Ամարասի Վանքը Կռուի Ժամանակ Էլ Է Պահպանել, Հիմա Էլ Է Պահպանում
ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Արցախի Ամարասի վանքի պահակ Կոլիա Քոչարեանի ոտքը վնասուել է ականից` արցախեան պատերազմի ժամանակ: «Ականի վրայ եմ տրաքել», յիշում է նա: Կոլիան վանքը «պահող» ազատամարտիկներից է, ով կռուել է Մաճկալաշէնի գումարտակում (հրամանատար` Արմէն Մելքոնեան): Ամարասի տարածքում` վանքից մօտ 200 մեթր վերեւ Մաճկալաշէնի գումարտակի դիրքերն են եղել, իսկ դիրքերից 500 մեթր ներքեւ` անտառում` ազրպէյճանական զօրքը:
Ռազմական գործողութիւնների ընթացքում 5 արկ է կպել վանքին, 2-ը վնասել են պատուհանը, միւս երեքը` խաչը: Մեծ թուով արկեր վնասել են եկեղեցու պարիսպը. «Պարսպին չափ չկայ, չենք իմանում ինչքան է կպել, բայց շատ է կպել», ասում է Կոլիան: -Ազրպէյճանական 14 զրահամեքենայ էր եկել` հրասայլ հետեւակի մարտական մեքենայ: Մենք էլ էդ ժամանակ ունէինք ընդամէնը 2 հատ, ու մեզ յաջողուեց էդ 14-ից 10-ը վերացնել, 4-ն էլ յետ են գնացել: Զոհեր շատ են ունեցել: Միայն 6 զոհ տուել է Մաճկալաշէն գիւղը: «Շատ ենք չարչարուել: Այստեղ կռիւները երկու տարի տեւեցին,- շարունակում է Կոլիան,- գլխաւորը` զօրքը չի մտել, որ զօրքը մտած լինէր, աւերակ կ՛անէր վանքը»:
Ամարասի վանքը գտնւում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշէն գիւղի մօտ: Համաձայն հայ պատմիչների վկայութիւնների, Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսաւորիչը, 4-րդ դ. սկզբին, կառուցումն աւարտին է հասցրել նրա թոռը` Գրիգորիսը, որի տապանաքարը կոտրուել է արցախեան պատերազմի ժամանակ: Գրիգորիսի գերեզմանաքարը 14-րդ դարում Լենկ-Թեմուրի ներխուժման ժամանակ էլ է կոտրուել, 1889-ին էլ, ուղիղ հարիւր տարի յետոյ ազրպէյճանցի օմօններն (յատուկ նշանակութեան ոստիկանական ջոկատները – խմբ.) են մտել ու կոտրել այն: «էն ժամանակ, որ ռուսների հետ էին, անցագրային դրութիւնը որ կար, իրենց կազմի մէջ էինք մենք ու ոչ մի բան չէինք կարող անել, ազատ իրենց մուտքն եղել է», պատմում է վանքի պահակ Կոլիա Քոչարեանը:
Ամարասը գաւառի թէ՛ հոգեւոր (եպիսկոպոսանիստ), թէ՛ մշակութային կենտրոն է եղել: 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է Արցախի առաջին դպրոցը: Սակայն Ամարասի վանքը բազմիցս աւերածութիւնների է ենթարկուել թուրք-սելճուկների, մոնկոլ-թաթարների կողմից, յետոյ կրկին նորոգուել: 1928 թ.-ից վանքը չի գործել մինչեւ 1989 թուականը` Պարգեւ սրբազանի գալը, երբ աթոռանիստը կրկին դրուել է Ամարասում, յետոյ սկսուել է պատերազմը:
Ամարասի վանքը սկսել է գործել 2005 թուականից, երբ տօնուեց գրերի գիւտի 1600-ամեակը եւ քահանայ տեղափոխուեց վանք: Կոլիա Քոչարեանն այստեղ 4 տարի է աշխատում: Տէր հայրն է, հաւաքարարը ու ինքը` որպէս պահակ: Ասում է` երեք հոգով վանքի բոլոր գործերն անում են: «Որ վանքը սկսել է գործել, առաջին երկու տարում խնդիր է եղել, քիչ էին կնքուած մարդիկ, կնքահայր ճարելն էլ դժուար էր, բայց հիմա քարոզն օգնում է: Դպրոցներից խմբով են բերում` կնքում, տարբեր տեղերից գալիս են», ասում է Կոլիան:
Վանքը հետզհետէ սկսել է վերանորոգուել ու զբօսաշրջիկներ ընդունել: Այս տարի զբօսաշրջիկներն աւելի շատ են այցելում Արցախի Ամարասի վանք, քան` նախորդ տարիներին: Կոլիան սա կապում է վանք տանող ճանապարհի վերանորոգման հետ. արդէն երկրորդ տարին է` ճանապարհը վերանորոգուած է: Ամարասի վանքում ընթանում են վերականգնողական աշխատանքներ, բայց մօտ երկու ամիս է` դադարեցուած են: Կոլիան դադարեցման պատճառը չգիտէր: «Դեռ շատ գործ կայ անելու. թիթեղապատումը սխալ է արուել, պէտք է սալիկապատել, ուխտաւորների համար կացարան պէտք է սարքուի», ասում է նա:
ԼՂՀ կառավարութեանն առընթեր զբօսաշրջութեան վարչութեան պետ Սերգէյ Շահվերդեանը «Հետք»-ին պարզաբանեց, որ Ամարասի վանքի վերականգնողական աշխատանքները շուրջամեայ չեն, այլ իրականացւում են, երբ լինում են ֆինանսական միջոցներ, աշխատանքները կը շարունակուեն այս տարուայ 4-րդ եռամսեակում:
Նախագծի համաձայն, Ամարասի վանքի վերականգնողական աշխատանքների ընդհանուր արժէքը կազմում է 300 միլիոն դրամ, այս տարուայ համար նախատեսուած է 30 միլիոն դրամ: Թէ ե՛րբ կ՛աւարտուեն վերականգնողական ողջ աշխատանքները, ըստ Սերգէյ Շահվերդեանի, կախուած է Ղարաբաղի պիւտճէի հնարաւորութիւնից. որքան շատ գումար յատկացուի, այնքան արագ կ՛աւարտուեն:
Սերգէյ Շահվերդեանը եւս հաստատեց, որ ԼՂՀ այցելող զբօսաշրջիկների թիւն աճել է: ԼՂՀ կառավարութեանն առընթեր զբօսաշրջութեան վարչութիւնում յստակ թուեր չկան, թէ քանի զբօսաշրջիկ է այցելում Ամարասի վանք, բայց, ըստ վարչութեան պետի, Ղարաբաղ զբօսաշրջիկների ընդհանուր թիւն առաջին կիսամեակում աճել է 45 տոկոսով` նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ: Զբօսաշրջիկների մեծ մասը եւրոպական երկրներից եւ Միացեալ Նահանգներից են, հիմնականում` սփիւռքահայեր, բայց վերջին տարիներին նկատելի է նաեւ օտարազգի զբօսաշրջիկների աճ` մօտ 25 տոկոս:
«Արտասահմանցիներն աւելի շատ են գալիս, քան` մեր տեղացիք», ասում է Նիկոլայը: Նա նկատել է, որ վանք այցելող զբօսաշրջիկների մեծ մասը անգլիացիք ու ֆրանսացիք են, յետոյ` լեհեր:
«Հետք»


