Սօս Սարգսեան. Այս Կեանքից Գնում Եմ Դառնացած, Չբաւարարուած, Չհատուցուած…

Երբ Սումկայիթից Երեւան եկան առաջին փախստականները, Սօս Սարգսեանն աշխուժ գործողութիւնների անցաւ: Նա իր բնակարանը վերածեց կենտրոնի, որտեղ ամէն օր հաւաքւում էին բազմաթիւ փախստականներ, կիսւում իրենց խնդիրներով, օգնութիւն ստանում: Բարեգործական նախաձեռնութեան շնորհիւ Խորհրդային Միութեան տարբեր երկրներից տնակներ ուղարկեցին Հայաստան, որոնք տեղակայուեցին Ստեփանակերտում` փախստականների բնակութեան համար: Դա դերասանի` Ղարաբաղ կատարելիք յաճախակի այցերի առիթ հանդիսացաւ:

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Երբ փախստականները եկան Երեւան, պետութիւնը իմ, Սարգիս Մուրադեանի եւ Զօրի Բալայեանի վրայ նրանց օգնելու «պարտաւորութիւն» դրեց: Շուրջ 6 միլիոն ռուբլի գումար հաւաքեցինք, 25.000 փախստական տեղաւորեցինք Ղարաբաղում` նրանց դրամական աջակցութիւն ցուցաբերելով: Մի ոտքս այնտեղ էր, միւսն այստեղ, օրերով, շաբաթներով մնում էիք Ղարաբաղում, փախստականներին հաստատուելու համար օգնութիւն էր պէտք, ոմանց համար անգամ ընտանի անասուններ գնեցինք, որ կարողանային տնտեսութիւն հիմնել:

Դրանք ինձ համար  շատ դժուար տարիներ էին, կարելի է ասել, որ իմ կեանքի ամենամռայլ ժամանակահատուածն էր: Այդ ժամանակ մենակ էի ապրում: Գիշեր-ցերեկ դուռս բաց էր, իմ տուն էին գալիս ծայրայեղ ծանր վիճակում գտնուող մարդիկ, կիսւում իրենց խնդիրներով ու հոգսերով:

ՍԻՐԱՆՈՒՇ ԵՂԱԶԱՐԵԱՆ.- Երբ հիմնուեց «Ղարաբաղ» կոմիտէն, դրան կից ստեղծուեց «Աւագների խորհուրդ», որին անդամակցող մտաւորականների թւում էին Սօս Սարգսեանն ու Սիլվա Կապուտիկեանը:

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Մենք խնդիր ունէինք կառավարութեանը տեղեակ պահել մարդկանց ցանկութիւնների, առաջացած տարատեսակ հարցերի մասին, դրանց վերաբերեալ  յայտնել մեր կարծիքը, թոյլ չտալ, որ մարդկանց ցրեն: Մեր խնդիրը կառավարութեան հետ համագործակցելն էր: Շատ պարզ ու անկեղծ քննարկումներ էինք ունենում Կարէն Դեմիրճեանի հետ: Ամէն մի հանդիպումից յետոյ խօսում էինք տղաների հետ, փորձում այս կամ այն հարցի վերաբերեալ ճիշդ լուծումներ գտնել:

Կարելի է ասել, որ Աւագների խորհուրդը շատ մեծ նշանակութիւն ունեցաւ շարժման համար, հեղինակաւոր մարդիկ էին խորհրդի կազմում ընդգրկուել: Կարծում եմ` Գորբաչովը գիտէր դրա մասին, թէ չէ այստեղ էլ կոշտ գործողութիւնների կը դիմէր:

ՍԻՐԱՆՈՒՇ ԵՂԱԶԱՐԵԱՆ.- Երեւանի հանրահաւաքներին Սօս Սարգսեանը ժամանակի սղութեան պատճառով յաճախ չի մասնակցել, եղել են դէպքեր, երբ նա դէմ է եղել այնտեղ արուող յայտարարութիւններին:

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Երբ գործադուլի կոչեր էին արւում, ես սկզբունքօրէն դէմ էի, ինձ հետ համամիտ էին նաեւ Սիլվա Կապուտիկեանն ու Զօրի Բալայեանը: Կոչեր եղան նաեւ Արցախում, մենք փորձեցինք խօսել ժողովրդի հետ: Գիւղացուն բացատրեցինք, որ գարնան սկզբին գործադուլ անելն այնքան էլ խոհեմ քայլ չի լինի. գիւղացու գործադուլը ո՞րն է:

1988 թուականի փետրուարի 22-ին Երեւանում տեղի ունեցաւ համընդհանուր գործադուլը:

Մինչեւ հիմա համարում եմ, որ գործադուլը սխալ էր: Սխալ էր նաեւ «Նաիրիտ» գործարանի ու հիւլէական կայանի փակուելը: Երբ փակում էին «Նաիրիտ»-ը, ինձ մօտ մի խումբ մարդիկ եկան, ովքեր 15 տարի աշխատել էին գործարանի ամենաթունաւոր բաժնում` բնակարան ստանալու ակնկալիքով: Գործարանի փակուելուց յետոյ նրանց ընտանիքները բազմաթիւ խնդիրների առջեւ կանգնեցին:

Դէմ էի նաեւ հիւլէական կայանի փակմանը` պարզ հասկանում էի, որ դա կործանարար է լինելու մեզ համար:

ՍԻՐԱՆՈՒՇ ԵՂԱԶԱՐԵԱՆ.-  Յաճախ ցուցարարների զայրոյթի առարկայ էին հանդիսանում մոսկովեան պաշտօնաթերթերը:

«Իզվեստիա»-ն, «Փրաւտա»-ն շատ կեղծ հրապարակումներով էին հանդէս գալիս: Խնդիրները շատ էին, հիմնական թեման` Ղարաբաղը, ողջ Խորհրդային Միութեան ուշադրութիւնն ուղղուած էր Ղարաբաղի վրայ: Զայրոյթ կար, ցասում, մարդիկ ճիշդ, երբեմն նաեւ սխալ ելոյթներ էին ունենում:

Սօս Սարգսեանի եւ այլ անուանի մտաւորականների ասածները յաճախ քննադատւում էին, այդ մասին անգամ հրապարակումներ էին լինում, բայց դերասանը յիշում է, որ իր հասցէին հնչող քննադատութիւնը համեմատաբար զուսպ էր:

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ղարաբաղ յաճախ էինք գնում, մեզ հետ գալիս էր նաեւ Սիլվա Կապուտիկեանը, այնտեղ շատ հարցեր կային լուծելու, երբեմն խճճւում էինք` ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք: Յիշում եմ, շատ լաւ քարտուղար ունէին` Հենրիկ Պօղոսեանը (ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարը), ով չենթարկուեց Մոսկուայից եկող հրամաններին:

Մի անգամ ես, Զօրի Բալայեանը եւ Ստեփան Պօղոսեանը կրկին Ղարաբաղում էինք: Երեւան վերադառնալու համար եկանք օդակայան: Արդէն սկսուել էր «Կոլցոյ» (օղակ-Խմբ.) գործողութիւնը, խորհրդային բանակն ազրպէյճանական ՕՄՕՆ-ի (ոստիկանական յատուկ ջոկատներ-Խմբ.) հետ այնտեղ  էր: Ռուս կապիտաններից մէկը մեզ տարաւ օդակայանի առանձին մի սենեակ ու ասաց, որ այնտեղից դուրս չգանք, վտանգաւոր է: Մէկ էլ տեսնենք, որ սենեակի մուտքի մօտ ազրպէյճանական ՕՄՕՆ-ի անդամներից մէկն է կանգնած` ինքնաձիգը ձեռքին: Մեզ չնկատելու տեղ դրեց: Կարող էր զէնքը գործի դնել եւ իր ազգի հերոսը դառնալ, բայց չարեց:

ՍԻՐԱՆՈՒՇ ԵՂԱԶԱՐԵԱՆ.- Այս ամէնից յետոյ դերասանը երկար ժամանակ ստեղծագործական գործունէութիւն չծաւալեց, հեռացել էր Սունդուկեան թատրոնից, սիրելի գործին վերադարձաւ միայն Համազգային թատրոնը հիմնելուց յետոյ, բայց սրտի վէրքերը դեռ չեն սպիացել:

ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ.- Իմ սրտում միշտ էլ ապրում է իմ ժողովրդի ցաւը: Ես այդ դարդով եմ ապրում, չեմ մոռանում մեր կորուստները, չեմ կարող ներել թուրքերին` մեր մէջքը կոտրելու համար:

Ես այս կեանքից գնում եմ դառնացած, չբաւարարուած, չհատուցուած… Ազգը իր դէմ կատարած ամէն մի չարութիւնից յետոյ հատուցում պիտի պահանջի, որպէսզի շարունակի ապրել, մենք չունեցանք այդ հատուցման պահը:

Հատուածներ Զօրի Բալայեանի`
Սօս
Սարգսեան.
«
Մշակոյթի Հիմքում Ընկած Է
Գթասրտութիւնը
» Յօդուածից

Այդ նա էր, որ 1990 թուականի մարտի 5-ին Խորհրդային Միութեան Գերագոյն խորհրդի ամպիոնից հնչեցրած իր ելոյթում խօսեց Սումկայիթի եւ Պաքուի մասին, Ղարաբաղի ողբերգութեան ու ցաւի մասին:

Խօսում էր մեղմաձայն, բայց` բացարձակ լռութեան մէջ (առանց թղթից օգտուելու): Մի պահ կանգ առաւ ու թեթեւակի շրջուելով դէպի նախագահութիւն, որտեղ նստած էր Խորհրդային Միութեան նախագահ Գորբաչովը, արդէն բարձր արտաբերեց. «Մի՞թէ դուք այդպէս էլ չհասկացաք, թէ ի՛նչ է կատարուել ու կատարւում մեր մեծ երկրում: Այդպէս էլ չհասկացաք, որ իւրաքանչիւր ժողովուրդ ունի իր ուրոյն, ինքնատիպ մշակոյթը, եւ միայն ամբողջութեան մէջ ենք մենք ներկայացնում համամարդկային արժէքներ: Ամէն ինչ սկսուեց նրանից, երբ սկսեցինք մշակոյթը դիտարկել որպէս յաւելեալ կառոյց, այնինչ, մարդկային կեանքի իմաստաւորուած էութիւնն է այն: Արդեօք անըմբռնողութիւնը չյանգեցրե՞ց նրան, որ մշակոյթ ենք համարում միայն շէյքսփիրեան կրքերը բեմի վրայ, կամ, ասենք` քանդակների կախարդական գծերն ու ձեւերը: Այնինչ մշակոյթի հիմքում ընկած է գթասրտութիւնը, որի բացակայութիւնն էլ յանգեցրեց Սումկայիթի, իսկ հիմա` նաեւ Պաքուի»:

Ես երբեք չեմ մոռանայ այդ րոպէները: Քրեմլինի նիստերի դահլիճում մեռեալ լռութիւն տիրեց, մինչեւ որ Գորբաչովը մի ինչ-որ ձայնարկութիւնից յետոյ ցածրաձայն եւ բազմանշանակալից արտաբերեց` «Օ՜, օ՜»:

***

Քչերն են այսօր յիշում, որ սումկայիթցի խեղուած փախստականների հոսքը Երեւան լցուելուց արդէն մի քանի օր անց Սօսն իր բնակարանը վերածեց ամենաիսկական գաղթականների գրասենեակի: Այն ժամանակ նա ապրում էր Սուրբ Սարգիս եկեղեցուց ոչ հեռու: Ամէն օր, վաղ առաւօտից նրա դռան մօտ հերթ էին կանգնում: Սումկայիթի փախստականները լուռ կուտակւում էին նրա բակում:

Նրա եւ տաղանդաւոր նկարիչ Սարգիս Մուրադեանի հետ այցելեցինք սկզբում Հայաստանի նախարարների խորհրդի նախագահ Ֆադէյ Սարգսեանին, յետոյ մեկնեցինք Էջմիածին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Առաջինի մօտ: Յաջորդ օրը Էջմիածինը պետական դրամատան հաշուին փոխանցեց երկու միլիոն ռուբլի (այն ժամանակ դա փող էր): Մի քանի ուսանողներ կամովին սկսեցին աշխատակցել Սօսի գրասենեակում: Գրանցւում էին անունները, անձնագրերի համարները, եւ տրւում էին ստացականներ, որոնք նախապէս ուղարկւում էին դրամատնից: Դա շարունակուեց մի քանի ամիս: Շուտով Ֆադէյ Սարգսեանը կարողացաւ անել ամենագլխաւորը: Նրա խնդրանքով Խորհրդային Միութեան տարբեր տարածաշրջաններից մեզ ուղարկեցին շատ մեծ քանակով ֆիննական տնակներ, որոնք իսկոյն ուղարկեցինք Ստեփանակերտ:

Մի քանի անգամ Սօսի եւ Սիլվա Կապուտիկեանի հետ գնացինք Արցախի մայրաքաղաք եւ տեսանք, թէ ինչ բուռն աշխատանք է կատարում Ստեփանակերտի քաղաքապետ Մաքսիմ Միրզոյեանը: Կարճ ժամկէտներում նա կարողացաւ քաղաքում կառուցել մի ողջ թաղամաս, որն այդպէս էլ կոչուեց` Սումկայիթեան: Եւ այդ ամէնի մէջ կար Սօս Սարգսեանի ոգին: Այն ժամանակ նրա դրան վրայ ինչ-որ մէկը կաւճով գրել էր Սողոմոնի առակի բառերը Հին կտակարանից. «Ոգուց զուրկ մարդը նոյնն է, ինչպէս աւերուած քաղաքն` առանց պատերի»:

 

Share this Article
CATEGORIES