ՄՈՒՃԱՀԵՏՆԵՐՆ ՈՒ ՔԱՅԻՏԱՆ ԱԶՐՊԷՅՃԱՆՈՒՄ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՄՈՒՃԱՀԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
Փաքիստանում թիւ մէկ ահաբեկիչ Ուսամա պըն Լատենի սպանութիւնը առիթ դարձաւ, որպէսզի Հայաստանում կրկին յիշեն աֆղան մուճահետների` արցախեան պատերազմում Ազրպէյճանի կողմից մասնակցութեան մասին:
«Ներգրաւուած լինելով ահաբեկչութեան դէմ միջազգային հանրութեան պայքարում` մենք կիսում ենք ամերիկացիների եւ ահաբեկչութեան դէմ բոլոր պայքարողների զգացմունքները պըն Լատենի ոչնչացման առնչութեամբ: Մեզ յատկապէս մօտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպութեան հետ առնչութիւն ունեցող անձինք ժամանակին ներգրաւուած են եղել Լեռնային Ղարաբաղի դէմ յարձակման մէջ», ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը:
Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը խորհրդարանի ամպիոնից հաստատել է, որ ԼՂՀ տարածքում արցախեան պատերազմի ժամանակ մուճահետներ են կռուել ազրպէյճանցիների կողմից, սակայն յատուկ միջոցառումների շնորհիւ` վնասազերծուել են:
Հայ պաշտօնեաների բացատրութիւնները, այդ թւում` հնչեցուած խորհրդարանի ամպիոնից, մակերեսային էին, այն դէպքում, երբ առկայ է բաւականաչափ փաստական արխիւ: Աֆղան մուճահետների` արցախեան պատերազմում Ազրպէյճանի կողմից կռուելու մասին առաջին անգամ պաշտօնապէս արտայայտուել է ԵԱՀԿ-ում Միացեալ Նահանգների ներկայացուցիչ Ճոն Քոռնպլիւմը, ով 1993-ի աշնանը Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի ամէնաշաբաթեայ նիստում մտահոգութիւն է արտայայտել Կովկասում մուճահետների ներկայութիւնը համարելով շատ վտանգաւոր զարգացում:
1993թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը նամակներ է յղում Աֆղանստանի նախագահ Պուրհանէտտին Ռապանիին եւ վարչապետ Կոլպէտտին Հիքմաթեարին, որոնցում մտահոգութիւն է արտայայտում ղարաբաղեան հակամարտութեան գօտում ազրպէյճանական ստորաբաժանումների կազմում աֆղան մուճահետների մասնակցութեան վերաբերեալ: Տէր Պետրոսեանը նամակում յոյս է յայտնում, որ դա կատարւում է առանց Աֆղանստանի ղեկավարութեան գիտութեան եւ այդ փաստերը կ՛արժանանան նրանց ուշադրութեանը: Ռապանին պատասխան ուղերձում գրում է. «Ես ստացայ եւ ուսումնասիրեցի ձեր ուղերձը որոշ անպատասխանատու աֆղանցիների մասին, ովքեր մասնակցում են ղարաբաղեան պատերազմին: Աֆղանական կողմը գիտակցում է Հայաստանի ղեկավարութեան մտահոգութիւնը: Մենք հաւանութիւն չենք տալիս ԼՂ-ում ռազմական գործողութիւններին աֆղանցի քաղաքացիների մասնակցութիւնը…
Մուճահետների անուան տակ մի քանի վարձկանների մասնակցութիւնը չի կարող վատացնել բարեկամական յարաբերութիւնները Աֆղանստանի եւ Հայաստանի միջեւ»:
Ազրպէյճանական բանակին պարտութիւնից չփրկեց նաեւ աֆղան վարձկանների ներգրաւումը, թէեւ «Հորատիզ» կայարանը վերագրաւելու հարցում նրանց դերակատարութիւնը եղել է առանցքային: Ամերիկեան «Սի. Էն. Էն.» հեռուստաընկերութիւնը 1993թ. նոյեմբերի 8-ին հաղորդել էր, որ ԼՂ-ի դէմ կռւում են մօտ 1000 աֆղան մուճահետներ: Նոյն օրը «Պոսթըն կլոպ»ը գրել էր, որ օգոստոսից մօտ 1500 աֆղան մուճահետներ վարչապետ Հիքմաթեարի կարգադրութեամբ ուղարկուել են ղարաբաղեան ճակատ: 1993թ. օգոստոսի կէսերին Հայտար Ալիեւը, ով նոր էր իշխանութեան եկել Ազրպէյճանում` տապալելով Ապուլֆազ Էլչիպէյին, գաղտնի Աֆղանստան էր գործուղել ներքին գործերի նախարարի տեղակալ Ռովշան Ճաւատովին` Հիքմաթեարի հետ պայմանաւորուելու վարձկաններ ուղարկելու հարցում: Մի քանի շաբաթ անց մուճահետները տեղաւորուել էին Մինկեչաուր քաղաքում` Լեռնային Ղարաբաղից ոչ հեռու:
Աֆղան վարձկանների թիւը եղել է 1500-2500, նրանց կենտրոնատեղին Աղդամից հիւսիս, Պաշ Քարվենդ գիւղի մօտակայքում էր: 1994թ. մարտ-ապրիլ ամիսներին` «Հիւմըն ռայց ուոչ»ի ներկայացուցիչները մուճահետներին տեսել են Պաքուի «Ազրպէյճան» հիւրանոցում, պաշտպանութեան նախարարութեան շրջակայքում եւ Պարտա քաղաքում:
Ղարաբաղեան պատերազմին Ազրպէյճանի կողմից ռուս եւ աֆղան վարձկանների մասնակցութեան մասին գրում է այն տարիներին ղարաբաղեան կարգաւորման ռուս միջնորդ, նախագահ Պորիս Ելցինի յատուկ ներկայացուցիչ Վլատիմիր Քազիմիրովը իր «Խաղաղութիւն Ղարաբաղին» յուշերի գրքում. «Ռազմական գործողութիւնների թէժ շրջանը եղաւ 1993-ին: Արդէն ոչ թէ տեղական մարտեր էին, այլ գործնականում համընդհանուր ճակատի գիծ եւ զանգուածային մարտական գործողութիւններ` ժամանակակից զէնքերի կիրառումով, ընդարձակ տարածքների զաւթմամբ: Նախաձեռնութիւնն անցաւ հայերին. ղարաբաղցիներից եւ տարբեր երկրների կամաւորներից բացի` այնտեղ մարտնչում էին Հայաստանի կանոնաւոր զօրքերը: Միւս կողմը հաւաքագրել էր տարբեր վարձկաններ, այդ թւում շատ սպաներ` Ռուսաստանի մի շարք մարզերի զինկոմիսարիատների միջոցով եւ շուրջ երկու հազար աֆղան մուճահետներ»:
Արցախեան պատերազմին Ազրպէյճանի կողմից աշխուժ մասնակցութիւն են ունեցել նաեւ չեչեն ահաբեկիչները, որոնք հետագայ տարիներին մի շարք զարհուրելի գործողութիւններ իրականացրին Ռուսաստանի տարածքում, որոնց գագաթնակէտը Հիւսիսային Օսեթիայի Պեսլան քաղաքի դպրոցներից մէկում կատարուած մանկասպանութիւնն էր: Այդ ահաբեկիչներից մէկը` Շամիլ Պասայեւը, ով ռուսական յատուկ ջոկատայինների կողմից սպաննուեց մի քանի տարի առաջ, ժամանակին ազրպէյճանական «Էյ. Էն. Էս.» հեռուստաընկերութեանը պատմել է, թէ ինչպէս էին ազրպէյճանցի զինուորները փախչում Շուշիից:
Ի դէպ, բաւականաչափ փաստական նիւթեր կան նաեւ ահաբեկչական Քայիտայի Ազրպէյճանում ծաւալած գործունէութեան մասին: Ազրպէյճանը դասուել է այն 34 երկրների շարքին, որոնք, համաձայն ամերիկեան հետախուզական աղբիւրների, կապեր են ունեցել Ուսամա պըն Լատենի Քայիտա ահաբեկչական կազմակերպութեան հետ: Ազրպէյճանում ահաբեկչական խմբաւորումները գործունէութիւն են ծաւալել սկսած 1990-ական թուականներից: Մասնաւորապէս, Ազրպէյճանում առաւել աշխուժ է եղել Եգիպտոսի Իսլամական ժիհատ կազմակերպութիւնը, որը համարուել է Քայիտայի թեւերից մէկը:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յատուկ «Ազդակ»ի համար