Ապրիլի 9. Կարեւոր Տարեթիւ. Պաշտօնամուտի Եւ Այլընտրանքային Երդմնակալութեան Երկու Արարողութիւն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

2013 թուականի ապրիլի 9-ը կարող է դառնալ ուշագրաւ տարեթիւ Հայաստանի նորօրեայ քաղաքական պատմութեան մէջ: Այդ օրը Կարէն Դէմիրճեանի անուան Մարզահամերգային համալիրում կը կայանայ Հայաստանի նախագահի պաշտօնամուտի` երդմնակալութեան արարողութեանը: Նոյն օրը, նոյն ժամերին, Ազատութեան հրապարակում հազարաւոր մարդկանց ներկայութեամբ երդմնակալութեան արարողութիւն կը կազմակերպի Րաֆֆի Յովհաննէսեանը, ով փետրուարի 18-ի նախագահական ընտրութիւններում, ըստ պաշտօնական տուեալների, ստացել է քուէների 37 տոկոսը: Յովհաննէսեանը, սակայն, ամէն օր յայտարարում է, որ ընտրութիւնների արդիւնքները կեղծուել են, ժողովրդից գողացուել են քուէարկութեան իրական արդիւնքները:

Ապրիլի 5-ին Ազատութեան հրապարակում կազմակերպած հերթական հանրահաւաքում Յովհաննէսեանը հայ ժողովրդին յորդորեց ապրիլի 9-ին մասնակցել «Նոր Հայաստանի հռչակման եւ երդմնակալութեան արարողութեանը»: Նա յայտարարեց, որ այդ օրը ողջ Հայաստանում գործադուլի եւ դասադուլի օր է, ապա իրաւապահներին կոչ արեց չսահմանափակել քաղաքացիների տեղաշարժի իրաւունքը: «Վա՛յ նրանց, ովքեր ապրիլի 9-ին սուտ երդում են ուտելու: Չե՛նք ներելու, չե՛նք ներելու», բազմահազար բազմութեանը դիմեց Յովհաննէսեանը:

Դեռեւս յայտնի չէ` Ազատութեան հրապարակում սպասուող այլընտրանքային երդմնակալութեան արարողութեան ընթացքում Յովհաննէսեանը ձեռքը դնելո՞ւ է սահմանադրութեան եւ Աստուածաշնչի վրայ, այդ արարողութեանը որեւէ հոգեւորական մասնակցելո՞ւ է: Ինչպէս յայտնի է, Հայաստանի նախագահը պաշտօնամուտի արարողութեան ընթացքում երդում է տալիս` ձեռքը դնելով սահմանդրութեան մայր օրինակի եւ եօթերորդ դարի «Վեհամօր Աւետարանի» վրայ: Պաշտօնամուտի արարողութեանը ներկայ է լինում Ամենայն հայոց հայրապետը: Ապրիլի

2-ին Յովհաննէսեանը ելոյթ էր ունենում Էջմիածնում` հէնց Մայր Աթոռի հարեւանութեամբ գտնուող Կոմիտասի արձանին յարող հրապարակում: Այդ ելոյթի ուղերձը յստակ էր: Յովհաննիսեանը հաւաքուածներին յիշեցրեց, որ չի կարելի սուտ երդում տալ Աստուածաշնչի վրայ:

Սովորաբար Հայաստանի նախագահի պաշտօնամուտի արարողութիւնը տեղի է ունենում Ազատութեան հրապարակում գտնուող Օփերայի եւ պալէի ակադեմական թատրոնում: Այս անգամ, սակայն, ընդ որում` առաջին անգամ, երդմնակալութեան արարողութիւնը կայանալու է Մարզահամերգային համալիրում: Ենթադրաբար, իշխանութիւնները այս քայլով փորձել են խուսափել հնարաւոր բախումներից: Պատկերացնո՞ւմ էք` նոյն օրը, նոյն վայրում եւ նոյն ժամին Ազատութեան հրապարակում ,նոր Հայաստանի հռչակման եւ երդմնակալութեան արարողութիւնէ է կազմակերպում Րաֆֆի Յովհաննէսեանը` հազարաւոր մարդկանց ներկայութեամբ, իսկ Օփերայի եւ պալէի թատրոնում Սերժ Սարգսեանի պաշտօնամուտի արարողութիւնն է` մասնակցութեամբ օտարերկրեայ հիւրերի, դիւանագիտական ներկայացուցիչների, պաշտօնեաների:

Նախագահական ընտրութիւններից յետոյ Յովհաննէսեանը շրջայց կատարեց Հայաստանի բնակավայրերում, այցելեց տասնեակ քաղաքներ ու գիւղեր: Այն վայրերում, որտեղ նա յաղթել էր, ժողովուրդը մեծ ոգեւորութեամբ էր դիմաւորում, իսկ այն վայրերում, որտեղ, ըստ պաշտօնական տուեալների, յաղթել էր Սերժ Սարգսեանը, արձանագրւում էին նաեւ ընդհարումներ եւ սադրանքներ: Սեւան քաղաքում, քաղաքապետի ներկայութեամբ արձանագրուած սադրանքից յետոյ,  Յովհաննէսեանը դադարեցրեց մարզային հանդիպումները եւ երեք շաբաթով հացադուլ յայտարարեց Ազատութեան հրապարակում: Այդ օրերի ընթացքում Ազատութեան հրապարակը վերածուել էր մի իւրայատուկ քաղաքական հարթակի, որտեղ ամէն օր կազմակերպւում էին հանրահաւաքներ, քննարկումներ, յայտնի երգիչներ ու երաժշտական խմբեր համերգներ էին տալիս` ի զօրակցութիւն Յովհաննէսեանի:

Ապրիլի 1-ից Յովհաննէսեանը կրկին սկսեց մարզային այցելութիւնները: Չորս օրերի ընթացքում նա այցելեց  Հայաստանի գրեթէ բոլոր քաղաքներ: Ինչպէս մարզային այցելութիւնների, այնպէս էլ հացադուլի օրերին, ես, որպէս լրագրող, հետեւել եմ Յովհաննէսեանին: Նախագահական ընտրութիւնների նախաշեմին իշխանութիւնները, գործող նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ, փորձում էին ստեղծել մի իրավիճակ, երբ նախագահական ընտրութիւններին մասնակցելն անգամ կը դառնար անիմաստ: Շատ քչերն էին հաւատում, որ հնարաւոր է պայքարել գործող իշխանութիւնների դէմ: Միակ թեկնածուն, ով հաւատաց Հայաստանի քաղաքացիներին, Յովհաննէսեանն էր: Գրեթէ ոչ ոք չէր հաւատում, բայց Րաֆֆին հաւատաց:

Հայաստանի նախագահական գրեթէ բոլոր ընտրութիւնների արդիւնքերը վիճարկուել են, ընդդիմութեան թեկնածուն միշտ բողոքարկել եւ չի ընդունել դրանց պաշտօնական արդիւնքները: Սակայն առաջին անգամն է, երբ ընդդիմութեան առաջնորդը կազմակերպում է, այսպէս ասենք` այլընտրանքային երդմնակալութեան արարողութիւն: Իր մարզային հանդիպումների ընթացքում Րաֆֆի Յովհաննէսեանը ժողովրդին առաջարկում էր ապրիլի 9-ին գալ Երեւանի Ազատութեան հրապարակ եւ մասնակցել իր երդմնակալութեան արարողութեանը: Անկախ նրանից, թէ ինչպիսին կը լինի իշխանութիւնների արձագանգը, ակնյայտ է, որ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ սփիւռքում եւ ամբողջ աշխարհում, լրատուամիջոցները անդրադառնալու են այս անսովոր միջոցառմանը: Դատեցէք ինքներդ` ընդդիմութեան առաջնորդը, չընդունելով նախագահական ընտրութիւնների պաշտօնական արդիւնքերը, իրեն համարում է ժողովրդի ընտրեալ եւ հազարաւոր մասնակիցների ներկայութեամբ կազմակերպում երդման արարողութիւն:

Ապրիլի 9-ին Ազատութեան հրապարակում սպասուող միջոցառումը ուշագրաւ է մէկ այլ իմաստով: Ին՞չ դիրքորոշում են որդեգրելու Հայաստանի քաղաքական ուժերը: Ակնյայտ է, որ Յովհաննէսեանի «Ժառանգութիւն» կուսակցութեան պատգամաւորները լինելու են Ազատութեան հրապարակում եւ պոյքոթելու են Սերժ Սարգսեանի երդմնակալութեան արարողութիւնը:

Ընդդիմադիր Հայ ազգային քոնկրեսի (ՀԱՔ) ներկայացուցիչները արդէն յայտարարել են, որ իրենք եւս ներկայ չեն գտնուիր Սերժ Սարգսեանի երդմնակալութեան արարողութեանը: Առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի ղեկավարած ուժի ներկայացուցիչները ընդգծում են, որ Սերժ Սարգսեանը չի ընտրուել որպէս նախագահ եւ կեղծել է ժողովրդի քուէն, հետեւաբար իրենք ներկայ չեն լինի նման միջոցառման:

Դաշնակցութիւնը իր զօրակցութիւնն է յայտնել Րաֆֆի Յովհաննէսեանի համաժողովրդական շարժմանը, սակայն յստակ չէ` որեւէ կարկառուն դաշնակցական ներկայ լինելո՞ւ է Սերժ Սարգսեանի երդմնակալութեան արարողութեանը: Սպասւում է, որ ապրիլի 8-ին ՀՅԴ-ն կը յստակեցնի իր դիրքորոշումը: Գրեթէ կասկած չկայ, որ բազմաթիւ դաշնակցականներ ապրիլի 9-ին ներկայ են լինելու Ազատութեան հրապարակի այլընտրանքային երդմնակալութեանը: Ապրիլի 5-ին Ազատութեան հրապարակում ելոյթ ունեցողների մէջ էր նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը: Այս փաստը ենթադրել է տալիս, որ ՀՅԴ-ն կը պոյքոթի Սերժ Սարգսեանի երդմնակալութեան արարողութիւնը:

Դեռեւս չի կողմնորոշուել նաեւ իրեն այլընտրանքային ուժ համարող Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը: Ընտրութիւնների ընթացքում այս կուսակցութեան բազմաթիւ անդամներ, այդ թւում` խորհրդարանականներ, աջակցեցին Սերժ Սարգսեանին, իսկ որոշ ընտրատեղամասերում անմիջականօրէն մասնակցեցին կեղծիքներին: Մի շարք այլ ընտրատեղամասերում, ինչպէս, օրինակ, Վանաձոր քաղաքում, Բարգաւաճ Հայաստանը ՀՅԴ-ի եւ ՀԱՔ-ի հետ ամէն ինչ արեց, որպէսզի Հանրապետական կուսակցութիւնը չկարողանայ կեղծել: Արդիւնքում Վանաձոր քաղաքում Րաֆֆի Յովհաննէսեանը Սերժ Սարգսեանին յաղթեց 12 հազար քուէի առաւելութեամբ:

Դեռեւս պարզ չէ` Սերժ Սարգսեանի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելո՞ւ է երկրորդ նախագահ Ռոպէրթ Քոչարեանը, ով, ի դէպ, փետրուարի 18-ից յետոյ առաջիններից մէկը շնորհաւորեց Սերժ Սարգսեանին:

Մի խօսքով, ապրիլի 9-ը ցոյց է տալու, թէ ինչպիսի դիրքորոշում ունեն քաղաքական ուժերը փետրուարի 18-ի նախագահական ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ: Այն ուժերը, որոնք ներկայ կը լինեն Սերժ Սարգսեանի երդմնակալութեան արարողութեանը, նշանակում է, որ ընդունում են այդ ընտրութիւնների արդիւնքները: Քաղաքական այն ուժերը, որոնք ներկայ կը լինեն Ազատութեան հրապարակում Րաֆֆի Յովհաննէսեանի երդմնակալութեան այլընտրանքնային արարողութեանը, կամ կը պոյքոթեն Սերժ Սարգսեանի պաշտօնամուտի արարողութեանը, նշանակում է, որ նրանք փետրուարի 18-ի ընտրութիւնների արդիւնքները համարում են կեղծուած:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES