էր, այլ ոչ թէ բռնութիւնների:

1990թ. յունուարի 13-ին հայերի ջարդերը Պաքւում ընդունեցին համատարած բնոյթ: Բռնութիւնների սկսուելու օրը քաղաքը լիքն էր ցուցարարներով, մասնաւորապէս Լենինի հրապարակում այդ օրը հաւաքուել էր 70-100 հազար մարդ, որոնք պահանջում էին իշխանութիւնների հեռացում եւ հաշուեյարդար հայերի նկատմամբ: Այս ամէնը տեղի էր ունենում Խորհրդային Միութեան եւ Ազրպէյճանի ղեկավարութիւնների իմացութեան եւ թողտուութեան պայմաններում: Յունուարի 13-ի հանրահաւաքից յետոյ ամբոխը` խմբերի բաժանուած, ԱԺՃ-ի ակտիւիստների ղեկավարութեամբ տուն առ տուն սկսում է քաղաքը «մաքրել» հայերից: Փախստականները վկայում էին, որ գոյութիւն է ունեցել բռնութիւնների իրականացման յստակ սխեմա. ջարդարարների մի խումբ` նախանշուած հասցէներով ներխուժելով հայերի բնակարաններ սկսել ծեծ ու բռնարարքներ: Գոյութիւն ունեն բացառիկ դաժանութեամբ իրականացուած գազանութիւնների, սպանութիւնների մասին բազմաթիւ վկայութիւններ: Հայ բնակիչներին դուրս են նետել պատուհաններից, սպաննել երկաթէ ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Դրան հետեւել է ԱԺՃ-ի անդամների այցը բնակարանի համար այսպէս կոչուած «օրէնքով ձեւակերպուած» փաստաթղթերով: Ջարդարարները բնակարանի հայ սեփականատիրոջը առաջարկում էին կեանքը փրկելու համար անմիջապէս մեկնել նաւահանգիստ: Ականատեսները վկայում են, որ հէնց հայ բնակչին տանից դուրս էին հանում, անմիջապէս յայտնւում էր նոր տան տէրը` տան պաշտօնական օրդերը ձեռքին: Հայերին միայն թոյլ էին տալիս վերցնել այնքան իր, որքան կարող էին տանել, մնացած գոյքը, տան փաստաթղթերը, արժէքաւոր իրերը, անգամ խնայդրամարկղի գրքոյկները առգրաւուում էին:

1990թ. Պաքուի ողբերգական դէպքերի ժամանակ փողոցներում, աշխատատեղերում, տներում, հասարակական տրանսպորտում ծեծի էին ենթարկուել եւ մարմնական ծանր վնասուածքներ ստացել հարիւրաւոր պաքուեցի հայեր: Բռնագաղթուածների մեծ մասը տարեցնէր էին, որոնցից շատերը չդիմանալով դաժան ծեծին, նուաստացմանը, հոգեկան մեծ ցնցումներին մահացան ճանապարհին կամ տեղ հասնելուն պէս` հիւանդանոցներում: Լաստանաւով Թուրքմենական ԽՍՀ Քրասնովոդսք քաղաք հասած փախստականները ինքնաթիռներով տեղափոխուեցին Երեւան: Այդ փախստականները հիմնականում տարեց մարդիկ էին` ծեծուած եւ վիրակապերով: Հայերի դէմ բռնութիւնների եւ ջարդերի ալիքն այնուհետեւ տարածուեց Պաքուի ռուս բնակչութեան` մասնաւորապէս զինուորականների ընտանիքների դէմ, որոնց շրջանում եւս եղան զոհեր ու բազմաթիւ վիրաւորներ:

1990թ. յունուարի 13-20-ը Պաքուն ամբողջովին ջարդարարների ձեռքում էր, որոնք միլիցիայի եւ ներքին զօրքերի աչքի առաջ սարսափելի բռնութիւններ էին գործում: Խորհրդային Միութեան ղեկավարութիւնը չէր խառնւում այս դէպքերին, չնայած քաղաքում կային բաւարար թուով զինուորական ստորաբաժանումներ եւ Խորհրդային Միութեան ներքին գործերի նախարարութեան ներքին զօրքեր, որոնք կարող էին արագ կարգուկանոն հաստատել: Իրավիճակի ծանրութիւնը ենթադրում էր պարետային ժամ, որի ընթացքում ներքին զօրքերը կարգ ու կանոն կը հաստատէին, սակայն կենտրոնական իշխանութիւնները յապաղում էին: Սպանութիւնները եւ թալանը շարունակուեցին ընդհուպ մինչեւ յունուարի 20-ը, երբ խորհրդային զօրքերը կարգուկանոնը «վերականգնելու» պատրուակով մտան քաղաք: Խորհրդային իշխանութիւնը Պաքւում փրկելու համար, Մ. Կորպաչովը հրամանագիր ստորագրեց քաղաքում արտակարգ դրութիւն մտցնելու մասին: Հրամանագիրը կատարեց Խորհրդային Միութեան ԶՈՒ օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա. Լեպետը: Զօրքերի մուտքը ուղեկցուեց դիմադրութեամբ, որին զոհ գնացին շուրջ 150 ազրպէյճանցիներ` ինչպէս նաեւ զինուորներ եւ պատահական անձինք:

Պաքւում կազմակերպուած հայկական ջարդերին զոհ գնացածների ճշգրիտ թիւը դեռեւս պարզուած չէ: Մի շարք ուսումնասիրողների կարծիքով այդ թիւը 400-ից անցնում է: Պաքւում տեղի ունեցած իրադարձութիւնների հետազօտումը դժուարանում է նաեւ փախստականների` նախկին Խորհրդային Միութեան տարածքում ցրուածութեան եւ բոլոր տուժածների հարցման դժուարութեան պատճառով: Բռնութիւնների արդիւնքում Պաքուն ամբողջովին հայաթափուեց: Բացառութիւն են կազմում խառն ամուսնութիւնների մէջ գտնուողները, որոնց թիւը կազմում է մի քանի հարիւր մարդ:

Պաքւում փաստօրէն կրկնուեց 1988թ. փետրուարին Սումկայիթում տեղի ունեցած բռնութիւնների սցենարը. բազմամարդ հանրահաւաքներ, ատելութեան քարոզչութիւն, Հայաստանից ներգաղթած ազրպէյճանցիների օգտագործում, բնակարանների նախօրօք ընտրութիւն եւ թիրախաւորում, իրաւապահ մարմինների անգործութիւն, ինչպէս նաեւ գազանային գործողութիւններ անօգնական ծերերի, կանանց եւ երեխաների նկատմամբ: Սակայն Պաքւում տեղի ունեցածի մասշտաբները անհամեմատ մեծ էին:

Եւրոպական եւ ամերիկեան մի շարք լրատուամիջոցներ անդրադարձան Պաքւում տեղի ունեցած կոտորածներին: Յունուարի 18-ին մի խումբ ծերակուտականներ համատեղ նամակ յղեցին Մ. Կորպաչովին, որում անհանգստութիւն էին արտայայտում Պաքւում տեղի ունեցած հայերի ջարդերի կապակցութեամբ:

1990թ. մարտի 29-ին կայացել է Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդի փակ նիստ` Պաքւում կատարուած դէպքերի առնչութեամբ: Ազրպէյճանի պատուիրակութիւնը պահանջեց ստեղծել յանձնաժողով` զօրքը Պաքու մտցնելու եւ նրա գործողութիւնները հետաքննելու համար: Ի պատասխան հարցապնդման` Խորհրդային Միութեան ղեկավարութիւնը պաշտպանութեան նախարար Տ. Եազովը, ներքին գործերի նախարար Վ. Պաքատինը, Պետանվտանգութեան կոմիտէի նախագահ Վ. Քրիւչքովը նիստի ներկաներին պատմեցին կոտորածների մանրամասների մասին, ներկայացնելով ջարդերի այդպիսի դրուագներ, որոնք չէին լուսաբանուել մամուլում: Խորհրդային Միութեան փլուզման գործընթացի արագացման պատճառով Պաքուի հայ բնակչութեան ջարդերի վերաբերեալ գործի հետագայ քննութիւնն աւարտին չհասաւ:

Այն, ինչ տեղի է ունեցել Պաքւում սկսած 1905 թուականից եւ յատկապէս 1988թ. Սումկայիթում ու 1990թ. Պաքւում` ցեղասպանութիւն էր եւ մինչ օրս մնում է անպատիժ, իսկ տուժած հազարաւոր մարդիկ չեն հատուցուել ո՛չ բարոյական, ո՛չ էլ նիւթական առումով:

 

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )