Որտե՞ղ Են Հիմա Տերսիմի Հայերը
Անցեալ շաբաթ «Արաս» հրատարակչութիւնը լոյս ընծայեց հայ ճանապարհորդ Անդրանիկի «Ճանապարհորդութիւն Տերսիմ» գիրքը: 1888 թ. Անդրանիկը գնում է Տերսիմ, շրջում շրջանի բազմաթիւ բնակավայրերով եւ տեղեկութիւններ հաղորդում այդ վայրերի, այդ ժամանակուայ մասին: Ըստ իս, այդ տեղեկութիւնները մէկը միւսից անգին են: Ինչպէս գիտէք, բանաւոր պատմութիւնը սերնդից սերունդ փոխանցելու աւանդոյթի սերունդն ենք. գրաւոր պատմութիւն չունենք, սահմանափակ են նաեւ նախքան 1938 թ. մեր ունեցած տեղեկութիւնները, պետական արխիւներից եւ ճանապարհորդների յուշագրութիւններից զատ` շատ քիչ բան գիտենք: Այս առումով Անդրանիկի «Ճանապարհորդութիւն Տերսիմ» գիրքը առանձնայատուկ աղբիւր է:
Անդրանիկը տեղեկութիւն է հաղորդում նաեւ իր շրջած վայրերի բնակչութեան մասին. սա ինձ շատ հետաքրքրեց, որովհետեւ Անդրանիկի այցելած գիւղերի մեծ մասը զգալի թուով հայ բնակչութիւն է ունեցել, նոյնիսկ որոշ գիւղերում 250-300 տներից միայն 8-10 են քիւրտ եղել, մնացած բոլորը հայեր են եղել: Օրինակ, ըստ Անդրանիկի, Թիւրիւշմեք (Աքթուլուք) գիւղում միայն 4-5 տուն քիւրտ է եղել, մնացածը հայեր են եղել: Բնականաբար, գիտէինք, որ Տերսիմում ապրել են նաեւ հայեր: Դեռեւս բազմաթիւ գիւղերի անունները հայերէն են, բազմաթիւ եկեղեցիների աւերակներ կան, դեռեւս ապրող Տերսիմի հայեր կան, այնուամենայնիւ, չգիտէի, չէի սպասում, որ 110-120 տարի առաջ Տերսիմում այդքան հոծ հայկական բնակչութիւն է եղել: Գիրքը կարդալիս զարմացել էի:
Այո՛, Թուրքիայում 1915 թ. է տեղի ունեցել, մէկ ու կէս միլիոն հայ է սպաննուել, Անատոլիայի (Արեւմտեան Հայաստանի «Ակունք»-ի խմբ.) բազմաթիւ վայրերում կոտորածներ են եղել: Վերոյիշեալ ժամանակաշրջանում միայն Տերսիմը չի ունեցել հոծ թուով հայ բնակչութիւն, օրինակ` Անդրանիկը Տերսիմ ճանապարհորդութեան ժամանակ գնացել է նաեւ Խարբերդ, որտեղ հոծ թուով հայեր են ապրել: Սակայն մենք տերսիմցիներս, միւս վայրերի բնակիչներից տարբերւում էինք, ասում ենք, որ ամէն մի յարմար առիթով հայերին չենք սպաննել, դրսից եկած հայերին Տերսիմում ապաստանել, պաշտպանել ենք: Նախորդ մի յօդուածիս մէջ գրել եմ, որ` «համաձայն որոշ աղբիւրների, 1915 թ. ցեղասպանութեան ժամանակ 20-30 հազար հայ է Տերսիմում ապաստան գտել, եւ երբ օսմանիցները պահանջել են յանձնել այս հայերին, Սէյիտ Ռիզայի հայրը` Սէյիտ Իպրահիմը, պետութեան պահանջը մերժել է` ասելով` «Մենք վիրաւոր արծիւներին որսորդներին չենք յանձնի»: Այս տեղեկութիւնը Հուսէյն Այրըլմազն է յայտնել: Երբ լսեցի, ե՛ւ շատ ազդուեցի, ե՛ւ շատ ուրախացայ:
Բոլոր այս փաստերի եւ տեղեկութիւնների լոյսի ներքոյ ակամայից հետեւեալ հարցն եմ տալիս. Լա՛ւ, եթէ նրանց մենք չենք սպաննել, պետութեանն էլ չենք յանձնել, պաշտպանել ենք, այդ դէպքում 1885-1895 թթ. հոծ թիւ կազմող հայերի հետ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ հիմա չկան, այդքան Տերսիմի հայերն ո՞ւր կորան: Կարծում եմ` այս հարցն անընդհատ պէտք է ինքներս մեզ տանք: Անհրաժեշտ է, որ Տերսիմի տարածքի ալեւիները, զազաները, քրտերը, թուրքմէնները ներառեալ` այս հարցը տան: Ասենք, թէ մի մասը ուրիշ վայրեր է գաղթել, մի մասին առանձին դէպքերում մենք ենք սպաննել, մի մասին չենք կարողացել պաշտպանել, մի մասին էլ օսմանցիներն են սպաննել, սակայն նորից իրավիճակը չի շտկւում:
Ժամանակին գրեթէ ամբողջութեամբ հայկական գիւղերից այսօր ինչո՞ւ ոչ մի հայկական նմուշ չկայ: Ինչո՞ւ Տերսիմում գոնէ մի հայկական գիւղ չկայ, որտեղ ապրում են իրենց աւանդոյթներով, գնում` եկեղեցում իրենց կրօնական արարողութիւններն են կատարում: Քուրմաջի աշխարհագրական շրջանում, որտեղ եղբայրաբար են ապրել, որտեղ մէկը միւսի կրօնին, լեզուին, գոյնին չի խառնուել, մէկը միւսին չի օտարել, ինչո՞վ է սա բացատրւում:
Մնում է միայն երկու հաւանականութիւն. կամ մենք առանձին դէպքերում շատ հայ ենք սպաննել, մնացածներին էլ յարկ եղած ձեւով չենք պաշտպանել, ինչպէս որ ասում ենք, կա՛մ էլ այս հայերը, մեզ ձուլուելով, մեր մէջ են: Մտքովս երրորդ հնարաւորութիւն չի անցնում: Եթէ հայ մեծամասնութեանը մենք չենք սպաննել, ուրեմն հիմա Տերսիմում որպէս քուրմանջե զազա, քիւրտ, ալեւի, թուրքմէն ապրող մարդկանց մեծ մասը շրջանի հաւատալիքներին, լեզուին, միջավայրին յարմարուած հայեր պէտք է լինեն: Այս հարցն էլ պէտք է ուղղենք: Մենք, որպէս գայլի ու թռչնի յիշողութիւնը սուրբ համարող հինաւուրց խղճի զաւակներ, ի վիճակի չե՞նք այս հարցն աւելի լուրջ քննարկելու եւ առերեսուելու:
Առերեսուելը չի սահմանափակւում լոկ ընդունելով եւ իրաւունքը ճանաչելով, միաժամանակ պէտք է կատարել այն, ինչ անհրաժեշտ է: Այսօր արդէն գաղտնիք չէ, որ Տերսիմի բազմաթիւ աշիրեթների մէջ հայեր կան: Արժանթինցի (արժանթինահայ «Ակունք»-ի խմբ.) լրագրող Աւետիս Հաճեանը բարձրաձայնում է մի նախադասութիւն, որը բոլորս գիտենք. «Թուրքիայում բնակւում են բազմաթիւ «ծպտեալ հայեր»»: Հայերը ստիպուած թաքնւում են Թուրքիայում իշխող սիւննի-պահպանողական մտայնութեան պատճառով, սակայն Տերսիմում դրա կարիքը կա՞յ արդեօք: Թէեւ վերջերս հիմնուած Տերսիմի հայերի միութիւնը պատճառ դարձաւ, որ Տերսիմի հայերը գտնեն իրենց ինքնութիւնը եւ քաջալերուեն, սակայն դեռեւս մեր մէջ բազմաթիւ «ծպտեալ հայեր» են ապրում: Միեւնոյն ժամանակ կարծում եմ, որ մեծ ամօթ է, որ Տերսիմում, որը հանդիսանում է նաեւ հայերի բնօրրանը, կանգուն գոնէ մէկ եկեղեցի չկայ: Առերեսում ասելը նախկին եկեղեցիների աւերակներից մէկը վերանորոգելով` պաշտօնապէս կրօնական արարողութիւնների համար բացելն ու տարբեր ինքնութիւններով ապրող հայերին իրենց ինքնութեանն ու մշակոյթին վերադառնալ քաջալերելն է, որը ոչ միայն Տերսիմին սազական դիրքորոշում է, այլեւ մեր հոգու պարտքն է մեր հայ քաւորների, հարեւանների եւ Օրհան Պաքըրի առաջ (Արմենակ Պաքըրճեան):
Քանի որ Թուրքիայում խաղաղութեան մթնոլորտ է ձեւաւորւում, անցեալում տեղի ունեցածի վարագոյրը բացւում է, մի շարք հարցերի մասին հանգիստ խօսում են, այդ հնագոյն խղճի ժառանգորդները` գըզըլպաշ տերսիմցիները, որոնք եւս մեծ ջարդ են վերապրել, իրենց հայերի հետ առերեսուելով, կարող են ողջ Թուրքիայի համար սեփական խղճի հետ առերեսուելու օրինակ հանդիսանալ: Թուրքիայի մութ անցեալում տեղի ունեցած վշտերն ամոքելու համար նման ներդրում կարող ենք կատարել: Խաղաղութեան լեզուն միայն ինքներս մեզ հետ, մեր հարեւանների հետ հաշտուելու դէպքում իսկական խաղաղութեան կը վերածուի:
Այդ դէպքում արդեօ՞ք առաջին քայլը չենք կատարի, որպէսզի իրեն հայ կոչելը զրպարտութիւն յամարելով` դատական գործ յարուցած տերսիմցի Քըլըչտարօղլուն ինքն իր հետ առերեսուի, միգուցէ եւ շահի իր հայ ընկերների սիրտն ու ներողութիւն խնդրի: Միգուցէ կարողանանք այնպէս անել, որ հայերի գանձերը գտնելու անուան տակ սար ու ձոր շրջող, պետական այրերի աջակցութիւնը վայելող, ողջ ուխտատեղիներն ու անգամ սրբավայրերը փորած մի խումբ տերսիմցիներն իրենց արարքից ամաչեն: Ո՞ր խղճի տեսանկիւնից է արդարացուած այդ սարսափելի կոտորածի ժամանակ հայերի` կեանքը փրկելու մղումով աջ ու ձախ թաղուած ողջ թանկարժէք մետաղները գողանալով, նրանց վշտերն արհամարհելով, օգուտ հետապնդելը:
Ինչպէս տեսնում էք, Հայկական հարցը լոկ Հայկական հարց չէ: Դեռեւս 100 տարի առաջ այս հողերում մեզ հետ ապրած հայերի խնդիրն ու նրանց արիւնահոսող վէրքը, ըստ էութեան, մեր խղճի խնդիրն է, եւ եթէ շարունակենք չանսալ խղճի ձայնին, վէրքն էլ շարունակելու է արիւնահոսել: Յիշենք վերջերս Սամաթիայում տարեց հայ կանանց հետ կատարուածը, անտէր խղճերը շարունակում են բազմապատկել մեր ցաւերը…
Յետգրութիւն`
Ձեզ եմ ներկայացնում Միքայիլ Ասլանի «Փեթակ» ալպոմից Խարբերդի եւ շրջակայքի հայերը հայերէն կատարած յայտնի «Տերսիմի չորս լեռների մէջ» երգը: Այն ձայնագրուել է 1937 թ., Վարդան Մարկոսեանի կատարմամբ: Երգում ու պատմում է, թէ ինչպէս է Քեքիլ աղան հայ աղջիկ Վարդանուշին փախցրել Տերսիմ:
http://blog.radikal.com.tr/Sayfa/dersim-ermenileri-simdi-nerede-14537
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
Akunq.net

