Հայեացք Մերօրեայ Աշխարհաքաղաքական Փոփոխութիւններին

ԱՐԱՄ ՍԱՖԱՐԵԱՆ

Այս վերլուծականը գրելու հնարաւորութիւնը մեզ ընձեռեց մոսկուացի ճանաչուած քաղաքագէտ, Ռազմավարական գնահատումների եւ կանխատեսումների կենտրոնի գլխաւոր տնօրէն Սերգէյ Կրինեայեւը, որը հայ վերլուծաբան-հետազօտողներին յայտնի է որպէս «21-րդ ԴԱՐ» մեծ հեղինակութիւն վայելող ամսագրի հոգաբարձուների խորհրդի անդամ, եւ ում յօդուածները տարբեր ժամանակներում մեր իրականութեան մէջ հայերէն թարգմանութեամբ ներկայացուել են: Վերջերս Երեւանում նա հնարաւորութիւն ունեցաւ հայաստանեան վերլուծական հանրութեանը ներկայացնելու իր «Եւրասիայի ներկան եւ ապագան. Հայաստանի տեղն ու դերը ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում» հետազօտութեան նիւթերը: Ես խնդրեցի նրան թոյլ տալ ինձ վերաշարադրելու դրանք «Ազգ»-ի էջերում, եւ նա ուրախութեամբ տուեց իր համաձայնութիւնը, խնդրելով «լինել ազատ, բայց կոկիկ»: Ստորեւ ներկայացնում եմ Սերգեյ Կրինեայեւի հայեացքները, որոնք կառուցուած են արեւմտեան նշանաւոր քաղաքագէտների այն յայտնի ասոյթի վրայ, որ «ով տիրում է Եւրասիային` տիրում է աշխարհին»:

Ժամանակակից Աշխարհաքաղաքական
Փոփոխութիւնների
Բնական
Եւ
Կլիմայական Պատճառները

Երկբեւեռ աշխարհի փլուզումից աւելի քան քսան տարի յետոյ մենք ուզում ենք հասկանալ, թէ ի՞նչ հանգամանքներ են ազդում եւրասիական մայրցամաքում իրավիճակի ձեւաւորման վրայ պատմական այս ընթացիկ փուլում: Եթէ քննարկենք աշխարհագրական եւ կլիմայական գործօնները, ապա կը տեսնենք, որ վերջին քսան տարում կլիման երկրագնդի վրայ փոխւում է այնպէս, որ նախկինում անմատչելի բազմաթիւ գործօններ այսօր դառնում են քաղաքական եւ ֆինանսատնտեսական իրադարձութիւնների վճռական պատճառ:

Օրինակ` կլիմայի համաշխարհային ջերմացման պատճառով իրավիճակը հիւսիսային բեւեռի շրջակայքում փոխւում է այնպէս, որ հիւսիսային ծովային ուղին շատ շուտով դառնալու է նաւարկելի կլոր տարին:

Դա տեղի կ՛ունենայ մօտ 2040 թ., ինչը կը նշանակի, որ մի քանի ամսով կը կրճատուի եւրոպական շուկաներից դէպի ասիական շուկաներ ապրանքների փոխադրութիւնը:

Այնպիսի զարմանալի երեւոյթ, ինչպիսին «Կոլֆսթրիմ»-ի դանդաղեցումն է, կը յանգեցնի Եւրոպայում կլիմայական էական փոփոխութիւնների: Կլիման Եւրոպայում դառնում է աւելի խիստ, եւ տնտեսութեան ու կենսապայմանների ապահովման համար զգալիօրէն աւելի շատ ուժանիւթային ծախսեր են պէտք: Այլ կերպ ասած,  ածխաջրածնային վառելիքի այնպիսի նոր եւ շատ ռեսուրսներ, որոնք թոյլ կը տան գալիք տասնամեակներում եւրոպական կենսամակարդակը պահպանել այն մակարդակի վրայ ինչին որ նա հասել է նախկին երեսուն տարիներին: Երկրագնդում յստակ ձեւաւորւում են տարածքներ, որոնք կարելի է անուանել ջրի պահեստի գօտիներ:

Այդպիսին է կենտրոնասիական տարածաշրջանը: Այդպիսին է նաեւ Չինաստանի մայրցամաքային տարածքի խորքային մասը, որն ունի խմելու ջրի շատ լուրջ պակաս: Միեւնոյն ժամանակ աշխարհում ձեւաւորուել են հսկայ տարածքներ, որոնք համեմատաբար թոյլ են բնակեցուած եղել նախկինում խիստ կլիմայի պատճառով,  սակայն ունեն ջրի աւելցուկային պաշարներ:

Դրանցից ամենաակնառուն Սիպերիան է, ռուսական հզօր գետերի շրջանը եւ Պայքալ լճի շրջակայքը: Կան նաեւ այլ տարածքներ,  որտեղ դրսեւորուել են ջրային «պաշար»-ի աւելցուկներ, ինչը բացասաբար է ազդում մարդկանց կեանքի վրայ: Դրա վառ օրինակը` ջրհեղեղներ Քրասնոտարի երկրամասում:

Երկրաֆիզիքական նոր գործօնների մասին խօսելիս գլխաւորապէս հարկ է քննարկել քարիւղի աստիճանական սպառումը հանոյթի աւանդական գօտիներում: Բոլորին մանկուց յայտնի աշխարհագրական քարտէզների վրայ տեսանելի քարիւղի պաշարները ձեւաւորել են վերջին հարիւրամեակի ժամանակակից քաղաքակրթութիւնը: Քարիւղը Սիպերիա, Հիւսիսային Ափրիկէյում, Պարսից ծոցի աւազանում շուտով կը սպառուի, եւ այդ պատճառով էլ բոլորի հայեացքներն ուղղւում են դէպի Կասպից ծովի աւազան եւ Հիւսիսային ծովի ստորջրեայ հանքավայրեր,  որոնք գալու են փոխարինելու քարիւղի նախկին գլխաւոր դոնորներին: Նոյնը վերաբերում է Միջերկրական ծովի յատակի կազի հանքավայրերին, որոնց համար պայքարը սրուելու միտում ունի: Եւրասիական մայրցամաքի իրավիճակի վրայ ազդող գործօններ են ոչ միայն կազի եւ քարիւղի նոր հանքավայրերը, այլեւ դրանց պարունակութիւնը սպառողներին հասցնող հաղորդակցութեան նոր ուղիները, որոնք բնորոշելու են փոխադրական հոսքերը գալիք տասնամեակներում: Այսօր բոլորն են մտածում,  որ քարիւղի եւ կազի գլխաւոր սպառողներ են ոչ միայն Միացեալ Նահանգները եւ Եւրոպան, այլ նաեւ ասիական շուկաները, որոնք շատ շուտով դառնալու են այդ վառելիքի խոշորագոյն սպառողներն աշխարհում:

Փոխադրամիջոցային եւ հաղորդակցութեան միջոցների ենթակառուցուածքները այսօր կենտրոնացուած են գլխաւորապէս Արեւմուտքում: Սակայն դրանց տնտեսական արդիւնաւէտութիւնը նոր իրողութիւններում եւ նոր աշխարհաքաղաքական պայմաններում սկսում է դառնալ ցածր: Ահա թէ ինչու բոլորի հայեացքներն ուղղւում են դէպի Արեւելք եւ հրամայական է դառնում արեւելեան ուղղութեան զարգացումը:

Ֆինանսատնտեսական Եւ Ընկերային
Քաղաքական
Գործօնները

Հասկանալի է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն անվիճելի ազդեցութիւն ունեցաւ աշխարհում բազմաթիւ երկրների վրայ: Շատերն են տեսնում այն կապը, որ տնտեսական ճգնաժամը յաճախ միտում ունի վերաճելու քաղաքական ճգնաժամի: Բազմաթիւ հասարակութիւններում ընկերային արտօնութիւնների կամ դրանց մի մասի նուազեցումը, ֆինանսատնտեսական հնարաւորութիւնների պակասեցումը ստիպում են բնակչութեանը աւելի բարձր քաղաքական աշխուժութիւն դրսեւորել եւ ձգտել փոփոխութիւնների: Մենք ականատեսն ենք 2010 թ. դրութեամբ անվիճելի դարձած այն փաստարկին, որ աշխարհի խոշորագոյն ազդեցութեան կենտրոնները դարձել են խոշորագոյն պարտապաններ: Դա նախ եւ առաջ Միացեալ Նահագներն են: Այնուհետեւ Ճափոնը, որը արհեստագիտութեան պատճառած աղէտների եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի արդիւնքում, փաստօրէն, կորցնում է իր նշանակութիւնը որպէս համաշխարհային եւ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն: Առանձնակի հետաքրքրութեան է արժանի իրավիճակը Եւրոպական միութիւնում, որը շատ տասնամեակներ խոշորագոյն աշխարհաքաղաքական կենտրոններից մէկն էր: Այսօր ԵՄ-ն մի դիպուկ բնորոշմամբ, աւելի շատ զբաղուած է ներքին հարցերի կարգաւորմամբ, քան համաշխարհային աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի

 

 

 

 

 

 

դերակատարութեամբ: Ժամանակակից եւրասիականութեան բնորոշ յատկանիշներից մէկը մարդկանց ահռելի բազմութիւններ շարժման մէջ դնելն է: Հարաւարեւելեան Ասիայի եւ Չինաստանի մեծ թուով քաղաքացիներ փորձում են հաստատուել Ռուսաստանի արեւելքում: Հարաւային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի քաղաքացիները նոյնպէս ուղղւում են դէպի Ռուսաստան: Հարիւրհազարաւոր ռուսեր փորձում են վերահաստատուել Եւրոպայում եւ Ամերիկայում: Ուքրանիացիները տեղաշարժւում են կամ դէպի ռուսական խոշոր քաղաքներ, կամ դէպի Եւրոպա, եւ այսպէս շարունակ: Այս հսկայ գաղթականական հոսքերը իրենցով բերում են ոչ միայն աշխատուժ, այլեւ մշակոյթ, սովորոյթներ, կրօններ: Այսօր փոփոխւում են մշակոյթի, աւանդոյթների կենցաղավարութեան մասին այն աւանդական պատկերացումները, որոնք հարիւրամեակներով գոյութիւն ունէին եւ զարգանում էին Եւրասիայում` Ռուսաստանի, Ղազախստանի, Պիելոռուսիոյ եւ միւս երկրների շրջանակներում: Սա, անշուշտ, իր հետ բերում է նաեւ լարուածութիւն, ստեղծում է նաեւ մարտահրաւէրներ պետութիւնների ազգային անվտանգութեան համար:

Ռազմաքաղաքական Ոլորտ

Եթէ նայենք Եւրասիայի քարտէզին, ապա կը համոզուենք, որ նրա տարածքի մէկ երրորդն ընկղմուած է զանազան հակամարտութիւնների մէջ: Դրանք տարածաշրջանային, տեղային, ներքին քաղաքական եւ այլ կարգի հակամարտութիւններ են: Ամենաակնառուն «Արաբական գարուն» անունը ստացած ցնցումներն են արաբական աշխարհում:

Լարուածութեան անվիճելի օղակ է Աֆղանստանը: Չի թուլանում Հնդկաստան-Փաքիստան վէճը Քաշմիրի համար: Թուլանալու միտումներ չի երեւում նաեւ Իրանի շուրջը ստեղծուած իրավիճակում: Այսպիսով, եւրասիական մայրցամաքում իրավիճակը բոլորովին այն չէ, ինչպիսին էր քսան կամ երեսուն տարի առաջ: Այնինչ, եթէ դիտարկենք քաղաքական, ֆինանսատնտեսական կառոյցները, որոնք այսօր կան այս մայրցամաքում, ապա անմիջապէս կը հասկանանք, որ դրանք արտայայտում են տասնամեակների հնութեան իրողութիւններ:

Եւրոպական միութիւնը ձեւաւորուել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդիւնքում: Նրա առանցքը կազմող Գերմանիան, ցանկանալով աւելի մեծ ինքնուրոյնութիւն եւ ազատութիւն ունենալ,  դրա համար գործադրում է ուղղակի զարմանալի ջանքեր: Այսօր շատերն են հարց տալիս, կը մնա՞յ արդեօք Գերմանիան Եւրոմիութեան վարողի իր դերում, եւ եթէ ոչ` կենսունակ կը լինի՞ արդեօք Եւրոմիութիւնն առանց Գերմանիայի: Ինչի՞ ազդակ կարող է նշանակել այն, որ Յունաստանի քաղաքական ղեկավարները վերջին օրերին քննարկման նիւթ են ուզում դարձնել Գերմանիայից իրենց պահանջը` վճարել ռազմատուգանք Երկրորդ համաշխարհային պատերազմի համար: Եւ սա այն դէպքում, երբ վերջին տասը տարիներին Գերմանիան հետեւողականօրէն տնտեսապէս սատարել է Յունաստանին: Եւրոպական միութեան հետագայ ընդլայնման մասին խօսելու ժամանակ պէտք չէ մոռանալ պատասխանել այն հարցին, թէ որքանո՞վ է միասնական եւ որքանով միասնական կը լինի Եւրոմիութեան քաղաքականութիւնը ընթացող աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ծիրում:

Եւրասիան Արեւելքի Եւ Արեւմուտքի Միջեւ

Սերգէյ Կրինեայեւի աշխարհաքաղաքական վերոյիշեալ դիտարկումները լսողները, անշուշտ, փորձում են նորովի հասկանալ բոլորիս համար ակնառու քաղաքական իրողութիւնները, որոնք ընթանում են մեր օրերում: Բոլորն են հասկանում, որ չինական տնտեսութիւնը շուտով կը դառնայ խոշորագոյնն աշխարհում: Դա նշանակում է, որ Չինաստանը դառնալու է նաեւ աշխարհի հումք եւ վառելիք կլանող խոշորագոյն կենտրոնը: Ինչպէս եւ իւրաքանչիւր հզօրացող ուժ, չինացիները եւս ձգտելու են տարածուել, իրենց հետ բերելով իրենց տնտեսութեան, մշակոյթի եւ հոգեկերտուածքի դրսեւորումները: Եւրոպական միութիւնը եւ Միացեալ Նահանգները անընդհատ ձգտելու են միաւորել ջանքերը հզօրացող արեւելեան շուկաներում ներկայացուած լինելու եւ յատկապէս աշխարհում առաջատար դիրքերը չկորցնելու համար: Ինչպէ՞ս կարող է այս պայմաններում Եւրոպական միութիւնը բացայայտօրէն խրտնեցնել Ռուսաստանին եւ նրա դաշնակիցներին մերժելով աւանդական ծաւալման սահմաններում քաղաքական եւ տնտեսական միութիւն ձեւաւորելու նրանց ակնկալիքը: Չէ՞ որ այդ դէպքում Ռուսաստանին ներքաշելու են դէպի Արեւելք,  որովհետեւ Արեւելքում անընդհատ մեծանում է Ռուսաստանի բնական հարստութիւնների նկատմամբ հետաքրքրութիւնը: Հէնց այս պատճառով ուղղամտօրէն լսել եւ հաւատալ եւրոպացի քաղաքական պաշտօնեաների այն յայտարարութիւնները, թէ Եւրասիական միութեան ձեւաւորումն անընդունելի է, որովհետեւ վերադարձ է դէպի Խորհրդային Միութիւն, ուղղակի անիմաստ է: Առջեւում հզօր բանակցութիւններ են Ռուսաստանի եւ եւրոպացիների, Ռուսաստանի եւ ամերիկացիների, ինչպէս նաեւ Ռուսաստանի եւ չինացիների միջեւ,ե որտեղ էլ կ՛որոշուի Եւրասիական միութեան ձեւաւորման քաղաքական ճակատագիրը: Ինչքան Ռուսաստանը, Ղազախստանը եւ Պելոռուսիան հետեւողական լինեն միութիւն ձեւաւորելու իրենց վճռում եւ կարողանան յաղթահարել լուրջ, բայց մարտավարական տարաձայնութիւնները, այդքանով աւելի գրաւիչ եւ ցանկալի կը դառնան միւսների համար: Այդ միւսների մէջ առաջին հերթին Խրխիզիստանն ու Տաճիկիստանն են, որոնք արդէն յայտարարել են Եւրասիական միութիւն մտնելու իրենց ցանկութեան մասին: Միւսների մէջ են նաեւ բոլոր նրանք, ում համար հարցեր կան, թէ որքանո՞վ են կանխատեսելի եւ անշրջելի մերօրեայ աշխարհաքաղաքական փոփոխութիւնները, եւ որքանո՞վ է Եւրասիական միութիւնը համարժէքօրէն արձագանգում եւրասիական մայրցամաքում ընթացող մերօրեայ փոփոխութիւններին:

«ԱԶԳ»

Share this Article
CATEGORIES