Մենք. Պիթըլզի, Հեմինկուէյի Ու Մեր Գիւղի Մասին
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Օրուայ խճողուած լրահոսի մէջ հայեացքս որսում է ոչ սովորական մի վերնագիր` յունուարի 16-ը Պիթըլզի համաշխարհային օրն է: Դիւցազներգագէտով, նախընտրական ինքնաոչնչացնող գզվռտուքներով, 20 եւ աւելի տարիներ մեր քաղաքական ու ընկերային լրահոսն ու իրականութիւնը խցանած, բայց մեր կեանքը ոչնչով չփոխած, յոգնած դէմքերով գործիչների, անվերջ ու անյաղթահարելի թուացող ճգնաժամերի ու գրեթէ հակակրանք առաջացնող ընտրութիւնների մասին լուրերի ու վերնագրերի կողքին այնքան տարաշխարհիկ, մի քիչ յուսադրող, մի քիչ էլ վիպապաշտ է թւում Պիթըլզի օրուայ գոյութիւնը:
Պարզւում է, որ 2001-ից սկսած ԵՈՒՆԵՍՔՕ-ն յունուարի 16-ը նշում է որպէս Պիթըլզի օր: Օրը չգիտէի, իսկ Պիթըլզի մասին առաջին անգամ իմացայ, երբ եօթը կամ ութ տարեկան էի, երկիրն էլ Խորհրդային Միութիւնն էր` անպարտ ու աննահանջ թուացող, եւ որքան էլ զարմանալի թուայ` իմ մայրենի Աշնակ գիւղում, ուր սովորաբար անցկացնում էի ամրան երկու ամիսները: (Ճիշդ էր էլի՛, մեր գիւղի ռուսերէն իմացող եւ գրական հայերէնով խօսող միակ մարդը` ուսուցիչ Գառնիկը, որի գինովցած ելոյթներն անխուսափելիօրէն աւարտւում էին «Աշնակ` մշակութային համալսարան տողով»):
Այդ ամառ մեր գիւղում ամէն շաբաթ օր էր Պիթըլզի օր. շաբաթ օրերը քաղաքից տուն էր վերադառնում համալսարանի բանասիրականի ուսանող մօրաքրոջս տղան ու գիւղի միակ ձայնարկիչի վրայ պտտեցնում Պիթլզի կապոյտ, փխրուն, փոքրիկ ձայնասկաւառակը: Մօրաքրոջս փայտէ, ճռճռացող աստիճանների ու բակի քարերի վրայ տեղաւորուած` գիւղի առաջադէմ երիտասարդութիւնը որոնող լռութեամբ լսում էր Պիթըլզի մի քիչ խզացող, մի քիչ էլ ցածր ձայնագրութիւնն ու, հաստատ, երեւակայութեամբ թռչում ուրիշ-ուրիշ աշխարհներ, ուր լայն փողքերով տաբատներ էին հագնում, սեւ ապակիներով արեւային ակնոց կրում, ուր հանրային այգու խոտերի վրայ կողք կողքի հիփի աղջիկներ ու տղաներ էին պառկում, ուր երաժշտութիւնից բացի` ցոյցն էր նաեւ բողոքի տեսակ, ուր քոքա քոլա էին խմում, եւ ուր շէնքերն անխտիր բարձր էին` երկինք հասնող:
Մեր գիւղի սիրուն, թիկնեղ ու մի քիչ թուխ սասունցի տղեքը, որ հաստատ Ճոն Լենոնի կամ Մաքքարթնիի երգերի իւրաքանչիւր պտոյտից յետոյ աւելի ու աւելի էին համոզւում քաղաք գնալու որոշման մէջ, իրենց չիմացած անգլերէնով փորձում էին հակախորհրդային բառեր որսալ: Ու ոչինչ չհասկանալով, ինձ էին հարցնում` ինչ ա ասում: Ես, որ անգլիական դպրոցի երկրորդ կամ երրորդ դասարանում պիտի լինէի, ու համագիւղացիներիս թւում էր, թէ արդէն անգլերէնով Շէյքսփիր եմ կարդում, լաւագոյն դէպքում Yesterday, Come Together կամ Let It Be բառերն էի հասկանում, իսկ մնացեալը երեւակայութիւն էր® նաեւ` մեր գիւղում Պիթըլզի օրուայ մասնակից լինելու կարեւորութեան ու տարաշխարհիկ ինչ-որ բանի հաղորդակից լինելու զգացողութիւն: («Աշնակ` մշակութային համալսարան»):
Չծիծաղէք` մեր գիւղում նաեւ Հեմինկուէյի օրեր էին լինում: Համալսարանի բանասիրականի ուսանող մօրաքրոջս տղան քաղաքից իր հետ նաեւ «Գարուն» ամսագրի համարներ էր բերում, ու մօրաքոյրս որոշում էր, որ մեր գիւղի Փիրշնցի Վարդուշին կամ Տալւորիկցի Մայրամին Հեմինկուէյ պիտի կարդայ: Համ էլ կատակով աւելացնում էր, որ պարապ մնացին` կը բամբասեն, աւելի լաւ ա զբաղացնեմ: Ու կարդում էր. փայտէ, ճռճռացող աստիճանների ու բակի քարերի վրայ տեղաւորւում էին Վարդուշը, Մայրամն ու նրանց թոռները ու մօրաքոյրս իրենց ցեղին բնորոշ արուեստագէտի առոգանութեամբ կարդում էր «Քիլիմանճարոյի ձիւները»: Վարդուշը, Մայրամն ու նրանց աղջիկ թոռները լսում էին, տխրում, երեւակայում, երազում բարձրակրունկ կօշիկների, բնական մետաքսից ծաղկաւոր զգեստների, կարմիր շրթներկի, թափանցիկ զուգագուլպաների ու քաղաքի փողոցով սուրացող մեքենաների մասին: Բայց այս ամէնը երազ էր, ու նրանց նոյնիսկ քաղաք գնալը սեփական որոշում չէր, այլ` յաջող ամուսնութեան հեռանկար: Ու նրանք մխիթարւում էին լուսանկարից իրենց նայող Հեմինկուէյի «սուիթըր»-ից գործելով, որ նորաձեւութեան ու տարաշխարհիկութեանը մօտենալու գրեթէ միակ տարբերակն էր:
Նրանց հետ ես էլ Հեմինկուէյին առաջին անգամ մեր գիւղում ճանաչեցի, սիրեցի, ընտրեցի: (Աշնակ` մշակութային համալսարան):
Յետոյ, տարիներ անց, շատ տարիներ անց, Հեմինկուէյի` մեր գիւղում յայտնի այն «սուիթըր»ով լուսանկարը տեսայ Պոսթընի ազգային գրադարանում: Մեր հայրենակից Եուսուֆ Քարշի լուսանկարների շարքում նաեւ այս բացառիկ դիմանկարն էր: Որտեղից այն ժամանակ աշնակցիներն իմանային, որ նկարի հեղինակը հայ է®
Պիթըլզի առաջին համերգից անցել է 56 տարի, գրեթէ 52 տարի առաջ կեանքից հեռացել է Հեմինկուէյը: Մեր գիւղում առաջուայ պէս լսում են Պիթըլզ ու կարդում Հեմինկուէյ:
Իսկ էս խառը, անհանգիստ ու տարօրինակ աշխարհում ինչ-որ մի տեղ պատերազմ է, քաղաքականութիւն, ընտրութիւններ, ռումբեր համալսարանի վրայ, իսկ կռիւներից ու արցունքից ազատ ժամերին աղջիկներն ու զինուորները երեւի Պիթըլզ են լսում ու Հեմինկուէյ կարդում:

