Մութալիպովի Խոստովանութիւնները,Կամ` Շահախնդիր Ազնուութիւն

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

Օրերս լրատուական  դաշտում երեւան է եկել Ազրպէյճանի կոմկուսի (Համայնավար կուսակցութիւն) Կենտկոմի (Կեդրոնական կոմիտէի) նախկին առաջին քարտուղար եւ նախկին նախագահ Այազ Մութալիպովի հարցազրոյցը «Ազատութիւն» ռատիոկայանի ազրպէյճանական ծառայութեանը: Իսկ որո՞նք են ազրպէյճանական քաղաքականութեան նահապետի աւելի քան քսանամեայ լռութիւնից յետոյ այդչափ ծաւալուն հարցազրոյցի դրդապատճառները: Մութալիպովի խոստովանութիւններին ծանօթանալուց, ամէնից առաջ, աչքի է զարնում ազրպէյճանական հասարակութեան առաջ արդարանալու նրա ցանկութիւնը, հասարակութիւն, որը, մեղմ ասած, միանշանակ չի վերաբերուել նրա նկատմամբ` որպէս քաղաքական դէմքի` նրան մեղադրելով ազգային շահերին դաւաճանելու մէջ:

Երկրորդ` Ազրպէյճանի ներկայիս նախագահի առաջ քծնողութիւնը վերջինիս «մեծահոգութեան» համար, ով նրան թոյլ է տուել քաղաքական աքսորի երկու տասնամեակից յետոյ հայրենիք վերադառնալ:

Հարցազրոյցը շռայլ քաղցրախօսութիւններ է պարունակում Իլհամ Ալիեւի հասցէին, ով, Մութալիպովի կարծիքով, հէնց այն նախագահն է հանդիսանում, որն այսօր պէտք է Ազրպէյճանին: Իսկ պատասխանելով այն հարցին, թէ ինքն ում է սատարելու առաջիկայ` հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրութիւններում, Մութալիպովը կտրական էր. «Ես ոչ ոքի չեմ տեսնում` ներկայիս իշխանութիւնից բացի»:

Սակայն նախկին նախագահի խղճին թողնենք գովեստը Ազրպէյճանի գործող ղեկավարի հասցէին, որը ազատութիւնը խեղդողի համբաւ է վաստակել ե՛ւ իր հայրենիքում, ե՛ւ արտասահմանում, որի վարչակարգը նախագահական ընտրութիւնների նախաշեմին դաժան միջոցներով է դատաստան տեսնում իրեն քննադատողների հետ: Իսկ մեզ աւելի շատ հետաքրքրում է Մութալիպովի զրոյցի այն մասը, որը վերաբերում է ղարաբաղեան հակամարտութեանը: Եւ այդ տեսակէտից հարցազրոյցը, թերեւս, կարելի է անուանել նշանակալից:

Ձգտելով քաղաքական միաւորներ վաստակել Ազրպէյճան վերադառնալուց յետոյ եւ որպէս ազգային հերոս ներկայանալ սեփական ժողովրդի առաջ` Մութալիպովը յիշատակուած հարցազրոյցում կատարել է իր շնական շիտակութեամբ ուշագրաւ խոստովանութիւն: Նա պատմել է այն մասին, թէ ինչպէս է Խորհրդային Միութեան պահպանման հարցով Ազրպէյճանում անցկացուած հանրաքուէի դրական արդիւնքին ի փոխ` իրեն յաջողուել ստանալ Խորհրդային Միութեան նախագահ Միխայիլ Գորբաչովի համաձայնութիւնը` Լեռնային Ղարաբաղում անցկացնել «Օղակ» ռազմագործողութիւնը, որի նպատակն է եղել հայկական բնակչութեան բռնատեղահանումը: «Ես գիտէի, որ այդ հանրաքուէն իրենից կարեւորութիւն չի ներկայացնում, Խորհրդային Միութիւնը փլուզւում էր եւ կը փլուզուէր: Դրանից անհրաժեշտ էր օգտուել: Մէկ օր անց ես փաստաթղթերը ցոյց տուեցի Գորբաչովին` ասելով, որ ազրպէյճանական ժողովուրդը նեղացած է ձեզնից, բայց, միեւնոյն է, քուէարկել է Խորհրդային Միութեան պահպանման օգտին: Նա ուրախացաւ»,1991 թուականի իրադարձութիւնները վերյիշում է Մութալիպովը: Եւ ապա հետեւում է դասական ազրպէյճանական դիւանագիտութիւնը` հիմնուած «Դու` ինձ, ես` քեզ» յայտնի սկզբունքի վրայ:

Այլ խօսքով, քաղաքականութեան մէջ երկու «չարչի»-ների սովորական սակարկութիւն է ընթացել: «Հանրաքուէի վերաբերեալ այդ փաստաթուղթը գին ունի», Գորբաչովին ասել է Մութալիպովը: «Նա հարցրեց` ի՞նչ գին: Ես պատասխանեցի. մաքրեցէ՜ք Ղարաբաղը»:

Այլ կերպ ասած` «վերակառուցման եւ հրապարակայնութեան» հօր, Խաղաղութեան Նոպելեան մրցանակի ապագայ դափնեկրի հետ կեղտոտ քաղաքական գործարք է կնքուել, որը լիիրաւ կարելի է անուանել արիւնալի: Եւ այդ գործարքի գինը, Մութալիպովի խոստովանութեամբ, դարձաւ Ղարաբաղը: Այդ գինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար չափազանց բարձր եղաւ: Ազրպէյճանում տեղաբաշխուած խորհրդային զօրամասերը 1991 թուականի ապրիլին Ազրպէյճանի ներքին գործոց նախարարի յատուկ նշանակութեան ջոկատների (ՕՄՕՆ) հետ միասին ձեռնամուխ եղան «Օղակ» ռազմագործողութեան անցկացմանը, որի արդիւնքում սպաննուեցին ու վիրաւորուեցին հարիւրաւոր հայազգի քաղաքացիներ, բռնատեղահանուեց չտեսնուած աւերածութեան եւ կողոպուտի ենթարկուած 24 հայկական գիւղերի բնակչութիւնը:

Կարծում ենք` Ազրպէյճանի նախկին նախագահի խոստովանութիւններն այսօր չափազանց կարեւոր են ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման պարունակում, եւ առաջին հերթին` միջազգային միջնորդների համար: Ինքն էլ դա չզգալով` Մութալիպովը դիմակազերծել եւ ցոյց է տուել Ազրպէյճանի իսկական դէմքը: «Ազատութիւն» ռատիոկայանին տուած նրա հարցազրոյցում հերթական անգամ մերկացել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ազրպէյճանական քաղաքականութեան էութիւնը` այն մաքրել բնիկ հայ բնակչութիւնից: Վերջին երկու տասնամեակի ընթացքում այդ քաղաքականութիւնը ոչ մի փոփոխութեան չի ենթարկուել, քանի որ փոփոխութեան չի ենթարկուել փանթուրանականութեան գաղափարախօսութիւնն ինքը, որը ե՛ւ քսան տարի առաջ, ե՛ւ այսօր քարոզում է Ազրպէյճանում կառավարող վարչակարգը: Իսկ իր նպատակներին հասնելու համար, ինչպէս արդէն նշուել է, Պաքուի իշխանութիւններն օգտագործում են ցանկացած միջոց, ներառեալ բացայայտ խաբէութիւնը: Մութալիպովը չի էլ թաքցնում, որ «Օղակ» ռազմագործողութեան անցկացման համաձայնութիւն ստանալու համար ինքը պարզապէս խաբել է Գորբաչովին` օգտագործելով նրա` ժողովուրդների ճակատագիրը տնօրինողի մեծապետական պատուամոլութիւնը: Արդիւնքում բիւրաւոր մարդիկ` ե՛ւ հայեր, ե՛ւ ազրպէյճանցիներ, երկու` համայնավար եւ փանթուրանական յանցաւոր գաղափարախօսութիւնների զոհ դարձան: Դա իւրատեսակ նախազգուշացում պէտք է դառնայ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ներկայիս միջազգային միջնորդների համար, որոնք ուրիշների ձեռքով կրակից շագանակներ հանելու սովոր` Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից խաբուած լինելու ռիսք են անում: 1991-ին եւ հէնց Ղարաբաղի դէմ պատերազմի շրջանում դա խորհրդային զօրքերի ստորաբաժանումներն են արել, այնուհետեւ` վարձկանների մի ամբողջ բանակը, իսկ այսօր էլ յենուելով «նաւթատոլար»-ների վրայ` յոյսը դրւում է միջազգային ատեանների վրայ: Խաղաղ բանակցութիւններին մասնակցելու երեւութականութիւն ստեղծելով` Ազրպէյճանի ղեկավարութիւնն իրականում ջանում է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան օգնութեամբ հասնել իր` Արցախի բռնակցման հակահայկական ծրագրերի իրացման:

Դէ ինչ, մէկ անգամ Այազ Մութալիպովը, ղեկավարուելով մորթապաշտական շահով, 1992 թուականի ապրիլին «Նեզաւիսիմայա Կազեթա»-ին տուած հարցազրոյցում խոստովանել է, որ Խոջալուի խաղաղ բնակչութեան ողբերգութիւնն Ազրպէյճանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատի խղճի վրայ է, որն այդ ձեւով ձգտել է իրեն հեռացնել իշխանութիւնից: Դժուար չէ կռահել, թէ ինչն է 2013 թուականի մարտին Ազրպէյճանի նախկին նախագահին նոր խոստովանութեան դրդել «Ազատութիւն» ռատիոկայանին տուած հարցազրոյցում: Իսկ մեզ մնում է փաստել մի ճշմարտութիւն, որը միշտ է շօշափելի եղել. ե՛ւ այն, ե՛ւ այս դէպքում նա աշխարհին ցուցադրեց ազրպէյճանական ֆաշականութեան իսկական դէմքը: Պէտք չէ նրան երախտապարտ լինել նրա` աւելի քան քսան տարուայ ընդմիջում ունեցող այդ ազնուութեան համար: «Ազնուութիւնն» այդ իւր շահն ունի եւ զուրկ է մեղքի գիտակցումից: Դա ընդունենք որպէս իրողութիւն: Եւ միջնորդներին խորհուրդ տանք պատրանքներ չկառուցել իրենց խաղաղարար գործունէութեան մէջ:

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )