«Թուրքական Պետութիւնը Շարունակում Է Պայքարել Նոյնիսկ Աւերակների Դէմ»

ԱՐՄԻՆԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Թուրքիայի Սեբաստիա նահանգի Կիւրին քաղաքի Փընարեոնեու թաղամասում գտնուող Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցին վերականգնուելու է:

19-րդ դարում կառուցուած հայկական եկեղեցին նախկինում որպէս բանտ է օգտագործուել, ապա` սինեմա ու պահեստ: Վերականգնումից յետոյ վերածուելու է քաղաքային թանգարանի:

Հարց է առաջանում. երբ պատմական Հայաստանի եկեղեցիները զբօսաշրջիկներին ներկայացւում են որպէս թանգարան, նշւու՞մ է դրանց ազգային պատկանելութեան ու ճարտարապետական նկարագրի մասին:

«Հիմնականում ներկայացւում են որպէս քրիստոնէական ժառանգութիւն, չի շեշտւում հայկական պատկանելութիւնը,- մեզ հետ զրոյցում ասաց Երեւանի Պետական համալսարանի արեւելագիտութեան բաժանմունքի փոխ տնօրէն, բանասիրական գիտութիւների թեկնածու, դոցենտ ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ:- Գուցէ մամուլում կամ յայտարարութեան մէջ, որպէս թուրքական հանդուրժողականութիւն նշան, ասուի, որ իրականացւում է հայկական եկեղեցու վերականգնում, բայց պաշտօնական տեղեկատուութեան մէջ կամ նշւում է ուղղակի եկեղեցի, կամ, եթէ յստակեցնելու խնդիր կայ, քրիստոնէական եկեղեցի: Անգամ Անիի եկեղեցիներից որեւէ մէկի հայկական պատկանելութիւնը յստակ նշուած չէ, եւ կարծում եմ, որ այս եկեղեցին նոյն ճակատագիրն է ունենալու»:

Ռուբեն Մելքոնեանը նշեց, որ Թուրքիայում սկսուել է եկեղեցիների վերանորոգման գործընթաց. ոչ միայն հայկական, այլեւ յունական եւ ասորական եկեղեցիներ են վերանորոգւում: Նրա տեղեկացմամբ, այս պահի դրութեամբ մօտ հինգ եկեղեցի վերանորոգուել կամ գտնւում են վերանորոգման փուլում: «Տեղեկութիւնները երբեմն ուռճացուած են ներկայացնում,- ասաց նա,- բայց գիտենք, որ առաջինը վերանորոգուեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որին տրուեց թանգարանի կարգավիճակ, երկրորդը Տիգրանակերտի  Սուրբ Կիրակոս եկեղեցին էր, որը վերանորոգուեց ոչ թէ պետութեան, այլ համայնքի ջանքերով ու գործարարների աջակցութեամբ, եւ այդ եկեղեցին, ի տարբերութիւն Աղթամարի, պատկանում է հայ համայնքին` պաշտօնապէս հայ եկեղեցի է: Վերանորոգւում են մերձսեւծովեան տարածքում գտնուող յունական երկու եկեղեցի, ինչպէս նաեւ Մարտինի Միտեաթ գաւառի Մօր Գաբրիէլ ասորական եկեղեցին»:

Թուրքագէտը յստակացրեց, որ այս գործընթացը յստակ ներառում է նաեւ քարոզչական տարրեր:

անդրադառնալով մեր` «վերանորոգմանը զուգահեռ շարունակում են նաեւ քանդուե՞լ հայկական եկեղեցիները» հարցին, պատասխանեց, որ եկեղեցիները ոչ միայն քանդւում են, այլեւ եկեղեցու աւերակներն են ոչնչացւում: Վերջին ամենացայտուն եւ ցաւալի օրինակը Սասունի շրջանում գտնուող Մարութայ սարի Սուրբ Աստուածածին եկեղեցու աւերակներն են:

«Վերջին շրջանում այդ տարածքում աշխուժացել էր ուխտագնացութիւնը, մարդիկ բարձրանում էին Մարութայ սարի գագաթը, եկեղեցու աւերակներին ուխտի էին գնում, եւ իբր թէ առանց պետութեան գիտութեան` եկեղեցու աւերակները պայթեցուեցին: Այսօր շատ փոքր հատուած է մնացել», ասաց Ռուբեն Մելքոնեանը: Նրա խօսքով, թուրքական պետութիւնը շարունակում է պայքարել նոյնիսկ աւերակների դէմ, իսկ եթէ անգամ վերանորոգւում են եկեղեցիները, շատ խոր վնաս է հասցւում ճարտարապետական նկարագրին: «Ինքս ականատես եմ եղել` ինչպէս է Անիի եկեղեցիներից մէկի վերանորոգումն ուղղակի հասցրել այդ եկեղեցու ճարտարապետական տեսքի աղճատմանը,- ասաց նա:- Անիի պարիսպը վերանորոգել են, պարսպից անհետացել են Բագրատունեաց զինանշանը եւ հայկական խաչը: Այսինքն վերանորոգում ասուածին էլ պէտք է մի փոքր վերապահումով մօտենալ»:

«Իրատես»

Share this Article
CATEGORIES