Ցեղասպանութիւն Եւ Եղեռն. Սերժ Սարգսեանը Չի՞ Զգում Երկու Եզրոյթների Տարբերութիւնը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Սերժ Սարգսեանը Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների եւ Հայոց ցեղասպանութեան մասին իր նախագահութեան հինգ տարիներին բազմաթիւ հակասական, շատ հայերի համար անընդունելի յայտարարութիւններ է արել` արժանանալով ամենախիստ քննադատութիւնների: Փետրուարի 5-ին նա հերթական հակասական մեկնաբանութիւնն է արել` ըստ էութեան դէմ գնալով այն ջանքերին ու ընթացքին, որ տասնամեակներ մղում են բազմաթիւ հայկական կազմակերպութիւններ ու անհատներ աշխարհի տարբեր երկրներում ու մայրաքաղաքներում:

«Մենք 40-50 տարի ցեղասպանութիւն բառը չենք օգտագործել, օգտագործել ենք եղեռն բառը: Ասում էինք` գնանք Եղեռնի յուշահամալիր, ոչ թէ`  Ցեղասպանութեան: Մեզ համար այդ երկու բառերը նոյնն են, եւ անգամ ցեղասպանութիւն բառը չարտասանելով էլ Միացեալ Նահանգների  նախագահն ասել է ամէն ինչ», իր նախընտրական հանդիպումներից մէկի ընթացքում Երեւանում յայտարարել է Սարգսեանը: Ապա նա շարունակել է. «Եթէ անգամ նա (Օպաման) ասէր ցեղասպանութիւն, էլի դժգոհելու էինք, թէ ինչո՛ւ երկու անգամ չասեց»: Սա արդէն հնչում է հեգնական, առաջին հերթին` այն անհատների ու կազմակերպութիւնների հասցէին, որոնք գիշեր ու զօր աշխատում են Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ:

Սարգսեանի մեկնաբանութիւնները գնահատելու համար նախ պէտք է հասկանալ ցեղասպանութիւն եւ եղեռն բառերի իմաստն ու տարբերութիւնը: Ճիշդ է, հայերը ցեղասպանութիւն բառի կողքին այսօր էլ երբեմն օգտագործում են եղեռն եզրոյթը: Սարգսեանը եւ նրա խորհրդատուները պիտի հասկանան սակայն, որ հայերը,  ի տարբերութիւն նախագահ Օպամայի, եղեռն բառն օգտագործում են ոչ ցեղասպանութիւն բառը օգտագործումից խուսափելու նպատակով: Բացի այդ, հայերը նախապէս օգտագործել են եղեռն բառը, քանի որ ցեղասպանութիւն բառը ստեղծուել է 1915-ից երեք տասնամեակ անց միայն:

Ըստ Երեւանի Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի կայքէջի (http://www.genocide-museum.am/arm/genocide.php)` ցեղասպանութիւն կամ ճենոսայտ (յունարէն genos-ցեղ, լատիներէն cide-սպաննել) եզրը 1944թ. շրջանառութեան մէջ է դրել հրէական ծագումով լեհ, քրէական եւ միջազգային իրաւունքի մասնագէտ, փաստաբան Ռաֆայէլ Լեմքինը: Լեմքինի ընտանիքը Ողջակիզման զոհերից էր, եւ այս եզրով Լեմքինը ցանկանում էր նկարագրել համակարգուած սպանութիւնների եւ բռնութիւնների նացիական քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ` 1915թ. Օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ իրագործուած վայրագութիւնները:

1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ընդունեց «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխման եւ դրա համար պատժի մասին» հռչակագիրը, ըստ որի, ցեղասպանութիւնը միջազգային յանցագործութիւն է, իսկ ստորագրող պետութիւնները պարտաւորւում են կանխել, ինչպէս նաեւ  պատժել ցեղասպանութիւն իրականացնողներին:

Այսպիսով, ի տարբերութիւն եղեռնի, որը հայերէն բառ է եւ իրաւական եզրոյթ չէ, ցեղասպանութիւնը իրաւական եզրոյթ է. աւելի՛ն միջազգային յանցագործութիւն եւ այդ պատճառով է, որ հայերը պայքարում են, որպէսզի Օպաման, այլ առաջնորդներ ու պետութիւններ օգտագործեն հէնց ցեղասպանութիւն բառը:

Եղեռն բառը, ըստ Հրաչեայ Աճառեանի «Հայերէն արմատական բառարանի» (հատոր Բ, էջ 17), ունի ողբի, փորձանքի, իսկ արդի հայերէնում` նաեւ ոճիրի իմաստ: Եթէ աւելի բծախնդիր մօտեցում ունենանք, ապա իրաւական եւ քաղաքական առումներով, կոտորած բառն աւելի ընդգրկուն է եւ խիստ, քան` եղեռն բառը:

Թուրքիայի մտահոգութիւնը հէնց ցեղասպանութիւն բառն է, եւ ի տարբերութիւն շատ հայերի, թուրքերը հասկանում են եղեռն եւ ցեղասպանութիւն բառերի քաղաքական ու իրաւական տարբերութիւնը, ինչպէս նաեւ` Ցեղասպանութեան ճանաչման քաղաքական եւ իրաւական հետեւանքները:

Դեռ 1991-1992 թուականներից Թուրքիայում քաղաքական եւ պաշտօնական շրջանակները Հայոց ցեղասպանութեան հարցին մօտենում էին հետեւեալ կերպ. հայերը պահաջում են միջազգային ճանաչում, ապա պահանջելու են գոյքային ու կալուածային փոխհատուցում, ապա հողային պահանջն է օրակարգ բերուելու: Ահա հէնց այդ պատճառով է, որ Թուրքիան Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման համար առաջ քաշում նախապայմաններ, որոնցից հիմնականը հէնց Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման արշաւի դադարեցումն է:

2015-ին Հայաստանը եւ համայն հայութիւնը ոգեկոչելու են Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը: Բնականաբար Թուրքիան ձեռքերը ծալած չի նստում եւ դիմելու է հակաքայլերի: Ամենավտանգաւորը այն է, որ Հայաստանը չի հրաժարւում 2009-ին ստորագրած հայ-թուրքական երկու արձանագրութիւններից: Պատկերացնում է՞ք` 2015-ի նախաշեմին Թուրքիայի խորհրդարանը վաւերացնում է այդ արձանագրութիւնները: Հայաստանի խորհրդարանը այլ ելք կամ ընտրութիւն չի ունենայ, քան` նոյնպէս վաւերացնելու: Հայաստանի իշխանութիւնները, եւ Սերժ Սարգսեանը մասնաւորապէս, յայտարարում են, որ Հայաստանը չի հրաժարուի արձանագրութիւններից, հետեւաբար նրանք համոզուած են, որ լաւ փաստաթղթեր են ստորագրել թուրքերի հետ:

Յիշեցնեմ, որ սա արդէն երկրորդ ակնյայտ դէպքն է, երբ պաշտօնական Երեւանը, կամայ թէ ակամայ,  հաւասարութեան նշան է դնում ցեղասպանութիւն եւ եղեռն բառերի միջեւ: Առաջինը Զուիցերիայում եւ ՄԱԿ-ի Ժընեւի գրասենեակում Հայաստանի դեսպան Շարլ Ազնաւուրն էր, ով 2011-ի սեպտեմբերին ֆրանսական «Vivement dimanche» հաղորդման ընթացքում` ցեղասպանութեան մասին հարցին ի պատասխան ասել է. «Դա խանգարող բառ է: Այն նաեւ ինձ է խանգարում: Այն, ինչ հիմա կ՛ասեմ, կարող է ինձ մէջքով դարձնել որոշ հայերի նկատմամբ, բայց ես կարծում եմ` դա կարեւոր չէ: Եթէ իսկապէս թուրքերը ազնուութիւն ունեն ասելու, որ իրենց խանգարողը ցեղասպանութիւն բառն է, մենք այլ բառ կը գտնենք, միայն թէ սահմանները բացուեն, եւ թուրքական կառավարութիւնը մտածի մեզ հետ երկխօսութիւն սկսելու մասին»: Շատ հայեր չհաւատացին, որ Ազնաւուրը կարող է նման բան ասած լինէր: Մի քանի շաբաթ անց Փարիզի Nouvelles d՛Armenie հանդէսի հետ հարցազրոյցում Ազնաւուրը աւելի առաջ գնաց` բառացիօրէն ասելով. «Հայաստանը մեծ վտանգի մէջ է, եւ բոլորը յապաղում են ցեղասպանութիւն բառի վրայ: Ես չեմ տեսնում, թէ դա ինչպէս է նպաստում երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանութիւնը: Մարդիկ, ովքեր քննադատում են ինձ նման կարծիք յայտնելու համար, ո՞ւր են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում»:

Վերադառնանք Սերժ Սարգսեանի յայտարարութեանը, թէ «ցեղասպանութիւն եւ եղեռն բառերը նոյնն են, եւ անգամ ցեղասպանութիւն բառը չարտասանելով էլ Միացեալ Նահանգների նախագահն ասել է ամէն ինչ»: Ենթադրաբար, նախագահի թեկնածու Սարգսեանը Հայոց ցեղասպանութեան խնդրին անդրադարձել է ներքաղաքական եւ ներհայկական նպատակներով` փորձելով ընտրողներին համոզել, որ հէնց իր նախագահութեան տարիներին է Հայոց ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ առաջընթաց արձանագրուել` Օպաման օգտագործել է «Մեծ եղեռն» եզրոյթը: Շատերը Հայաստանում եւ յատկապէս` սփիւռքում, շարունակում են քննադատել Սերժ Սարգսեանի «ֆուտբոլային դիւանագիտութիւնը»` նկատելով, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին լրջագոյն հարուած է հասցուել: Իր վերջին յայտարարութեամբ Հայաստանի նախագահը, ըստ էութեան, վտանգի տակ է դնում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը ապագայում եւս: Աւելի՛ն. վտանգի տակ է դնում տարիներ ի վեր այդ ուղղութեամբ կատարուած աշխատանքը եւ խուսանաւելու առիթ ու հնարաւորութիւն տալիս Հայոց ցեղասպանութեան խնդրին իրաւական որակում տալ խուսափող այլ առաջնորդների եւ երկրների:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )