Հաշուեպահանջներ Ալիեւների Տանը

 ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Լեռնային Ղարաբաղում, եւ ոչ միայն, որոշ իմաստով արդէն ընտելացել են Ազրպէյճանի չդադարող ռազմատենչ հռետորաբանութեանը, որն ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում հազիւ զինադադար հաստատուելուց յետոյ սկսեց Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան, ինչպէս նաեւ միջազգային հանրակցութեանը շանթաժի ենթարկել նոր պատերազմ սկսելու սպառնալիքով: Ռազմաշունչ յայտարարութիւնները ամրապնդւում են սպառազինութիւնների անզուսպ մրցավազքով, որոնց գնման համար Ազրպէյճանը միլիառաւոր տոլարներ է ծախսում, եւ կողմերի շփման գծում լարուածութեան ահագնացմամբ, ինչն արտայայտւում է սադրիչ խափանարարական գործողութիւններով ու մշտական դիպուկահարային պատերազմով:

Ի հարկէ, այս ամէնը չի կարող ղարաբաղեան կարգաւորման բանակցութիւնների` ի դէմս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների` հիմնական միջնորդների անհանգստութիւնը չյարուցել, որոնք, թէկուզեւ իրենց համար սովորական դարձած հաւասարական ձեւով, բայց եւ այնպէս, բազմիցս են արտայայտուել հիմնախնդրի ուժային լուծման անթոյլատրելիութեան մասին:

Միանշանակ կարելի է պնդել, որ ո՛չ Մոսկուային, ո՛չ Ուաշինկթընին, ո՛չ էլ Եւրոմիութեանը պէտք չէ նոր պատերազմը: Այսօր, երբ իրական բանակցութիւններ, իսկ աւելի ճշգրիտ` կարգաւորման գործում բեկման եւ խաղաղ համաձայնագրի հասնելու որեւէ կարելիութիւն գործնականում չկայ, միջազգային միջնորդների գլխաւոր ջանքերը, որոնք իրենցից արտաքին խոշոր խաղացողներն են ներկայացնում, ուղղուած են «սթաթուս քո»-ի պահպանմանն ու հակամարտութեան ուժգնացում թոյլ չտալուն: Նոր պատերազմը, որը հակասում է տարածաշրջանում նրանց ունեցած աշխարհաքաղաքական շահերին, պարզապէս ձեռնտու չէ նրանց, ուստի եւ, չափազանց մեծ հաւանականութեամբ կարելի է պնդել, որ Ազրպէյճանին թոյլ չեն տայ մարտական գործողութիւններ սանձազերծել:

Սակայն այժմ մենք կը ցանկանայինք տուեալ հարցը դիտարկել մէկ այլ հարթութեան վրայ. իսկ արդեօ՞ք Ազրպէյճանն ինքը պատրաստ է պատերազմի: Ի հարկէ, եթէ քննենք այդ երկրի պաշտօնատար  անձանց գոռոզամիտ յայտարարութիւնները, ապա նրանք իբր պատրաստ են ղարաբաղեան հարցը լուծել «պլիցքրիկ»ով` կայծակնային պատերազմով, այսինքն` ռազմական մէկ ոստիւնով: Առաւելագոյն համոզչութեան համար ազրպէյճանական «ռազմավարները» դիմում են վիճակագրական հաշուարարութիւնների` փորձելով հայկական երկու կողմերին սարսափեցնել Ազրպէյճանի ռազմական պիւտճէի եւ զինանոցի թուաբանութեամբ: Մինչդեռ հանրայայտ է, որ ցանկացած բանակի ներուժը ստեղծւում է ոչ միայն կենդանի ուժի ու սարքերի թուաքանակից, այլ ամէնից առաջ զինուորների մարտական ոգուց, բանակի հոգեբանական վիճակից: Այնինչ, ազրպէյճանական զինուած ուժերում տիրող իրադրութիւնը, դատելով ըստ Ազրպէյճանի քաղաքագէտների եւ զանգուածային լրատուամիջոցների գնահատականների եւ հաղորդումների, ամենեւին բարենպաստ չէ: Յիշո՞ւմ էք ռուս դասականի արտայայտութիւնը. «Ամէն ինչ իրար էր խառնուել Օպլոնսքիների տանը»: Ահա եւ, կարծես, ամէն ինչ չէ բարեյաջող Ալիեւների տանը: Այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ, ռազմական պիւտճէի թուերով ձեռնածութիւն անելով` Ազրպէյճանի իշխանութիւններն ուզում են ոչ միայն հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմերի վրայ, այլեւ, աւելի շուտ, իրենց բանակի անպարտելիութեան մէջ համոզել, ամէնից առաջ, իրենք իրենց: Այլապէս «ամօթից» դրդուած` լռութեան չէին մատնի այլ` բանակային վիճակագրութիւնը` ոչ մարտական կորուստները:

Ոչ մարտական պայմաններում զինուորների զոհուելու թեման վերջին ժամանակներս Ազրպէյճանում արտակարգ կերպով հրատապ է դարձել: Աւելի՛ն. այն դարձել է բողոքի զանգուածային գործողութիւնների պատճառ, որոնց մասնակցել են զոհուած զինծառայողների ազգակիցներն ու երիտասարդական գործիչներ` պահանջելով վերջ դնել զինուորների մահացութիւններին եւ կատարել դրանց առարկայական հետաքննութիւն: Մերկապարանոց չլինելու համար ներկայացնենք, ինչպէս ասում են, հայեացք ներսից: Ռազմական լրագրողների «Տոքթրին» ազրպէյճանական կենտրոնի տուեալներով, 2012 թուականին Ազրպէյճանի  զինեալ ուժերում զոհուել են առնուազն 97 զինծառայողներ, որոնց 80 առ հարիւրը` ոչ մարտական հանգամանքներում: 2013 թուականի սկզբից Ազրպէյճանի պետական կառոյցները հաստատել են առնուազն 19 ազրպէյճանական զինծառայողի մահը, որոնցից 15 հոգի մահացել է ոչ մարտական իրադրութիւնում: Այդպիսի խոշոր ոչ մարտական կորուստները եւ Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան փորձերը` թաքցնել զինուորների մահանալու իսկական պատճառները, արդէն յանգեցրել են յունուարին եւ մարտին Պաքւում տեղի ունեցած բողոքի երկու գործողութիւններին, որոնք ցրել է ոստիկանութիւնը:

Իր հերթին ժողովրդավարութեան եւ խաղաղութեան ազրպէյճանական հիմնարկի տնօրէն Լէյլա Եունուսը «Էր. Էֆ. Ի.» ֆրանսական ռատիոկայանին տուած հարցազրոյցում նշել է, որ «ազրպէյճանական բանակում ոչ մարտական պայմաններում մեր աչքի առաջ աճում է մահերի քանակը»: Նրա խօսքերով, վերջին 2-3 տարում դա կազմում է տարեկան 80 ժամկէտային ծառայութեան զինուոր: Եւ ամենագլխաւոր ամփոփումը, պատասխանելով այն հարցին, թէ կարելի՞ է արդեօք ստեղծուած իրավիճակում խօսել գործուն ազրպէյճանական բանակի մասին` հաշուի առնելով, որ Պաքուի իշխանութիւնները յաճախ են հանդէս գալիս ռազմական սպառնալիքներով, Լէյլա Եունուսը պատասխանել է. «Բանակը գործելու ոչ մի ընդունակութիւն չունի, քանի որ փտածութեան մեքանիզմի համակարգ է ստեղծուած: Հսկայական փողեր են ծախսւում սպառազինութեան գնումների համար, բայց մարտունակ բանակ ստեղծելու գործընթաց չկայ: Միամտութիւն է խօսել մի բանակի մարտունակութեան մասին, որտեղ զինուորը փաստօրէն ստրուկ է հանդիսանում, երբ նրա իրաւունքներն աւելի շատ են սահմանափակում, քան` բանտարկեալների իրաւունքները»:

Ազրպէյճանի համար այս ոչ սփոփիչ հետեւութիւններն արդեօ՞ք սթափեցնող ազդեցութիւն կ՛ունենան նրա ղեկավարութեան վրայ, կը չափաւորե՞ն արդեօք նրա ռազմատենչ մոլուցքը: Հազիւ թէ: Կասկած չկայ, որ ալիեւեան վարչակարգը կը շարունակի սպառնալիքների քաղաքականութիւնը` այն պատիր յոյսով, թէ շահաբաժիններ կը ստանայ համաշխարհային հանրակցութեանը ռազմական «շանթաժ»-ի ենթարկելու` իր սկսած կեղտոտ խաղում: Սակայն նա պէտք չէ մոռանայ այն  ճշմարտութիւնը, որ ցանկացած ռազմարշաւի յաջողութեան հիմնական պայմաններից մէկն է հանդիսանում իշխանութեան եւ ժողովրդի միասնութիւնը: Դատելով Ազրպէյճանում տեղի ունեցած վերջին իրադարձութիւններից, որտեղ ընկերային հիմնախնդիրները բանակում տիրող իրադրութեան հետ միասին բողոքի զանգուածային ալիք են ծնել, այդպիսի միասնականութիւն չկայ: Սակայն կան այն բանի նախանշանները, որ աճում է մարդկանց ինքնագիտակցութիւնը, որոնք այլեւս չեն ցանկանում խաբուած լինել: Եւ երբ նուաճողական պատուախնդրութիւններով տառապող Պաքուն հանդէս է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ նոր պատերազմ սկսելու սպառնալիքներով, նրան չէր խանգարի խորհել այն մասին, թէ բանակն ընդունա՞կ է, արդեօք, պաշտպանել նրա շահերը:

«Ազատ Արցախ»

Share this Article
CATEGORIES