Ռուսաստան-Թուրքիա. Անուղղակի Ռազմաքաղաքական Դիմակայութեան Ուժեղացում

ՍԵՐԳԷՅ ՍԱՐԳՍԵԱՆ

Ռուսաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւններն այն ընթացքում, երբ նրանք գտնուել են պատերազմական վիճակում, յիշեցնում են ռազմաքաղաքական ճատրակի միաժամանակեայ խաղ աշխարհագրօրէն բաժանուած խաղատախտակների վրայ. իւրաքանչիւր կողմ իր տրամաբանութիւնն ունի, իր ինթրիկը, իր խաղաքարերը, բայց դրանք բոլորն էլ փոխկապակցուած են եւ նոյն մեծ խճանկարի մասերն են հանդիսանում: Ընդ որում, որքան աւելի շատ է Անգարան ինքնուրոյն, արտադաշինքային արտաքին քաղաքական աշխուժութիւն ցուցաբերում, այնքան աւելի յաճախ ու աւելի նկատելիօրէն է նրա վարած քաղաքականութիւնը հակասում Մոսկուայի շահերին:

Միջնորդաւորուած դիմակայութեան տարրերը տարբեր ուժգնութեամբ դրսեւորւում են Մոլտովայից, Խրիմից, Հիւսիսային ու Հարաւային Կովկասից մինչեւ Ուրալ եւ Կենտրոնական Ասիա: Վերջին երկու տարիներին այս պետութիւնների արտաքին քաղաքականութեան մէջ նրանց շահերի բախման նոր կէտ դարձաւ Սուրիան:

Ռուսաստանը խիստ շահագրգռուած է, որ, առաջին հերթին, շարունակուի, իսկ այնուհետեւ` նաեւ թափ ստանայ Թարթուսի իր ռազմածովային խարիսխի շահագործումը եւ պահպանուի սպառազինութիւնների ու ռազմական սարքերի սուրիական շուկան իր ռազմարդիւնաբերական համալիրի արտադրանքի համար:

Թուրքիայի շահերը պայմանաւորուած են նրանով, որ այդ երկիրը ջանում է առհասարակ աշխուժացնել իր արտաքին քաղաքականութիւնը բոլոր ուղղութիւններով, յատկապէս նախկին Օսմանեան կայսրութեան սահմաններում: Եւ Սուրիայում այդ երկիրը նպատակ ունի լուծել հետեւեալ խնդիրները.

– Թոյլ չտալ, որպէսզի քրտական հոծ բնակչութիւն ունեցող շրջաններն օգտագործուեն որպէս Թուրքիայի Քրտական աշխատաւորական կուսակցութեան (ՔԱԿ) թիկունքային խարիսխներ,
– Թոյլ չտալ, որպէսզի ՔԱԿ-ը այս կամ այն ճանապարհով արդիական սպառազինութիւն ձեռք բերի սուրիական ռազմական պահեստներից,
– Իշխանազրկել Սուրիական Արաբական Հանրապետութեան ալեւիական վերնախաւին,
– Դիմակայել Իրանին` նպատակ ունենալով միանձնեայ առաջատար լինել տարածաշրջանում եւ այլն:

Փութին եւ Էրտողան

Դրանց հիմնանպատակը Ռուսաստանի շահերին վնասելը չէ, բայց առարկայականօրէն եւ անկախ Թուրքիայի նպատակադրութիւններից, փաստօրէն, դրան են յանգեցնում:

Թուրքիայի (ինչպէս եւ Իսրայէլի) գործողութիւնների տրամաբանութիւնը հիմնուած է այն բանի վրայ, որ Սուրիայում ներքաղաքական իրավիճակը յանգի ապակայունացման անդառնալի գործընթացի, որն անցում կը կատարի շարունակական անկայունութեան վիճակի` միտում ունենալով սպառնալիօրէն վերաճելու ընկերային-տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրների:

Ներկայում Պաշար Ասատի իշխող վարչակարգին դիմակայող զինուած ընդդիմութիւնը բաղկացած է.

– Սուրիական ազատ բանակից,
– «Իսլամ եղբայրներ» շարժման զինեալներից,
– «Քայիտայի» հետ կապուած ծայրայեղականներից եւ ճիհատականներից,
– ինքնուրոյն գործող մանր, տարանջատուած խմբաւորումներից:

Դրանցից իւրաքանչիւրը Սուրիայի տարածքում աջակցութեան իր յենակէտն ունի, ինչպէս նաեւ կարգաւորուած են արտասահմանեան օգնութեան ուղիները: Այդ խմբերն ընդհանուր առմամբ կամ մասնաւորապէս պատրաստ են, ելնելով իրենց մարտավարական շահերից, ստեղծել ժամանակաւոր իրավիճակային դաշինքներ: Դրանցից իւրաքանչիւրում զգալի բաժին են կազմում կամաւորականներն ու վարձկանները` հիմնականում սիւննիադաւան մի շարք երկրներից:

Այս իրավիճակում առանց սահմանի յուսալի պաշտպանութեան, ինչը Սուրիայի պայմաններում գրեթէ անիրականանալի է, դեռ կարելի է նուազեցնել ծայրայեղականների աշխուժութիւնը, բայց լիակատար յաղթանակ տանել նրանց հանդէպ հազիւ թէ յաջողուի: Նրանք դեռ բաւականաչափ նիւթական, ֆինանսական եւ մարդկային միջոցներ ունեն` ներքաղաքական իրավիճակի «խափանումը» շարունակելու համար: Երկարատեւ քաղաքացիական պատերազմից, գաղափարախօսական տարբեր հոսանքների պատկանող խմբաւորումների ահաբեկչական գործունէութիւնից, ընկերային-տնտեսական դրութեան վատթարացումից առաջացող հոգեբանական յոգնածութեան աստիճանական խտացումը կը յանգեցնի այն բանին, որ ճգնաժամից ելքի որոնումը կ՛ուղղուի գործող իշխանութիւնը փոխելու կողմը:

Սակայն Սուրիայի անգամ վերահսկելի եւ չափաւոր (ինչպէս երազում են Արեւմուտքում) իսլամացումը` երկրի հակաասատեան ժողովրդավարականացման տեսքով, ինչպէս թուրքական, այնպէս էլ եգիպտական ձեւով, անպայման կը յանգեցնի ինչպէս Սուրիոյ  ալեւիների, այնպէս էլ քրիստոնեաների եւ քիւրտ բնակչութեան դրութեան վատթարացման: Ուստի, երկրում իրավիճակի կայունութեան պահպանմամբ (գործող իշխանական վերնախաւի պահպանմամբ), ինչը պնդում է Ռուսաստանը, շահագրգիռ է նաեւ սուրիահայ համայնքը:

Պ

Մետվետեւ եւ Կիւլ

աշտօնական Դամասկոսին աջակցութեան եւ Պ. Ասատի ուժային իշխանազրկումը չընդունելու դրսեւորում էր յունուարի երկրորդ կէսին միջերկրածովեան եւ սեւծովեան ջրաւազաններում ռազմածովային զօրավարժութիւնների անցկացումը` երեք նաւատորմերի (սեւծովեան, Պալթեան եւ հիւսիսային) աւելի քան 20 նաւերի եւ երեք սուզանաւերի (այդ թւում եւ մէկ հիւլէական) մասնակցութեամբ: Դրանց թւում էին` Հիւսիսային նաւատորմի «Սեւերոմորսկ» մեծ նաւը, սեւծովեան նաւատորմի ցամաքահանման մեծ «Ազով», «Սարաթով» նաւերը եւ պաշտպանութեան «Մոսկուա» հրթիռակիր յածանաւը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Լաւրովի խօսքերով` «Մենք շահագրգռուած չենք, որպէսզի Միջերկրական ծովի շրջանն էլ աւելի ապակայունանայ, եւ մեր նաւատորմի ներկայութիւնն այնտեղ իրադրութեան կայունացման անվերապահ գործօն է»:

Իսկ եթէ բեմագրութիւնը զարգանայ երկրի վերջնական ապակայունացման եւ տարանջատման ուղով, ալեւիա-քրիստոնէական պետութեան առաջացումը Միջերկրական ծովի ափին աւելի նախընտրելի է թւում, քան սուրիահայերի վերջնական դուրսմղումը Սուրիայից` մերձաւորարեւելեան մի քանի այլ պետութիւնների օրինակով:

Օգտուելով այն փաստից, որ Սուրիային սահմանակից տարածքում, որտեղ ծանր մարտեր էին մղւում կառավարական զօրքերի եւ զինեալների միջեւ, իր սահմանամերձ շրջաններն ականանետային գնդակոծութեան են ենթարկուել, Թուրքիան չսահմանափակուեց սուրիական զինուորականների դիրքերին պատասխան հրետանային հարուածներ հասցնելով, որոնց մասնակցութիւնը միջադէպերին այդպէս էլ չապացուցուեց, եւ պահանջեց ՕԹԱՆ-ի իր գործընկեր պետութիւններից օգնութիւն ցուցաբերել եւ հակօդային պաշտպանութեան միջոցներ տեղակայել:

Ըստ պաշտօնական վարկածի, ժամանակաւորապէս եւ բացառապէս Սուրիայի հետ հարաւային սահմանն ապահովելու համար ընդհանուր առմամբ Թուրքիային է մատակարարուել «Փաթրիոթ» զենիթահրթիռային համալիրի վեց մարտկոց (երկուական Միացեալ Նահանգներից, Գերմանիայից եւ Հոլանտայից), իսկ յունուարի վերջից դրանք սկսել են մարտական հերթապահութիւն իրականացնել:

Ուշագրաւ է նաեւ դրանց տեղակայման վայրը` Ատանա (սուրիական սահմանից մօտ 120 քմ հեռաւորութեամբ), Մարաշ (մօտ 90 քմ հեռու) եւ Այնթապ (մօտ 45 քմ հեռու) քաղաքների շրջանում: Հաշուի առնելով այն, որ զենիթահրթիռային այս համալիրի հեռահարութիւնը կազմում է 80 քմ-ից ոչ աւելի, կարելի է ենթադրել, որ «Փաթրիոթ» մարտկոցների առաջնահերթ խնդիրը, այնուամենայնիւ, դառնալու է ՕԹԱՆ ռազմական առարկաների եւ, մասնաւորապէս, Ինճիրլիքի օդային խարիսխի, այլ ոչ թէ երկրի սահմանամերձ բնակավայրերի ծածկումը:

Սակայն Սուրիայի` ՕԹԱՆ-ի անդամ Թուրքիային կենտրոնացուած հարուածներ հասցնելու հեռանկարը ներքաղաքական ռազմական շարունակուող հակամարտութեան պայմաններում գրեթէ զերոյի է հաւասար, եւ դա այլ կերպ, քան Պ. Ասատի ինքնասպանութիւն չես անուանի: Բայցեւ չարժէ լիովին բացառել սուրիական զինեալների եւ նրանց աջակցող արտաքին ուժերի` ինչպէս Թուրքիային, այնպէս էլ ընդհանրապէս ՕԹԱՆ-ին սուրիական կառավարական զօրքերին պատասխան ռազմական գործողութեան սադրելու փորձերը: Յատկապէս սուրիական «Ուաթան» թերթի այն տեղեկատուութեան խորապատկերին, թէ զինեալների խմբի աջակցութեամբ չորս թուրքական կործանիչ օդաչուներ գաղտնի ներխուժել են ռազմական «Քուէրես» օդակայան (Հալէպի նահանգ). Թուրքիայի Զինեալ ուժերի գլխաւոր սպայակոյտը նոյն օրը պաշտօնապէս հերքեց լուրը` նոյնիսկ չստուգելով այն:

Սուրիայից բացի, Ռուսաստանի համար Թուրքիայի եւ Ազրպէյճանի տհաճ քայլ էր Ռազմավարական համագործակցութեան բարձր մակարդակով անցկացուող երկրորդ նիստի տեղափոխումը Պաքուից Կապալա: Հանդիպումը, որին մասնակցում էին Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը, աւարտուեց 2012 թ. սեպտեմբերի 11-ին, «եօթ փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք իրենց նշանակալիութեամբ առանձնապէս չեն համապատասխանում հանդիպման բարձր կարգավիճակին». դրանք վերաբերում էին չափագիտութեանը, հեռուստաընկերութիւններին, բեռնափոխադրումներին, փրկարար ծառայութիւններին եւ սերմնաբուծութեանը: Ինչպէս յայտնի է, Ազրպէյճանը Ռուսաստանին նախապէս անընդունելի պայմաններ է առաջարկել Կապալայի Ռատարի կայանի շահագործումը շարունակելու եւ կայանն սպասարկող զինծառայողներին ու նրանց ընտանիքներին տարհանելու վերաբերեալ, եւ այս խորապատկերին դա ոչ միայն պարզապէս մանր խայթոց էր Մոսկուայի համար, այլեւ վկայութիւն, որ Պաքուն վերջնականապէս փոխում է իր արտաքին քաղաքական գերակայութիւնները:

Կապալայի ռատարը

Կապալայի Ռատարի կայանի հետ կապուած` Ռուսաստան-Ազրպէյճան համագործակցութեան դադարեցման հնչեցուող պատճառներից մէկն էլ այն փաստն է, որ դրա հսկողութեան գօտում են գտնւում Ազրպէյճանի հետ բարեկամական յարաբերութիւնների մէջ գտնուող գրեթէ բոլոր իսլամական պետութիւնները, այդ թւում եւ Թուրքիան: Ինքը` Թուրքիան, դեռ 2011թ. սեպտեմբերի 14-ին Միացեալ Նահանգների հետ յուշագիր էր ստորագրել իր տարածքում AN/TPY-2 ռատարի կայան (նախկին անուանումը` FBR-T – Forward Based Radar -Transportable) տեղակայելու մասին, որը նախատեսուած է թռիչքի աշխուժ գօտում պալիստիկ հրթիռների յայտնաբերման, ճանաչման եւ ուղեկցման համար: Մտայղացման համաձայն` ստացուած տուեալներն այն պէտք է փոխանցի Միացեալ Նահանգների ծովուժի նաւերին, որոնք կրում են «Aegis» հակահրթիռային պաշտպանութեան համակարգ, որն էլ անմիջապէս որսալու է դրանք: Շուտով ռատարը տեղակայուեց Թուրքիայի հարաւ-արեւելքում, Մալաթիայի նահանգի Քուլունճակ գաւառում: Սակայն, ռուս փորձագէտների կարծիքով, թիրախի յայտնաբերման 2000 քմ հեռահարութիւն ունեցող այդ ռատարի հիմնական խնդիրներից մէկը նաեւ Հարաւային Կովկասի, Կենտրոնական Ասիայի մի մասի, ինչպէս նաեւ Ռուսաստանի հարաւի օդային տարածքի վերահսկումն է, մասնաւորապէս` հրաձգարաններից փորձնական նպատակներով բաց թողնուած ռուսական հրթիռներին հետեւելը:

«Փաթրիոթ»ները Թուրքիոյ մէջ

Ինչեւէ, Թուրքիայում Միացեալ Նահանգներու հակահրթիռային համակարգի ռատարի, «Փաթրիոթ» հրթիռների յայտ գալը, մեր կարծիքով, կարող է յարմար առիթ հանդիսանալ Ռուսաստանի համար` հզօրացնելու Հայաստանի տարածքում գտնուող 102-րդ ռուսական ռազմակայանը Հակօդային եւ հակահրթիռային պաշտպանութեան եւ ՀՀՊ համակարգերի ինչպէս ռադիօէլեկտրոնային, այնպէս էլ անմիջականօրէն կրակային ճնշման միջոցներով:

2013թ. յունուարի վերջին օրերին Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Ս. Շոյկուի Հայաստան կատարած այցի ընթացքում հերթական անգամ հաստատուեց երկու կողմերի` համատեղ անվտանգութեան, ռազմաքաղաքական եւ ռազմաարհեստագիտական համագործակցութեան ամրապնդման ձգտումը` այդ թւում ուղղուած նաեւ այն բանին, որպէսզի չթոյլատրուի ղարաբաղեան հիմնախնդրի լուծման ռազմական տարբերակը:

Ռուսաստանի անհամաչափ պատասխանի մէջ օրկանապէս ներգրւում է նաեւ Ռուսաստանի Ռազմածովային նաւատորմի գլխաւոր հրամանատարութեան առաջարկութիւնը «Պասթիոն» մերձափնեայ շարժական հրթիռային համալիրների չորրորդ մարտկոցով 11-րդ առանձին մերձափնեայ հրթիռահրետանային զօրամասի մը  (Ուտաշ աւան, Ռուսիոյ Քրասնոտարի երկրամասի Անապայ քաղաքից ոչ հեռու) հզօրացնելու մասին: Մինչ այդ քննարկւում էր այն տեղակայել Քուրիլեան կղզիներում: Ըստ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան ծրագրերի` չորս «Պասթիոն» համալիր ունեցող մարտկոցը սպառազինութեան մէջ է մտնելու 2014 թուականից:

Համալիրը կարող է ոչնչացնել վերջրեայ ամէն տեսակ նաւեր, ինչպէս մէկ, այնպէս էլ ցամաքահանման թիրախներ, օդանաւակիրներ, հարուածային խմբեր կրակային եւ ռատիօ ելեկտրոնային հակադարձման պայմաններում: «Պասթիոնը» թիրախը կարող է ոչնչացնել հականաւային «Օնիքս» հրթիռներով 300 քմ հեռաւորութիւնից եւ 600 քմ երկայնքով մերձափնեայ տարածք ծածկել հակառակորդի ցամաքահանման գործողութիւններից:

Դա հաւասարակշռութեան կը բերի ռազմածովային ուժերը, ինչը սեւծովեան նաւատորմի բաժանումից եւ վերջին երկու տասնամեակների տնտեսական դժուարութիւններից յետոյ փոխուել էր ոչ յօգուտ Ռուսաստանի: Սեւ ծովի ջրաւազանում պարբերաբար եւ կարճ ժամանակով մտնող ՕԹԱՆ-ի նաւերի (բացի Պուլկարիոյ եւ Ռումանիոյ ծովուժներից) հետ մէկտեղ` «Պասթիոնի» հաւանական թիրախ են Թուրքիայի ծովուժի նաւերը:

Միեւնոյն ժամանակ, Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական յարաբերութիւններում առկայ եւ անընդհատ խորացող միջնորդաւորուած տարաձայնութիւնները, արեւելեան դիւանագիտութեան բոլոր կանոնների համաձայն, ուղեկցւում են ուղղակի քաղաքական-դիւանագիտական աշխուժութեամբ եւ փոխշահաւէտ տնտեսական համագործակցութեամբ: Իրականացւում են «Հարաւային հոսք» կազատարի ծովային հատուածի շինարարութիւնն սկսելուն ուղղուած մի շարք միջոցառումներ, բանակցութիւններ են վարւում Թուրքիայի Հանրապետութեանը մատակարարուող բնական կազն աւելացնել տարեկան 3 միլիառ խորանարդ մեթր, աճում է ապրանքաշրջանառութիւնը (2012թ.` 11 առ հարիւրով, մինչեւ $33 միլիառ):

Աւելին, երկու երկրների փոխյարաբերութիւնների նոր փուլ դարձաւ այն, որ Անգարան հրաւիրուեց մասնակցելու եւրասիական համարկման նախագծին, թէեւ այն նոյն պատճառներով, որոնք առկայ են այդ երկրի` Եւրամիութեանն անդամակցելու հարցում, Թուրքիան գրեթէ առիթ չունի դառնալու ձեւաւորուող Եւրասիական միութեան լիիրաւ անդամ: Ցանկացած այլ կարգավիճակ ենթադրում է այստեղ Թուրքիայի գտնուելը որպէս կրտսեր գործընկեր, ինչը ձեռնտու է Մոսկուային, Աստանային եւ Մինսքին, բայց ոչ երբեք Անգարային:

Եւ թէեւ իր արտաքին քաղաքականութեան «արեւմտեան» ուղղուածութեան իրական հակակշիռ կամ ձեւական հաւասարակշռութիւն ստեղծելու համար Անգարան կը փորձի կամ, գոնէ, կը ձեւացնի, թէ ամրապնդում է «արեւելեան» ուղղուածութիւնը, նրա շահերի հիմնական կիզակէտը, այնուամենայնիւ, կը գտնուի աւելի ճկուն աշխարհաքաղաքական նախագծում, որտեղ Ռուսաստանը (որի հետ յարաբերութիւններում Թուրքիան աւելի շատ խնդիրներ ու հակասութիւններ է կուտակում) միանձնեայ առաջատարը չէ. այն է` Շանկայի համագործակցութեան կազմակերպութիւնում:

(Նորավանք)

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )