Կրկնուող Պատմութիւն. Ապրիլի 9. Երդմնակալութիւնների Եւ Արիւնահեղութիւնից Խուսափելու Օր
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում հնարաւոր եղաւ խուսափել բախումներից եւ արիւնահեղութիւնից: Դա հնարաւոր եղաւ մի շարք պատճառներով, բայց հիմնականում` շնորհիւ ընդդիմութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննէսեանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարեանի կշռադատուած գործողութիւնների ու սթափ պահուածքի: Ինչպէս այդ օրը, այնպէս էլ փետրուարի 18-ի ընտրութիւններին յաջորդած շրջանում ես` որպէս լրագրող, շատ մօտիկից հետեւել եմ Յովհաննէսեանի եւ նրա շուրջ կատարուող իրադարձութիւններին: Ապրիլի 9-ի երեկոյեան Բաղրամեան պողոտայի սկզբնամասում ներքին զօրքերի ստորաբաժանումները կանգնեցրին դէպի նախագահական պալատ շարժուող ցուցարարներին: Եղաւ մի պահ, երբ արդէն բախումներն ու բռնութիւնները շատ մօտ էին, սակայն ոստիկանապետը ճիշդ ժամանակին եղաւ ճիշդ վայրում, եւ Յովհաննէսեանի հետ պայմանաւորուածութեան արդիւնքում հնարաւոր եղաւ ցուցարարներին ուղղորդել դէպի Սարեան փողոց:
Ընդամէնը մէկ ժամ անց լրատուամիջոցներն ու ընկերային ցանցերը ողողուած էին լուրերով, թէ իբր Յովհաննէսեանը ցուցարարներին մենակ է թողել «ոստիկանական մահակների տակ» եւ գնացել է Ծիծեռնակաբերդ ու ոստիկանապետի հետ «Հայր Մեր» աղօթել:
Անշուշտ, լրագրողները, քաղաքական գործիչները կամ հասարակութիւնը կարող է եւ իրաւունք ունի քննադատել կամ դատապարտել Րաֆֆի Յովհաննէսեանի գործողութիւնները, ինչը անում են եռանդագին կերպով: Սակայն կան ճշմարտութիւններ, որոնք արդէն խեղաթիւրուած են ներկայացւում: Մի մասը դա անում է մտածուած կերպով, որպէսզի վարկաբեկի Յովհաննէսեանին, միւս մասը` չլինելով դէպքի վայրում, կրկնում է այն ապատեղեկատուութիւնը, որ տարածեցին իշխանական, ինչպէս նաեւ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանին սատարող լրատուամիջոցները:
Րաֆֆի Յովհաննէսեանը ցուցարարներին չի թողել ոստիկանական մահակների սպառնալիքի տակ: Այո, ճիշդ է, որ երբ ցուցարարների մեծ մասը, հետեւելով Յովհաննէսեանին եւ ոստիկանապետին, շարժուեցին Սարեան փողոցով դէպի Ծիծեռնակաբերդ, ժողովրդի մի հատուած մնաց Բաղրամեան պողոտայի սկզբնամասում: Այդ ժամանակ էլ տեղի ունեցան քաշքշուկ եւ բռնութեան դէպքեր ոստիկանութեան եւ ժողովրդի միջեւ: Յովհաննէսեանը այդ օրը իր կնոջ եւ որդու հետ երբեք չհեռացաւ «առաջին գծից»: Անձամբ ինձ շատ ազնիւ է թւում Յովհաննէսեանի պահուածքը, քանի որ նա, երբ ժողովրդին առաջնորդում է, իր ընտանիքի անդամներին ոչ թէ թաքցնում է տաքուկ անկիւններում, այլ դուրս բերում հրապարակ: Եւ եթէ ապրիլի 9-ին լինէր արիւնահեղութիւն, ապա առաջին տուժողներից պէտք էր լինէին Յովհաննէսեանը, նրա ընտանիքի անդամները եւ լրագրողները, քանի որ հէնց նրանք էին «պուֆերային գօտում»` ժողովրդի ճնշման եւ ոստիկանական մահակների արանքում: Բարեբախտաբար այդ օրը դէպքի վայրում լրագրողները գերազանց աշխատեցին, եւ գրեթէ ամէն բան նկարահանուել է: Երեւանի թերթերից մէկը անգամ այսպիսի խորագիր օգտագործեց. «Ապրիլի 9-ի հերոսները լրագրողներն էին»: Անշուշտ, լրագրողները հերոսներ չէին, պարզապէս նրանք բարեխղճօրէն կատարեցին իրենց գործը:
Չի կարելի կեղծել պատմութիւնը: Պիտի կրկնեմ, որ Յովհաննէսեանը ընտրութիւններից յետոյ մի քանի անգամ շրջել է Հայաստանի գրեթէ բոլոր քաղաքներում ու բազմաթիւ գիւղերում: Ես ամէնուր հետեւել եմ նրա վարքին: Երբեմն տեղի էին ունենում սադրանքներ ու բախումներ, եւ Յովհաննէսեանը ամէնուր առաջինն էր արձագանգում: Նա չէր թողնում, որ իրենից առաջ ոեւէ մէկը կանգնի, նա չէր թաքնւում իր կուսակիցների կամ ժողովրդի թիկունքում: Ես բազմաթիւ անգամ իմ ընկերների հետ զրոյցներում ասել եմ եւ առաջին անգամ գրում եմ` Րաֆֆին խիզախ, ազնիւ, իտէալիստ հայ է: Ի տարբերութիւն 2008-ի ընդդիմութեան առաջնորդ Տէր Պետրոսեանի, ով ներքաղաքական լարուածութեան ամենասուր շրջանում իր որդուն ուղարկեց Միացեալ Նահանգներ, Յովհաննէսեանը 2013-ի ընտրութիւնների շրջանում իր որդուն Հայաստան է բերել նոյն Միացեալ Նահանգներից: 2008-ի մարտի 1-ին Տէր Պետրոսեանը յայտարարեց, որ ինքը տնային կալանքի տակ է, իսկ նրա կողմնակից ցուցարարները փողոցում միայնակ մնացին զինուորական գնդակների տակ: Գրեթէ նոյն իրավիճակն էր նաեւ 1996-ին. այն օրերի ընդդիմութեան առաջնորդ Վազգէն Մանուկեանը ժողովրդին գրոհի տարաւ դէպի Ազգային ժողովի շէնք, սակայն մինչեւ վերջ չմնաց ժողովրդի կողքին ու կորցրեց իրավիճակի վերահսկողութիւնը:
Ապրիլի 12-ին Ազատութեան հրապարակում կայացած հերթական հանրահաւաքում Րաֆֆի Յովհաննէսեանը ընդունեց, որ ապրիլի 9-ին գուցէ սխալներ է թոյլ տուել, բայց յաղթանակը տանելու է մինչեւ վերջ: «Ամէն մէկը իրաւունք ունի քննադատելու, եւ ես ընդունում եմ, բայց ով ապրիլի 9-ին ներկայ չէր, եւ տաքուկ կուսակցական գրասենեակներում ժողովրդի տապալման մասին էին խօսում, նրանք ովքեր օգտուելով իմ մի ժամուայ բացակայութիւնից, ուզում էին իրենց քաղաքացի, քաղաքական ղեկավար համարել, ամօթ նրանց»:
Ապրիլի 9-ին Յովհաննէսեանը թոյլ տուեց կոպտագոյն սխալ: Նա ի զուր ժողովրդին տարաւ դէպի Բաղրամեան պողոտայ, որտեղ նախագահի նստավայրն է: Հայաստանի նախագահական ընտրութիւնների եւ դրան հետեւած զարգացումների տրամաբանութիւնը յուշում է, որ երբ ընդդիմութիւնը պայքարը տեղափոխում է առճակատման դաշտ, ապա պարտւում է: 1996-ին այն օրերի ընդդիմութեան առաջնորդ Վազգէն Մանուկեանը փորձեց ուժային ճանապարհով հանգուցալուծել ներքաղաքական ճգնաժամը, սակայն առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանն ու նրա ուժային նախարարները` Վազգէն եւ Սերժ Սարգսեանները, Երեւանի կենտրոն հանեցին զրահամեքենաներ: 2003-ի կեղծուած նախագահական ընտրութիւններից յետոյ ընդդիմութիւնը ամիսներ շարունակ փողոցային ցոյցեր էր կազմակերպում, իսկ 2004-ի ապրիլին փորձեց գրոհել դէպի նախագահական նստավայր, սակայն Ռոպերթ Քոչարեանը ուժ կիրառեց: 2008-ի մարտին Լեւոն Տէր Պետրոսեանը պայքարը տարաւ առճակատման փուլ եւ հերթական անգամ Ռոպերթ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը բռնի ուժ կիառեցին: Սպաննուեցին տասը քաղաքացիներ:
Այո, ճիշդ է, օրուայ իշխանութիւնը դիմում է կեղծիքի` սկսած 1996-ի նախագահական ընտրութիւններից: Այո, ճիշդ է, որ ժողովուրդը իրաւունք ունի տէր կանգնելու իր քուէին: Սակայն պէտք է ճիշդ գնահատել իրավիճակը եւ մեր նորօրեայ պատմութիւնից դասեր քաղել: Այն պահին, երբ ընդդիմութիւնը պայքարը տանում է դէպի առճակատման դաշտ, պարտւում է: Այս իմաստով, կրկնեմ` Րաֆֆի Յովհաննէսեանը թոյլ տուեց կոպտագոյն սխալ:
Միանգամից հարց է ծագում` լաւ, իսկ ի՞նչ անել: Դեռ քանի՞ անգամ են իշխանութիւնները կեղծելու ընտրութիւնների արդիւնքները: «Ի՞նչ անել» հարցի պատասխանը ես չունեմ, ինչպէս չունեն բոլոր նրանք, ովքեր մերժում են կեղծուած ընտրութիւններով իշխանութիւն պահելը դատապարտող Հայաստանի եւ սփիւռքի բոլոր հայերը: Եթէ այդ հարցի պատասխանը ունենայինք, ապա չէինք ունենայ պարբերաբար կեղծուած ընտրութիւններ եւ օրինականութեան պակաս ու ժողովրդի վստահութիւնը չվայելող նախագահներ:
Բարեբախտաբար ապրիլի 9-ի երեկոյեան հնարաւոր եղաւ խուսափել արիւնահեղութիւնից, իսկ այն, ինչ տեղի ունեցաւ նոյն օրը կէսօրին, կը մնայ Հայաստանի նորօրեայ պատմութեան մատեանում: Ապրիլի 9-ի կէսօրին Երեւանում կայացաւ Հայաստանի նախագահի երդմնակալութեան երկու արարողութիւն: Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում երդւում էր Սերժ Սարգսեանը, իսկ Ազատութեան հրապարակում աւելի քան տասը հազար մարդու ներկայութեամբ` Րաֆֆի Յովհաննէսեանը:
Փետրուարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրութիւններում, ըստ պաշտօնական տուեալների, Սերժ Սարգսեանը քուէների 58 տոկոսով վերընտրուել է հանրապետութեան նախագահի պաշտօնում: Ընտրութիւններում երկրորդը ճանաչուած Րաֆֆի Յովհաննէսեանը, ով ստացել է քուէների 37 տոկոսը, յայտարարում է, որ ընտրութիւնները հերթական անգամ կեղծուել են, եւ Սերժ Սարգսեանը իրենից գողացել է յաղթանակը:
Սերժ Սարգսեանի երդմնակալութեան արարողութիւնը պոյքոթեցին խորհրդարանում ներկայացուած երեք կուսակցութիւններ` Հայ ազգային քոնկրեսը, Հայ յեղափոխական դաշնակցութիւնը եւ Ժառանգութիւնը: Սարգսեանի երդմնակալութեանը ներկայ էին իշխանական Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցութիւնները: Խորհրդարանում ներկայացուած մեծութեամբ երկրորդ ուժը` Բարգաւաճ Հայաստանը, որն իրեն համարում է այլընտրանք գործող իշխանութիւններին (գրեթէ ոչ ոք չի հաւատում այս պնդումին), չպոյքոթեց երդմնակալութեան արարողութիւնը, սակայն կուսակցութեան առաջին դէմքերը խուսափեցին ներկայ գտնուել միջոցառմանը: Կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանը Հայաստանում չէր, իսկ երկրորդ դէմքը` նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանը չմասնակցեց երդմնակալութեան արարողութեանը:
Փոխարէնը` երդմնակալութեան արարողութեանը մասնակցում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, արտերկրից հրաւիրուած հարիւրից աւելի հիւրեր, սակայն ոեւէ նախագահ չէր մասնակցում: Ամենաբարձրաստիճան պաշտօնեան Արցախի նախագահ Բակօ Սահակեանն էր: Առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը եւ Րաֆֆի Յովհաննէսեանը հրաւէր չէին ստացել: Տէր Պետրոսեանը աւելի վաղ յայտարարել էր, որ փետրուարի 18-ի ընտրութիւններում Սերժ Սարգսեանը չի ընտրուել: «Արդիւնքներն ինձ համար միանշանակ են: Յաղթել է Րաֆֆին: Ես դրանում ոչ մի կասկած չունեմ», ասել էր առաջին նախագահը:
Սերժ Սարգսեանը, աջը դնելով սահմանադրութեան մայր օրինակի եւ 7-րդ դարի «Վեհամօր Աւետարան»-ի վրայ, արտասանեց Հայաստանի նախագահի երդման տողերը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետութեան նախագահի պաշտօնը` երդւում եմ. անվերապահօրէն կատարել սահմանադրութեան պահանջները` յարգել մարդու եւ քաղաքացու իրաւունքներն ու ազատութիւնները, ապահովել հանրապետութեան անկախութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ անվտանգութիւնը` ի փառս Հայաստանի Հանրապետութեան եւ ի բարօրութիւն Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի»:
Իսկ ահա Ազատութեան հրապարակում հաւաքուած հազարաւոր մարդիկ եւ Րաֆֆի Յովհաննէսեանը յայտարարում էին, որ Սերժ Սարգսեանը` կեղծելով փետրուարի 18-ի նախագահական ընտրութիւնները, կոպտօրէն խախտել է հէնց սահմանադրութիւնը, հէնց մարդու եւ քաղաքացու իրաւունքներն ու ազատութիւնները: Րաֆֆի Յովհաննէսեանը ապրիլի 9-ին հերթական անգամ կոշտ խօսքեր հնչեցրեց Սերժ Սարգսեանի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցէին` գոչելով. «Ո՛չ կեղծ երդմանը, ո՛չ կեղծ նախագահին եւ ո՛չ կեղծ վեհափառին»: Յովհաննէսեանը Հայաստանի գլխաւոր դատախազին անուանեց խարդախ:
Յատուկ «Ազդակ»-ի համար

