ՆԵՆԳԱՓՈԽՈՂՆԵՐԸ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱԶՐՊԷՅՃԱՆԱԿԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ

1918 թ. մայիսի վերջերին Անդրկովկասի հարաւարեւելեան, մերձկասպեան տարածքում յայտնուեց մի նոր կազմաւորում, որը պայմանականօրէն յորջորջուեց «Ազրպէյճան»: Դա իր սեփական ցեղազգային դիմապատկերը չունեցող մի վարչաքաղաքական միաւոր էր, քոչուոր-անասնապահական այրում,  ճեւանշիր, թարաքեամա, շամսէտտին, շահսեւան, կենգեռլու, իգիրմի դորդ եւ համանման այլ ցեղերի խառնիճաղանճ կոնգլոմերատ` ցեղային պատկանելութեան ցայտուն գիտակցութեամբ, որը հանդէս էր գալիս նաեւ «կովկասեան թաթարներ» անձեւ անուանման տակ: Նա ի յայտ գալու իսկ առաջին օրուանից դրսեւորեց անյագուրդ ախորժակներ իր անմիջական հարեւան երկրների` Իրանի (Իրանական Ազրպէյճան), Հայաստանի (Ղարաբաղ, Նախիջեւան, Զանգեզուր) եւ Վրաստանի (Սէինկիլօ` Զաքաթալա, Կախի եւ Մառնէուլի) տարածքների նկատմամբ:

Հետագայում նա նկրտումներ դրսեւորեց նաեւ Ռուսաստանի կովկասեան որոշ շրջանների նկատմամբ:

Ազրպէյճան վարչաքաղաքական միաւորը,  բեռնաւորուած նման քաղաքական յաւակնութիւններով, 1920 թ. յայտ ներկայացրեց նորաստեղծ Ազգերի լիկային անդամակցելու ցանկութեամբ, կցելով մի քարտէզ, որտեղ Հայաստանի եւ Վրաստանի վերոնշեալ տարածքները ցոյց էին տրուած իբրեւ Ազրպէյճանի տարածքներ: Ազգերի լիկայի ժողովը մերժեց ազրպէյճանական դիմումը` գտնելով, որ նրա տարածքային վէճերը հարեւանների հետ «անհնար են դարձնում» նրա անդամակցութիւնը Ազգերի լիկային: Այսպիսով, միջազգային այդ ամենահեղինակաւոր կազմակերպութիւնն ազրպէյճանական նենգափոխների առաջին սերնդի դնչին հասցրեց առաջին ծանր հարուածը` մերժելով ազրպէյճանական յարձակողապաշտների «խնդրանքը»:

Բայց դա դաս չծառայեց նրանց: Ազրպէյճանական կեղծարարների մի սերունդը յաջորդում էր մէկը միւսին, Հայաստանի պատմութեան նենգափոխման հետ այդ գործընթացի մէջ ներգրաւելով նորանոր ոլորտներ: Այդ գործընթացն իր գագաթնակէտին հասաւ Ազրպէյճանի անկախութեան շրջանում, յատկապէս նրա, որն աւելի շուտ միջնադարեան սուլթանութիւն, քան թէ ժամանակակից պետական կազմաւորում է յիշեցնում, երրորդ եւ չորրորդ նախագահների` Հայտար Ալիեւի եւ նրա ժառանգորդ որդու` Իլհամ Ալիեւի կառավարութեան շրջանում, երբ Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմութեան նենգափոխումը Ազրպէյճանում բարձրացուեց ազգային- պետական քաղաքականութեան մակարդակի:

Հասկանալի է, որ դա պահանջում է համապատասխան համակարգուած հակազդեցութիւն հայ պատմագիտութեան եւ նրա յարակից գիտական ճիւղերի կողմից: Հէնց այդ նպատակն է հետապնդում Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան Դ. Կանայեանի անուան Ազգային ռազմավարական հետազօտութիւնների հիմնարկը, որի «Աշխատանքային տետրերի» վերջին պրակը` «Ազրպէյճանի կողմից Հայաստանի պատմութեան նենգափոխումներին գիտական հակազդեցութեան ռազմավարական ուղենիշները Հայաստանի ազգային անվտանգութեան համատեքստում» խորագրի ներքոյ ամբողջութեամբ նուիրուած է այդ հիմնախնդրի լուսաբանութեանը (Տե՛ս նո. 4/16,  Երեւան, 2010): Հեղինակային անձնակազմը բաղկացած 13 մասնագէտներից, հիմնարկի պետ, քաղաքական գիտութիւնների դոկտոր (Ռուսաստան) Ռազմական գիտութիւնների ռուսաստանեան ակադեմիայի իսկական անդամ, հակաահաբեկչութեան գծով փորձագէտ (Միացեալ Նահանգներ), զօր. Հայկ Քոթանջեանի գլխաւորութեամբ, միանգամայն հիմնաւորուած կերպով ազրպէյճանական նենգափոխութիւնը դիտարկում է սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգութեանը եւ այդ տեսանկիւնից է մօտեցել հիմնախնդիրների քննարկմանը:

Լրագրային յօդուածի շրջանակները, ցաւօք, թոյլ չեն տալիս անդրադառնալ բոլոր յօդուածներին եւ հանգամանօրէն լուսաբանել սոյն պրակում քննարկուող բոլոր հարցերը: Ուստի հարկադրուած ենք անդրադառնալ միայն մի քանիսին:

Տեսական-հայեցակարգային բնոյթ է կրում Հ. Քոթանջեանի «Ռազմավարական ուղենիշներ Հայաստանի պատմութեան նենգափոխման դէմ գիտական պայքարում` ցանցապետականութեան տեսանկիւնից» յօդուածը: Հեղինակը գտնում է, որ Ազրպէյճանի հակահայկական գործունէութեան հակազդեցութիւնը կարելի է կառուցել կամ աւանդական մենամարտի, կամ էլ համաշխարհային ընկերակցութեան մէջ հայութեան ցանցային համարկուածութեան ռազմավարութեամբ: Նա երկրորդ մոտելի կողմնակից է` Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների ցանցապետական համակարգմանը, որն ինքնին վերցուած նոր գաղափար է: Խիստ ուշագրաւ է դոկտոր Հ. Քոթանջեանի այն դիտարկումը, որ «Գիտելիքների համաշխարհային համակարգի համար առանձնակի վտանգ է ներկայացնում պատմական գիտութեան նենգափոխումը պատմագրութեան մակարդակով»: Հէնց դա է այժմ տեղի ունենում Ազրպէյճանում:

Միանգամայն տրամաբանական է հեղինակի եզրակացութիւնն առ այն, որ «Հայաստանի, ներառեալ Արցախը, տարածքի եւ հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ շնականութեան աստիճանի հասնող ազրպէյճանական ոտնձգութիւնները հարեւան պետութեան ղեկավարի կողմից ուղղորդուող` Հարաւային Կովկասում հայոց պետականութեան պատմութեան նենգափոխման արդիւնք են»: Այս կապակցութեամբ անհրաժեշտ է յիշեցնել արաբ միջնադարեան պատմաբան Իպն Խալտունի (1332-1406) յայտնաբերած եւ պատմագիտութեան կողմից ընդունուած քոչուոր անասնապահ ցեղերի եւ նստակեացների միջեւ բախումների վերաբերեալ օրինաչափութիւնը: Ազրպէյճանի պետական, քաղաքական գործիչների եւ պատմաբանների Հայաստանի պատմութեան նենգափոխումների արդի քաղաքականութեան մէջ դժուար չէ նկատել միջնադարեան այդ երեւոյթի կրկնութիւնը:

Սկզբունքային բնոյթի մի շարք հետաքրքրական հարցեր են քննարկուած «Հայաստանի պատմութեան նենգափոխման ազրպէյճանական ռազմավարութիւնը եւ դրան հակազդելու ուղենիշները» յօդուածում, որի հեղինակներն են Պ. Չօպանեանը, Ա. Աւագեանը, Բ. Պօղոսեանը, Վ. Տէր Մաթեւոսեանը եւ Վ. Աւետիսեանը: Նրանք համոզիչ պատասխան են տուել այն հարցին, թէ որո՛նք են ազրպէյճանական կեղծարարութիւնների հիմնական պատճառները: Պատասխանելով այդ հարցին` հեղինակները գտնում են, որ` «Ազրպէյճանում դեռեւս աւարտուած չեն ազգային ինքնութեան միասնական գիտակցութեան ձեւաւորումը եւ միատարր ազգի կազմաւորումը, որոնք Ազրպէյճանում կրում են ոչ թէ բնականոն, այլ արհեստականօրէն, պարտադրուող բնոյթ»: Շարունակելով իրենց քննական-վերլուծական մօտեցումը` հեղինակները մատնանշում են, որ ազրպէյճանական «գաղափարախօսները» ազրպէյճանական հասարակութիւնում ի դէմս հայերի ստեղծելով «թշնամու կերպար», ջանում են «նպաստել այդ գաղափարի շուրջը նրա համախմբմանը եւ դրանով իսկ լուծել պետութեան առջեւ ծառացած հիմնախնդիրները»:

