Մենք. Գնացող Ու Անստոյգ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Միշտ սիրել եմ օդակայանում լինել: Մանկութիւնից ինձ ուղեկցող հետաքրքրութիւնս չի մարել: Նայում եմ հեւքոտ, սեւեռուն, շտապող մարդկանց կենտրոնացած դէմքերին ու փորձում հասկանալ` ո՞ւր են գնում, ինչո՞ւ, ի՞նչ են մտածում:

Երեւան-Մոսկուա թռիչքն, ինչպէս միշտ, լեցուն է, դէմքերի խճանկարը` բազմազան, մեր ազգային խառնուածքն անփոփոխ. օդանաւի ճշգրիտ տարածութեան ու կանխորոշուած տեղերի ու յարմարութիւնների պայմաններում հայրենակիցներիս մեծ մասը որոշում է աւելի ճարպիկ լինել ու «առաջ ընկնել»: Ու մինչ կը հասնես նստարանիդ, յատուկ ջանք պիտի գործադրես, որ գլխիդ չընկնեն կամ ոտքիդ տակ չյայտնուեն վերջին վայրկեանին գնուած ու տոպրակներից դուրս պրծնող քոնեաքի շշերը, հայկական շոկոլադի տուփերն ու ճամպրուկներից դուրս մնացած փնթի փաթեթները: Ուղեկցորդուհու յամառ զգուշացումներից յետոյ էլ սրտացաւ-ընտանեկանները կամ ընկերասէրները չեն անջատում հեռախօսներն ու շարունակում են հարազատներին զեկուցել թռիչքի մանրամասներից, իսկ առաւել լաւ տղեքը «արհամարհում են» ամրագօտին կապելու ցուցմունքները ու յամառօրէն խուսափում կապելուց: Սա չգրուած կանոն է բոլոր ուղղութիւնների համար ու ամէն անգամ աչքիցս չի վրիպում ո՛չ հայ ուղեկցորդուհու, ո՛չ հայ ուղեւորների անթաքոյց հակակրանքը:

Օդանաւում ակնյայտօրէն երիտասարդները շատ են, այն էլ` ոչ Երեւանից. մինչ խօսելը` մատնում է հագուկապն ու սանրուածքը: Աշխատելու են գնում` յստակ է. դէմքներին անորոշութիւն, տագնապ, անտէրութիւն կայ: Ուզում եմ գրկեմ կողքիս նստած, աւելի շուտ կուչ եկած երկու եղբայրներից փոքրին ու ասել` ինչո՞ւ ես գնում, ո՞ւր ես գնում, բա սիրած չունե՞ս, իսկ մա՞յրդ: Բայց լռում եմ ու շարունակում ուրիշներին նայել: Տարեց մի զոյգ է դժուարութեամբ տեղաւորւում նստարանին. հաւանաբար առաջին անգամ են օդանաւ նստում, հաստատ գնում են միանալու խոպաններում աշխատող որդու ընտանիքին, մտածում եմ ես:

Իսկ ուղեկցորդուհին արդէն խմիչք է սպասարկում ու հայրենակիցներիս մեծ մասը ռուսերէնով հիւթ կամ ջուր ասելու դժուարութիւն ունի, էլ չեմ ասում շնորհակալութեան մասին:

Բայց, այնուամենայնիւ, գտնւում եմ նաեւ իրենց չիմացած ռուսերէնով սլացիկ ու թափանցիկ ուղեկցորդուհուն անհամ-անհամ «խօսացնողները»: Մենք ենք` ճարպիկ, գնացող, անստոյգ:

Օդանաւը դեռ վերջնականապէս չի կանգնել ու նորից սրտացաւերի զանգերը, գլխիդ ընկնող քոնեաքախառն տոպրակների հաւանականութիւնն ու ոտքերիդ` շտապողների ճամպրուկների հարուածները:

Տարանցիկ ուղեւորների սպասասրահում երեք կին են նստում «պոչիս»: Ո՛չ ռուսերէն գիտեն, ո՛չ անգլերէն եւ բնականաբար ո՛չ էլ տեղեկատու ցուցատախտակից օգտուելու կարողութիւն ունեն: Երկուսը միջին տարիքի քոյրեր են Արտաշատից, Նիւ Եորք են գնում: Ի՞նչ էք կորցրել Նիւ Եորքում, չեմ զսպում հետաքրքրութիւնս ու հարցնում եմ Նիւ Եորքի համար յատկապէս անճաշակօրէն յարդարուած քոյրերին: Ի՞նչ մնալու տեղ է Հայաստանը որ, ինքնագոհ պատասխանում են քոյրերն ու շարունակում գլուխ գովալ, որ Արտաշատում տուն-տեղ, ամուսին ունեն, Մոսկուայում աշխատող որդի, հողամաս ու բերք ու այդպիսի բաներ… բա ինչո՞ւ էք գնում, յամառում եմ ես: Երեք ամսով զբօսաշրջութեան ենք գնում, խորամանկում են քոյրերը (երեւի դեսպանատանը տուած պատասխանն են յիշում) ու, երբ շարունակում եմ, որ նոյնիսկ ինձ պէս ապահով մէկը երեք ամսով Նիւ Եորքում զբօսաշրջիկ լինելու հաճոյքի հնարաւորութիւն չունի, նորից վերադառնում են հին պատասխանին` մնանք ի՞նչ անենք:

Յետոյ կարծես ճանաչում են ինձ, արդարանալու պէս յիշում են, որ ինչ-որ թուի ձայնը մեզ են տուել, յետոյ էլի արդարանալու պէս շարունակում են` մեր դպրոցի հաւաքարարն էլ, եթէ ձայնը հանրապետականին չտայ, գործից կ՛ազատեն:

Հայրենիքի, հողի, պատկանելութեան կամ քաղաքացի լինելու մասին խօսքերն աւելորդ են, տխրօրէն անիմաստ ու դատարկ: Ու ես` Նիւ Եորքում ինչ-որ հարուստ ու մեռնող ծերունու խնամելու գնացող քոյրերին ուղեկցում եմ Նիւ Եորքի դարպաս ու վերադառնում սպասասրահ:

Հարիւր տարի մնայ` Հայաստան չեմ վերադառնայ, շարունակում է ընդհատուած զրոյցը քսան տարի առաջ Հայաստանից մեկնած երրորդ կինը, որ Լոս Անճելըս է վերադառնում: Բա ինչո՞ւ էիք եկել, գրեթէ չյարգելով յամառութիւնս ու չթաքցնելով հակակրանքս` հարցնում եմ սրան, դարձեալ համոզուած, որ հայրենիքի, հողի կամ պատկանելութեան մասին խօսքերն անիմաստ են: Ինքն ինձնից յամառ է` ուզում է, որ Լոս Անճելըսի օդանաւում կողքը նստեմ, որ անգլերէն հարցաթերթիկը լրացնեմ, համ էլ ուղեկցորդուհու հետ հաղորդակցուելու դիւրութիւն ունենայ: Օդանաւը վայրէջք կատարելուն պէս թռնում է կողքիցս` էլ իմ պէտքը չունի:

Կլենտէյլի փողոցներում արեւելահայերէն լսելը նոյնքան սովորական է ու բնական, որքան` Մաշտոց պողոտայում: Կլենտէյլի ազգային վարժարաններում խօսում են հայրենիքի, հողի, պատկանելութեան ու քաղաքացի լինելու մասին:

Իսկ մեզ մօտ Հայաստանում ընտրութիւններ են, ու մենք շարունակում ենք լինել գնացող ու անստոյգ, ու ՔՈՒԷի կողքին անկարեւոր են հայրենիքի, հողի, պատկանելութեան ու քաղաքացի լինելու արժէքները:

 

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )