Խայծ` Անատամ Կէտերի Համար

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Ստեփանակերտի օդակայանի շահագործման յանձնելու թեման վերջին ժամանակներս նորից է յայտնուել զանգուածային լրատուամիջոցների հաղորդումների առաջնային տեղում: Ըստ որում, կարելի է համարձակօրէն խօսել նրա միջազգայնացման մասին, քանի որ այն քննարկւում է ոչ միայն հայկական ու ազրպէյճանական, այլեւ արտասահմանեան մամուլում: Միջազգային ասպարէզ ելնելու համար օդակայանի գործարկման հարցը «պարտական» է միայն ու միայն Ազրպէյճանին, որն արդէն առաջին անգամ չի, որ արհեստականօրէն հրատապ է դարձնում այն: Իսկ եթէ աւելի ճշգրիտ` ապա քաղաքականացնում եւ նոյնիսկ… ռազմականացնում է:

Ինչպէս յայտնի է, պաշտօնական Պաքուն, որն անչափ ջղագրգռութեամբ է արձագանգում ԼՂՀ-ի ցանկացած ոլորտում տեղի ունեցող ցանկացած դրական գործընթացի, ի սկզբանէ հանդէս է եկել Ստեփանակերտի օդակայանի բացման դէմ:

Աւելի՛ն. Ազրպէյճանի ներկայացուցիչները, այդ թւում եւ ամենաբարձր մակարդակի, պարբերաբար սպառնալիքներ են հնչեցրել` ուժ կիրառել այն քաղաքացիական օդանաւերի դէմ, որոնք ուղերթեր կը կատարեն Լեռնային Ղարաբաղ:

Որպէս արդիւնք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստիպուած եղան արձագանգել Ազրպէյճանի ջղագար վարքագծին` 2011 թուականի ապրիլին եւ 2012-ի յուլիսին ընդունելով յայտարարութիւններ, որոնցում, մասնաւորապէս, խօսւում էր տուեալ հարցի քաղաքականացման անթոյլատրելիութեան մասին: Նշուել է նաեւ, որ համանախագահներն ստացել են կողմերի հաւաստիացումները` ուժ չկիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ եւ հարցը լուծել բացառապէս դիւանագիտական ուղիով:

Թւում է` միջնորդների կողմից անհրաժեշտ փաստաթղթային հիմք է ստեղծուած գերաճի  ենթարկուած Ազրպէյճանի կողմից տուեալ հիմնախնդրի քաղաքակիրթ լուծման համար, բայց չէ, ի՞նչ լուծման մասին է խօսքը: Պաքուի իշխանութիւնները չդադարեցին շիկացնել լարուածութիւնն թռիչքներու թեմայով շարունակելով քաղաքացիական այն ինքնաթիռները խփելու սպառնալիքներ տեղալ, որոնք կը յայտնուեն Լեռնային Ղարաբաղի երկնքում: Ազրպէյճանի հակաթռիչքային գործողութիւնների գագաթնակէտը դարձաւ յունուարի 18-ին Ազրպէյճանի կառավարութեան կողմից ընդունուած որոշումը, որը փաստօրէն ազրպէյճանական ռազմաօդային ուժերին թոյլ է տալիս քաղաքացիական ինքնաթիռներ խփել: Առողջ դատող մարդիկ ազրպէյճանական իշխանութիւնների նման վարքագիծը վայրենութիւն կ՛անուանեն եւ իրաւացի կը լինեն: Ճիշդ է, ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Նիքոլայ Պորտիւժան, յունուարի վերջին Երեւանում մեկնաբանելով Ազրպէյճանի կառավարութեան  որոշումը, այն անուանել է «անյաջող կատակ»: Կարծում ենք` ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարն ըստ այդմ չի կատակել, քանի որ նա սովոր է առողջ բանականութեամբ դատողութիւններ անել, որն ի սպառ մերժում է քաղաքացիական ինքնաթիռները կանխամտածուած կերպով ոչնչացնելու բուն հնարաւորութիւնը:

«Ես Ազրպէյճանը դիտում եմ որպէս քաղաքակիրթ պետութիւն, որը պահպանում է համամարդկային կանոնները», յայտարարել է Ն. Պորտիւժան եւ խիստ կասկած յայտնել այն բանում, թէ ազրպէյճանական ղեկավարութիւնը պատրաստ կը լինի քաղաքացիական օդանաւերը գրոհելու հրաման տալ:

Սակայն համարձակուենք պնդել, որ չի կատակում նաեւ պաշտօնական Պաքուն: «Համամարդկային կանոնները պահպանող քաղաքակիրթ պետութեան» վերաբերեալ պարոն Պորտիւժայի խօսքերը խիստ չափազանցուած քաղցրախօսութիւն են յանցաւոր ներուժի տէր Ազրպէյճանի հասցէին: ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի կասկածամտութիւնը կարելի է հասկանալ, սակայն հարկ է նրան յիշեցնել, որ 20-րդ դարի վերջին շատերը նոյնպէս չէին կարողանում հաւատալ, թէ «քաղաքակիրթ» Ազրպէյճանում հնարաւոր են արիւնալի Սումկայիթ եւ արիւնալի Պաքու, որտեղ մարդկանց ամենավայրենի մեթոտներով կոտորեցին սոսկ այն բանի համար, որ նրանք հայ են ծնուել: Այդ պատճառով հազիւ թէ արժէ քաղաքացիական ինքնաթիռները խփելու սպառնալիքներն ընդունել որպէս կատակ, քանի որ Ազրպէյճանն իր յանցաւոր գործողութիւններով արդէն վաղուց է ահաբեկչական պետութեան  համբաւ վաստակել, որն իր նկատմամբ ամենալուրջ ուշադրութիւն եւ վերաբերմունք է պահանջում միջազգային հանրակցութեան կողմից: Եւ նրա բոլոր քայլերը նպատակաուղղուած են սոսկ մի բանի` ոչ թէ պարզապէս խոչընդոտել ԼՂՀ-ի զարգացումը, այլ` վերջին հաշուով նրան վերացնել աշխարհի քարտէսից:

Այս առնչութեամբ ծագում են մի շարք, մեր կարծիքով, ոչ նուազ կարեւոր հարցեր: ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները չե՞ն նկատում, արդեօք, որ տարբեր մակարդակներում պարբերաբար ձեռնարկելով Ստեփանակերտի օդակայանի բացման զուտ մարդասիրական հարցի քննարկումներ Ազրպէյճանը դրանով իսկ նենգափոխում է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման էութիւնը, ինչպէս եւ` միջնորդների գործառոյթները, նրանց շեղելով բանակցութիւնների հիմնական թեմայից: Ինչո՞ւ Մինսքի խմբի համանախագահները հանդէս չեն գալիս Պաքւում ընդունուած այդ որոշման խիստ դատապարտումով, որն ամենակոպիտ խախտում է հանդիսանում միջազգային, ինչպէս նաեւ մարդասիրական այն իրաւունքի, որը երաշխաւորում է տեղաշարժման ազատութիւն` պետութեան ճանաչուածութիւնից կամ չճանաչուածութիւնից անկախ: Ինչո՞ւ նրանք Ազրպէյճանի նախագահին չեն յիշեցնում քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժ չկիրառելու` նրա հետ իրենց իսկ պայմանաւորուածութեան մասին: Եւ ինչո՞ւ որոշ քաղաքական գործիչներ, մասնաւորապէս` մի շարք եւրոպական խորհրդարանականներ, Ազրպէյճանին դատապարտելու փոխարէն, պարզապէս նրա ցուցումներով են ընթանում` օդակայանի բացումը դիտելով որպէս… հարուած բանակցային գործընթացին:

Պատճառն այն է, որ Պաքուի փոխանցումով տեղի է ունեցել շեշտադրումների փոփոխութիւն, բարոյական արժէքների վերագնահատութիւն: Մարդասպան Սաֆարովի գործն աշխարհին ցուցադրեց Ազրպէյճանի դիրքորոշման արտակարգ արմատականացումը, ինչը, սակայն, պաշտօնական Պաքուի համար համարժէք հետեւանքների չյանգեցրեց: Այո, եղան միջազգային կազմակերպութիւնների եւ առանձին պետութիւնների դատապարտող յայտարարութիւններ, Եւրախորհրդարանն այդ առնչութեամբ նոյնիսկ բանաձեւ  ընդունեց, սակայն բանը խօսքերից այն կողմ չանցաւ:  Այնինչ իրադրութիւնը ոչ միայն զայրալից հռետորաբանութիւն էր պահանջում: Կիսամիջոցներն, ինչպէս տեսնում ենք, չէին կարող խելքի բերել Ազրպէյճանին, որն այժմ միջազգային ասպարէզում իրեն պահում է ինչպէս քաղաքական խուժան, որը ոչ միայն միջազգային իրաւունքի, այլեւ մարդկային բարոյականութեան չափանիշները է քամահրում: Տեսնելով միջազգային համապատասխան կառոյցների անողնաշարութիւնն ու անատամութիւնը (կարդա՛ անսկզբունքայնութիւն), Ազրպէյճանը, դիմանալով Սաֆարովի գործի առնչութեամբ հնչած գերազանցապէս բերանացի քննադատութեանը, միջազգային հանրակցութեան ուշադրութիւնը վերակողմնորոշել է դէպի Ստեփանակերտի օդակայանի մոգոնուած հիմնախնդիրը: Դատելով ըստ ամենայնի` նրա նետած խայծը  համաշխարհային քաղաքականութեան կէտերը յաջողութեամբ են կուլ տուել:

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Ազատ Արցախ» թերթի
գլխաւոր խմբագիր

Share this Article
CATEGORIES