Մեր Ժամանակակիցը

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Մայրաքաղաքիս Աւան շրջանի Թումանեան թաղամասով անցնելիս` ուշադրութիւնս գրաւեց տարեց բանջարավաճառ, որը կլանուած գիրք էր կարդում: Նշմարեցի վերնագիրը` «Բովտուն»: Յաջորդ անգամ նոյն տեղով անցնելիս` նկատեցի, որ ձեռքին «Ռանչպարների կանչը»-ն է: Հետաքրքի՜ր է,- մտածեցի, այս ծերուկն այստեղ նստած,- Գալշոյեան եւ Դաշտենց է կարդում…:

Օրեր անց, մեքենայով անցնելիս իր կողքով, մտայղացայ տալ նրան` այդ պահին ձեռքիս եղած իմ գրքերից մէկը. «Կեանք ստի եւ սիրոյ մէջ»: Ընդունեց շնորհակալութեամբ: Շտապում էի` արագ հեռացայ, որոշելով օրերից մի օր գալ եւ զրուցել իր հետ, իմանալ ո՞ վ է… Այդպէս էլ արեցի: Յաջորդ գալուս, երբ մօտեցայ նրան, տեղի ունեցաւ հետեւեալը.

– Ստեփանի՜ աղջիկ…

– Բարեւ, ծերուկ, ո՞նց ես:

– Էսպէս, էլի տեսնում ես… էս սեւ պուտերով բանջարը չի ծախւում:

– Այն էլ ինչպէ՜ս եմ տեսնում. չէ՞ որ յաճախ անցնում եմ այս փողոցով:

– Գիրքդ կարդացի, Ինձ դուր եկաւ:

– Շնորհակալ եմ:

– Իմ պապու ու իմ մեծ եղբօր անունը Ստեփան էր, քո հօր անունից: Դրա համար էլ քեզ հարազատօրէն Ստեփանի եմ կոչում, հո չե՞ս նեղանում:

– Ո՛չ, ի՞նչ նեղանալու բան է:

– Ստեփանի աղջիկ, մօտ արի, քեզ մի բան ցոյց տամ: Սպասիր, էս ծակ գրպանիցս հանեմ, ահա, տես:

– Ի՞նչ է սա:

– Իմ վկայականները, փաստաթղթերը, կարդա, ուշադիր կարդա:

– Տուր:

– Կարդացի՞ր… Խնդրում եմ ծանօթացէք. ես Հայաստանի եռակի ախոյեան եմ, երեք անգամ յաղթել եմ խորհրդային երկրի` նոյն մարզաձեւի ուժեղագոյն մարզիկներին: Թող իմանան մեզ` հայերիս, որ լաւ կռուել գիտենք: Երեք անգամ աչքերիցս արցունքներ են գլորուել, երբ կանգնելով բարձր պատուանդանին, լսել եմ իմ յաղթանակի առթիւ հնչեցրած Հայաստանի օրհներգը: Զարմանում ես, չէ՞… Մտածում ես. էս բանջարեղէն ծախող բիձեն ո՜ւր, եռակի յաղթողն ո՛ւր, պետական օրհներգը ո՛ւր…

– Չեմ զարմանում, ծերուկ ջան, չէ, ես արդէն ոչ մի բանի վրայ չեմ զարմանում:

– Երբ ջահել էի, ծնողներիս օգնել էր պէտք, մարմնամարզութեամբ զբաղուելուց բացի, աշխատում էի: Մի քանի տարի եղել եմ Մերգելեան հիմնարկի ճաշարանի վարիչ եւ Հայաստանի Գրողների միութեան շէնքի պարետ: Ես մեր մտաւորականներից շա՜տ-շատերին եմ ճանաչել, լաւ մարդիկ էին: Կոկիկ հագած, արժանապատիւ կեցուածքով… Հեռուից տեսնում-հասկանում էիր` մտաւորական է գալիս: Շատ գրողների եմ անձամբ ճանաչել,  յաճախ երկար զրոյցի եմ բռնուել նրանց հետ: Յիշում եմ. անուշ մարդ էր մեր սիրելի Հրաչեայ Յովհաննիսեանը: Առանց որպիսութիւնս հարցնելու` կողքովս չէր անցնում: Բարի մարդ էր: Յիշում եմ. լաւ մարդ էր նաեւ արձակագիր Աբիգ Աւագեանը, մեծամիտ չէր, համեստ էր, բարեհամբոյր: Յիշում եմ Վրոյր Բալասանին: Մի անգամ, երբ նա աշխատում էր «Լիթերաթուրնայա Արմենիա» ամսագրում, հանդիպելով ինձ Գրողների միութեան շեմին` ասաց. «Ջահե՛լ, մի եկ, գնանք իմ աշխատասենեակը »: Ո՜նց ուրախացայ… Պատիւ էր, բա ի՜նչ… «Նստիր, պատմիր կեանքիցդ, ինչպէ՞ս ես ապրում, ինչպէ՞ս են մեր մարմնակրթութեան գործերը»: Ինձ ուշադիր լսելուց յետոյ հետաքրքրուեց, թէ որեւէ բանի կարիքն ունե՞մ, գուցէ ինքն ինձ օգտակար լինի: Շնորհակալութիւնս յայտնեցի, ասացի, որ ամէն ինչ լաւ է: Վրոյր Բալասանը ասաց. «Դէ լաւ, հրաժեշտից առաջ, քեզ իմ նոր բանաստեղծութիւններից մէկը կարդամ, Արարատին է նուիրուած»: Ու արտասանեց ինձ  համար: Եւ պատկերացնո՞ւմ ես, նոյնը մէկ անգամ եղաւ նաեւ անուանի եւ սիրուած բանաստեղծ Հրաչեայ Յովհաննիսեանի հետ:

– Հերի՜ք է էդտեղ նստես, արի ինձ մօտ, տրամադրութիւնդ մի քիչ կը փոխուի,- ասաց Հրաչեայ Յովհաննիսեանը` հերթական անգամ տեսնելով ինձ:

Երջանկացած մտայ իր աշխատասենեակը: Կարճատեւ զրոյցից յետոյ ասաց.

– Դէ լա՜ւ, գնա, գործեր ունես, բայց գնալուցդ առաջ քեզ մի քանի տող կարդամ վերջերս գրած իմ բանաստեղծութիւնից:

Ու սրտառուչ ձայնով Հրաչեայ Յովհաննիսեանը արտասանեց.

Ես կ՛ուզէի գրկել
Սարից իջնող
Խենթ ու խելառ քամին,
Լուսնի մահիկի մէջ
Բացել կենա՜ց սեղան…

– Լսիր, Ստեփա՜նի աղջիկ, հիմա էլ ես քեզ համար եմ արտասանելու այդ գեղեցիկ տողերը:

– Ծերուկ, ծոցագրպանումդ` Հայաստանի մարմնամարզութեան մէջ եռակի համբաւանան յաղթողի վկայագրեր, բարեկիրթ մտաւորականի տեսքով այս ցուրտ օրին կանգնել ես փողոցում, սեւ պուտերով չվաճառուող բանջար ես վաճառում: Յուշերդ` հարուստ, հագիդ` ցնցոտիներ, ձիւն է մաղում` գլխիդ մի գլխարկ էլ չունես եւ… վայելուչ առոգանութեամբ հայ բանաստեղծի քերթուածն ես բերանացի արտասանում: Հիմա դու ո՞վ ես…

– Ներկայիս Հայաստանն եմ:

 

 

Share this Article
CATEGORIES