Ինչո՞ւ Արցախը Չի Կարող Լինել Ազրպէյճանի Կազմում. Արցախը Վերադարձաւ «Մասամբ Ազատ» Երկրների Ընտանիք

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ամիսներ առաջ Հունգարիան Ազրպէյճանին արտայանձնեց ցմահ դատապարտուած մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Վերջինս Պաքու վերադառնալուն պէս ոչ միայն ազատ արձակուեց, այլ ստացաւ նոր բնակարան, գնդապետի կոչում, հունգարական բանտում անցկացրած տարիներին չվճարուած աշխատավարձը, ինչպէս նաեւ հերոսացուեց ու փառաբանուեց պետական եւ ժողովրդական մակարդակով: Չնայած միջազգային կազմակերպութիւնների եւ առանձին երկրների ամենախիստ քննադատութիւններին` Իլհամ Ալիեւը յայտարարեց, թէ Սաֆարովին ազատ արձակելու որոշումը «օրինական է եւ արդար»: Պաքուի փողոցներում «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանի ազրպէյճանական ծառայութիւնը արագ հարցումներ էր անց կացնում` անցորդների կարծիքը իմանալու Սաֆարովի արարքի հարցում: Մի երիտասարդ ազրպէյճանցի ասաց. «Այս մարդը հայրենասէր է: Մարդ սպաննելը հերոսութիւն չէ, բայց Ռամիլը հայ է սպաննել»:

Սաֆարովին հերոսացնելն ու փառաբանելը փոխեց Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային քննարկումների բնոյթը: Հայերն այլեւս պարտաւոր չեն նախկինի պէս աշխարհին բացատրել, թէ ինչո՛ւ Արցախը չի կարող լինել Ազրպէյճանի կազմում: Մինչ այդ էլ Երեւանն ու Ստեփանակերտը ներկայացնում էին իրաւական, պատմական եւ քաղաքական հիմնաւորումներ, թէ ինչո՛ւ Արցախը այլեւս չի կարող որեւէ կարգավիճակով լինել Ազրպէյճանի կազմում, սակայն մի կողմից Պաքուի անդադար ռազմական հռետորաբանութիւնն ու պատերազմական սպառնալիքը, միւս կողմից` Սաֆարովի դէպքը անուղղակի կերպով օգնեցին հայերին:

Արցախեան խնդրի եւ հակամարտութեան կարգաւորման միջազգային քննարկումներում հայերը պէտք է շեշտադրումներ կատարեն այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են պատերազմի սպառնալիքներին եւ ժողովրդավարութեանը: Այս երկու հարցերում էլ, կրկին անուղղակի, Ազրպէյճանը օգնում է հայերին: Պաքուն պետական մակարդակով քարոզում է հայատեացութիւն, իսկ Իլհամ Ալիեւը անգամ Ամանորեայ ուղերձում է խօսում «Ղարաբաղն ազատագրելու» մասին: Ազրպէյճանական հակահայ քարոզչութեանը միացել է անգամ այդ երկրի հոգեւոր առաջնորդը:  Հետեւաբար, ինչպէ՞ս կարող են Արցախը եւ արցախահայութիւնը ապահով լինել Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Իւրաքանչիւր առիթի դէպքում, երբ ազրպէյճանցի իմ գործընկերներին հարցնում եմ, թէ ինչո՞ւ է Պաքուն անդադար սպառնում պատերազմով, երբ հասկանալի է, որ հայերն այդ իրողութիւնը միջազգային հարթակներում  օգտագործում են ընդդէմ Ազրպէյճանի, նրանք պատասխանում են, որ դա արւում է Ազրպէյճանի ներքին լսարանի համար:

Տարիներ շարունակ արցախեան հարցում եւ կարգաւորման բանակցային գործընթացում հայկական դիւանագիտութեան յաղթաթղթերից մէկը եւ միջազգային հանրութեան համար ամենաընկալելին եղել է Արցախի ժողովրդավարական ցուցանիշների առաւելութիւնը Ազրպէյճանի նկատմամբ: Ժողովրդավարութիւնը Արցախի համար ունի ինչպէս ներքին, այնպէս էլ կարեւոր արտաքին քաղաքական նշանակութիւն: Միջազգային հանրութիւնը, յատկապէս Արեւմտեան աշխարհը, կրելով ժողովրդավարական արժեհամակարգ, ընդունում է, որ ժողովրդավարական առումով աւելի զարգացած հասարակութիւնը, տուեալ դէպքում` Արցախը, չի կարող կառավարուել այլ պետութեան` Ազրպէյճանի, մենատիրական ու քլանային վարչակարգի կողմից:

2012-ի յուլիսին Արցախում կայացած նախագահական մրցակցային ընտրութիւնները օգնեցին, որպէսզի միջազգայնօրէն Արցախը բարելաւի իր ժողովրդավարական ցուցիչը: Իրաւապաշտպան «Ֆրիտըմ Հաուզ»  միջազգային կազմակերպութիւնը յունուարի 16-ին հրապարակել է տարեկան հերթական զեկոյցը, համաձայն որի, Հայաստանը եւ Արցախը դասուել են մասամբ ազատ երկրների շարքում: Նախորդ տարուայ զեկոյցում Արցախը Ազրպէյճանի հետ դասուել էր պատիւ չբերող ոչ ազատ երկրների շարքում: Արցախի առաջընթացը պայմանաւորուած է 2012-ին անցկացուած նախագահական ընտրութիւններով, որոնցում ընդդիմադիր թեկնածուն մեծ յաջողութեան հասաւ` ստանալով քուէների աւելի քան մէկ երրորդը: Ազրպէյճանը, ինչպէս եւ նախկինում, մնացել է ոչ ազատ երկրների խմբում:

