«Ուուո՜ւխ, Թուրքիայում Նորից Հայ Են Սպաննել»

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ

Հրանդ Տինքի սպանութիւնը տեղիք տուեց բազմաթիւ մեկնաբանութիւնների ու եզրակացութիւնների, որոնք շարունակւում են նաեւ այժմ, սակայն դրանից յետոյ տեղի ունեցան այլ ոճրագործութիւններ եւ հայերի դէմ ուղղուած բռնութիւններ, որոնք եւս լայն արձագանգի արժանացան:

Եթէ կարճատեւ ակնարկ նետենք մօտիկ անցեալին, ապա…

Հ. Տինքի սպանութիւնից անմիջապէս յետոյ յարձակման ենթարկուեց Պոլսի հայոց պատրիարքարանի հարեւանութեամբ գործող Ս. Աստուածածին մայր եկեղեցին: Յանցագործը գնդացրային կրակահերթ արձակեց պատարագի ժամանակ եւ միայն պատահականութեան շնորհիւ միջադէպը տեղի ունեցաւ առանց զոհերի:

2008 թ. մայիսմէկեան աւանդական ցոյցերը հայկական թաղամասերում ուղեկցուեցին Գորշ գայլերի խորհրդանշանների ցուցադրմամբ, հայերի բնակարանների պատերին փակցուեցին բազմագոյն տարբերանշաններ, հայկական հիմնարկութիւնների հասցէներով ստացուեցին բազմաթիւ սպառնալից նամակներ: Ոճրագործներ Եասին Հայալի ու Օկիւն Սամասթի խորհրդանշական սպիտակ թասակներով բազմաթիւ երիտասարդներ յայտնուեցին հայկական թաղամասերում` սարսափի մատնելով բնակչութեանը: Նմանատիպ իրադարձութիւններ տեղի ունեցան նաեւ 2009 եւ 2010 թթ.:

2011 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանութեան հերթական տարելիցին թուրքական բանակում ծառայութեան ժամանակ իր թուրք ծառայակցի կողմից սպաննուեց հայ երիտասարդ Սեւակ Շահին Պալըքճըն: Շահին (թրք. արծիւ) կրկնակի անունը, որը ծնողների կողմից տրուած էր Սեւակին նրա կեանքը Թուրքիայում դիւրացնելու եւ գուցէ աւելի ապահով դարձնելու համար, չկարողացաւ ծառայել իր նպատակին:

Հայ ծնողները Թուրքիայում երեխաներին, յատկապէս` տղաներին, նկատի ունենալով, որ թուրքական բանակում ծառայութիւնը հայ երիտասարդի կեանքում ամենադժուար փորձութիւններից է լինելու, տալիս են թուրքական անուններ, կամ` երկրորդ թուրքական անուն: Հազուադէպ չեն նաեւ այն հայ ծնողները, որոնք մանուկ հասակում նաեւ թլփատում են իրենց երեխաներին` պատճառաբանելով եւ արդարանալով, իբր, առողջապահական նկատառումներով:

2011 թ. ամառային ամիսներին Թուրքիայի հարաւային զբօսաշրջային հանգստեան քաղաքներից մէկում` Մարմարիսում, հայ արծաթագործ կինը հարեւանների եւ մրցակիցների կողմից ենթարկուելով սպառնալիքների` ստիպուած եղաւ հեռանալ Թուրքիայից, քանի որ ոստիկանութիւնը հրաժարուեց պաշտպանել նրան:

2011 թ. հոկտեմբերին մէկ այլ հայ կին Պոլսոյ  թաքսիում ենթարկուեց բռնութեան` թաքսու վարորդի կողմից, միայն իր հայկական առոգանութեան համար: Նրան «քրիստոնեայ կեաւուր» անուանելով` թաքսիստը յարձակուել էր նրա վրայ եւ մազերից բռնելով ու ապտակելով` դուրս էր նետել մեքենայից: Օրը ցերեկով Պոլսոյ մարդաշատ վայրում տեղի ունեցած յանցագործութեան մեղաւորը դեռ չի յայտնաբերուել, չնայած յայտնի են ե՛ւ մեքենայի պատկանելութիւնը, ե՛ւ թաքսի ծառայութիւնը:

2012 թ. փետրուարի 26-ին Պոլսոյ մէջ Խոջալուի դէպքերի կապակցութեամբ տեղի ունեցած հերթական հանրահաւաքում բարձրացուեցին խիստ վիրաւորական արտայայտութիւններով հակահայկական ցուցապաստառներ: Ցոյցին մասնակցել էին Թուրքիայի ներքին գործերի նախարարը եւ այլ պաշտօնատար անձիք: Այդ հանրահաւաքի պատառները քիչ անց յայտնուեցին Պոլսոյ մէջ կենտրոնական թաղամասերից մէկում բնակուող միայնակ հայ կնոջ այգում` «Հեռացի՛ր» վերտառութեամբ: Կրկին թուրքական ոստիկանութիւնն անզօր գտնուեց պաշտպանելու հային, աւելի՛ն, նրան անգամ բարեկամաբար զգուշացրին հեռանալ` աւելի մեծ փորձանքից ազատուելու համար…

2012 թ. դեկտեմբերի 12-ին 87-ամեայ հայ կինն իր բնակարանում յարձակման ենթարկուեց կողոպտիչների կողմից, որի արդիւնքում զրկուեց աչքից եւ հարստութիւնից: Այս դէպքից երկու շաբաթ անց 85-ամեայ Մարիձա Քիւչիւքն իր բնակարանում յայտնաբերուեց դաժանաբար սպաննուած, իսկ բնակարանը` կողոպտուած: Ըստ նրա որդու յայտարարութեան, սպաննուածի կրծքին դանակով խաչ էր փորագրուել: Յիրաւի` սահմռկեցուցիչ մանրամասներ, որոնք ակամայից տանում են հարիւրամեակի խորքը: Մի՞թէ իրօք ոչինչ չի փոխւում:

Հայերը Թուրքիայում մշտապէս են ենթարկուել խտրականութեան եւ բռնութիւնների: Նոյնիսկ միջազգային իրադրութեան սրացումները որոշակիօրէն ազդել են հայերի նկատմամբ վերաբերմունքի վրայ: Ղարաբաղեան հակամարտութիւնը, Հայոց ցեղասպանութեան ճանաչումը մշտապէս ունեցել են իրենց ազդեցութիւնը: Աւանդական գործելակերպի համաձայն, Պոլսոյ հայկական շրջանակները ձգտել են խուսափել այդ յարձակումների վերաբերեալ բարձրաձայնելուց, նոյնիսկ դրանց զոհերը հիմնականում խուսափել են բողոքելուց`  համոզուած լինելով, որ արձագանգ չեն ստանալու:

Միայն վերջին հինգ տարիներին Թուրքիայի արդարադատութեան նախարարութեան տեղեկատուութեան համաձայն, հակահայկական բնոյթի գործողութիւններ գրանցուել են աւելի քան 600 անգամ, սակայն դրանց մեծամասնութիւնը հասարակական հնչեղութիւն չի ստացել նաեւ մամուլի խիստ գրաքննութեան պատճառով: Ներկայումս իրականութիւնը մի փոքր այլ է: Թուրքական մամուլն արձագանգում է ազգայնականների հակահայկական դրսեւորումներին, ձայն են բարձրացնում իրաւապաշտպան կազմակերպութիւնները, ինչպէս նաեւ` «Ակօս» պարբերականը:

Մասնաւորապէս Հրանդ Տինքի գործունէութեան, հետագայում նաեւ «Ակօս»-ի հրապարակումների շնորհիւ` հայատեացութեան դէպքերը լայն հնչեղութիւն ստացան եւ թուրքական մի շարք պարբերականներ սկսեցին անմիջապէս արձագանգել դրանց:

Թուրքիայում բռնութիւնը մեծ տարածում ունի հասարակութեան բոլոր շերտերում, տարրական դպրոցներից սկսած եւ վերջացրած Ազգային մեծ ժողովով: Առնուազն երկու մամուլով լոյս տեսնող թուրքական տարբեր քաղաքական հայեացքներ դաւանող թերթերի երկրորդ եւ երրորդ էջերը նուիրուած են Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցող սպանութիւններին, բռնաբարութիւններին, բռնութիւններին եւ շատերիս համար աներեւակայելի այլ իրադարձութիւններին: Եթէ հաշուի առնենք դէպքերի հսկայական քանակութիւնը, բնական է թւում նաեւ հայերի վնասուելը, ինչպէս յաճախ «բացատրւում է» թուրքական պաշտօնատար շրջանակների կողմից: Սակայն իրականութիւնն այլ է:

Հայերի նկատմամբ ցանկացած ոտնձգութեան դէպքում թուրքական պաշտօնական շրջանակները  շտապում են յայտարարել, որ սպանութիւնն ազգային հողի վրայ տեղի չի ունեցել, սպաննուածները թուրքական հասարակութիւնում դեռեւս առկայ բռնութեան հերթական զոհերն են: Այսպէս եղաւ Սեւակ Պալըքճիի սպանութեան ժամանակ, ինչպէս նաեւ հայ միայնակ ծեր կանանց սպանութիւնների դէպքում: Յատկանշական է, որ թուրքական պաշտօնական արձագանգին կամայ թէ ակամայ տուրք է տալիս նաեւ Կ. Պոլսոյ հայոց պատրիարքարանը:

Համանման բազմաթիւ դէպքեր տեղի են ունեցել նաեւ նախկինում, սակայն դրանք հասարակութեան սեփականութիւն չեն դարձել մամուլի խիստ գրաքննութեան պատճառով: Նախկինում եւս բազմաթիւ հայ երիտասարդներ են սպաննուել զինուորական ծառայութեան ժամանակ, եւ դրանք բացատրուել են միայն դժբախտ պատահարներով եւ հարազատներին չի թոյլատրուել անգամ դիակները տեսնել:

Միշտ էլ թուրքական հասարակութիւնում հայը ներկայացուել է իբրեւ անպաշտպան հեշտ զոհ, որին վնասելու համար պատժից ազատուելը հեշտ էր ու հասարակ, աւելի՛ն, նոյնիսկ` պատուաբեր: Պատահական չէր, որ նոյնիսկ թուրք ոստիկանները հպարտութեամբ լուսանկարուել էին Հրանդ Տինքին սպաննած ոճրագործի հետ:

Պոլսոյ հայաշատ Սամաթիա թաղամասում (տարեվերջին սպաննուած Մարիձա Քիւչիւքը եւս բնակւում էր այդ թաղամասում) վերջին տարիներին տեղի ունեցած հայ միայնակ ծերերի մի քանի տասնեակ սպանութիւններից ու կասկածելի մահերից յետոյ, թուրքական ոստիկանութիւնը ձերբակալեց հայ կաթողիկէ Աբրահամ վարդապետին` յայտարարելով, որ յայտնաբերուել է միայնակ հայ ծերերին սպաննող հայկական աւազակախումբ, սակայն մի քանի ամիս բանտարկելուց յետոյ ստիպուած եղաւ ազատել հայ վարդապետին` չկարողանալով ապացուցել վերջինիս յանցանքը: Այս դէպքերը չնայած որոշ չափով լուսաբանուեցին մամուլում, սակայն հարկ եղած արձագանգը չունեցան, քանի որ զոհերը պատկանում էին ամենաանպաշտպան խաւին` միայնակ ծերեր, որոնց հարստութիւնն իրենց բնակարաններն էին, որոնք էլ յափշտակուել էին ստոր մարդասպանների կողմից:

Ի հարկէ, իւրաքանչիւր երկրում էլ տեղի են ունենում սպանութիւններ եւ այլ յանցագործութիւններ, մասնաւորապէս բազմաթիւ հայեր են սպաննւում Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Միացեալ Նահանգների բանտերում աւելի շատ հայ բանտարկեալներ կան, քան Հայաստանում: Սրանք եւս որոշ ուշադրութեան են արժանանում, սակայն յատկանշական է մէկ այլ հանգամանք: Թուրքիայում հայերի դէմ ուղղուած յանցագործութիւնները լայն արձագանգ են ստանում թէ՛ սփիւռքի, թէ՛ հայաստանեան մամուլում: Ներկայացւում են մանրամասները, տրւում են վերլուծութիւններ եւ «իմաստուն» բացատրութիւններ: Նոյնիսկ Պոլսոյ հայկական վարժարանի սպաննուած ազգութեամբ թուրք ուսուցչին հայ ներկայացրին` կա՛մ թուրքերէնի թերի իմացութեան, կա՛մ հերթական զգայնացունց լուր ստեղծելու նպատակով:

Հայկական մամուլն ու թուրքական իշխանութիւնները նման դէպքերում գործում են համարեա նոյնկերպ, ի հարկէ` հակադարձ դիրքերից: Մասնաւորապէս վերջին օրերին Փարիզում քիւրտ գործիչների սպանութիւնը հայկական ու թուրքական մամուլում տարատեսակ եւ իրարամերժ մեկնաբանութիւնների արժանացաւ: Որոշ թուրք մեկնաբաններ նոյնիսկ այդ սպանութեան մէջ հայկական ահաբեկչութեան հետքն են տեսնում:

Անշուշտ, պէտք է ուշադրութեան արժանացնել ցանկացած տեղ հայերի դէմ ուղղուած ցանկացած ոտնձգութիւն եւ հետամուտ լինել, որ մեղաւորները ստանան իրենց արժանի պատիժը: Սա յոյժ անհրաժեշտ ու կարեւոր աշխատանք է, սակայն ի վերջոյ հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձութիւններից միայն սպանութիւնները ու խեղճ բադերի բռնաբարութիւնները չեն, որ պէտք է մեկնաբանուեն` այն էլ բաւականին սիրողական եւ ցածր մակարդակով: Ցաւօք, այս առումով յաճախ շատ միակողմանի ու մակերեսային պատկեր է ստացւում, ինչը թիւր եզրակացութիւնների տեղիք է տալիս:

Հայկական մամուլի հրապարակումների համաձայն, այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ Թուրքիայում հակահայկական դրսեւորումները յատկապէս սրուեցին վերջին ամիսներին, սակայն դրանք թուրքական պետական քաղաքականութեան փոքրամասնութիւնների նկատմամբ քաղաքականութեան անբաժանելի մասն են, որը տարբեր ժամանակներում ստանում է խտրականութեան տարբեր դրսեւորումներ` Ցեղասպանութիւնից մինչեւ փողոցային սպառնալիքներ ու հայհոյանքներ:

«Մետիամաքս»

 

Share this Article
CATEGORIES