«Զինուորականը Կարող Է Տուն Ունենալ, Հող Ունենալ, Բայց` Ո՛չ Պիզնըս, Լիբանանում Զինուորականին Արգելուած Է Անձնական Պիզնըս Ունենալ». Հարցազրոյց Լիբանանի Պետական Նախարար Զօրավար Փանոս Մանճեանի Հետ
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Մանճեան, առաջին անգա՞մ էք Հայաստանում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Առաջին անգամ Հայաստան եկայ 2011 թ.` որպէս գնդապետ-զօրավար եւ զինուորական պատուիրակութեան անդամ: Այդ ժամանակ մենք պտտուեցինք հայաստանեան զօրամասերում, դիրքերում, իսկ հետագայում փորձեցինք համագործակցութիւն հաստատել զինուորականութեան ոլորտում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ, ինչպէս նաեւ` պահել այդ կապը: Իսկ երկրորդ անգամ Հայաստան եկայ 1 տարի 4 ամիս առաջ` Լիբանանի նախագահի` Հայաստան կատարած այցելութեան ժամանակ: Երրորդ այցս էլ այս տարի էր` Հայոց բանակի տօնին առթիւ:
Հ.- Փոփոխութիւններ տեսնու՞մ էք Հայաստանում:
Պ.- 21 տարեկան հայկական բանակը հսկայական առաջնութեան մէջ է: Հայաստանում զգալի թուով շինութիւններ կան, ինքնաշարժների թիւն է աւելացել: Յուսանք` աւելի լաւ կը լինի ամէն բան:
Հ.- Պարո՛ն Մանճեան, պետական նախարարն ի՞նչ գործառոյթներ է իրականացնում Լիբանանի կառավարութիւնում:
Պ.- Լիբանանի կառավարութիւնը կազմուած է 30 նախարարներից, որոնցից 2-ը հայ առաքելական համայնքից են` ես եւ ճարտարարուեստի նախարար Վրէժ Սապունճեանը: Պետական նախարարը ստանձնում է կառավարութեան կողմից որոշուած յանձնախմբերի ղեկավարութիւնը: Ես նաեւ պատասխանատուութիւն եմ ստանձնել բանակ-կառավարութեան կապի համար:
Հ.- Ինչու՞ որոշեցիք դառնալ զինուորական:
Պ.- Նախ ասեմ` հայրս եղել է զինուորական, սակայն, երբ ես դարձայ 5 տարեկան, հայրս թողեց զինուորականութիւնը: Իսկ զինուորական դառնալու պատճառներից մէկը, թերեւս, այն էր, որ գումար չունէի, որպէսզի վճարէի համալսարանի ուսմանս վարձը: Իսկ այդ ժամանակ մատչելի միջոցներից մէկը, որ կարող էի գումար վաստակել, զինուորականութիւնն էր: Այնուհետեւ 3 տարի ուսանեցի զինուորական վարժարանում` որպէս հրասայլերի մասնագէտ-սպայ: 30 տարի եղել եմ կռուող խմբերում: Չեմ ստանձնել գրասենեակային որեւէ պաշտօն: 1979թ. գնացի Միացեալ Նահանգներ` մասնակցելու հրասայլերի մասին սեմինարին, որտեղից էլ վերադարձայ քափիթենի աստիճանով: 1995թ. ստացայ փոխգնդապետի աստիճան, ապա կրկին մեկնեցի Միացեալ Նահանգներ` զինուորական բարձրագոյն ուսում ստանալու նպատակով: Իսկ այդտեղից վերադառնալուց յետոյ ստացայ գնդապետի աստիճան: 2001թ. յուլիսի 1-ից մինչեւ 2010թ. ծառայեցի որպէս գնդապետ-զօրավար: Այդ տարիներին հրամանատարն էի մի գնդապետի, որ կազմուած էր 2700-2800 զինուորներից: 2005թ. ստանձնեցի սպարապետի 4 օգնականներից մէկի պաշտօնը:
Հ.- Հայ լինելու հանգամանքը որքանո՞վ էր օգնում եւ խանգարում ձեզ:
Պ.- Հայ լինելու հանգամանքը կեանքիս մէջ շատ չի նեղել ինձ: Ես կարողացայ փաստել, որ ես էլ իրենցից շատ աւելի լիբանանցի եմ: Աշակերտութեան տարիներին արաբերէն լեզուի դժուարութիւն ունէի, եւ, երբ ուսուցիչը հարց էր տալիս, ես վախենում էի պատասխանել, քանի որ դպրոցի միակ հայն էի, եւ չէի ուզում, որ հայի արաբերէնի հարցը կատակի տակ դնէին: Այնուհետեւ յաղթահարեցի դա եւ արդէն 3 տարի անց արաբ ընկերներիցս շատերին ես էի արաբերէն սովորեցնում:
Իբրեւ հայ` դժուարութիւն չեմ զգացել, բայց զատողութիւնը լիբանանցիներից կար: 2005թ. պէտք էր ստանձնէի հազարապետ-զօրավարի աստիճանը (ինչը մենք անուանում ենք երկու աստղով զօրավար), թէեւ ես ստացայ այդ պաշտօնը, բայց` ոչ աստիճանը:
Հ.- Ի դէպ, պարոն Մանճեան, մի առիթով նշել էիք աշխարհի հայ զօրավարների միութիւն ստեղծելու մասին: Դա ի՞նչ նախաձեռնութիւն է:
Պ.- Այս անգամ սփիւռքի նախարարութեան հրաւէրով Հայաստան էին եկել 6 հայ զօրավարներ. մէկը` Չիլիից, միւսը` Ֆրանսայից, 3-ը` Ռուսաստանից, եւ ես` Լիբանանից: Մենք հիմա գիտենք, որ սփիւռքում կայ 40 հայ զօրավարներ: 2015թ. Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցից առաջ կեանքի կը կոչենք այդ նախաձեռնութիւնը` ստեղծելով հայ զօրավարների միութիւն:
Հ.- Որպէս նախկին զինուորական` Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգ տեսնու՞մ էք` հաշուի առնելով վերջին տարիներին Ազրպէյճանի կողմից հնչող ռազմաշունչ յայտարարութիւնները:
Պ.- Այդքան էլ ծանօթ չեմ իրավիճակին, թէեւ տեղեակ եմ Ազրպէյճանի` զինուորական հսկայական գնումների մասին: Ազրպէյճանը զէնքի մեծ պատրաստութիւն ունի, ինչպէս նաեւ շատ դրամ ունի: Այս անգամ դիտում էի Արցախի ազատագրման համար գործածուած զէնքերը: Եթէ այդ զէնքերով կարողացանք ազատագրել Արցախը, ապա հիմիկուայ զէնքերով շատ աւելին կարող ենք անել: Խնդիրը միայն զէնքի մէջ չէ: Պէտք է ունենալ կամք, ոգի եւ պատրաստակամութիւն:
Հ.- Իսկ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ էք:
Պ.- Դա կապ չունի ո՛չ իրենց հետ, ո՛չ մեզ հետ: Փոքր երկրները զոհ են գնում մեծ երկրների քաղաքական, տնտեսական խաղերին: Այնպէս որ, եթէ մէկն ասում է, թէ կարող է վաղը կամ յաջորդ տարի պատերազմ յայտարարել, ապա դա երազ կամ ապագան կարդալու փորձ է, որը կարող է ճիշտ չլինել: Իսկ այդ երկրները յայտնի են` Միացեալ Նահանգները, Իսրայէլը, Թուրքիան եւ այլ երկրներ նոյնպէս կարող են լինել:
Հ.- Իսկ ձեր նշած զօրավարների միութիւնն ի՞նչ դերակատարում կ՛ունենայ, եթէ, Աստուած մի արասցէ, պատերազմը վերսկսուի:
Պ.- Պայման չէ, որ սփիւռքի ամէն մի զինուոր, զօրավար կամ սպայ գայ-կռուի Հայաստանի մէջ, քանի որ Հայաստանը դրա կարիքը չունի: Մեր օգնութիւնը կարող է լինել որոշակի ծանօթութիւնների ստեղծմամբ, ասենք` զէնք-զինամթերքն էժան գնելու հարցերում եւ այլն: Ի հարկէ, եթէ պէտք լինի` կը գանք-կռուենք, բայց դրսից էլ կարող ենք օգնել:
Հ.- Պարո՛ն Մանճեան, վերջին տարիներին հայկական բանակում շատացել են զինուորների ինքնասպանութեան, սպանութեան դէպքերը: Լսե՞լ էք այդ մասին: Հետեւու՞մ էք այդ լրահոսին:
Պ.- Շատ մանրամասնութեամբ չգիտեմ, բայց ուրախ կը լինէի, որ այդ դէպքերն իջնէին զերոյի, ընդհանրապէս չպատահէին: Անշուշտ, Հայաստանի կառավարութիւնը, Պաշտպանութեան բանակի ղեկավարութիւնը, թերեւս, աւելի քաջածանօթ են դրա պատճառներին, ես քաջածանօթ չեմ: Լիբանանեան բանակում այդպիսի դէպքեր չեն պատահում: Շատ հազուագիւտ դէպքեր են լինում, որոնց պատճառներից մէկը, ի հարկէ, սա վերլուծութիւն չէ, կարօտը, տնից երկարատեւ բացակայութիւնը, թոշակի պակասն է եւ այլն: Այդ պատճառները ղեկավարութիւնը լուծում է: Ես չեմ կարող ասել, թէ ի՞նչ պատճառներով են լինում այդ դէպքերը: Օրինակ, այս անգամ Իջեւանում հանդիպեցի զինուորների, ովքեր ասացին, որ 15 օր մնում են ճակատում, իսկ 15 օր` տանը: Ի հարկէ, նախկինում հայ զինուորները նոյնիսկ 3-4 ամիս էին կանգնում սահմանին: 15 օր բացակայութիւնը շատ դիւրին չէ, երբ զինուորն ամուսնացած է, երեխաներ ունի, եւ նա մտածում է, թէ իր ընտանիքն ինչի՞ կարիք ունի: Լիբանանում զինուորը սահմանին մնում է 8-10 օր, եւ Լիբանանում տարածութիւններն աւելի կարճ են: 3-րդ հանգամանքը, որ ուզում եմ նշել, Լիբանանի զինուորի թոշակն աւելի բարձր է Հայաստանի զինուորի թոշակից: Ես հիմա չեմ ասում, թէ Հայաստանի կառավարութիւնը պէտք է այնքան թոշակ տայ, ինչպէս` Լիբանանը կամ Միացեալ Նահանգները: Ես պարզապէս ազդակներն եմ նշում: Երբ զինուորը ճակատի վրայ է, նա պէտք է վստահ լինի, որ իր ընտանիքն ապահով է, ճաշ ունի, հագուստ ունի, կազ ունի, իսկ եթէ մտածի, որ իր ընտանիքը կարիքների մէջ է, դա կարող է ցաւ պատճառել նրան:
Հ.- Իսկ Հայաստանում կամաւոր զինուորագրումը որքանո՞վ կենսունակ կը լինի:
Պ.- Դա կախուած է ֆինանսաւորումից: Եթէ դրամ չունես, կարող ես աշխատել: Իւրաքանչիւրի գործը, երբ կամաւոր է, աւելի լաւ է լինում: Դա միայն ղեկավարութիւնից չէ կախուած, եւ դիմող երիտասարդը պէտք է քաջատեղեակ լինի:
Հ.- Կիսու՞մ էք այն կարծիքը, որ զինուորականներն աչքի են ընկնում կոպտութեամբ:
Պ.- Զինուորականն աչքի է ընկնում խստութեամբ, բայց` ոչ կոպտութեամբ: Զինուորական ոգին եւ օրէնքները պէտք է գործածել տան մէջ: Զինուորականն առաջինն է, որ օրէնքի մարդ է: Մարդիկ երբեմն այնքան անսահման ազատութեան մէջ են լինում, որ օրէնք գործածողին տեսնում են կոպիտ կամ շատ խիստ: Ի հարկէ, մարդուն անհրաժեշտ է ազատութիւնը, բայց ամէն բան պէտք չէ լինի միակողմանի: Եթէ ինքնաշարժ վարելիս վարորդը որեւէ սխալ չանի, ոստիկանութիւնը որեւէ արգելք կը հանդիսանա՞յ, ոչ, բայց եթէ սխալ անէք, եւ ոստիկանութիւնը ձեզ կանգնեցնի, պէտք է ասէք` ոստիկանը կոպի՞տ է: Նոյնը նաեւ զինուորականի պարագայում է: Զինուորականներն էլ երկնքից չեն վայր իջել, ժողովրդի զաւակներ են, գիւղացիների, միջին դասակարգի զինուորականներ են, ովքեր սիրում են օրէնքը:
Հ.- Հիմա այլեւս զինուորական չէք: Չէ՞ք կարօտում զինուորականի կեանքը:
Պ.- Կարօտե՞լ… Կարող ես յիշել դպրոցական օրերդ, բայց արդեօք կարո՞ղ ես վերադառնալ այնտեղ: Կարող ես վերյիշել զինուորականի օրերդ, իսկ կարո՞ղ ես վերադառնալ այնտեղ: Ի հարկէ՛, ոչ: Կեանքի ձեւը փոխւում է: Ինձ յաճախ հարցնում էին. «Զօրավար Մանճեան, եթէ դու բանակը թողնես, ի՞նչ պիտի անես»: Կ՛ասէի` 2 ճամբայ կայ. կա՛մ հանգստեան կոչուած Փանոս Մանճեանը, որը կը զբաղուի տան, պարտէզի աշխատանքներով, ձկնորսութեամբ եւ որսորդութեամբ, կա՛մ քաղաքական կեանքով: Անշուշտ, զինուորական կեանքի եւ քաղաքական կեանքի միջեւ տարբերութիւնները շատ են: Զինուորների հետ եղբայր էինք, ընկեր էինք, որոնց հետ նոյն պնակից ուտում էինք, նոյն գաւաթից ջուր խմում, եւ ամէնքս գնացել էինք ոչ թէ մեռնելու, այլ` մեռնելու պատրաստակամ հոգով: Եւ պատրաստ էին կռուել մինչեւ մեռնելը: Իսկ քաղաքական կեանքը շահի եւ վնասի հարց է` ի՞նչ կը տաս եւ ի՞նչ կը շահես: Քաղաքական կեանքի մէջ ոչ մի ընկեր չկայ:
Հ.- Ձեր կերպարը փոքր-ինչ հակասական է. մի կողմից` ակնոցով, փողկապով մտաւորական, միւս կողմից` ֆիտայական պեխերով զինուորական:
Պ.- (Ծիծաղում է.- Մ. Մ.) Այս պեխերը սպայ Մանճեանի հետ են 1976թ.-ից մինչ օրս եւ կը լինեն այնքան ժամանակ, ինչքան Աստուած կեանք է պարգեւել ինձ:
Հ.- Ձեզ աւելի շատ ընկալում են որպէս զօրավա՞ր, թէ՞ որպէս քաղաքական գործիչ:
Պ.- Անշուշտ, հիմա զինուորական ծառայութիւն չեմ ծաւալում եւ աշխատում եմ որպէս նախարար, բայց որեւէ հարց, որ պէտք է լուծուի կառավարութեան եւ բանակի միջեւ, Փանոսը միշտ այդտեղ է:
Հ.- Լիբանանում որքանո՞վ է ընդունուած, որ բարձրաստիճան զինուորականը կամ զօրավարը պիզնըս կամ կալուածներ ունենայ:
Պ.- Զինուորականը կարող է տուն ունենալ, հող ունենալ, բայց` ոչ պիզնըս: Լիբանանում արգելուած է անձնական պիզնըս ունենալ: Նա նաեւ չի կարող ազատ ժամանակ ունենալ որեւէ այլ գործով զբաղուել: Դա բացարձակապէս արգելուած է: Քանի որ հիմա ընտրութեան օրեր են Հայաստանում, ասեմ, որ Լիբանանի բանակում կամ ոստիկանական, գաղտնի ծառայութիւններում ոեւէ մէկը չի կարող մասնակցել ընտրութեան: Դա բացարձակապէս արգելուած է: Ո՛չ զօրավարը, ո՛չ զինուորը չեն կարող մասնակցել ընտրութիւններին: Ընդհանուր հրամանատարից մինչեւ յետին զինուոր` չեն կարող մասնակցել ընտրութիւններին, որպէսզի ոեւէ մէկը չշահագործի նրանց` լինի դա կրօնական, կուսակցական կամ պետ-ստորադաս հարցերում:
Զինուորական հագուստ հագնող անձը չի մասնակցում ընտրութիւններին: Ինչպէս նաեւ զինուորականն իր կեանքում չի կարող ունենալ քաղաքական գործունէութիւն: Նոյնիսկ երբ աղջկաս հարսանիքն էր, եւ պէտք էր հրաւիրէի հարազատ քաղաքական դէմքերի, ես դրա համար հրաման խնդրեցի ղեկավարութիւնից: Այսինքն արտօնութիւն պիտի առնեմ աղջկաս կամ տղայիս հրաւէրների համար: Զինուորականն իրաւունք չունի կուսակցութեան անդամ դառնալ: Այն օրը, երբ զինուորագրւում ես, պէտք է հրաժարական տաս կուսակցութիւնից, իսկ եթէ պարզուի, որ կուսակցական գործունէութեան մէջ ես, կը պատժուես եւ կը վտարուես բանակից:
Հ.- Որ՞ն էք համարում ձեր ամենամեծ կորուստն ու ձեռքբերումը:
Պ.- Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ ինձ` որպէս հայ մարդու, յաջողուեց հասնել գագաթնակէտին, թէեւ ես հասայ արեան եւ քրտինքի գնով: Եւ, Փառք Աստծոյ, փառքով եւ պատուով էլ դուրս եկայ բանակից: Կորուստը՞… չեմ կարող ասել: Իմ գործի մէջ կորուստ չեմ ունեցել: Ցաւ կամ վախ ունեմ, որ իմ տեղը լցնողները քիչ են: Հայ անունով մարդիկ կան, բայց հայ գործունեայ մարդիկ քիչ են: Ես կարգապահ զինուոր եմ եղել: Կարգապահութիւնը փոխանցուել է նաեւ նախարարի պաշտօնիս: Երբ նախարար դառնալու առաջին օրը գնացի աշխատանքի ժամը 7:00-ին, ներկաներն ասացին, թէ այնքան ուրախ են, որ աշխատանքի եմ գնացել ժամը 7:00-ին: Մինչդեռ, 1,5 տարի է` ես աշխատանքի եմ գնում ճիշտ նոյն ժամին: Նոյնը եղել է նաեւ զինուորական կեանքում, երբ իմ գրասենեակում էի լինում ժամը 6:30-ին: Նոյն կարգապահութիւնը կայ նաեւ իմ ընտանիքում, որտեղ իւրաքանչիւրն ունի իր իրաւունքն ու պարտականութիւնը: Երեխաներս 2-3 տարեկանից գիտէին, որ մաման տան սպասուհին չէ, որ, երբ տնից բացակայում եմ, իսկ ես շատ յաճախ բացակայում էի ամիսներով, նրանք գիտէին, որ տան պատասխանատուն դառնում է մայրը:
Հ.- Ին՞չ դժուարութիւններ էք ունեցել:
Պ.- Նախ, ինչպէս ասացի, բանակ գնալս պայմանաւորուած էր նիւթական պատճառներով: Հանգուցեալ հայրս այն ժամանակ 260 լիբանանեան ոսկի էր ստանում, իսկ իմ ուսման համար անհրաժեշտ էր դրա տասնապատիկը: Ես քաջութիւն ունեմ պատմելու, թէ ո՞ւր էի եւ հիմա ո՞ւր եմ: 95 թ. զօրավար-գնդապետ էի, սակայն ունէի 3000 տոլար արժողութեամբ մի ինքնաշարժ: Մի օր հայրս ասաց. «Փանոս, դուն զօրավար ես, յարմար կը տեսնե՞ս քեզ այդ ինքնաշարժը»: Պատասխանեցի. «Հայրիկ, կը կարծես` անճաշա՞կ եմ»: «Ոչ՛, ճաշակաւոր ես…», արձագանգեց հայրս: Ես կարողացայ իմ աշխատավարձով բարձրագոյն կրթութիւն տալ զաւակներիս, տան ապրուստը հոգալ, վճարները տալ… Ես ամէն ինչ սկսեցի զերոյից` ո՛չ հարուստի զաւակ էի, ո՛չ էլ պապենական ժառանգութիւն ունէի: Երբ գնդապետ-զօրավար դարձայ` ստանում էի 2600 տոլար, եւ այդ գումարով կարողանում էի տան վճարումներն անել, կահկարասի գնել, եւ նոյնիսկ երկու զաւակներիս համար փոքրիկ ինքնաշարժներ գնեցի: Որդուս ընկերներից մէկը մի օր ասել էր նրան. «Դուն զօրավարի տղայ ես, սա՞ է քո ինքնաշարժը»: «Այս ինքնաշարժը փաստ է, որ հայրս գող չէ: Եթէ գող ըլլար, շատ աւելի լաւ ինքնաշարժ կ՛ունենայի»,- պատասխանել էր տղաս:
Հ.- Լիբանանի պաշտպանութեան բանակում զօրավար Մանճեանը մեծ հեղինակութիւն ունի: Ո՞վ է զօրավար Մանճեանը:
Պ.- Ես շատ մարդիկ եմ պատժել, բայց ոեւէ մէկի հանդէպ գէշութիւն չեմ արել: Իմ ղեկավարութիւնը որտեղ ուղարկում էր ինձ, այնտեղ գնում-կռւում էի: Զինուորների հետ շահի հարց չեմ ունեցել: Վաճառականութեամբ չեմ զբաղուել: 30 տարի առաջուայ իմ զինուորներին անուն-մականունով եմ յիշում, ովքեր առիթներին ինձ հեռաձայնում են: Դա է եղել իմ հարստութիւնը Պաշտպանութեան բանակում (մեղմ ժպտում է.- Մ.Մ.):

