Նախագահ Բակօ Սահակեանի Ուղերձը Լիբանանահայութեան` Արցախեան Ազատագրական Պայքարի 25-Ամեակի Տօնակատարութեան Առիթով

Պէյրութում Արցախեան ազգային-ազատագրական շարժման 25-ամեակին նուիրուած հանդիսաւոր միջոցառման մասնակիցներին

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տարի տօնում ենք Արցախեան ազգային-ազատագրական շարժման 25-ամեայ յոբելեանը, շարժում, որը շրջադարձային եղաւ ամբողջ հայ ժողովրդի համար եւ նոր էջ բացեց մեր ազգի պատմութեան մէջ: 1988-ին համայն հայութիւնը ոտքի ելաւ ու բռունցքուեց` ի պաշտպանութիւն մարդու իրաւունքների, ազատութիւնների ու ոտնահարուած արդարութեան վերականգնման: Այն դարձաւ մեր համազգային միասնութեան խորհրդանիշը` ապացուցելով, որ հայն ի վիճակի է սեփական ուժերով պաշտպանել իր հայրենիքը, ինքնուրոյն տնօրինել իր ճակատագիրը եւ շենացնել պապերի հողը:

Յանուն այս վեհ առաքելութեան իրենց կեանքը զոհաբերեցին մեր ազգի լաւագոյն զաւակները` իրենց արեամբ սրբագործելով դարերով երազած մեր յաղթանակները եւ սերունդներին պատգամելով աչքի լոյսի պէս պահել ազատ ու անկախ հայրենիքը: Յաւե՜րժ փառք ու պատիւ մեր նահատակներին:

Բոլորս պէտք է արժանապատուօրէն պահպանենք ու շարունակաբար զօրացնենք հայոց պետականութիւնը, Հայաստան – Արցախ – սփիւռք կուռ եռամիասնութիւնը: Դրանք բացառիկ արժէքներ են, հայ ժողովրդի գոյատեւման ու զարգացման ամենայուսալի գրաւականը:

Թանկագի՛ն հայրենակիցներ, քոյրեր եւ եղբայրներ,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդի, իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ջերմօրէն ողջունում եւ շնորհաւորում եմ բոլորիդ այս մեծ տօնի կապակցութեամբ: Մենք միշտ զգում ենք ձեր անգնահատելի աջակցութիւնն Արցախի շէնացման գործում: Լիբանանահայ համայնքը սփիւռքի ամենակազմակերպուած հատուածներից մէկն է, որտեղ միշտ բարձր է եղել ազգային ինքնագիտակցութիւնը եւ նուիրուածութիւնը համազգային գաղափարներին:

Ես առանձնակի ջերմութեամբ եմ յիշում իմ այցելութիւնը Լիբանան, որտեղ ունեցած հանդիպումներն ու քննարկումները տարբեր հարցերի շուրջ անջնջելի տպաւորութիւն են թողել ինձ վրայ:

Եւս մէկ անգամ շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում քաջառողջութիւն ու ամենայն բարիք:

ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ

Ք. Ստեփանակերտ

 

Share this Article
CATEGORIES