Արցախը Միայն «Տատիկ Պապիկ»-ը Չէ

Հարցազրոյցը վարեց` ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԵԱՆ

«Գանձասար Թուր» Զբօսաշրջութեան Ընկերութիւնը Իր Յանդուգն Ծրագրով Ի Յայտ Կը Բերէ Արցախի Բնութեան Գանձերն Ու Պատմական Յուշարձանները

«Գանձասար թուր»-ը (Gandzasar Tour) մեր ուշադրութիւնը գրաւեց աննախադէպ առաջարկով` ձիարշաւ դէպի պատմական վայրեր: Առաջարկից օգտուելու համար նախ պէտք էր հասնել Վանք գիւղ, որը Ստեփանակերտից բաժանում է մօտ 40 վայրկեանի ասֆալթապատ ու բարեկարգ ճանապարհը: Առանց որեւէ խնդրի` հասանք Վանք գիւղ, հիմնական նպատակ ունենալով գիւղի շրջակայ բարձունքներից մէկում գտնուող 8-րդ դարի կառոյցը` Հասան Ջալալ Դոլայի դղեակը կամ, ինչպէս ժողովուրդն է ասում` Ռուզանի բերդը:

Օրն արեւոտ էր: Հաճելի աշնանային եղանակն աւելի ջերմացաւ կազմակերպութեան փոխտնօրէն Մերի Հայրապետեանի բարեհամբոյր ընդունելութեամբ: Առաջինը, ինչ արեցինք տեղում, ծանօթացանք ձիերի հետ, փորձնական հեծանք` ուղեկցորդի օգնութեամբ: Դա հասկանալի է, րոպէ առաջ արկածախնդրական ու խորհրդաւոր արշաւը սկսելու ցանկութիւնն աւելի զօրեղ գտնուեց, քան` հեծնելու դասընթացքը, ուստի ընդամէնը մի տասը րոպէից, շատ հնազանդ ձիերով ուղղութիւն վերցրինք դէպի Ռուզանի բերդ:

Խաչէնի խիտ, ներդաշնակ ու կուսական անտառի միջով դէպի վեր` երբեմնի իշխանանիստ դղեակը ձգող արահետն անցանք առանց դժուարութիւնների, ոգեւորուած մէկ` Խաչէնի տոհմական ապարանք այցելութեան մտքով, մէկ` դարաւոր ծառերի խորհրդաւոր սօսափիւնով ու թարմ շնչով, մէկ էլ` սեփական աչքերում հաստատուելու ու ազգային մշակոյթը կրելու պատիւին արժանի լինելու եւս մէկ փորձով:

Տեսարանը, որ բացուեց սարի գագաթին, խառնեց յուզմունքն ու ուրախութիւնը, ափսոսանքն ու հպարտութիւնը: Երբեմնի անառիկ ամրոցից մնացած կիսաւեր, սակայն տակաւին ներշնչող պատերը ինքնաբուխ ու անխօս մի երդում մրմնջացրին` «Ես տէր պիտի կանգնեմ իմ հողին: Ես իրաւունք չունեմ լքելու իմ նախնիների թողած ժառանգութիւնը»:

Գրեթէ ամէն քայլափոխի կիսականգուն ու «վիրաւոր» խաչքարերը միայն թանձրացրին ազգային ինքնութեան ներկապնակը, որի գոյներից ստացուած պատկերները կարելի է ամփոփել մի քանի բառով` «Շնորհակալութիւն, Աստուած իմ, որ ես հայ եմ»:

Ահա, հէնց այս ապրումներով, մեր ուսերին զգալով աստուածապաշտ ու շինարար Հասան Ջալալի գորովալից հայեացքը, վերադարձանք Վանք գիւղ:

«Մենք նման արշաւների շատ ուղղութիւններ ունենք», դիմաւորելով մեզ ու տեսնելով մեր հիացմունքը` գայթակղում է Մերի Հայրապետեանը: Հետաքրքրութիւնը մոռանալ տուեց արշաւականի կարգավիճակը եւ սկսուեց լրագրողի ու ղեկավարի հարցազրոյցը.

***

ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս ծագեց հեծեալ շրջապտոյտներ կազմակերպելու գաղափարը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Մենք ապրում ենք պատմական արժէքներ ներկայացնող ու տեսարժան վայրերով շրջապատուած, սակայն շատ դէպքերում չենք էլ կասկածում, թէ ինչպիսի՛ ժառանգութիւն ունենք:

Թէ՛ տեղացիները, թէ՛ հիւրերը ընտելացել են միայն Գանձասարի վանք, Ղազանչեցւոց եկեղեցի ու Տատիկ-Պապիկի յուշարձան այցելելուն, այն դէպքում, երբ ունենք այնպիսի հրաշալի վայրեր, որոնք մեր պատմութեան մի մասն են, եւ որոնց մասին պիտի իմանանք: Հէնց այս նպատակի համար մենք ուսումնասիրեցինք Խաչէնի ձորակը, կազմեցինք արշաւների ուղղութիւններ` հետիոտն եւ հեծեալ:

Հ.- Ձեր այցելուներից կամ զբօսաշրջիկներից շատերը հնարաւոր է ցանկութիւն ունեն ձի հեծնելու, բայց ոչ միայն հեծնելու փորձ չունեն, այլ նոյնիսկ ձի տեսնում են առաջին անգամ: Ինչպէ՞ս էք վարւում նման դէպքերում:

Պ.- Մենք ունենք մօտ քառասուն ձի, որոնք արդէն մի քանի տարի է կազմակերպութեան ենթակայութեան տակ ձիաբուծարանում են: Այս ընթացքում նրանք վարժուել են, յարմարուել են անծանօթների հետ շփումներին, անցել են համապատասխան պատրաստուածութիւն: Բացի դրանից, մենք ունենք նաեւ վարժեցնող, որը արշաւի ժամանակ ուղեկցում է զբօսաշրջիկներին: Մինչեւ արշաւը սկսուելը մենք մանրամասն բացատրում ենք ընտրուած ուղղութեան առանձնայատկութիւնները, բացի դրանից, ձիամարզարանում զբօսաշրջիկը ծանօթանում է ձիու հետ, հեծնում, եւ երբ որոշում է, որ պատրաստ է հեծեալ արշաւի, մեկնում է ուղեկցի հետ ընտրուած ուղղութեամբ:

Հ.- Իսկ ձիերի տեսակների մասին ի՞նչ կ՛ասէք:

Պ.- Ունենք 40-ից աւելի ձիեր` տարբեր ցեղատեսակների: Բայց առանձնապէս ուրախ ենք ղարաբաղեան ցեղատեսակի ձիերով: Այս ցեղատեսակը յայտնի է ամբողջ աշխարհում: Առոյգ են, ուժեղ, դիմացկուն: Յաճախ մեր այցելուները միայն մի նպատակով են հասնում մեզ մօտ` պարզապէս մօտիկից տեսնել ղարաբաղեան ցեղատեսակի ձիերին:

Հ.- Կը պատմէ՞ք արշաւների ուղղութիւններից մի քանիսի մասին:

Պ.- Կաչաղակաբերդ (Ը. դար), որը բաւականին բարդ ուղի է, պահանջում է որոշակի լեռնագնացութեան պատրաստուածութիւն:

Գանձակագետի ջրվէժ, որը առանձնանում է նրանով, որ ճանապարհը մի քանի տեղ անցնում է գետի միջով, իսկ ընդհուպ ջրվէժին մօտենալ եւ նրա տակ «ցնցուղ» ընդունելու համար պիտի լողալով կտրել ու անցնել որոշ հատուած: Սա շատ հետաքրքիր է զբօսաշրջիկների համար: Հէնց այնտեղ էլ, գետափին կազմակերպւում է խնճոյք եւ հանգիստ:

Ռուզանի բերդ, որի տարածքում անհամար խաչքարերից ամէն մէկը իւրայատուկ է իր զարդանաշխով ու պատկերներով: Օրինակ, քարերից մէկի վրայ պատկերուած է աղջիկ հեծեալ` ամբողջութեամբ զինուած: Այստեղ նաեւ բերդն է անջնջելի տպաւորութիւն թողնում այցելուների վրայ:

Ունենք նաեւ երթուղիներ դէպի Շուշի` Ղազանչեցւոց եկեղեցի, Դադիվանք, Տաք ջուր, Տիգրանակերտ եւ այլն…

Զբօսաշրջիկը մեզ մօտ հնարաւորութիւն ունի ընտրութիւն կատարելու արկածախնդրական, հեծեալ շրջապտոյտների, լեռնագնացութեան միջեւ:

Այստեղ գալով` մարդ հնարաւորութիւն կ՛ունենայ լիովին կտրուել յոգնեցնող ու ինչ որ տեղ նեարդայնացնող առօրեայից եւ ստանալ լիարժէք հանգիստ:

Հ.- Կա՞ն նոր մտայղացումներ, որոնք կը հարստացնեն զբօսաշրջային փաթեթները, թէ՞ օգտագործուած է հնարաւորութիւնների առաւելագոյնը:

Պ.- Ի հարկէ ունենք: Նոր գաղափարների մի մասն արդէն իրագործել ենք: Օրինակ, մենք մտածել ենք, որ զբօսաշրջիկների մի մասին աւելի շատ կը հետաքրքրի էշերով շրջագայութիւն, որովհետեւ այս անասունը Արցախում իր իւրայատուկ տեղն ունի: Արդիւնքում պարզուել է, որ չենք սխալուել:

Էշերով շրջագայութիւնը մեծ ուրախութիւն է պարգեւում թէ՛ մեծերին, թէ՛ փոքրերին: Ցանկութեան դէպքում, մեր հիւրերը շրջում են նաեւ էշասայլերով` գիւղի տարածքում, դէպի Գանձասար եկեղեցի եւ այլն…

Հ.- Խօսեցիք ինչ-որ իրադարձային զբօսաշրջութեան մասին: Կը բացատրէ՞ք` ի՛նչ է դա իրենից ներկայացնում:

Պ.- Սիրո՛վ: Իրադարձային զբօսաշրջութիւնը նորամուծութիւնների շարքից է: Հիմնականում ներառւում են արցախցու կենցաղային աւանդոյթներ, օրինակ` թութ թափել: Այս տարի, առաջին անգամ, զբօսաշրջիկների հետ այգիներից մէկում թութ թափեցինք, յետոյ միասին թութի անուշ եփեցինք: Աւանդական ու բոլոր հայերին յայտնի արցախեան «ժինգիալով հաց» թխելու արարողութիւն եւս կազմակերպեցինք` անմիջապէս զբօսաշրջիկների մասնակցութեամբ: Առաջիկայում մտադիր ենք այս ցուցակը ընդլայնել` մոշ հաւաքել, մոշի հիւթ կամ անուշ եփել, թութի օղի թորել եւ այլն:

Հ.- Գաղտնիք չէ, որ արցախցու խոհանոցը միեւնոյն ժամանակ ե՛ւ շատ պարզ է, ե՛ւ շատ համով: Երեւի թէ, իւրաքանչիւր այցելու ակնկալում է համտեսել յատուկ ճաշատեսակ: Ձեր ճաշացանկում տեղ գտե՞լ են այդպիսի ուտեստներ:

Պ.- Այն ամէնը, ինչ ժամանակին պատրաստել են եւ ախորժակով վայելել մեր նախնիները, հնարաւորութիւն ունեն համտեսելու նաեւ մեր հիւրերը:

Աւելի՛ն. անցած տարի Ամանորին մենք խնճոյք ենք կազմակերպել միմիայն արցախեան խոհանոցի ճաշատեսակներով` ածիկ, կորկոտ, ժինգիալով հաց, խաշիլ եւ այլն: Տեղական են նաեւ բոլոր ըմպելիքներն ու խմիչքները` բնական, մաքուր ու համով:

Հ.- Շատ ծեծուած, բայց տեղին հարց եմ ուզում տալ` ինչպէ՞ս որոշեցիք քաղաքի կեանքը փոխարինել գիւղականով: Ի՞նչը ձեզ ձգեց` բերեց Վանք գիւղ:

Պ.- Ես ծնուել եմ Երեւանում, վերջին տասը տարիներին ապրել եմ Ռուսաստանում:

Մի քանի տարի առաջ որոշեցինք ամուսնուս հետ գալ իր պապենական գիւղը, որտեղ ամուսնուս հօրեղբայրը` Լեւոն Հայրապետեանը արմատական փոփոխութիւններ է արել, նոր տեսք, նոր շունչ է տուել պատերազմից տուժած ծննդավայրին:

Այստեղ արդէն սիրահարուեցի հրաշքների այս փոքրիկ աշխարհին: Բացի դրանից, այն ամէնը ինչ արել, ստեղծել է մեր սիրելի հօրեղբայրը` Լեւոն Հայրապետեանը, ճիշդ ու գրագէտ մատուցելու կարիք ունէր: Եւ մենք որոշեցինք շարունակել ու զարգացնել նրա գործը:

«Հորիզոն»

Share this Article
CATEGORIES