«Ֆրիտըմ հաուզ»-ի չափանիշներով ոչ ազատ են որակւում այն պետութիւնները, որտեղ քաղաքական հիմնարար ազատութիւնները բացակայում են, իսկ քաղաքացիական ազատութիւնները` հետեւողականօրէն մերժւում ու ոտնահարւում: Մասամբ ազատ են որակւում այն պետութիւնները, որտեղ բաւարար յարգանք չի դրսեւորւում քաղաքական իրաւունքների ու քաղաքացիական ազատութիւնների նկատմամբ, առկայ է փտածութեան նկատելի մակարդակ, օրէնքի իշխանութիւնը թոյլ է, նկատւում է ցեղային եւ կրօնական պայքար, եւ չնայած բազմակարծութեան որոշակի մակարդակի առկայութեանը, քաղաքական դաշտում գերիշխում է մէկ կուսակցութիւն: Ազատ են որակւում այն երկրները, որտեղ կայ բաց քաղաքական մրցակցութիւն, քաղաքացիական ազատութիւնների հանդէպ առկայ է յարգանքի մթնոլորտ, լրատուամիջոցները անկախ են:

«Ֆրիտըմ հաուզ»-ը դիտարկել է 195 երկիր, որոնցից 12-ը` միջազգայնօրէն չճանաչուած կամ մասամբ ճանաչուած միաւորներ են: 2012 թուականի ցուցիչներով աշխարհում ազատ է համարուել 90 երկիր, մասամբ ազատ` 58, ոչ ազատ` 47: Չճանաչուած կամ մասամբ ճանաչուած երկրների մէջ միակը, որ համարուել է ազատ, Հիւսիսային Կիպրոսն է: Մասամբ ազատ են որակուել` Արցախը, Աբխազիան, Հնդկական Քաշմիրը, Սոմալիլանտը: Ոչ ազատ են համարուել` Պաղեստինը, Փաքիստանի Քաշմիրը, Հարաւային Օսիան, Թիպեթը, Մերձտնեսթրը եւ Արեւմտեան Սահարան:

Արաբական երկրներից ոչ մէկը ազատ չէ, իսկ մասամբ ազատ են որակուել` Թունուզը, Լիբանանը, Մարոքը, Եգիպտոսը եւ Քուէյթը: Ոչ ազատ 47 երկրներից 9-ում ի սպառ բացակայում են քաղաքական եւ քաղաքացիական ազատութիւնները` Սէուտական Արաբիա, Սուտան, Սուրիա, Էրիթրէա, Սոմալի, Թուրքմենստան, Ուզպեքստան, Հիւսիսային Քորէա, Հասարակածային Կուինիա:

«Ֆրիտըմ հաուզ»-ը Հայաստանում ազատութիւնների վիճակը դիտարկում է 1991-ից ի վեր, եւ բոլոր 21 տարիների գնահատականներով Հայաստանը դասուել է մասամբ ազատ պետութիւնների շարքում: Արցախը դիտարկւում է 1993 թուականից ի վեր: Մինչեւ 2002 թուականը Արցախը տեղ էր գտնում ոչ ազատ երկրների շարքում, 2002-2009 թուականներին Արցախը Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի եւ Թուրքիայի հետ դասւում էր մասամբ ազատ երկրների շարքում` ի տարբերութիւն ոչ ազատ Ազրպէյճանի: 2010-2011-ին Արցախը կրկին դասուեց ոչ ազատ երկրների շարքում եւ դրա հիմնական պատճառն այն էր, որ ԼՂՀ Ազգային ժողովում չկար գէթ մէկ ընդդիմադիր պատգամաւոր կամ կուսակցութիւն, չկար ընդդիմադիր կամ անկախ մամուլ:

Ուշագրաւ է արձագանգը «Ֆրիտըմ հաուզ»-ի տարեկան զեկոյցներին Հայաստանում եւ Արցախում: Երբ Արցախը դասւում է մասամբ ազատ երկրների շարքում, իշխանութիւնները շտապում են յայտարարել, որ դա յաջողութիւն է եւ իշխանութիւններն ամէն ինչ անում են, որպէսզի երկիրն ընթանայ զարգացման ժողովրդավարական ճանապարհով: Իսկ երբ Արցախը դասւում է ոչ ազատ երկրների շարքում, նոյն իշխանութիւնները կամ անտեսում են «Ֆրիտըմ հաուզ»-ի զեկոյցները կամ էլ խորհուրդ են տալիս լուրջ ուշադրութիւն դարձնել նման զեկոյցներին: Իրականում, ինչպէս «Ֆրիտըմ հաուզ»-ի, այնպէս էլ միջազգային այլ կազմակերպութիւնների զեկոյցները չափազանց կարեւոր են, քանի որ միջազգային հանրութիւնը առաջնորդւում է ոչ թէ իշխանութիւնների հաւաստիացումներով, այլ` հէնց նման զեկոյցներով: Հետեւաբար, անկախ իշխանութիւնների դիրքորոշումից, այդ զեկոյցները չափազանց կարեւոր են:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )