Պատմութիւններ Բուղաշէն Գիւղից
ՔՐԻՍՏԻՆԷ ՄԱՐԱԲԵԱՆ
Բուղաշէն գիւղում շատ միայնակ եւ կարիքաւոր մարդիկ են ապրում: Պատճառը կա՛մ արտագաղթն է, կա՛մ պետական նուազ օգնութիւնը, կա՛մ գետնախնձորի վատ բերքը:
Շալիկօ Մարտիրոսեանին հանդիպեցինք Բուղաշէն գիւղի «Էշակ մէյտանում» (վայր, որտեղ գիւղի բնակիչները հաւաքւում են): Նա լուռ դիտում էր ու լսում, թէ հարեւանները ինչպէս են նարտի կամ թղթախաղ խաղում, բանավիճում ու ծիծաղում: Երբ հարցրինք գիւղի կեանքի մասին եւ պարզեց մեր ով լինելը, խօսեց իր հիմնախնդիրների մասին:
– «Մենակ եմ ապրում, կինս մահացել է: Նա 12 երեխայ է բերել: Երեքը վաղ մահացան, ինը զաւակների մեծացրինք, դժուարութեամբ, սակայն մեծացրինք: Աշխատանքի համար Ռուսաստան էի մեկնում, որ ընտանիքս կարողանայի պահել: Հիմա մենակ եմ, զաւակներս Ռուսաստանում են: Ասում են, որ գնամ իրենց մօտ, քանի որ չեն ցանկանում ինձ մենակ թողնել: Սակայն տունս, տնտեսութիւնս թողնել ու հեռանալ չեմ ցանկանում: Դժուար է, բայցեւայնպէս… Բոլորից ծանրը այն է, որ տունս բարձունքի վրայ է, արդէն տարէց եմ եւ ամէն օր ջուր կրել չեմ կարողանում: Դժուար է ապերլը»,- ասաց նա:
Մենակութեան 20 տարի, մօր մահից յետոյ ծնրադիր, սակայն ապարդիւն աշխատանք, հին, երկսենեականոց տնակ, վառարան` բազում կաթսաներով եւ ամանեղէնով, առաստաղ, որը ահա կ՛ընկնի` նման պայմաններում է ապրում միայնակ, թոյլ լսողութեամբ տիկին Ա.Լ.-ն:
– «10 հարիւրերորդական հող եմ մշակում եւ գետնախնձորի շնորհիւ ապրում եմ: Կենսաթոշակը 120 լարի է եւ 30 լարիանոց օգնութիւն եմ ստանում: Վառարանը գոմաղբով եմ վառում, որը ողջ ամառ հաւաքում եմ»,- ասաց նա:
Հինգ քոյրերից միայն ինքը չի ամուսնացել եւ մնացել էր մօր հետ: Իսկ նրա մահից յետոյ մենակ է ապրում, հազուադէպ է հիւրեր ունենում:
Ա. Լ.-ի մօտ հարեւանութեամբ ապրում է Գայեանէ Ափոզեանի ընտանիքը: Երկսենեականոց, վթարային տանը ապրում են մայրն ու նրա երկու աղջիկները: Տանը մի սենեակն է ջեռուցւում, այդտեղ է ննջարանն ու խոհանոցը: Վառելափայտ չունեն, անտառում կոներ ու ճիւղեր են հաւաքում վառարանում վառելու համար:
– «Ամուսինս 14 տարի առաջ գնաց ու չվերադարձաւ, ինձ թողեց չորս աղջկայ հետ միասին: Ո՛չ ջուր ունենք, ո՛չ ջեռուցում, ո՛չ էլ օգնութիւն: Երկու աղջիկներին ամուսնացրի, մնացել են միայն աւագ եւ կրտսեր աղջիկները: Կրտսերը 5-րդ դասարանում է: Գրքերով օգնեցին, սակայն երեխային հագուստ եւ կօշիկ է պէտք, իսկ ես հնարաւորութիւն չունեմ: Գետնախնֆոր եմ ցանում, սակայն չի աճում, քանի որ հողը չեմ պարարտացնում: Այդ պատճառով բերք չի աճում: Այս տարի 70 լարիով օգնեցին, բաւարարեց միայն հոսանքի հարկին»,- ասաց Գայեանէ Ափոզեանը:
Մենակ են մնացել նաեւ Մետաքսեայ Ափոզեանն ու նրա ամուսինը:
– «Ամուսինս կուրացել է եւ չի քայլում: Օգնութիւն էին տալիս, այն էլ ընդհատեցին: Ապրում ենք կենսաթոշակով: Իսկ կենսաթոշակը բաւարարում է դեղերի, ինչ-ինչ ծախսերի համար: Գետնախնձոր չեմ աճեցնում, միայն փոքր հողամաս ունենք տան մօտ, դրա բերքը ձմրանը հազիւ է բաւարարում: Երեխաներ ունենք, սակայն բոլորը իրենց հիմնախնդիրներն ունեն: Այս կեանքում ամէն ինչ սուտ է»,- ասաց Մետաքսեայ տատը:
(Ախալքալաք)
«Հարաւային դարպաս»


