ՀՅԴ-ն Միացաւ Ազատութեան Հրապարակի Հանրահաւաքին. Դաշնակցութիւնն Այստեղ Է` Ժողովրդի Կողքին
Երէկ` ուրբաթ, 22 փետրուար 2013-ին, Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ յետմիջօրէի ժամը 5:00-ին սկսած Ժառանգութիւն կուսակցութեան հանրահաւաքին նախ ելոյթ ունեցաւ կուսակցութեան փոխնախագահ Արմէն Մարտիրոսեան: Ապա ելոյթներով հանդէս եկան կուսակցութեան երիտասարդ ներկայացուցիչները: Արմէն Մարտիրոսեան յայտարարեց, որ հանրահաւաքին միացած է նաեւ ՀՅԴ-ն, որուն Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչը աւելի ուշ առանձին ելոյթով հանդէս եկաւ հանրահաւաքին ընթացքին:
Ստորեւ կը ներկայացնենք ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի արտասանած խօսքին բնագիրը:
Սիրելի՛ ժողովուրդ,
Դաշնակցութեան անունից ես ողջունում եմ Ձեզ: Ձեր ներկայութիւնն այստեղ մեծ գործի սկիզբն է: Դուք արել էք գլխաւորը: Դուք վախը յաղթահարել էք: Եւ ուրեմն կարող էք անել նոյնիսկ անհնարինը: Կարող էք հասնել ցանկացած նպատակի:
Ազատութեան այս հրապարակն արդէն քանի օր սպասում էր, ուզում էր տեսնել Դաշնակցութեանը: Մենք այստեղ ենք: Մենք եկել ենք ձեր հանրահաւաքին: Ինչպէս յայտարարել ենք` Դաշնակցութիւնը ժողովրդի հետ է: Այն ժողովրդի, որ փետրուարի 18-ին ապացուցեց` անհնար է իրեն կոտրել, անհնար է իր մէջ մեռցնել արդարութեան, ազատութեան ձգտումը: Այն ժողովրդի, որ պատրաստ է իր ընտանիքի, իր երկրի վաղուայ օրուայ համար պայքարել: Որ այլեւս չի հանդուրժում իր երկրում առկայ քաղաքական, ընկերային, տնտեսական, բարոյական խեղդող մթնոլորտը: Այն ժողովրդի, որ ընդվզեց իշխանութեան` վերեւից ներքեւ, ինքնագոհ պահուածքի դէմ, թէ իրենց դէմ խաղ չկայ, թէ իրենք հասարակութեան բացարձակ մեծ մասի վստահութիւնը եւ աջակցութիւնն ունեն: Ձեր պատասխանը յստակ էր` այս վիճակն անընդունելի է: Փետրուարի 18-ին դուք ապացուցեցիք, որ Հայաստանի քաղաքացին շատ աւելի լաւ կեանքի եւ իշխանութեան է արժանի: Սա ընդվզում էր անարդարութեան, անյուսութեան, արտագաղթի դէմ:
Ընտրութիւնների բնոյթի, որակի գնահատականը մենք տուել ենք: Ինչ էլ ասեն միջազգային կառոյցներն ու դիտորդները, այդ ընտրութիւններին դուք էք մասնակցել, դուք գիտէք, թէ ի՛նչ է կատարուել: Ժողովրդի կամքը չի կարող ոտնահարուել: Ով չի տեսնում, չի գիտակցում տեղի ունեցածը, նա չի ճանաչում, արհամարհում է մեր ժողովրդին: Ցաւօք, այսօր իշխանութեան դէմքերը դա են անում:
Սիրելի՛ ժողովուրդ, ձեր այս համախմբումը ժողովրդի իշխանութիւնը հաստատելու շարժում է, որ պիտի աւարտին հասցնել: Սա դժուար ու տեւական գործ է, սա միտք ու աշխատանք պահանջող գործ է: Հեշտ ճանապարհներ չկան: Բայց եթէ վճռական էք, եթէ միասնական էք, եթէ պատրաստ էք պայքարի, յաղթանակը չի ուշանալու: Այս ընտրութիւններում մեր ժողովուրդը յոյս նշմարեց, եւ դրա մարմնաւորողը եղաւ Րաֆֆին:
Րաֆֆին հանդիպել է մեզ հետ: Քննարկել ենք ստեղծուած իրավիճակը: Մենք օրինական, սահմանադրական ճանապարհով ընթանալու եւ իրական, շօշափելի արդիւնքների հասնելու կողմնակից ենք: Այս վիճակը նաեւ իշխանութեանը պէտք է ստիպի ելքեր որոնել: Մեր երկրում արմատական փոփոխութիւններ են անհրաժեշտ:
Դաշնակցութիւնն ինքնուրոյն, պատասխանատու կուսակցութիւն է: Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը: Մենք վճռական ու հետեւողական ենք լինելու: Կրկնում եմ` այս շարժումը յանուն Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու է: Յանուն Հայաստանի ապագայի: Յանուն Արցախի: Յանուն հայութեան ուժերի մէկտեղման: Մենք մեր ներսում թշնամի չենք տեսնում: Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ապրի արժանապատիւ ու բարեկեցիկ: Մենք ուզում ենք ազատ, արդար, ժողովրդավար, ուժեղ Հայաստան:
Եւ մենք ունենալու ենք այդ Հայաստանը: