Մենք. Ինչի՞ Համար…

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Ինչի՞ համար, անկեղծ ցասումով բղաւում էր ապրիլի 9-ին Բաղրամեան պողոտայի ուղղութեամբ շարժուող խաղաղ երթի մասնակիցն ու փորձում դուրս պրծնել ռետինէ մահակներով զինուած ու դիմակներով պաշտպանուած, հաստատ իրեն տարեկից ոստիկանների շուրջկալ-հետապնդումից: Ինչի՞ համար… մի քանի վայրկեանից մարում է երիտասարդի ձայնն ու վանդակում յայտնուած անօգնական, տապալուած կենդանու պէս նրան քարշ են տալիս դէպի ոստիկանական մեքենան:

Ինչի՞ համար, լուռ ու դառը վիրաւորանքով, Բաղրամեան պողոտայում արտասւում էր անչափահաս աղջիկն ու նրա դէմքին իջած ոստիկանի ապտակն իբրեւ չջնջուող ծանր ու ցաւացնող յուշ, հայրենիքի խարան կը մնայ ամբողջ կեանքի համար:

Ինչի՞ համար… այս անլուծելի ու ծանր հարցն ուղեղներում, իրենց կորցրած իրաւունքների ու կորցրած ճակատագրի յետեւից դէպի Ազատութեան հրապարակ են շտապել Հայաստանի հազարաւոր մոլորուած քաղաքացիներ ու յոյսի վերջին փշուրներից երազ հիւսած, հիւծուած հայեացքով, մեր վիրաւոր ու անգոյ սահմանադրութեամբ երդւում են նուիրուել ու պայքարել Նոր Հայաստանի համար:

Ինչի՞ համար… այս ցաւացնող ու դարձեալ ծանր հարցն է Սերժ Սարգսեանի դէմքին ու, երբ մարզահամերգային համալիրում երդւում է «Վեհամօր Աւետարան»-ի ու Հայաստանի սահմանադրութեան վրայ, նա հաստատ զգում ու լսում է անել վիրաւորանքից տրոփացող Ազատութեան հրապարակը:

Ինչի՞ համար… հաստատ այս ցաւացնող ու դարձեալ ծանր հարցն է Սերժ Սարգսեանի դէմքին, որովհետեւ հաստատ մարտի մէկն այլեւս մեր բոլորի ու մեր պետութեան կենսագրութեան էջն է:

Ինչի՞ համար… բաց վէրքի պէս ցաւում է սիրտս այս իրականութեան համար ու հասկանում, գրեթէ համոզւում եմ, որ բաժանարարներից ազատուելու ժամանակը ոչ թէ չեկաւ, այլ եկաւ անողոք, աննահանջ, անզիջում դիրքերով` բառիս իսկական իմաստով:

Ոստիկանների թանձր, ամուր ու կուռ շարքերը Բաղրամեան պողոտան բաժանել են մերոնց ու ոչ մերոնց: Երկուսն էլ մենք ենք` համազգեստով ու առանց, մահակով ու առանց, զէնքով ու առանց, կարմիր պերէով ու առանց, Հայաստանի սահմանադրութեամբ ու առանց… երկուսն էլ մենք ենք` ընդդէմ, ու համոզուած մտածում ենք` յանուն Հայաստանի:

Ինչի՞ համար… բղաւում է ոստիկանների օղակ  գործողութեան մէջ յայտնուած Աժ նախկին պատգամաւոր, Երեւանի քաղաքապետի թեկնածու Արմէն Մարտիրոսեանն ու նրա դէմքին ու որովայինին, ղեկավարութեան անվրդով ներկայութեամբ տեղում են ոստիկանների անզիջում հարուածներն ու «սրան շպրտէք էն կողմ» հրահանգով արիւնլուայ ու վիրաւոր Արմէնին տանում են դէպի ոստիկանական մեքենան:

Ինչի՞ համար… ինչի՞ համար… անզօր, հայրաբար բղաւում է պատնէշների այն կողմում յայտնուած ականատեսն ու նրա վիրաւորանք-յուսահատութիւնն աւելի է խորանում, որովհետեւ շատ-շատերի պէս նա էլ գիտի, որ այդ նոյն

Արմէն Մարտիրոսեանը մարտի մէկին իր վրայ վերցրեց ոստիկանին ուղղուած դանակի հարուածը:

Ինչի՞ համար… դառը, դառը նստուածքով ցաւում է սիրտս մեր համար ու տեսնում եմ, թէ ի՛նչ ստոյգ է աշխատում հին ճշմարտութիւնը` «յաղթանակի տէրերը շատ են, պարտութիւնն` անտէր»: Հիմա շատերը, որ փորձում էին Րաֆֆու շուրջը պտտուել ու նրա նուաճած հարթակից ոտքի հող կորզել, վերածուել են նրա դատաւորների…

Իսկ իրականութիւնն աւելի քան մերկ է ու մեղք: Մեղք, որովհետեւ այս էլ որերորդ անգամ պարտութեան բեռից մեր միակ` ողնաշարն է բեկւում, Հայաստանի ողնաշարը:

Ճիշդ այս օրերին հրապարակւում է Գելափի հերթական զեկոյցը. Նախկին խորհրդային երկրներից սեփական երկրից հեռանալ ցանկացողների ամենաբարձր ցուցանիշն Հայաստանում է` Հայաստանի քաղաքացիների քառասուն տոկոսը հնարաւորութեան դէպքում կը լքէր հայրենիքը:

Իսկ մեր անկախ ու ժողովրդավարական երկիրը 22 տարեկան է, ու մենք պիտի որ վաստակած լինէինք արժանապատիւ ապրելու, կամ գոնէ խաղաղ երթ կազմակերպելու ամենապարզ իրաւունքը:

Ինչի՞ համար… հաստատ այս հարցն է շատ-շատերի շուրթերին ու մտքում, բաժանարարների երկու կողմում էլ ու մենք շարունակում ենք մեր անստոյգ, պարտուած ու բեկուած ողնաշարով երթը… ինչի՞ համար…

 

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (6)
  • հայերէն 8 years

    Լաւ, ինչքան կարելի է հայերէն լեզուի նկատմամբ այսքան անտարբեր լինել: ԿԸ ԲԱՒԷ, ԿԸ ԲԱՒԷ, ԲԱՒԱԿԱՆ Է, ԶԶՈՒԱՑՐԻՔ:
    ”ինչի համար”-ը ո՞րն է – ”ինչու համար” պէտք է գրել:
    Օր է գալու որ ”Ազդակ”ում կարդալու ենք ”լան” ”լաք”,”երթաս նէ”, ”չէ մը” եւայլն….

    • հայերէն 8 years

      ինչի համար-ի փոխարէն պէտք է լինի ”ինչու” /առանց համարի/:

    • Մեսրոպ 8 years

      Հայերենի ջատագովը պետք է, որ ոճի զգացողություն ունենար… Իսկ եթե այս մեկնաբանության հեղինակը նման սևեռում ունի, կարեկցանքի է արժանի պարզապես:

  • Մաշտոց 8 years

    Լեզուական սխալներով այս նիւթն ինչպէ՞ս էք տեղադրել ձեր թերթում: Որքան գիտեմ՝ հեղինակը բանասիրութեան թեկնածու է:Իհարկէ, այդ է Հայաստանի գիտութեան թեկնածուների վիճակը, սակայն գոնէ պէտք էր նախապէս սրբագրել, յետոյ զետեղել թերթում: Ոչ մի կէտադրական կանոն չգիտի՞, չեմ հասկանում: Ես ոչ բանասէր եմ, ոչ էլ գիտութեան թեկնածու, բայց իրենից լաւ գիտեմ, որ եւ, ու, կամ համադասական շաղկապներից առաջ դրւում է ստորակէտ, երբ բարդ նախադասութեան ենթական փոխւում է: Ամբողջ տեքստի մէջ այդպիսի նախադասութիւններ են, եւ տրոհուած չեն ստորակէտով:Ահա մի քանի օրինակներ.

    1.… մի քանի վայրկեանից մարում է երիտասարդի ձայնն ու վանդակում յայտնուած անօգնական, տապալուած կենդանու պէս նրան քարշ են տալիս դէպի ոստիկանական մեքենան:

    2.Ինչի՞ համար, լուռ ու դառը վիրաւորանքով, Բաղրամեան պողոտայում արտասւում էր անչափահաս աղջիկն ու նրա դէմքին իջած ոստիկանի ապտակն իբրեւ չջնջուող ծանր ու ցաւացնող յուշ, հայրենիքի խարան կը մնայ ամբողջ կեանքի համար:
    3.բաց վէրքի պէս ցաւում է սիրտս այս իրականութեան համար ու հասկանում, գրեթէ համոզւում եմ,
    4.դառը, դառը նստուածքով ցաւում է սիրտս մեր համար ու տեսնում եմ,
    5.հաստատ այս հարցն է շատ-շատերի շուրթերին ու մտքում, բաժանարարների երկու կողմում էլ ու մենք շարունակում ենք մեր անստոյգ, պարտուած ու բեկուած ողնաշարով երթը…
    6.հայրաբար բղաւում է պատնէշների այն կողմում յայտնուած ականատեսն ու նրա վիրաւորանք-յուսահատութիւնն աւելի է խորանում…եւ այլն :

    Կախման կէտերը վերջակէտի արժէք ունեն. դրանց յաջորդող բաղադրիչը նոր նախադասութիւն է, եւ պէտք է գրել մեծատառով:Բոլոր տեղերում փոքրատառով է:

    Լաւ, էլ չեմ խօսում կէտադրական մնացեալ սխալների մասին:Անյարմար եմ զգում:
    Մէկ-երկու բառագործածութեան սխալներ՝ ցաւացնող –պիտի գրել ցաւեցնող, ե խոնարհման բայ է՝ ցաւել,
    տրոփացող բառ չկայ, պէտք է գրել տրոփող,
    մեր համար-կապերի հետ միշտ պէտք է գործածել տրական հոլովով դերանուն՝մեզ համար…
    Ձեր թերթին հաստատ մի բանիմաց սրբագրիչ է հարկաւոր:

  • Barkev Asadourian 8 years

    VOTCH GESENG, HIMNAGANIN DJSHGRID PARPARE AYS AE, CHENK OOUZER TAVAJAN APEGHIAN ME YEVS VOR HYE AZKE PAZHNEDZ YERGOU SHERTI, SOURP MESROBI DARERE 38 NVAZETSENELOV 26 BOLSHOVIKNEROU ACHAGTSOUTYAMP MINCHEV AYS ORS GE DOUZHENG AYT TAVADJANOUTIAN ARTYOUNKE HAZAR AMOT ISHKHANOUTIAN VOR VOYEVE SHINICH KAYL ME CHI GAROGHADZAN VERATARTSENELOU SOURP AYP PEN KIM TAN…AMOT HAZAR AMOT!!!

  • Barkev Asadourian 8 years

    Ըստ Անգլեացի Մտաւորական Լեզուագետ ուսումնասիրութեան հիմնան վրայ ՀԱՅԵՐԵՆ Տարերու Հնչումը միակն է Աշխարհի լեզուներու մէջ որ բոլոր հնչույները կը տիրապետէ կատարեալ !!!

  • Disqus ( )