«Բագին»…
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ
Պէյրութը ես տեսել եմ անցեալ դարի 66 թուականին Սունդուկեանի անուան թատրոնի առաջին արտասահմանեան հիւրախաղերի ժամանակ:
Դա ժամանակներ էին, երբ հայոց համայնքը ծաղկունք էր ապրում: Ամէն քայլի հայերի խանութներ, աշխուժ առեւտուր, բուռն մշակութային կեանք, մրցութեան մէջ մտած մի քանի թատերական խմբեր, տաղանդաւոր ղեկավարներով, Վարուժան Խտըշեան, Պերճ Ֆազլեան եւ ուրիշներ… խոշոր գրողներ` Անդրանիկ Ծառուկեան: Հասարակական ու կուսակցական ակնառու գործիչներ, մինչեւ անգամ Սիմոն Վրացեանն էր ողջ-առողջ: Էլ չեմ ասում բազմաթիւ ակումբներ, հայագիտական կենտրոններ, լրագրեր, դպրոցներ…
Երազանք էր…
Անշուշտ էդ մթնոլորտում պիտի ծնուէր «Բագին» ամսագիրը` իր վրայ վերցնելով հայապահպանման վիթխարի առաքելութիւնը:
Շնորհաւորում եմ իմ մօտ բարեկամ ու ընկեր, «Բագին»ի երկարամեայ խմբագիր` Պօղոս Սնապեանին, որին շատ սիրում ու բարձր եմ գնահատում:
Ի հարկէ մենք Հայաստանում շատ քիչ բան գիտենք պէյրութահայութեան մասին:
«Երկաթեայ վարագոյրի» ժամանակներն էին:
Եւ ինչ մեծ յաջողութիւն եւ ուրախութիւն էր մեզ համար, որ էդ ժամանակ Երեւանում էր սովորում Մովսէս Հերկէլեանը, որը գնում-գալիս էր Երեւան-Պէյրութ եւ ամէն անգամ յաջողացնում էր իր հետ բերել «Բագին»ի համարները:
Կարդում էինք անյագ հետաքրքրութեամբ, ծայրից-ծայր ու ծածուկ փոխանցում մէկս միւսին: Էնքան էր ձեռքից-ձեռք անցնում, որ քրքրւում էր ու մենք ստիպուած էինք նորից հաւաքել այն, սոսնձել ու դարձեալ տարածել: Շատ բան էինք իմանում էդ ամսագրից եւ էսօր ես ուզում եմ ուշացած շնորհակալութիւնս յայտնել Մովսէսին:
Շնորհաւորում եմ ամբողջ սրտով «Բագին» ամսագրի Յիսնամեակը, նրա ղեկավար Յակոբ Պալեանին եւ խմբագրատան ողջ կազմին:
Յուսով եմ, որ ամսագիրը, ինչպէս առաջներում, ձեռքից-ձեռք կը խլեն ընթերցողները: Թող նրանք անպակաս լինեն:
Բոլորդ առողջ եղէք:
Միշտ ձեր`
Սօս Սարգսեան
14.07.2012թ., Երեւան