Համաթրքութիւնը. Անցեալը, Ներկան, Ապագան. Երկու Խօսք Ստորեւ Ներկայացուող Յօդուածի Կապակցութեամբ

ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ

Համաթրքութեան գաղափարը, իրականում, ներկայում ոչ միայն գոյութիւն ունի, այլեւ բացայայտ թէ թաքուն կերպով այն իրականացնելու ուղղութեամբ աշխատանք է կատարւում:

Խօսենք օրինակներով.

Առաջին. 2009 թ. հոկտեմբերի 3-ին կեանքի կոչուեց Թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհուրդ (The Cooperation Council of Turkic Speaking States), որին անդամակցում են` Ազրպէյճանը, Ղազախստանը, Խըրխզստանը եւ Թուրքիան: Գաղափարը, ի հարկէ, նոր չէ, եւ Թուրքիան դեռեւս 1992 թ. նախաձեռնել էր Թուրքալեզու պետութիւնների գագաթաժողով (Turkic Speaking States Summit), որն ի վերջոյ յանգեցրեց վերոյիշեալ խորհուրդը կեանքի կոչելուն:

Կազմակերպութեան ծրագրերից են` Թուրքական գործարար խորհրդի, Թուրքալեզու պետութիւնների փոխադրական միջանցքների վարչական գործակալութեան, Թուրքական գիտահետազօտական հիմնադրամի, Գոյքի ձեռքբերման օրէնսդրական ներդաշնակեցման յանձնաժողովի, Թուրքալեզու պետութիւնների զարգացման հիմնադրամի, Թուրքալեզու պետութիւնների միասնական իրաւարար դատարանի, Թուրքական միջհամալսարանական միաւորման, միասնական ապահովագրական ընկերութեան հիմնում [1]:

Սա նշանակում է, որ Թուրքիան Միջին Ասիայի թուրքալեզու երկրների հետ տնտեսական, մշակութային, գիտահետազօտական եւ այլ բնագաւառների ուղղութեամբ համագործակցութեան հաստատման ու զարգացման ուղիներ է որոնում:

Թուրքական խորհրդի դրօշը

Երկրորդ. 2012 թ. մայիսի 12-13-ը Անգարայում տեղի ունեցաւ, կազմակերպիչների բնորոշմամբ` Իրանի ազերիների առաջին խորհրդաժողովը, որին մասնակցում էին` Իրանից, Ազրպէյճանի Հանրապետութիւնից, Թուրքիայից, Իրաքից եւ այլ երկրներից ներկայացուցիչներ: Երկօրեայ նիստերի աւարտին կեանքի է կոչուել, այսպէս կոչուած, Հարաւային Ազրպէյճանի թուրքերի միջազգային ազգային խորհուրդ (International South Azerbaijani Turks’ National Council), որի խօսնակը խորհրդաժողովից յետոյ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարեց, որ իրենց վերջնանպատակն է Հարաւային Ազրպէյճանի անկախութիւնը:

Այս կապակցութեամբ հարկ է նշել, որ նախ` այսպէս կոչուած «Հարաւային Ազրպէյճան» գոյութիւն չունի, եւ այդ անուանումը յօրինած համաթուրքական հոսանքները, Հարաւային Ազրպէյճան ասելով, նկատի ունեն Իրանի Ատրպատականը: Երկրորդ` Իրանի Ատրպատականի բնակիչները թուրքախօս են եւ ոչ` թուրք, երրորդ` անհասկանալի է, թէ ի՛նչ է նշանակում միջազգային ազգային խորհուրդ, ի վերջոյ այն ազգայի՞ն է, թէ՞ միջազգային:

Նիստերին մասնակցել են Ազրպէյճանի Հանրապետութեան կրթութեան նախկին նախարար Ֆիրուտին Ճելիլովը, Ազրպէյճանի խորհրդարանի պատգամաւորներ Ֆերեճ Ուլուսոյը եւ Սապիր Ռուստամխանլին, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամաւորներ Ճեմիլ Ունալը եւ Օրհան Քայիհանը, Իրաքի խորհրդարանի թուրքմէն պատգամաւոր Ֆեւզի Էքրեմը եւ այլք[2]:

Այս կապակցութեամբ առաջանում են մի շարք հարցեր, օրինակ.

– Ինչո՞ւ է Թուրքիան թոյլատրում իր հարեւան երկիր Իրանից տարածքներ անջատելու եւ անկախանալու նպատակ հետապնդող խորհրդաժողովի գումարումը Անգարայում:

– Ժողովին ինչո՞ւ են մասնակցում Թուրքիայի խորհրդարանի թէկուզեւ նախկին պատգամաւորներ եւ Ազրպէյճանի Հանրապետութեան կրթութեան նախկին նախարարն ու խորհրդարանի պատգամաւորներ:

– Այս ամբողջը արդեօ՞ք չի վկայում Իրանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեցող Թուրքիայի եւ Ազրպէյճանի վերնախաւերում առկայ մտայնութեան մասին:

Մեր կարծիքով, այս եւ նմանատիպ քայլերը պիտի դիտարկել որպէս համաթրքութեան գաղափարի իրականացմանը միտուած քայլեր:

Համաթրքութեան արդի գաղափարախօսներից եւ ռազմավարութեան մշակողներից մէկը Սապիրզիան Պատրէտտինն է:

Ստորեւ ներկայացւում է յիշեալի «Համաթրքութիւն. անցեալը, ներկան, ապագան» յօդուածի թարգմանութիւնը: Յօդուածն առաջին անգամ հրատարակուել է Լոնտոնում լոյս տեսնող «Թուրքմեն» հանդէսի 1998 թ. դեկտեմբերի համարում: Նկատի ունենալով յօդուածի կարեւորութիւնը` այն թարգմանաբար ներկայացնում ենք հայ ընթերցողին:

Վերոնշեալ օրինակները պիտի դիտարկել Պատրէտտինի առաջարկած ռազմավարութեան առաջին հանգրուանի շրջագծում:

 

Համաթրքութիւն. Անցեալը, Ներկան, Ապագան[3]

Սապիրզիան Պատրէտտին

Համաթրքութեան  զարգացումը կենսական նշանակութիւն ունի թէ՛ թուրքական նոր պետութիւնների համար, որոնք ստեղծուել են Խորհրդային Միութեան փլուզման պատճառով եւ թէ՛ Ռուսաստանի ու Չինաստանի նման թուրքալեզու փոքրամասնութիւններ ունեցող ազգերի համար:

Համաթրքութիւնը առաջարկում է աւելի գրաւիչ տարբերակ` ծայրայեղական ազգայնականութեան, արմատական իսլամի եւ աշխարհիկ արեւմտականացման փոխարէն: Սակայն աշխարհի թուրքալեզու ժողովուրդների աւելի մեծ համարկման նպատակով յաջողութեան հասնելու համար համաթրքութիւնը պիտի յաղթահարի այն բացասական պատկերը, որն առաջացել է արհեստական տպաւորութիւնից առ այն, որ շարժումը, Անգարայի քաղաքական յաւակնութիւններից բացի, ոչինչ չէ: Հետեւաբար նուազագոյնը մօտ ապագայում շարժումը պիտի կենտրոնանայ լեզուի, մշակոյթի եւ մարդու իրաւունքների վրայ:

Համաթրքութեան վերաբերեալ բոլորի կողմից ընդունելի սահմանում գոյութիւն չունի: Ընդհանուր առմամբ համաթրքութիւնը գաղափարական, քաղաքական եւ, որոշ չափով, մշակութային շարժում է, որի նպատակն է հասնել աշխարհի թուրքալեզու ժողովրդների աւելի մեծ միասնութեան աստիճանի` հաւանաբար նպատակակէտ ունենալով հաստատել թուրքական պետութիւնների համադաշնութիւն կամ, նոյնիսկ, թուրքական դաշնութիւն:

Ոմանք կարող են պատճառաբանել, որ համաթրքութիւնը ձգտում է ազատագրել բոլոր թուրքալեզու ժողովրդներին գաղութատիրական ճնշումից կամ ընդգրկում է այնպիսի բաներ, ինչպիսին է ընդհանուր այբուբենը կամ լեզուն, միատեսակ մշակոյթը եւ այլն: Թուրքիայում համաթրքութիւնը առաւելաբար նշանակում է Անգարայի ազդեցութեան տարածումը դէպի արեւելք:

Այն պայմաններում, երբ թուրքալեզու ժողովուրդների համարկման մշակութային երեսները որեւէ մէկի կողմից սպառնալիք չեն նկատւում, համաթրքական քաղաքական օրակարգն առաջացնում է վախեր թուրքական պետութիւնների հարեւան երկրների մայրաքաղաքներում կամ այն երկրներում, որոնք իրենց սահմաններից ներս ունեն թուրքական փոքրամասնութիւններ: Այս առումով համաթրքութեան սահմանումը Ռուսաստանում, Պուլկարիայում, Յունաստանում, Չինաստանում եւ մի քանի այլ երկրներում սովորաբար համակցւում է բացասական դարձուածքներով եւ ընդգրկում է այնպիսի ածականներ, ինչպէս` «յետադիմական», «ծաւալապաշտական», «յետադարձական» եւ այլն:

Անցեալ մի քանի տասնամեակում Արեւմուտքում համաթրքութեան բացասական սահմանումը աւելի մեծ տարածում է ունեցել: Թուրքիան, որը չի ցանկանում իր յարաբերութիւնները Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ վատացնել, խուսափել է գործուն դեր ստանձնել թուրքականութեան վերակենդանացման մէջ: Համաթրքութեան բացասական պատկերն Արեւմուտքում արգելք է հանդիսացել, որ Անգարան ստանձնի թուրքերի միաւորման գործընթացում ղեկավարի դեր: Խորհրդային Միութեան փլուզումը եւ թուրքական անկախ հինգ այլ պետութիւնների յայտնուելը, անտարակոյս, յանգեցնելու է այս երկարատեւ քաղաքականութեան վերարժեւորմանը:

Համաթրքական շարժման հիմքերը դրուել են աւելի քան մէկ դար առաջ: 1883 թ. Իսմայիլ Պէյ-Գասպիրալիի (Իսմայիլ Գասպրինսկի – Ս. Մ.) կողմից «Թերճուման» թերթի հրատարակումը առաջին մեծ իրադարձութիւնն էր համաթրքութեան պատմութեան մէջ: «Թերճուման»-ի շնորհիւ` թուրքերի միաւորման գաղափարն սկսեց սփռուել Ռուսաստանի թուրքական փոքրամասնութիւնների մէջ: Գասպիրալիի կարգախօսը (մտքի միասնութիւն, լեզուի միասնութիւն, գործողութեան միասնութիւն) ոգեշնչող էր Ղրիմի, Վոլկայի թաթարների եւ Ազրպէյճանի[4] մտաւորականութեան համար:

Գասպիրալին ձգտում էր օսմաներէնի  պարզեցուած տարբերակից, վերացնելով պարսկերէնից եւ արաբերէնից փոխառնուած բառերը, ձեւաւորել թուրքական ընդհանուր լեզու: Սակայն այն ժամանակուայ թուրքական բարբառները համարւում էին լիարժէք լեզուներ. օսմանական թուրքերէնը դրանցից մէկն էր: Հետեւաբար ընդհանուր լեզու ստեղծելու փորձը ձախողուեց: Հետագայում Խորհրդային Միութիւնը, իր տարածքում բնակուող թուրքական ժողովուրդներին պարտադրելով այլ այբուբեններ, այդ տարբերութիւնները հաշուարկուած կերպով աւելացրեց:

1902 թ. Գահիրէում հրատարակուող «Թուրք» պարբերականը եւս գործուն էր համաթրքութեան խրախուսման մէջ` որպէս այլընտրանք համիսլամութեան եւ արեւմտականացմանը:

Համաթրքութեան մասին առաջին տեսական աշխատութիւնը գրուել է մի քազանցի թաթարի` Իւսուֆ Աքչուրայի կողմից: 1904 թ. նա հրատարակեց մի յօդուած «Երեք քաղաքական համակարգեր», որում բացատրում է համաթրքական գաղափարախօսութեան հիմնական յատկանիշները: Չորս տարի յետոյ` 1908 թ., Ալի Հիւսէյնզատէ անունով մի ազրպէյճանցի[5] հրատարակեց «Թուրքականութիւն, իսլամականութիւն, արդիականացում» վերնագրով յօդուած, որում աւելի ընդլայնուած կերպով է մեկնաբանում համաթրքական գաղափարները: Սակայն այս գաղափարախօսութեան տեսութիւնը հիմնականում մշակուեց մի թուրքի` Զիա Կէօքալփի կողմից: Նրա գիրքը` «Թուրքականութեան հիմնական սկզբունքները»[6], հրատարակուեց 1923 թ. եւ դարձաւ համաթրքութեան գաղափարախօսական հիմքը:

1917 թ. պոլշեւիկեան յեղափոխութիւնը Ռուսաստանում խեղդեց համաթրքութիւնը իր սաղմում: Թուրքերի միաւորմանը հասնելու համար որեւէ ջանք խստօրէն ճնշւում էր համայնավարների կողմից: Աւելի՛ն. Մոսկուան մեծագոյն աշխատանք էր կատարում` թուրքական ժողովրդներին թուլացնելու եւ պառակտելու ուղղութեամբ:

Խորհրդային Միութեան փլուզումը 1991 թ. պայմաններ ստեղծեց համաթրքական շարժման վերակենդանացման համար: Այլեւս Թուրքիան միակ անկախ թուրքական պետութիւնը չէր: Ուզպեքստանը, Ազրպէյճանը, Թուրքմենստանը, Խըրխզստանը եւ Ղազախստանը ազատագրուեցին գաղութային տիրապետութիւնից: Նոյն տարում Քազանում հիմնադրուեց Թուրքական ժողովրդների համագումարը, մի իրադարձութիւն, որը պիտի դիտել որպէս կարեւոր հիմնաքար համաթրքութեան պատմութեան մէջ, որովհետեւ դա նշանն է շարժման հաստատութենական սկզբնաւորման: Մինչեւ 1991 թ., համաթրքութիւնը գոյութիւն ունէր միայն որպէս մէկ գաղափարախօսութիւն: Թուրքական ժողովուրդների համագումարի հիմնադրմամբ գոյացաւ առաջին համաթրքական կազմակերպութիւնը: Այժմ ԹԺՀ-ն թուրքական պետութիւնների մայրաքաղաքներում գումարում է կանոնաւոր ժողովներ, եւ նրա անդամները ներկայացնում են թուրքական ազգերի ու ցեղային խմբերի մեծ մասը:

Շարժումը զարգացման ի՞նչ հեռանկար ունի: Անվիճելի է, որ համաթրքութիւնը հանդիպելու է թուրքական աշխարհի շրջակայ երկրների թշնամութեանը եւ դիմադրութեանը: Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պուլկարիան, Յունաստանը եւ Աֆղանստանը ունեն ուշադրութեան արժանի թուրքական փոքրամասնութիւններ եւ թուրքերի միաւորման որեւէ շարժում դիտելու են որպէս սպառնալիք իրենց տարածքային ամբողջականութեան դէմ: Արեւմտեան երկրների մեծ մասը նոյնպէս թուրքերի դէմ պատմականօրէն ձեւաւորուած կանխակալ ընկալումների պատճառով սարսափելու է: Այս թշնամութիւնների եւ կանխակալ ընկալումների պատճառով համաթրքութիւնը պարտաւոր է որդեգրել դանդաղ եւ զգուշաւոր գործելակերպ. այն, ինչ կոչւում է «թլփատման սկզբունք»: Թլփատման ընթացքում երեխայի ուշադրութիւնը շեղելու նպատակով նրան զբաղեցնում են խաղալիքներով եւ քաղցրաւենիքներով: Երբ անխուսափելին տեղի է ունենում, լացելու կամ դիմադրելու համար արդէն բաւականին ուշ է լինում: Այս տրամաբանութեամբ թուրքական ազգերը շարժման առաջին հանգրուանում խորհրդատրելի է շեշտը առաւելաբար դնեն թուրքերի միջեւ մշակութային, ընկերային եւ տնտեսական կապերի վրայ: Քաղաքական նպատակները կարող են յետաձգուել մինչեւ շարժման միւս հանգրուանը, երբ տնտեսական եւ մշակութային համարկումն արդէն կայացել է: Երկրորդ հանգրուանի ընթացքում քաղաքական ամրակայումը պիտի դառնայ առաջնահերթութիւն, բայց պիտի սահմանափակուի թուրքական վեց անկախ պետութիւններով: Երբ թուրքական վեց անկախ պետութիւնների քաղաքական ամրակայման որոշակի աստիճան ձեռք բերուի, թուրքական ժողովուրդները, որոնք տակաւին մնացել են գաղութատիրութեան ճնշման ներքոյ, պիտի դառնան ուշադրութեան կենտրոն` գերագոյն նպատակ ունենալով թուրքական բոլոր ժողովուրդների ազատագրումն ու նրանց քաղաքական միաւորումը: Սա ընդգրկում է Ռուսաստանի (թաթարներ, պաշկիրներ, եաքութներ եւ այլն), Չինաստանի (ույղուրներ), Իրանի (ազրպէյճանցիներ[7]) եւ այլ երկրների թուրքական փոքրամասնութիւններին:

Համաթրքութեան մէկ այլ կարեւոր երեսը Թուրքիայի դերն է: Թուրքիայի ծաւալապաշտութիւնը Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից միշտ դիտուել է կասկածով: Հետեւաբար թուրքական համարկման նախնական փուլում նպատակայարմար է չշեշտել Թուրքիայի առաջնորդող դերը քաղաքական տեսակէտից, փոխարէնը շեշտել Թուրքիայի առաջնորդութեան մշակութային երեսը:

Վերջապէս, կարեւոր է փոխել համաթրքութեան մասին պատկերացումը աշխարհում: Պատճառ չկայ անտեսելու համաթրքութեան նկատմամբ թշնամական վերաբերումը: Գաղութատիրական ճնշումից թուրքական ժողովուրդների ազատագրութեան նպատակը եւ մշակութային, քաղաքական ու տնտեսական միաւորումը ազնիւ նպատակ է, որը իւրաքանչիւր բարոյական մարդ պէտք է պաշտպանի:

 

Յղումներ

[1] http://www.turkkon.org/eng/icerik-multi.php?no=13

[2] http://www.todayszaman.com/news-280353-iranian-azeris-set-up-national-council-in-turkey-aspire-for-independence.html

[3] http://tatargazeta.tripod.com/eng-099.html

[4] Այդ թուականին Ազրպէյճան անունով երկիր գոյութիւն չունէր – Ս. Մ.:

[5] [1]1908 թ. Ազրպէյճան անունով երկիր գոյութիւն չունէր, ուստի չէր կարող գոյութիւն ունենալ նաեւ ազրպէյճանցի: Հիւսէյնզատէն կովկասցի թաթար է: Այս կապակցութեամբ տե՛ս «Համաթրքութիւն. վերադարձականութիւնից համագործակցութիւն», Ճէյքըպ Լանտօ, 1995 թ., Լոնտոն, պարսկերէն թարգմանութիւնը` 2003 թ., Թեհրան, էջ 38-39 – Ս. Մ.:

[6] Գրքի վերնագիրը հայկական գիտական գրականութեան մէջ թարգմանուած է «Թուրքականութեան հիմունքները» ձեւով – Ս. Մ.:

[7] Իրանի թուրքախօս բնակիչներին ազրպէյճանցիներ անուանում է յօդուածի հեղինակ Սապիրզիան Պատրէտտինը – Ս. Մ.:

 

«Դրօշակ» 29/01/2013

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )