«Բագին»ի Առիթով…

ՌԱԶՄԻԿ  ԴԱՒՈՅԵԱՆ

«ԲԱԳԻՆ» պարբերականը իմ կեանքի մէջ մտաւ դեռեւս վաղ ուսանողական տարիներին, այսինքն` մի տեսակ գրական մանանայի համբաւ էր ձեռք բերել,  որով ուզում էինք օծել գրականութեանը նուիրուած եւ հայրենասէր մեր հոգիները: Հայաստանում ուսում ստացող արտասահմանցի ուսանողներից ոմանք, այդ թւում նաեւ Թորոս Թորանեանը, որ ազատ ելումուտ ունէր հայրենիք, ու նաեւ բանաստեղծ էր, լաւ ըմբռնելով հայրենասիրութեան մեր հոգեւոր քաղցի գոյութիւնը, որոշեցին օգնել այդ իրական քաղցը ինչ-որ չափով յագեցնելուն: Այդ ուղղութեամբ առաջին քայլերից մէկը հենց «Բագին»ի համարներից մի քանիսը մեզ հասցնելը եղաւ: Դա վաթսունականների սկիզբն էր դեռեւս: Անհատի պաշտամունքը ջախջախել էր Խրուշչովը, բայց ստալինիզմն ու կոմունիստական իշխանութեան «բարոյականութիւնը» լիարժէք իշխում էին: Ես յիշում եմ,  թէ  ինչ յափշտակութեամբ էինք կարդում մենք այդ համարները, որոնց մէջ գրականութեան բարձրագոյն չափանիշներին հետեւելու, ազգային-հայրենասիրական ոգին վառ պահելու նախանձախնդրութիւնը գերակայում  էր  մնացածին:

«Բագինը» շատ բախտաւոր էր, որ Պօղոս Սնապեանի նման հիմնադիր խմբագիր ունեցաւ: Շատ բախտաւոր էին բոլոր նրանք,  ովքեր Սնապեանի ձեռքի տակ դարձան լրագրողներ, գրականութեան նուիրեալներ: Միտումը ճիշդ էր,  ուղղութիւնը ճիշդ էր. հայրենիքը վատաբանելու հակում բնաւ չունէր,  ընդհակառակը` ինչ որ արւում էր` յանուն հայրենիքի էր: Հայրենիքում տիրող իրավիճակի սթափ վերլուծումները, կեղծիքների խիզախ մերկացումները,  գրական չինովնիկների եւ նրանց հետ դաւադրօրէն դաշնակցած գրական միջակութեան նուաստ հաճկատարութեան երբեմն անողոք քննադատութիւնը,  ամէն գնով տաղանդաւորների ճանապարհը փակելու գարշելի աւանդոյթի խարազանումը «Բագին»ի կողմից…

 

(Հատուած)

15.09.12թ.

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )