Վանի Պատմական Տները Պատմութեան Գիրկն Են Անցել

Akunq.net

Վանի` աղիւսից եւ փայտից կառուցուած տների մեծ մասը չխնամուելու պատճառով փլուել է: 1990 թ. թուով 19-ը եղած այդ պատմական տներից ընդամէնը 2-ն են մնացել: Հայկական մշակոյթն արտացոլող սոյն տների մի մասն էլ աւերուել է երկրաշարժի պատճառով:

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` յղում անելով «Տիճլէ» լրատուական գործակալութեանը: Աղբիւրի փոխանցմամբ, թուրք ճարտարապետ Իտրիս Ճանպայը յայտնելով, թէ 1900-ականների սկզբներին Վանի ամրոցի արեւելքում բազմաթիւ պատմական տներ էին կառուցուել, նշել է. «1915-18 թթ. ջարդի ժամանակ Տուշպա քաղաքը գրեթէ լիովին վերացուեց: Ճարտարապետական կառոյցներ էլ չմնացին: Օսմանեան ժամանակաշրջանում Տուշպա քաղաքում կառուցուած քարէ շինութիւններից միայն մզկիթներն են մնացել»:

Ճանպայը, նաեւ ուշադրութիւն հրաւիրելով այն փաստի վրայ, որ հայերի կողմից կառուցուած այդ տներից ներկայում ընդամէնը 2-ն են մնացել, ասել է. «Դրանք եւս, չօգտագործուելու եւ չխնամուելու պատճառով, կարճ ժամանակահատուածում կը վերանան»:

Ճանպայը շեշտելով, որ Վանի աւանդական մշակոյթը ներկայացնող նմանատիպ շինութիւնները պէտք է վերակառուցուեն, նշել է. «Վանի պատմական տներն ընդհանուր առմամբ երկյարկանի եղել, իսկ նրանց համար հիմնական շինանիւթ են ծառայել աղիւսը եւ փայտը: Այդ առանձնայատկութիւնների շնորհիւ տուեալ շրջանի ճարտարապետութիւնից տարբերուող Վանայ տներն առանձնանում են Պիթլիսի եւ Էրզրումի տներից: Օրինակ` անհնար է, որ Վանի տներում հանդիպէք հարեմ-ընդունարան առնչութեանը»:

Ճանպայը նաեւ խօսել է Վանի աւանդական տները գրանցելու անհրաժեշտութեան մասին` ընդգծելով. «Վանի աւանդական կառոյցները պէտք է գրանցուեն: Դրանք խնամքի տակ չեն առնուել` հայերից մնացած լինելու պատճառով: Այդ անտարբերութիւնը վերացրել է տները, իսկ Վանի ամրոցի եզրին նահանգապետարանի կողմից կառուցուած պատմական Վանայ տան նմուշը թուրքական դրօշներով է զարդարուած»:

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )