2014-Ի Մոնտիալ. Ասիոյ Գօտի. Ուզպեքիստան 1-0 Արդիւնքով Յաղթեց Լիբանանի

Լիբանանի կազմը` երէկուան մրցումին սկիզբը

Ասիոյ գօտիին մէջ երէկ յետմիջօրէին Թաշքենդի մէջ Ուզպեքիստան, որ հիւրընկալեց Լիբանանը, 1-0 արդիւնքով դժուար, բայց կարեւոր յաղթանակ մը արձանագրեց` շնորհիւ խմբապետ Սերվեր Ճեփարովի նշանակած կոլին (63-րդ):

Նշենք, որ այս մրցումը կ՛իյնայ Ասիոյ գօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի Դ. եւ վերջին հանգրուանի 7-րդ հանգրուանի մրցումներուն շրջագիծին մէջ:

Իր արձանագրած այս յաղթանակէն ետք ապահովելով 11 կէտ (6 մրցումէ)` Ուզպեքիստան գրաւեց Ա. խմբակին պարագլուխի դիրքը, իր ետին ձգելով Հարաւային Քորէան (10 կէտ, 5 մրցում), որ երէկ կարեւոր յաղթանակ մը արձանագրեց` 2-1 արդիւնքով պարտութեան մատնելով Քաթարը` մրցումին կորսուած վայրկեաններուն (96-րդ):

Իրան 7 կէտով (5 մրցում) կը գրաւէ 3-րդ դիրքը` իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցելով Քաթարը (6 մրցում): Իսկ Լիբանան 4 կէտով (6 մրցում) կը գրաւէ վերջին դիրքը:

Նշենք, որ իւրաքանչիւր խմբակի (երկու խմբակ) առաջին երկու դիրքերը գրաւողները կ՛ապահովեն 2014-ի Մոնտիալին իրենց տոմսը: Իսկ երկու խումբեր, որոնք գրաւած են երրորդ դիրքը, կը մրցին իրարու դէմ: Յաղթականը փլէյ-օֆի մրցում կը կատարէ Հարաւային Ամերիկայի ցամաքամասին 5-րդ դիրքը գրաւած խումբին դէմ:

Ստորեւ կու տանք Ա. խմբակին դասաւորումը.

————————ՄՐՑ.  Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Ուզպեքիստան   6     3     2     1     6     4     11
2.- Հարաւային Քորէա     5     3     1     1     11    5     10
3.- Իրան                5     2     1     2     2     2     7
4.- Քաթար        6     2     1     3     4     7     7
5.- Լիբանան       6     1     1     4     2     7     4

Share this Article
CATEGORIES