Ցեղասպանութիւնը Վերապրած Հռիփսիմէ Հաճի Սարգսեանն Ամէն Օր Աղօթում Է Աշխարհի Խաղաղութեան Համար
Հռիփսիմէ Հաճի Սարգսեանը 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան ականատեսներից է, ով այս տարի բոլորեց իր 101-ամեակը: Նա այն եզակիներից է, ում յաջողուել է ընտանիքի մի քանի անդամների հետ ողջ մնալ` գաղթելով Յունաստան Արեւմտեան Հայաստանի Տաւշալու գիւղից: «Արմենփրես»-ի թղթակցի հետ զրոյցում Աստղիկ Վարդանեանը` նրա հարսը, տեղեկացրեց, որ վերջին օրերին Հռիփսիմէ Հաճիի առողջական վիճակը կտրուկ անկում է ապրել, այդ պատճառով նա վերապատմեց այն, ինչ յաճախ առանց արցունքները թաքցնելու սկեսրոջը պատմել չի յաջողւում:
«Անմիջականօրէն ջարդի տարիներից Հռիփսիմէն ոչինչ չի յիշում, Ցեղասպանութեան մասին նրա յիշողութիւնները մշուշոտ են, եղբօր պատմածից գիտի, որ իր տատին ու պապին թուրքերը սպաննել են հէնց տան դիմաց», ասաց Աստղիկը` մէջբերելով սկեսրոջ պատմածը: Հռիփսիմէի մայրը, անցնելով աքսորի ճանապարհը, հասնում է Պուլկարիա, այնուհետեւ` Յունաստան, որտեղ ծնողների մահից յետոյ Հռիփսիմէի խնամքով է զբաղւում աւագ եղբայրը:
Յունաստանում հանդիպելով իր երկրորդ կէսին` ապագայ ամուսնուն` Վաղարշակին, պատմութեան հերոսուհին սիրահարւում է առաջին հայեացքից եւ ամուսնանում: Հայաստան նա վերադառնում է 1940-ականներին` իր հետ հայրենիք բերելով նաեւ Արեւմտեան Հայաստանից մնացած միակ յուշը` Քեոթայա գիւղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասունքը, որի առաջ ամէն օր աղօթում է:
«Երեկոյեան պարտադիր աղօթքի ընթացքում Հռիփսիմէն խնդրում է Սուրբ Ստեփանոսից բոլոր մարդկանց համար առողջութիւն, իսկ աշխարհին` խաղաղութիւն», նշեց Աստղիկը` վստահեցնելով, որ Հռիփսիմէ Հաճիի հաւատքն առանձնակի է այդ սուրբ մասունքի աւանդութեան համաձայն ունեցած հրաշագործ ուժի հանդէպ:
Հռիփսիմէ Հաճի Սարգսեանն ունի 2 երեխայ, 6 թոռ, 14 ծոռ եւ 3 կոռ, որոնց շրջապատում էլ վայելում է իր ծերութիւնը` երբեք չմոռանալով Ցեղասպանութեան եւ նրա անդառնալի հետեւանքների մասին: