Վեհամօր Աւետարանը Մի՛ Խառնէք Շարժմանը. Րաֆֆին Ձեռնոց Է Նետում Մայր Աթոռին Եւ Վեհափառին

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Երեւանի Ազատութեան հրապարակում մարտի 10-ից հացադուլի մէջ գտնուող Րաֆֆի Յովհաննէսեանը, ով համոզուած է, որ փետրուարի 18-ի նախագահական ընտրութիւններում հէնց ինքն է ընտրուել Հայաստանի նախագահի պաշտօնում, այլ ոչ թէ` Սերժ Սարգսեանը, անյարմար վիճակ է ստեղծել Հայ առաքելական եկեղեցու Մայր Աթոռի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի համար:

Բացառութեամբ Հայաստանի նախագահական առաջին` 1991-ի ընտրութիւնների, միւս բոլոր ընտրութիւնների պաշտօնական արդիւնքները վիճարկուել են, եւ երկրորդը ճանաչուած թեկնածուն Սահմանադրական դատարան դիմելու, ժողովրդին փողոցներ ու հրապարակներ դուրս բերելու կամ այլ ճանապարհներով փորձել է հասնել նրան, որ յաղթող հռչակուած նախագահը հրաժարական տայ, անցկացուի երկրորդ փուլ եւ կամ արդիւնքները անվաւեր ճանաչուեն ու կազմակերպուեն նոր ընտրութիւններ: Իշխանութիւնները սակայն, չեն գնացել փոխզիջումների, եւ մի քանի դէպքերում` 1996-ին եւ 2008-ին, արձանագրուել են բախումներ, բռնութիւններ, ձերբակալութիւններ ու մարդկային զոհեր:

Նախագահական վերջին երկու ընտրութիւններում ներքաղաքական գործընթացների մէջ ներքաշուել է նաեւ Հայ առաքելական եկեղեցին` Մայր Աթոռը եւ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ.-ն: 2008 թուականի ընտրութիւններից յետոյ, երբ փողոց դուրս եկած ընդդիմութեան եւ իշխանութիւնների միջեւ բախումը դառնում էր ակնյայտ, Գարեգին Բ. վեհափառը սպասուող արիւնահեղութիւնը կանխելու ակնկալիքով այցելեց Լեւոն Տէր Պետրոսեանի առանձնատուն, սակայն առաջին նախագահը նրան չընդունեց` ակնարկելով, որ Ամենայն հայոցը սխալ հասցէով է եկել եւ բռնութիւնները դադարեցնելու կոչով պէտք է գնալ Ռոպերթ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի մօտ, քանի որ նրանց հրամանով է ուժ գործադրւում անզէն քաղաքացիների նկատմամբ: Տէր Պետրոսեանի քայլը, լայն հաշուով, այնքան էլ ընկալելի չէր հայ հասարակութեան համար, քանի որ Ամենայն հայոցի առաջ իր տան դուռը առաջին նախագահը չէր բացել:

Ի տարբերութիւն Տէր Պետրոսեանի, ով Հայաստանի հասարակութեան մի լայն հատուածի համար ընդունելի, իսկ մէկ այլ լայն հատուածի համար պարզապէս անընդունելի գործիչ է, Րաֆֆի Յովհաննէսեանի անձի նկատմամբ հայ հանրութեան վերաբերմունքը գերազանցապէս դրական է: Հետեւաբար, մէկ բան է, երբ Տէր Պետրոսեանն էր քննադատում Ամենայն հայոցին, բոլորովին այլ բան, երբ Հայ առաքելական եկեղեցուն եւ նրա գործունէութեանն է անդրադառնում Րաֆֆի Յովհաննէսեանը:

Մարտի 10-ի հանրահաւաքում Յովհաննէսեանը բառացիօրէն յայտարարեց. «Եթէ վեհափառ հայրապետը պղծի Աստուածաշունչը` օրհնելով ժողովրդի հակասող, խեղող, ծաղրող թեկնածուին, դա իրենք կ՛անեն իմ դիակի վրայ»: Ինչպէս յայտնի է` Հայաստանի նախագահը պաշտօնամուտի արարողութեան ընթացքում երդում է տալիս` ձեռքը դնելով սահմանադրութեան մայր օրինակի եւ եօթներորդ դարի «Վեհամօր Աւետարանի» վրայ: Այսպիսով, Րաֆֆի Յովհաննէսեանը մարտահրաւէր է նետում Ամենայն հայոցին` երդմնակալութեան օրը` ապրիլի 9-ին, թոյլ չտալ «պղծել Տիրամօր Աւետարանը»: Հայաստանի նոր շրջանի պատմութեան մէջ սա առաջին դէպքն է, երբ Մայր Աթոռին նման յորդորով դիմում է քաղաքական գործիչը:

Մայր Աթոռը, ի պատասխան, մարտի 15-ին տարածեց հաղորդագրութիւն` օգտագործելով քաղաքական բառապաշար եւ կրկին բացայայտ պաշտպանելով Սերժ Սարգսեանին: «Նկատի առնելով Հայաստանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի, դիտորդական առաքելութիւնների զեկոյցներն ու գնահատականները, ինչպէս նաեւ այլ տեղեկատուական նիւթերը` Մայր աթոռ Ս.  Էջմիածինը յստակ արտայայտել է իր կեցուածքն ընտրութեան արդիւնքների վերաբերեալ եւ անընդունելի է նկատում, երբ փորձ է արւում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, հայոց հայրապետին եւ անգամ Հայաստանի նախագահի երդման արարողութեանը գործածուող Վեհամօր Աւետարանը: Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք աղօթքի եւ կոչ ուղղում առաջնորդուել եղբայրասիրութեան ու համերաշխութեան ոգով` զերծ մնալով անհանդուրժողականութեան եւ ատելութեան դրսեւորումներից: Յորդորում ենք նաեւ տիար Րաֆֆի Յովհաննէսեանին` դադարեցնել հացադուլը եւ ընտրել քաղաքական պայքարի առաւել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստուածատուր կեանքին սպառնացող գործողութիւն է», ասւում էր Մայր Աթոռի տարածած յայտարարութեան մէջ:

Ի պատասխան, Յովհաննէսեանը մարտի 15-ի հանրահաւաքում յայտարարեց, որ իր ղեկավարած ժողովրդական շարժումը երբեք քաղաքական շահարկման չի դիմել եւ կոչ արեց «Վեհամօր Աւետարանը չմտցնել այս քաղաքացիական պայքարի մէջ»:

Յովհաննէսեանը արդէն քանի օր հացադուլի մէջ է, սակայն ոեւէ հոգեւորական չի այցելել նրան: Յովհաննէսեանը ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու զաւակ է, այլ` քաղաքական գործիչ, ով Հայաստանում գերազանցապէս դրական ընկալում ունի, իսկ փետրուարի 18-ի նախագահական ընտրութիւններում, ըստ պաշտօնական տուեալների, ստացել է շուրջ 540 հազար քուէ: Հետեւաբար, երբ Մայր Աթոռը բացայայտ անտարբերութեան է մատնում Յովհաննէսեանի հացադուլն ու Ազատութեան հրապարակ այցելող տասնեակ հազարաւոր Հայ առաքելական եկեղեցու զաւակների մտահոգութիւնը, բողոքը, զայրոյթը, ցասումը, ապա դրանով առաջին հերթին իր` հասարակութեան մէջ ունեցած դիրքն ու  հեղինակութիւնն է սասանում:

Անշուշտ, եկեղեցին, ըստ գրուած ու չգրուած օրէնքների, անջատ է Հայաստանի ներքին քաղաքականութիւնից ու քաղաքական գործընթացներից: Իրականում, սակայն, վերջին տարիներին հասարակութեան ընկալումը Մայր Աթոռի եւ Ամենայն հայոց Գարեգին Բ. վեհափառ հայրապետի հանդէպ կրել է շօշափելի փոփոխութիւններ: Եւ դրա պատճառը ոչ այնքան հասարակութիւնն է, որքան եկեղեցու եւ հոգեւորականութեան կեցուածքը: Երբ Արարատեան հայրապետական թեմի առաջնորդը իշխող Հանրապետական կուսակցութեան ձեռնարկների անբաժանելի մաս է կազմում, իսկ Մայր Աթոռը բացայայտ կանգնում գործող նախագահի կողքին, ապա հասարակութեան ընկալումը դառնում է տրամաբանական: Երբ Հայ առաքելական սուրբ եկեղեցին բացայայտ պաշտպանում է օրուայ իշխանութիւններին, ապա պէտք է պատրաստ լինի նաեւ քննադատութիւն լսելուն:

Եւ վերջինը` Հայաստանում, հայ հասարակութեան շրջանում ջարդուել է այն թապուն, թէ քաղաքական գործիչները, մտաւորականները կամ լրատուամիջոցները պէտք չէ քննադատեն Հայ առաքելական եկեղեցուն եւ Ամենայն հայոց հայրապետին:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES