Արցախի Ճանաչումը Պէտք Չէ Կապել Պատերազմի Հետ. Սերժ Սարգսեան. Արցախը Ճանաչելը Արկածախնդրութիւն Եւ Դաւաճանութիւն Է
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Մարտի 18-ին մի քանի լրագրողների հետ զրոյցի ընթացքում Սերժ Սարգսեանը, անդրադառնալով Արցախի ճանաչման կոչերին, հռետորական հարցեր տուեց. «Ի՞նչ է տալու այսօր ԼՂՀ անկախութեան ճանաչումը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի քաղաքացիներին: Արդեօ՞ք ճանաչումը դարձնելու է այդ քաղաքացիների կեանքն աւելի անվտանգ, աւելացնելու է՞ ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղի ուղղուող վարկային միջոցները: Հայաստանն աւելի անվտա՞նգ է դառնալու, մեր զինուորների կեանքն աւելի անվտա՞նգ է դառնալու, Հայաստանի միջազգային հեղինակութիւնը բարձրանալու է: Մենք շահելո՞ւ ենք մեր գործընկերների վստահութիւնը»:
Քանի որ հանդիպմանը ներկայ լրագրողները իրենց լռութեամբ համաձայնուեցին նախագահի հետ, Սերժ Սարգսեանը շարունակեց հարցադրումները եւ բացատրութիւնները, թէ ինչո՛ւ պէտք չէ ճանաչել Արցախի անկախութիւնը. «Որքանո՞վ է վտանգելու այդպիսի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը: Եթէ մենք այդպիսի որոշում կայացնենք, ուրեմն բանակցութիւնները դադարեցուելու են: Միգուցէ, Թորոնթոյում ապրող մի հայի համար կարող է շատ հաճելի լինել, եթէ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Բայց արդեօ՞ք դրա համար արժէ վտանգել հազարաւոր մարդկանց կեանքեր: Դրա համար արժէ՞ ձախողել 20 տարի տեւող բանակցութիւնները, որի արդիւնքում մեր հակառակորդ Ազրպէյճանը հրաժարւում է փաստաթղթից, որ սեղանի վրայ է, իսկ մենք ասում ենք` սա ինչ-որ չափով մեզ բաւարարում է»:
Յիշեցնենք, որ այսօր բանակցութիւնների սեղանի վրայ է մի փաստաթուղթ, որի առանցքում հետեւեալ սկզբունքներն են` հայկական կողմը Ազրպէյճանին զիջում է վեց շրջան կամ մօտ 7000 քառակուսի քիլոմեթր հողատարածք, որի դիմաց Ազրպէյճանը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրաւունքը ապագայում կայանալիք հանրաքուէի ճանապարհով: Պէտք է յիշենք նաեւ, որ ե՛ւ Լեւոն Տէր Պետրոսեանի, ե՛ւ Ռոպերտ Քոչարեանի նախագահութեան տարիներին Հայաստանը հրապարակային համաձայնութիւն է տուել Ազրպէյճանին զիջել այն շրջանները, որոնք հայերի համոզումով ազատագրուած են, իսկ միջազգային հանրութեան եւ Ազրպէյճանի տեսանկիւնից` գրաւեալ:
Սերժ Սարգսեանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում կրկնել է. «Ես հրապարակաւ, միջազգային հարթակներում ասել եմ ու կրկնում եմ` մենք ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, եթէ սկսուեն ռազմական գործողութիւններ: Այն ժամանակ կորցնելու ոչինչ չունենք եւ մենք, այո, յայտարարելու ենք, որ մենք միասնական պետութիւն ենք կամ Լեռնային Ղարաբաղը անկախ պետութիւն է, եւ մենք Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեան երաշխաւորն ենք: Մենք ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը, եթէ Ազրպէյճանը ռազմական գործողութիւններ սկսի կամ էլ ստեղծի այնպիսի անելանելի դրութիւն, որ մենք այլընտրանք չունենանք: Մնացած բոլոր պարագաներում նոյնիսկ այդ մասին մտածելը դաւաճանութիւն է մեր զինուորների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ»:
Սերժ Սարգսեանը իր այս հարցադրումներով պատասխանել է Րաֆֆի Յովհաննէսեանին: Վերջինս հետեւողականօրէն, սկսած 1992-ից, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր, կարեւորում է Արցախի ճանաչումը: 1992-ի ամրանը` արցախեան պատերազմի ամենաթէժ ու հայկական կողմի համար կորուստներով լի շրջանում, երբ Հայաստանի խորհրդարանի այն ժամանակուայ ընդդիմութիւնը իշխող Հայոց համազգային շարժում կուսակցութիւնից, պահանջում էր ճանաչել Արցախը, արտաքին գործերի նախարար Րաֆֆի Յովհաննէսեանը շրջանառութեան մէջ դրեց մի փաստաթուղթ, որում ներկայացնում էր Արցախը ճանաչելու կարեւոր հինգ պատճառները: Յովհաննէսեանը, չընդունելով Տէր Պետրոսեանի դիրքորոշումը, պնդում էր, որ Արցախն ունի ճանաչման լուրջ փաստարկներ, մասնաւորապէս` Արցախը համապատասխանում է Մոնթեվիտէոյի հռչակագրի` պետականութեան չափանիշներին, ունի սահմանուած տարածք, մշտական բնակչութիւն, օրինական կառավարութիւն եւ ընտրուած խորհրդարան, ունակ է պաշտօնական յարաբերութիւններ հաստատել այլ երկրների հետ: Բացի այդ, Արցախի ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքուէի միջոցով իրականացրել է ինքնորոշման իր իրաւունքը, Արցախը տէ ֆաքթօ անկախ պետութիւն է, Ազրպէյճանի հետ չունի քաղաքական կամ տնտեսական ոչ մի կապ, ունի սեփական կառավարութիւնը, խորհրդարանը, պաշտպանական ուժերը: Աւելի՛ն. ազրպէյճանական իշխանութեան ենթակայութեան տակ եղած ժամանակ Արցախի ժողովրդի քաղաքացիական, մշակութային եւ մարդկային միւս իրաւունքները Խորհրդային Ազրպէյճանը քանիցս ոտնահարել է: Եւ վերջապէս` առանց ազրպէյճանական յարձակողապաշտութեան դէմ միջազգային երաշխիքների, որոնք կարող է ապահովել միայն ճանաչումը, Պաքուն կը շարունակի հետապնդել խնդրի ռազմական լուծման տարբերակը` նպատակ ունենալով ոչնչացնել արցախահայութեանը:
Սերժ Սարգսեանը 2013-ի նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի ընթացքում արկածախնդրութիւն էր որակում Յովհաննէսեանի կողմից` Արցախը ճանաչելու կոչերը: Ընտրութիւններից յետոյ Սարգսեանը դաւաճանութիւն որակեց Արցախը ճանաչելու մասին մտածելն անգամ:
Վերջին տարիներին Րաֆֆի Յովհաննէսեանի հիմնադրած «ժառանգութիւն» կուսակցութիւնը մի քանի անգամ խորհրդարանի օրակարգ է բերել Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու մասին բանաձեւի նախագիծ, սակայն բոլոր դէպքերում իշխող Հանրապետական կուսակցութիւնը, որը խորհրդարանում ունի մեծամասնութիւն, տապալել է նախաձեռնութիւնը: Հայաստանի ղեկավարութիւնը, այդ թւում` երկրի գործող նախագահը, մի քանի անգամ պարզաբանել են, որ Երեւանի կողմից Արցախի պաշտօնապէս ճանաչումը պէտք է լինի բանակցային գործընթացի վերջին քայլը, մինչդեռ Հայաստանը դեռ այնքան զօրեղ չէ, որպէսզի միակողմանի կերպով ճանաչի Արցախը:
Անկասկած, Հայաստանը Արցախի անկախութիւնը ճանաչելուց առաջ պէտք է հաշուարկներ կատարի, թէ ի՞նչ է տալու այդ ճանաչումը: Կասկած չկայ նաեւ, որ Ազրպէյճանի կողմից պատերազմ սկսելու հաւանականութիւնը կը դառնայ իրական, եթէ Հայաստանը ճանաչի Արցախը: Այո՛, հէնց այս պահին Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը նպատակայարմար չէ եւ յղի է սպառնալիքներով: Բայց արդեօ՞ք այդ մասին պէտք է յայտարարի հէնց Սերժ Սարգսեանը: Երբ Հայաստանի նախագահը Արցախի ճանաչումը համարում է արկածախնդրութիւն, իսկ դրա մասին մտածելն անգամ` դաւաճանութիւն, ապա նման յայտարարութիւնները չե՞ն խոչընդոտելու Արցախի ճանաչման միջազգային գործընթացը:
Արցախի անկախութիւնը որեւէ պետութիւն չի ճանաչել: Սփիւռքեան կազմակերպութիւնները մեծ ջանքեր են գործադրում, որպէսզի Արցախի անկախութիւնը ճանաչեն առանձին երկրների կամ նահանգների խորհրդարաններ: Եւ ահա Հայաստանի` երկրի նախագահի շուրթերով, հնչում է յայտարարութիւն, թէ Արցախի ճանաչումը Երեւանի կողմից արկածախնդրութիւն ու դաւաճանութիւն է:
Հայաստանը եւ նրա ղեկավարութիւնը պէտք է լռելեայն ընդունեն, որ այս պահին Երեւանի կողմից Արցախի ճանաչումը նպատակայարմար չէ, սակայն միւս կողմից հայկական դիւանագիտութիւնը, համագործակցելով սփիւռքահայ կառոյցների հետ, պէտք է հրապարակային գործունէութիւն ծաւալեն Արցախի միջազգային ճանաչման ուղղութեամբ: Երբ Հայաստանի բարձրագոյն ղեկավարութիւնը արկածախնդրութիւն ու դաւաճանութիւն է որակում Արցախի ճանաչումը, ապա ինչո՞ւ պէտք է այլ երկրներ ճանաչեն Արցախի անկախութիւնը:
Ճիշդ մօտեցում չէ նաեւ նախագահի շուրթերով յայտարարելը, որ Հայաստանը կը ճանաչի Արցախը, եթէ Ազրպէյճանը սկսի պատերազմ: Հայաստանը պէտք է ամրապնդի իր պաշտպանական դիրքերը, հզօրացնի բանակը, լաւ կերակրի հայ զինուորին (բայց` ոչ գոմէշի անորակ մսով), բայց զուգահեռաբար նաեւ աշխատանքներ տանի Արցախի միջազգային ճանաչման ուղղութեամբ: Միւս կողմից, անշուշտ, եթէ մեր վերջնական նպատակը Արցախի անկախութեան միջազգային ճանաչումն է եւ կամ միաւորումը Հայաստանի հետ, ապա այդ չափազանց բարդ գործընթացին պէտք է փորձել հասնել բանակցութիւնների միջոցով:
Սերժ Սարգսեանը լրագրողների հետ զրոյցում հռետորական հարց է տալիս` եթէ Հայաստանը ճանաչի Արցախը, ապա դրանից յետոյ աւելանելու ե՞ն ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղի ուղղուող վարկային միջոցները: Նման հարց հնչեցնողը ժամանակ առ ժամանակ պէտք է խորհի. իսկ երբ ամէնուր յայտարարում ես, որ Հայաստանը պատրաստ է Ազրպէյճանին զիջել վեց շրջան, ապա դրանով աւելանո՞ւմ են ներդրումները, մարդկանց մօտ ցանկութիւն առաջանո՞ւմ է վերաբնակուել Քաշաթաղում ու Քարվաճառում, այդ մասին ի՞նչ են մտածում այն գործարարները, որոնք, թէեւ դեռ ոչ այնքան մեծ ծաւալներով, սակայն հետեւողականօրէն ներդրումներ են կատարում հէնց այն հողերում, որոնք բանակցութիւնների ընթացքում դառնում են սակարկութեան առարկայ:
Եթէ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը արկածախնդրութիւն եւ դաւաճանութիւն է, ինչպէս յայտարարում է Սերժ Սարգսեանը, ապա ինչպիսի՞ բառապաշար պէտք է օգտագործել այն պաշտօնեաների համար, ովքեր բանակցութիւնների ընթացքում պատրաստակամութիւն են յայտնում Ազրպէյճանին զիջել վեց շրջաններ: Իսկ գուցէ Ազրպէյճանին հողեր վերադարձնելու մասին հրապարակային յայտարարութիւննե՞րն են ամենամեծ դաւաճանութիւնն ու արկածախնդրութիւնը Քաշաթաղում եւ Քարվաճառում հաստատուած հայերի նկատմամբ:
Յատուկ «Ազդակ»-ի համար

