Մօրս Գերեզմանին
Վանայ ծովի չքնաղ ափին,
Աղթամարի յանդիման,
Գիւղակը մեր տանող ճամբին`
Կայ մի անշուք գերեզման:
Ո՞վ է հանգչում այդ հողի տակ
Յաւերժական խաւարում,
Ո՞վ է այդպէս անյիշատակ,
Անշիրմաքար, անանուն,
Մեղմիկ ձայնով, անդուլ կանչով`
Հեռուներից կանչում տուն:
Այդ իմ մայրն է,
Լսում էք դուք,
Իմ կենսատուն, իմ հոգին,
Փոքրիկ էի, թիթեռ մանուկ
Թառած իմ մօր լոյս կրծքին,
Երբ թշնամու ահեղ սուրը
Ինձ բաժանեց իմ մօրից…
Անուշ մայր իմ,
Կը գամ կրկին,
Հայոց չքնաղ սարերից,
Փունջ փունջ ծաղիկ կը քաղեմ,
Որ քո անբիծ, տրտմաթախիծ
Գերեզմանդ զարդարեմ,
Որ չի մրսի` յաւերժ հոգիդ
Գերեզմանի ցուրտ հողում,
Որ քո միակ փոքրիկ տղէն
Որբ չմնայ աշխարհում:
ՍԱՐՄԷՆ
CATEGORIES Անդրադարձ

