Րաֆֆին Ապացուցեց, Որ Հնարաւոր Է
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Փետրուարի 18-ին` Հայաստանի նախագահական ընտրութիւնների օրը, իմ բարեկամների ու ծանօթների շրջանում ում հարցնում էի, ասում էին, որ Րաֆֆի Յովհաննէսեանին են քուէ տալու: Բայց անգամ այդ ժամանակ ես չէի հաւատում, որ Րաֆֆին անհնարինն է հնարաւոր դարձնում: Ես չէի հաւատում, որ հայաստանցիների մօտ յոյսը չի մեռել: Ընտրութիւններից յետոյ, երբ Րաֆֆին որոշեց այցելել Հայաստանի տարբեր քաղաքներ ու գիւղեր, ես որոշեցի որպէս լրագրող միանալ նրան ու լուսաբանել նրա շրջայցը կամ, ինչպէս ինքն է ասում, Բարեւարշաւը: Ես ուզում էի հասկանալ մի քանի բան:
Առաջին` ինչպէ՞ս Րաֆֆիին յաջողուեց անյոյս հայաստանցիների մօտ վերականգնել յոյսը: Ես, իմ մէջ, սիրեցի հայաստանցիներին` տեսնելով նրանց վճռակամութիւնն ու ազնուութիւնը, հիւրասիրութիւնն ու անմիջականութիւնը: Ինձ թւում էր, թէ ամէն կեղծուած ընտրութիւնից յետոյ մարդիկ աւելի են չարանում:
Երկրորդ` ինչպէ՞ս են սովորական մարդիկ եւ պաշտօնեաները դիմաւորում Րաֆֆիին:
Երրորդ` ինչպէ՞ս եւ ի՞նչ ծաւալներով են կեղծուել փետրուարի 18-ի ընտրութիւնները:
Չորրորդ` ինչպէ՞ս է Րաֆֆին իր տէ ֆաքթօ յաղթանակը, ինչպէս ինքն է պնդում, վերածելու տէ ժիւրէի:
Անցնող օրերին Րաֆֆին` առանց թիկնապահների ու շքախմբի, այցելել է Լոռու, Շիրակի, Արմաւիրի, Արարատի, Վայոց Ձորի, Սիւնիքի ու Կոտայքի մարզերի բազմաթիւ քաղաքներ ու բնակավայրեր: Այդ հանդիպումներից մի քանիսի մասին եմ ուզում պատմել:
Ագարակը Երեւանից ամենահեռու գտնուող քաղաքն է` Արաքսի ափին: Այս քաղաքում Սերժ Սարգսեանը ստացել է 15 անգամ, հասկանո՞ւմ ես, գիտակից ընթերցող, 15 անգամ աւելի ձայն, քան` Րաֆֆի Յովհաննէսեանը: Սա դեռ ոչինչ: Սա սովորական ընտրակեղծարարութիւն է, որին ես ծանօթ եմ 1996-ից, 2003-ից, 2008-ից: Կէսգիշերին, երբ Րաֆֆին` հայ մարդը, սփիւռքից հայրենիք տեղափոխուածը, հանրապետութեան առաջին արտաքին գործերի նախարարը, պատրաստւում էր գիշերել Ագարակի դատարկ հիւրանոցում, նրան ասացին, որ տեղ չկայ: Րաֆֆին գիշերեց սովորական մի տան մէջ, որտեղ գիշերում են Երեւան-Ագարակ փոքր պասերի վարորդները:
Առաւօտեան Րաֆֆին դուրս եկաւ Ագարակի հրապարակ եւ հաւաքուած մի քանի տասնեակ անվախ մարդկանց ասաց, որ բոլոր ընտրակեղծարարները պատասխան են տալու արդարադատութեան եւ ժողովրդի առաջ: Րաֆֆին, ինչպէս ամէնուր, չարացած չէր, բայց վճռական էր ու միշտ ժպտում էր: Նա քննադատում էր աշխարհի խոշոր տէրութիւնների ղեկավարներին, Ամենայն հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսներին, ովքեր, նրա խօսքերով, շտապեցին շնորհաւորել չընտրուած, հայ ժողովրդի քուէն չստացած Սերժ Սարգսեանին: Նա ասում էր, որ թոյլ չի տայ, որ հերթական անգամ հայ ժողովրդից գողանան ընտրութիւնների արդիւնքները: Նա ասում էր, որ` «Սերժը շատ շուտ խմեց շամփանիան»:
Մեղրի քաղաքում, որը նոյնպէս Արաքսի ափին է, Րաֆֆին առանց պայմանաւորուածութեան մտաւ քաղաքապետարան եւ քաղաքապետից պահանջեց, որպէսզի շէնքից դուրս բերուի իշխող Հանրապետական կուսակցութեան գրասենեակը: Այդ հանդիպումը, ինչպէս Րաֆֆի միւս հանդիպումները, ես ու իմ ընկեր լրագրողները հեռարձակում էինք ուղիղ եթերում` համացանցով: Հայաստանի մի շարք քաղաքներում Հանրապետականը իր գրասենեակը տեղաւորել է քաղաքապետարաններում, ինչը ակնյայտ ապօրինութիւն է: Մեղրին այն քաղաքներից է, որտեղ իշխանութիւնը դժուարութեամբ է միշտ յաղթում: Փետրուարի 18-ի ընտրութիւններում Սերժ Սարգսեանը երկուսուկէս անգամ աւելի ձայն է ստացել, ըստ պաշտօնական տուեալների, քան` Րաֆֆի Յովհաննէսեանը:
Քաջարան քաղաքում Րաֆֆին, կրկին առանց պայմանաւորուածութեան, մտաւ քաղաքապետարան եւ քաղաքապետից պահանջեց, որ նա նախ եւ առաջ պիջակի վրայից հանի Հանրապետական կուսակցութեան կրծքանշանը եւ դրա փոխարէն դնի եռագոյնը: Գրեթէ ամէնուր, անգամ այնտեղ, որտեղ իշխանութիւնները մարդկանց զգուշացրել ու սպառնացել էին դուրս չգալ Րաֆֆիի հետ հանդիպումներին, Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը իր թիկունքում զգում էր հպարտ հայ մարդու շունչը: Հէնց դա է Րաֆֆիին ոգեւորում ու դարձնում խիզախ: Ես հասկացայ, որ Րաֆֆին ունի երկու ուժեղ «զէնք»` շարքային հայ մարդը եւ լրագրողն իր լուսանկարչական գործիքով ու տեսախցիկով: Տեղական պաշտօնեաները շփոթւում էին լրագրողների տեսախցիկների առաջ, երբեմն` ուղղակի դողում:
Կապանում, որը մարզկենտրոնն է, ըստ պաշտօնական տուեալների, յաղթել է Րաֆֆի Յովհաննէսեանը ակնյայտ առաւելութեամբ: Մի դաշնակցական ինձ պատմեց, որ նախ եւ առաջ ՀՅԴ-ի շնորհիւ է յաջողուել Րաֆֆիին յաղթել Կապանում: «Մենք ուղղակի թոյլ չտուեցինք, որ այստեղ Սերժի օգտին կեղծեն», ասաց նա:
Մարզպետարանի շէնքի դիմաց հաւաքուած բազմութեան հետ միասին Րաֆֆին պահանջեց, որ բոլոր ընտրակեղծարար մարզպետները, այդ թւում` Սիւնիքի մարզպետը, հրաժարական տան: Րաֆֆին Հանրապետական կուսակցութեանը նաեւ յորդորեց «չսեփականաշնորհել հայ ժողովրդի մեծանուն զօրավար Նժդեհին»: Կապանում այնքան մեծ էր ոգեւորութիւնը, որ ինձ թւում էր, թէ այս քաղաքում արդէն իշխանափոխութիւն է տեղի ունեցել: Նոյն զգացողութիւնը ես ունեցայ նաեւ Վանաձորում եւ յատկապէս Գիւմրիում ու Շիրակի մարզում, որտեղ, ըստ պաշտօնական տուեալների, Րաֆֆին ստացել է քուէների 70 տոկոսը:
Կապանում Րաֆֆին այցելեց Նժդեհի յուշահամալիր, ապա ուղեւորուեց Գորիս: Ես միշտ հիացել եմ Գորիսով, յատկապէս` բարձրից: Իր ուղիղ փողոցներով ու մուգ կարմիր տանիքներով հիանալի տեսարան է բացում Գորիսը: Վախի մթնոլորտում ապրող այս քաղաքում Րաֆֆին ստացել էր քուէների մօտ 30 տոկոսը, ինչը կարող է անհաւատալի թուալ: Քրէական անցեալով Սիւնիքի մարզպետ Սուրէն Խաչատրեանը, ով առաւել յայտնի է Լիսկա անունով, ծնունդով այս քաղաքից է եւ տարիներ շարունակ նա այստեղ իշխում է որպէս միջնադարեան բռնակալ: Գորիսցիները վախեցել էին դուրս գալ հրապարակ, այդ պատճառով Րաֆֆին քայլում էր քաղաքի փողոցներով, մտնում խանութներ ու հիմնարկներ, բարեւում մարդկանց: Մի մասը դուռը փակում էր Րաֆֆիի առաջ եւ դէմքով շրջւում: «Մի՛ վախեցէք, բացէ՛ք դռները, դուք յաղթել էք վախին», ժպիտով ասում էր Րաֆֆին:
Գորիսի կենտրոնական փողոցում Րաֆֆին մօտեցաւ տասնամեայ մի աղջնակի ու հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: «Լիլիթ», ասաց աղջնակը: «Ո՞նց ես, Լիլիթ», հարցրեց Րաֆֆին ու գրկեց աղջնակին: Լիլիթը, չճանաչելով անծանօթին, իր փոքր մարմնով փարուեց լայնաթիկունք տղամարդուն եւ թաթիկներով սեղմեց նրա ուսերը:
Արդէն մթնում էր, երբ հասանք Սիսիան: Որոտան գետի վրայ փռուած այս քաղաքը, ի տարբերութիւն Գորիսի, երբեք չի ենթարկւում իշխանութիւնների ճնշումներին: Այս քաղաքում, անկախ կեղծարարութեան ծաւալներից, ընդդիմութիւնը կարողանում է մեծ թուով քուէներ ստանալ:
Մէկ օր առաջ Րաֆֆի Յովհաննէսեանը այցելել էր նաեւ Արմաւիր, Մեծամօր, Էջմիածին, Մասիս, Արտաշատ, Արարատ, Եղէգնաձոր ու Վայք քաղաքներ, բազմաթիւ գիւղեր: Ամէնի մասին չեմ կարող գրել լրագրային յօդուածի սահմանափակումների պատճառով: Բայց պիտի գրեմ, որ Արտաշատում տեղի իշխանութիւնները փորձ արեցին դիմել սադրանքների, ինչը կանխուեց:
Ո՞ւր է տանելու հանրահաւաքների այս ալիքը: Ինչպէ՞ս են իշխանութիւնները հակազդելու: Ես վախենում եմ կանխատեսում անել:
Յատուկ «Ազդակ»-ի համար