Անդրադառնալով Արեւելեան Հայաստանի նկատմամբ Ազրպէյճանի յաւակնութիւններին` հռչակելով այն որպէս «Արեւմտեան Ազրպէյճան», հեղինակները նշում են, որ «Ազրպէյճանի պատմութեան արհեստական հնացմամբ» փորձ է արւում «ազրպէյճանցիներին ներկայացնել որպէս Հարաւային Կովկասի բնիկ ժողովրդի», ինչը կատարեալ անհեթեթութիւն է: Հարաւային Կովկասը երբեք նման բնիկներ չի ունեցել:

Ազրպէյճանական նենգափոխումների ներքին ծալքերը եւ ենթաշերտերը բացայայտելու տեսանկիւնից ընթերցողը շատ հետաքրքրական հարցեր կը գտնի նաեւ Դ. Յովհաննիսեանի, Հ. Խառատեանի, Է. Աթանեսեանի, Մ. Հասրաթեանի, Լ. Երնջակեանի, Մ. Զոլեանի եւ Պ. Մուրադեանի յօդուածներում,  որոնցում քննարկւում են ազրպէյճանական նենգափոխումները հայ ճարտարապետութեան, երաժշտութեան, աղբիւրագիտութեան, Աղուանքի եւ Արցախի պատմութեան,  պատմական յիշողութեան եւ յարակից այլ հարցերում, որոնք ներկայացուած են աղբիւրագիտական հարուստ նիւթի եւ տարաբնոյթ աղբիւրների հիման վրայ:

Մենագրական պրակում կայ հանգամանալից անդրադարձ Ազրպէյճանի չորրորդ նախագահ Իլհամ Ալիեւի դերի բացայայտմանը Հայաստանի պատմութեան նենգափոխման քաղաքականութեան մշակման եւ այդ քաղաքականութիւնը Ազրպէյճանի պաշտօնական քաղաքականութիւն հռչակելու գործում: Այդ առումով նշւում է յատկապէս 2005 թ. դեկտեմբերի 14-ի նրա ելոյթը Ազրպէյճանի գիտութիւնների ակադեմիայի 60-ամեակի առիթով տեղի ունեցած ժողովում, որտեղ նա օրը ցերեկով պատուիրեց ազրպէյճանական գիտնականներին` հիմնաւորել այն փաստը, թէ Ղարաբաղի հայութիւնը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չունի պատմական իրաւունքներ: Խոստանալով նրանց լաւ վարձատրել` Իլհամ Ալիեւը նրանց գլխաւոր խնդիրներից մէկը համարեց ապացուցել, որ` «հայերն Ազրպէյճանի անկապտելի մաս կազմող Լեռնային Ղարաբաղ են եկել որպէս հիւրեր», ուրեմն եւ` «բացարձակապէս իրաւունք չունեն պնդելու, թէ անցեալում Լեռնային Ղարաբաղն իրենց է պատկանել»:

Մեր կարծիքով, պէտք չէ թերագնահատել ազրպէյճանական նենգափոխութեան հնարաւոր վտանգները կամ նայել մատների արանքով: Անհրաժեշտ է դրա դէմ պայքարել համակարգուած կերպով: Դա հնարաւոր չէ միայն Հայաստանի ՊՆ Առհի-ի ուժերով:

Անհրաժեշտ է այդ պայքարում կոորդինացնել Հայաստանի ԳԱԱ պրոֆիլային հիմնարկների, Երեւանի պետական համալսարանի եւ միւս բուհերի գիտնականների ջանքերը, օգտագործել գիտական այլ կենտրոնների եւ հաստատութիւնների ներուժը:

Անհրաժեշտ է Հայաստանի ղեկավարութեան ամենալայն աջակցութիւնը, որովհետեւ դա ուղղակի առնչւում է Հայաստանի ազգային անվտանգութեան հիմնախնդիրներին:

Սոյն պրակի հեղինակները կատարել են մեծ եւ շնորհակալ գործ: Նրանք սեղանի վրայ են դրել գիտական լուրջ ուսումնասիրութիւն- որի ռուսերէն եւ անգլերեն թարգմանութիւնը յարկ է համարել հրատապ գործ:

ՆԻՔՈԼԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
քաղաքական գիտութեան Հայաստանի
միութեան խորհրդի անդամ,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Share this Article
CATEGORIES