Դաշնակցութիւնը Պատրաստ Է Բոլոր Շահագրգիռ Ուժերի Հետ Համատեղ Լուծումներ Գտնել Ի Շահ Երկրի Եւ Ժողովրդի. Ազգային Ժողովի ՀՅԴ Խմբակցութեան Պատգամաւոր Արմէն Ռուստամեանի Յայտարարութիւնը

Ընտրութիւնները, ինչպէս եւ սպասւում էր, վատն էին, պաշտօնական արդիւնքները` կանխորոշուած: Կանխորոշուածութեան հիմնական պատճառը մնաց նոյնը` պետութեան ողջ միջոցների իւրացումը իշխող քաղաքական ուժի կողմից: Դրա ակնյայտ դրսեւորումներն էին ոչ միայն ընտրատեղամասերում կատարուած կեղծիքները, այլեւ իշխանութեան վերարտադրման գործում թերացած պաշտօնեաների հրաժարականների շքերթը: Անհեթեթ է, թէ ինչո՞ւ ընտրուած համայնքապետը պիտի համապետական ընտրութեան արդիւնքներով հրաժարական տայ: Ի՞նչն է նա ձախողել. եթէ դժգոհութիւնն է պատճառը, ապա պէտք է դրան հետեւեն բոլոր այն համայնքապետերը, որոնց համայնքներում ժողովրդի վիճակը պակաս ծանր չէ:

Կամ` ի՞նչ է, ընտրութիւններից յետո՞յ պարզուեց, որ լաւ չի վիճակը: Իսկ եթէ ձախողել է ընտրութիւնը, դրա համար է հրաժարական տալիս, ուրեմն էլ ի՞նչ ապացոյց է պէտք` փաստելու, որ ողջ պետական համակարգը ընտրութիւնների ժամանակ աշխատում է իշխանութեան թեկնածուի օգտին, որ Հայաստանում պետութիւնն ու իշխող կուսակցութիւնը նոյնացած են:

Սակայն այս ընտրութիւններն ունեն մի կարեւոր առանձնայատկութիւն: Հիմնական քաղաքական ուժերի չմասնակցութեան խորապատկերին առաջին հերթին հէնց իշխանութիւնների համար անակնկալ եւ աննկատ կերպով ընդդիմադիր ընտրազանգուածը ինքնակազմակերպուեց եւ կենտրոնացաւ մէկ թեկնածուի շուրջ: Այսպիսով, ինքնաբերաբար ձեւաւորուեց միասնական թեկնածու, որից այդքան խուսափում էին իշխանութիւնները, եւ նախագահի ընտրութեան առաջին փուլը, ըստ էութեան, ընթացաւ երկրորդ փուլի տրամաբանութեամբ:

Սա պերճախօս վկայութիւնն է այն հանգամանքի, որ երկրում առկայ քաղաքական, ընկերային-տնտեսական եւ բարոյական մթնոլորտը այն աստիճան խեղդող է, իշխանութեան վերեւից ներքեւ պահուածքը այն աստիճան անտանելի եւ վիրաւորական, որ յանգեցրեց ժողովրդի ինքնաբուխ ընդվզմանը:

Թէ ինչ է ցոյց տալիս ժողովրդի այս ցասումը, շատ յստակ է` մարդիկ այլեւս այսպէս ապրել չեն կարող եւ ուզում են ունենալ իրենց արժանի իշխանութիւն: Փետրուարի 18-ին մեր ժողովրդի դրսեւորած կամքը պէտք չէ ոտնահարուի: Ընտրութիւնների օրը ժողովրդի ինքնաբուխ ընդվզումը յետընտրական շարժման վերածուելու այս գործընթացի շարժառիթը դա է, որի վերջնական նպատակը պէտք է լինի ժողովրդի լիակատար իշխանութեան հաստատումը երկրում բոլոր մակարդակներով: Սա տեւական եւ անկոտրում պայքարի ճանապարհ է:

Դաշնակցութիւնը պատրաստ է իր ողջ ներուժով լծուել այս գործին եւ կողմնակից է բոլոր շահագրգիռ ուժերի հետ համատեղ լուծումներ գտնել ի շահ մեր երկրի եւ ժողովրդի:

Share this Article
CATEGORIES